Տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը։
Նիստին մասնակցել են խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների և միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ։
Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Հովհաննիսյանը կարևորել է հասարակական խորհրդի շրջանակում ձևավորված երկխոսության շարունակականությունը՝ ընդգծելով ոլորտային հարցերի շուրջ մասնագիտական և կառուցողական քննարկումների կարևորությունը։
Նիստի օրակարգն ընդգրկել է 2027 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակին, հարկային նոր հայեցակարգին, ինչպես նաև «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին վերաբերող հարցեր։
Ներկայացվել են մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակով նախանշված հիմնական ցուցանիշները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հարկային նոր հայեցակարգի առանցքային դրույթներին, համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղղություններին, ինչպես նաև 2027 թվականի պետական բյուջեի նախագծին անդրադարձ կատարել առաջիկա նիստի ընթացքում։
Քննարկվել են նաև խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների կողմից նախապես ներկայացված առաջարկությունները, որոնց շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում և հարցուպատասխան։
Նիստի ավարտին ամփոփվել են քննարկման ընթացքում հնչած առաջարկություններն ու բարձրացված հարցերը, ինչպես նաև նախանշվել են խորհրդի առաջիկա նիստերի օրակարգում ներառման ենթակա հնարավոր թեմաները։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով խորհրդի անդամներին անմիջականորեն ներկայացնելու իրենց առաջարկությունները և քննարկելու դրանք նախարարության մասնագետների հետ:
Leave a Reply