91-րդ թատերաշրջանի առաջին բացված վարագույրն ու կայացած պրեմիերան

Written by

in

Մարո Մադոյան-Ալաջաջյան. «Վաղը ուշ կլինի» ներկայացմամբ ազդարարվեց Կապանի դրամատիկական թատրոնի 91-րդ թատերաշրջանը:

Թատերասեր հասարակության դատին հանձնված ներկայացման առաջնախաղը, որն իր շուրջն էր հավաքել քաղաքի արվեստասերներին, մեծ արձագանք գտավ։ Բեմադրությունը, որի ռեժիսորը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ և Կապանի պատվավոր քաղաքացի Հակոբ Ղազանչյանն է, աչքի ընկավ ուրույն ռեժիսորական լուծումներով և դերասանական կազմի համախմբված աշխատանքով։

Հեղինակի կողմից բարձրացված թեմաները հանդիսատեսին հնարավորություն տվեցին խորհել կյանքի կարևորագույն արժեքների և անցնող ժամանակի մասին:

Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը իր խոսքում նշեց, որ թատերաշրջանը բացվում է շատ կարևոր և հատկանշական ներկայացմամբ: «Մեր նպատակը հանդիսատեսին բարձրարժեք արվեստ մատուցելն է, որ համահունչ կլինի ժամանակի շնչին: Սա մեզ համար մեծ պատիվ է,ուրախ եմ, որ մեր անձնակազմի և Հակոբ Ղազանչյանի նվիրված աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք իրականություն դարձնել այս գեղեցիկ ներկայացումը»,- ասաց թատրոնի տնօրենը և հույս հայտնեց, որ սա դեռ սկիզբն է, վստահ է, որ համագործակցությունը շարունակական է լինելու և հանդիսատեսը նոր ու գեղեցիկ ներկայացումներ է վայելելու:

Իսկ ներկայացման գեղարվեստական մտահղացման և ստեղծագործական ընթացքի մասին խոսեց ռեժիսորը՝ Հակոբ Ղազանչյանը՝ նշելով, որ թեև վերջին անգամ Կապանի դրամատիկական թատրոնում ներակայացում է բեմադրել 42 տարի առաջ, բայց կապը քաղաքի և թատրոնի հետ միշտ պահպանել է:

«Մենք դերասանների հետ փնտրել և գտել ենք հետաքրքիր շեշտադրումներ, որոնք սովորական պատմությունը վերածել են խորը երկխոսության»,-նշել է ռեժիսորը և հույս հայտնել, որ դերասանների պատրաստակամության և նվիրված աշխատանքի շնորհիվ կկարողանան իրենց ասելիքը տեղ հասցնել:

Ներկայացման ավարտին հանդիսատեսի ծափահարությունները փաստեցին՝ ստեղծագործական կազմի կատարած աշխատանքն իր արդյունքն է տվել, իսկ առաջնախաղի հաջող մեկնարկը հիմք է տալիս վստահորեն պնդելու, որ այս գործը իր հաստատուն տեղն է զբաղեցնելու թատրոնի խաղացանկում։

Կապանի դրամատիկական Թատրոն

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *