Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակումներ է պատրաստում է լեհ-ուկրաինական սահմանի անցակետերի վրա։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 10-ի գիշերը փորձ է արվել հարվածել այդ անցակետերից մեկին, սակայն լեհական և ուկրաինական հետախուզական ծառայությունների համագործակցության շնորհիվ այն կանխվել է։ «Երեկ երեկոյան մեր ծառայությունների և նրանց ուկրաինացի գործընկերների համագործակցության շնորհիվ կարողացանք կանխել սահմանային անցակետերից մեկի դեմ ուղղված ուղղակի սպառնալիքը»,- ասել է Տուսկը։
Լեհաստանի վարչապետը նաև հայտնել է, որ ԿՀՎ ղեկավարից ստացել է «բավականին ճշգրիտ զեկույց առաջիկա ամիսներին հնարավոր զարգացումների վերաբերյալ» և կոչ է արել Լեհաստանին ու եվրոպական մյուս երկրներին «պատրաստվել տարբեր սցենարների»։
Սեպտեմբերի 9-ին ռուսական անօդաչու թռչող սարքերը ընկել էին Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին գտնվող «Ստարոկոզաչե» միջազգային անցակետի վրա։ Հարվածի հետևանքով զոհվել էր երկու մարդ, մի քանիսը վիրավորվել է։ Մինչ այդ հարձակման էր ենթարկվել Ռումինիայի սահմանին գտնվող «Օռլովկա» անցակետը, որը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։
Leave a Reply