Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Ալեն Սիմոնյանին՝ Բաքու հնարավոր այցի հետ կապված

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, դիմել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին:

Նամակում ասված է.

 

«Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

 

Լրատվամիջոցներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։

 

Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը եւ հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների եւ նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար։

 

Դուք նախկինում նշել էիք հետեւյալը.

 

«Խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, եւ այս համատեքստում առաջնային նշանակություն ունի հայ գերիների շտապ եւ անվտանգ վերադարձը»։

 

Կիսում եմ այս դիրքորոշումը։

 

Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաեւ մյուս բանտարկյալների  ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, եւ աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում։

Այս կապակցությամբ կցանկանայի Ձեզ ուղղել հետեւյալ հարցերը։

 

Նախատեսո՞ւմ եք այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին։

 

Պատրա՞ստ եք մինչեւ այցը հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ՝ լսելու նրանց խնդրանքները եւ ընդունելու բանտարկյալներին փոխանցվելիք նամակները։

 

Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց վիճակի մասին տեղեկանալու եւ անձամբ սիրո ու աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորությունը չափազանց մեծ  նշանակություն ունի։

 

Անազատության մեջ գտնվող մարդկանց համար դա հնարավորություն է զգալու, որ ընտանիքի հետ կապը չի կորսվել, եւ որ նրանց ճակատագիրն անուշադրության չի մատնվել։

 

Հույս ունեմ ստանալ Ձեր պատասխանը եւ ակնկալում եմ Ձեր պատրաստակամությունը՝ քննարկելու, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ մարդասիրական քայլ իրականացնելու համար»:

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts