Աղետ կրթական ոլորտում. ի՞նչ անել

Written by

in

Տեղս չեմ գտնում։ Ամբողջ գիշեր էլ շուռումուռ եկա։ Կեսգիշերին՝ քնելուց առաջ, կարդացի միջազգային PISA 2025-ի կրթական հետազոտական արդյունքները ՀՀ-ի մասին։ Մինչ տեղս չգտնելուն նախորդել էր պարզելը՝ ի՞նչ գրող ու սև ցավ է PISA-ն ու արդյոք արժե լուրջ համարել այս արդյունքները։

PISA-ն (Programme for International Student Assessment) 15-ամյա աշակերտների գիտելիքներն ու հմտությունները գնահատող միջազգային լուրջ հետազոտություն է, այն ղեկավարում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD)։ Ա՜յ քեզ բան… ուրեմն ամեն ինչ իրոք լուրջ է։

Պարզում եմ, որ այն սովորականի պես չի ստուգում՝ երեխան որքան նյութ անգիր գիտի։ Առաջադրանքներն էնպես են կազմված, որ պարզում են՝ երեխան կարողանո՞ւմ է հասկանալ կարդացածը, մտածել, լուծել խնդիրներ և դպրոցում ստացած գիտելիքը կիրառել իրական իրավիճակներում։

2025 թվականին PISA-ին ամբողջ աշխարհից մասնակցել է ավելի քան 760 հազար 15-ամյա աշակերտ՝ 91 երկրից։

Հայաստանում հետազոտությանը մասնակցել է 6 804 աշակերտ՝ 293 դպրոցից։ Ընտրված խումբը ներկայացնում է Հայաստանի մոտ 23 800 15-ամյա աշակերտների, այսինքն՝ այդ տարիքի երեխաների մոտ 80%-ը։

Արդյունքները ահավոր մտահոգիչ են։

PISA-ն սահմանում է գիտելիքների և հմտությունների բազային մակարդակ, որը 15-ամյա աշակերտից ակնկալվող նվազագույն կարողությունների շեմն է։

Հայաստանի 15-ամյա աշակերտներից այդ բազային մակարդակին հասել կամ այն գերազանցել է՝

ընթերցանությունից՝ 19%-ը — OECD միջինը 69% է,

մաթեմատիկայից՝ 28%-ը — OECD միջինը 65% է,

բնագիտությունից՝ 28%-ը — OECD միջինը 74% է։

Համեմատենք մեր անմիջական հարևանների հետ։

Ընթերցանություն

Հայաստան՝ 19%

Ադրբեջան՝ 35%

Վրաստան՝ 39%

Թուրքիա՝ 76%

OECD միջին՝ 69%

Մաթեմատիկա

Հայաստան՝ 28%

Վրաստան՝ 47%

Ադրբեջան՝ 48%

Թուրքիա՝ 64%

OECD միջին՝ 65%

Բնագիտություն

Հայաստան՝ 28%

Ադրբեջան՝ 48%

Վրաստան՝ 55%

Թուրքիա՝ 81%

OECD միջին՝ 74%

Առավոտյան բոթը պատմում եմ աշխատավայրումս… սպասում եմ չռված, սահմռկած հայացքների… ապարդյուն… Արդյոք մարդիկ չե՞ն հասկանում, որ արհավիրք է։

Ես գրքեր եմ հրատարակում 2019 թվից, ունեմ հինգ հեքիաթագիրք ու շատ լավ վաճառվող եմ համարվում, ուրեմն կարելի է ենթադրել, որ այս 15 տարեկան երեխաներից (շատերի) ոմանց ձեռքով անցել են իմ գրքերը։

Ես իրենց կյանքում ոչինչ չեմ փոխել…

Էս թվերի առջև ես կանգնել եմ գլուխս կախ, ոտաբոբիկ, անուժ ու պարտված։ 

Չգիտեմ ինչ անել, բայց վստահ եմ, որ պետք է անպայման փրկել… ոչ (միայն) թե երեխաներին, այլ մեզ։ Այս երեխաները վաղը նախարար, բժիշկ, դիվանագետ ու Ուսուցիչ են դառնալու… Ծնող են դառնալու ու երեխաներ մեծացնելու…

Հարևանների հետ համեմատության մեջ Հայաստանը բոլոր երեք ուղղություններով ամենացածր արդյունքն ունի նշված չորս երկրների շարքում։ Իսկ PISA 2025-ի բնագիտության արդյունքներով Հայաստանը 91 մասնակից երկրների և կրթական համակարգերի շարքում վերջից 13-րդն է։ Հայաստանից ցածր են 12 մասնակից երկիր կամ կրթական համակարգ՝ Ղրղզստանը, Դոմինիկյան Հանրապետությունը, Պաղեստինյան ինքնավարությունը, Մարոկկոն, Կոսովոն, Պարագվայը, Իրաքյան Քուրդիստանը, Գվատեմալան, Զամբիան, Քենիան, Դուշանբեն (Տաջիկստան) և Ռուանդան։

Իմ համար ամենամտահոգիչը ընթերցանության արդյունքն է։ Պարզ ասած՝ մոտ 5 հայ 15-ամյա աշակերտից միայն մեկն է կարողանում միջին երկարության տեքստում գտնել հիմնական միտքը, անհրաժեշտ տեղեկությունը և որոշակի ուղղորդման դեպքում հասկանալ տեքստի նպատակն ու կառուցվածքը։

Չէ… պատկերացնու՞մ եք։ Անկեղծ ասեմ՝ երևի պատկերացնում էի, ինչ-որ մի հեռու-հեռավոր մտքիս անկյունում, բայց չէի ուզում ինքս ինձ կամ բարձրաձայն նման բան ասել։ Որպես հեքիաթագիր հաճախ եմ շփվում երեխաների հետ՝ տարբեր հաստատություններում։

Եթե նայեք այն տեսանյութերը, որտեղ երեխաների կողքին եմ՝ գլխիս թագ կտեսնեք, վառ գույնի շոր՝ հագիս, ժանյակավոր ձեռնոցներ կամ ճակատնոց։

Պատճառը իմ բնածին թիթիզությունը չէ. այս հագուկապով երեխաների ուշադրությունը սեպում եմ վրաս։

Նրանց հետ զրուցելիս, ինտերակտիվ միջոցառում վարելիս ասում եմ, որ ազատ լինեն, չփորձեն հետս գրական խոսել, ասում եմ, որ հավաքվել ենք ուրախանալու։ Եթե ուսուցիչ կա, որը երեխաներին նկատողություն է անում գրական խոսքի հետ կապված, ներողություն եմ խնդրում նրանից և ասում, որ ես էլ եմ երեխաների պես խոսելու։ Փողոցային լեզվով չեմ խոսում, բայց կարճ նախադասություններ եմ կազմում, օգտագործում պարզ բառեր։ Միշտ գրքերիցս մեկի մի հատվածը պատմում եմ շատ հետաքրքիր ձևով։

Երեխաներին թողնում եմ, որ մնացածը տանը կարդան։ Միշտ խոստանում են՝ ընթերցել… Չնայած գրքերումս էլ փորձում եմ բարդ շարադասական նախադասություններից խուսափել, բայց սիրելի խմբագիրս Լևոն Գալստանյանն է. մասնագիտական պրոֆեսիոնալիզմով նա ոսկեղենիկային սնդուսափայլով է օծում դրանք՝ տպարան մտնելուց առաջ։ Տեսնես ընթերցող երեխաներից քանիսն են ըմբռնում…

Հիմա հանկարծ, այս արդյունքները կարդալիս, մտքիս է գալիս մի դեպք, որն ուզում եմ պատմել Ձեզ։ Հյուր եմ մի դասարանում, հինգերրորդ դասարան է, ինձ պատմում են հեքիաթներիցս մեկը… հասկանում եմ, որ ամբողջ դասարանը սխալ է հասկացել այն։ Ինտերակտիվ հարցեր եմ տալիս, խաղում ենք, ուրախանում, ծիծաղում… բայց միևնույն ժամանակ միտքս անհանգիստ է, մտածում եմ՝ ինչպես ասել, որ սխալ են հասկացել հեքիաթս, այն էլ՝ ամբողջ դասարանով, բայց էնպես ասեմ, որ չնեղացնեմ։

Հասկանում եմ ձևը։ Խաղի նման բացատրում եմ, խաչաձև հարցեր տալիս, բերում երեխաներին իմ ուզած դռան մոտ կանգնեցնում։

Երբ գալիս եմ տուն, վերլուծում ու հասկանում եմ, որ, ամենայն հավանականությամբ, ուսուցչուհին է սխալ հասկացած եղել պատումս, և նրա հետքով էլ շղթան գնացել է ամբողջ դասարանով։

Հասանք Ուսուցչին։

Այսքա՛ն կարևոր… այսքա՜ն կարևոր…

Լավ, ի՞նչ անենք, որ նրանք, ովքեր պարզապես ուրիշ անելիք չեն գտել, դպրոց չգնան աշխատելու։ Էստեղ ներողություն խնդրեմ բոլոր այն հրաշալի ուսուցիչներից ու ուսուցչուհիներից, որոնց հանդիպել եմ։

Երևի ուսուցչի աշխատավարձն իրոք պետք է բարձր լինի պատգամավորի աշխատավարձից։ Որ մրցակցություն լինի, որ լավագույնները ցանկանան դպրոց գնալ, ոչ թե գնան մասնավոր սեկտոր… որ մշտական ինքնակրթություն լինի, սեմինարներ լինեն, իսկ աշխատավայրից հետո՝ ինքնավերլուծություն ու հսկայական աշխատանք։

PISA 2025-ում Հայաստանում երեխայի ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված կրթական արդյունքների տարբերությունը OECD միջինից զգալիորեն փոքր է։ Ավելի հասկանալի՝ Հայաստանի ցածր արդյունքները միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներով չեն բացատրվում։  

Իսկ արդյո՞ք սա նշանակում է, որ մասնավոր դպրոցների երեխաներն էլ էականորեն ավելի լավ արդյունք չեն ցույց տալիս։ Չգիտեմ։ Առանձին ուսումնասիրելու հարց է։ Նամակ գրեցի որպես անհատ վերլուծաբան OECD, ստացա հսկայական բազա տվյալների, որոնք վերլուծելը երկար պրոցես է։ Դեռ չեմ սկսել։ 

Իսկ ես մի քանի օր է ուսումնասիրում էի Երևանի առաջատար համարվող չորս դպրոց, (ՔԴԵԴ-ի համար) զեկույց-հոդված էի պատրաստում այն մասին, թե Հայաստանի Հանրապետության ոչ ապահով ընտանիքում մեծացող երեխան ինչ օգուտ կարող է և պետք է ունենա մասնավոր դպրոցից. վերլուծություն, ուսումնասիրություն, այնուհետև ստացված պրոյեկտի փոխանակում հանրակրթական մարզային դպրոցի փորձնական դասարանում և այլն։

Չգիտեմ։ Գիտեմ միայն, որ մենք՝ որպես հասարակություն և պետություն, կանգնած ենք մեծ անդունդի եզրին, եթե ոչ ներքևում։

Մեր ամբողջ ներուժը պետք է լարենք՝ հասկանալու պատճառները, գտնելու արդյունավետ լուծումները և կանխելու մի աղետ, որի հետևանքները վաղը կրելու է ամբողջ երկիրը։

Հիշու՞մ եք, 2020-ին, Արցախին ու հայ զինվորին օգնելու համար Մատենադարանի առջև ինչ հսկայական արկղեր էին հավաքում, կամավորական աշխատանք տանում։ Ա՜յ էդպես, նույն ջանասիրությամբ, ամեն մեկս՝ հավաքարարից մինչև իշխանավոր ու ընդդիմություն, պիտի լծվենք էս գործին։

Պիտի փրկենք մեզ, մեր երկիրը։ Սա այլևս միայն կրթության մասին չէ։ Սա Հայաստանի ապագայի խնդիրն է։ Իհարկե, իշխանությունը պետք է հասկանա խնդրի լրջությունը և իր ուժերի ներածին չափով ու դրանից էլ ավելին ուժեր գեներացնի՝ հաղթահարելու այս վիճակը։ Իմ կողմից ասեմ՝ գոնե ես, զինվորի նման, պատրաստ կանգնած եմ օգնելու՝ օրուգիշեր։

PISA-ն անցկացվում է երեք տարին մեկ, հաջորդ հիմնական փուլը PISA 2028-ն է։

Մենք պե՛տք է այլ պատկեր ունենանք։

Հ.Գ. Քիչ առաջ անցնում էի Նոր Նորքի թաղապետարանի կողքով։ Դուրս համերգ էր։ Հիմար, ուրախ երաժշտություն, լույսեր… 

Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է: Հեղինակել է Երեւանի մասին «Հին ու նոր քաղաք» հաղորդաշարը, «Երեւանյան հեքիաթներ» գրքի հեղինակն է։ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *