Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը թեւակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ»:
Փարիզում կայացած Միջազգային տիեզերական գագաթնաժողովի իր ելույթում նա, մասնավորապես, ասել է.
«2026-2031 թվականների Հայաստանի Կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման եւ մեկը՝ հեռահաղորդակցության համար, միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ եւ ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման եւ վերլուծության համար։
Մենք նաեւ նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլեւ աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին եւ արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։
Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին եւ ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի եւ սարքավորումների նախագծման, ճարտարագիտության եւ արտադրության մեջ»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գիտակցում է տիեզերքի եւ արհեստական բանականության միջեւ աճող ընդհանրությունը.
«Այս համատեքստում, մենք մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկների եւ արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին եւ տեխնոլոգիական զարգացմանը տարբեր ոլորտներում:
Մենք կարծում ենք, որ համաշխարհային տիեզերական տնտեսության ընդլայնումը պետք է ուղեկցվի դրա առավելություններին ավելի լայն հասանելիությամբ։ Զարգացող տիեզերական կարողություններ ունեցող երկրները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու ոչ միայն որպես տեխնոլոգիաների եւ տվյալների օգտագործողներ, այլեւ ավելի ու ավելի շատ որպես հետազոտությունների, նորարարության եւ տեխնոլոգիական զարգացմանը նպաստողներ»:
Leave a Reply