Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Written by

in



Հասարակություն





Կոնվերս Բանկը՝ լեհական Bank Pekao-ի հետ, կազմակերպել էր հանդիպում պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում են Լեհաստանի պետական համակարգի և բիզնես, ֆինանսական համայնքների ներկայացուցիչներ:

Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության, բիզնեսի ֆինանսավորման և միջազգային առևտրի զարգացման հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-լեհական առևտրի ներուժին և երկու երկրների բանկերի միջև ուղիղ համագործակցության ձևավորմանը։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը։ Նա կարևորել է ֆինանսական կառույցների դերակատարությունը հայ-լեհական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ բանկերի միջև ամուր գործընկերությունը կնպաստի նաև երկու երկրների գործարար համայնքների միջև երկարաժամկետ կապերի ձևավորմանը։

Բանկային կամուրջ՝ հայ-լեհական տնտեսական կապերի համար

Կոնվերս Բանկի գլխավոր տնտեսագետ, Հետազոտությունների և վերլուծությունների բաժնի ղեկավար Արեգ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները, արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխություններն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորությունները։

Նա նշել է. «2026 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանից Եվրոպական միություն արտահանումն աճել է 70.7%-ով։ Սակայն հայ-լեհական տնտեսական հարաբերությունների ներուժը դեռևս լիարժեք իրացված չէ։ Լեհաստանի ներկայիս դիրքի և իրական ներուժի միջև առկա բացը Կոնվերս Բանկը կարող է լրացնել լեհական գործընկեր բանկերի հետ համատեղ»:

Հայաստանը լեհական բիզնեսի համար գրավիչ ուղղություն է դառնում

Bank Pekao-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Լուկաշ Յանուշևսկին շնորհակալություն է հայտնել Կոնվերս Բանկին ջերմ ընդունելության համար: Նա նշել է. «Սա կարևոր և արդյունավետ հանդիպում էր, քանի որ լեհ գործարարները հնարավորություն ստացան ծանոթանալ ոչ միայն ՀՀ բանկային համակարգում առևտրի ֆինանսավորման գործիքակազմին և Կոնվերս Բանկի առաջարկներին, այլև ընդհանուր տնտեսական զարգացումներին, երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին»:

Ֆինանսական լուծումներ՝ երկու երկրների գործարարների համար

Կոնվերս Բանկը և Bank Pekao-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ BACEE-ի անդամներ են։ Բանկերի միջև համագործակցությունը կարող է ներառել թղթակցային հարաբերությունների հաստատում, առևտրի ֆինանսավորման գործիքներ, արժութային գործառնություններ և գործարար կապերի խթանում։

Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանն ասել է. «Կոնվերս Բանկը հետևողականորեն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը։ Bank Pekao-ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ իրականացվող աշխատանքի տրամաբանական շարունակությունն է, որը թույլ կտա ձևավորել հայ-լեհական առևտրի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական ենթակառուցվածք։ Այն հայաստանյան ընկերություններին հնարավորություն կտա ավելի վստահ մուտք գործել Լեհաստանի և եվրոպական շուկաներ, իսկ լեհական ընկերություններին՝ Հայաստանում ունենալ վստահելի գործընկեր»։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *