Ուիլյամ Սարոյանը նորից հայտնվում է այնտեղ, որտեղ թվում էր՝ նրան արդեն վաղուց գտել են։ Լավ գրականությունն այդպիսին է՝ այն չի սպառվում առաջին ընթերցմամբ եւ կարող է տարիներ անց նորից հայտնաբերվել՝ մեկ ուրիշ պատմության, մեկ ուրիշ ընթերցողի, մեկ ուրիշ ժամանակի համար։
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, Գրքի երեւանյան միջազգային փառատոնի շրջանակում, ներկայացվեց «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» ժողովածուն՝ Սարոյանի այն պատմվածքներով, որոնք տարբեր տարիներին հրապարակվել են ամերիկյան պարբերականներում, սակայն մինչեւ այժմ չեն ընդգրկվել նրա գրական ժողովածուներում։
«Անտարեսի» հրատարակած գիրքը, որը հայերեն է թարգմանել Զավեն Բոյաջյանը, ներառում է Սարոյանի ստեղծագործական կյանքի ավելի քան չորս տասնամյակը՝ 1933-ից մինչեւ 1976 թվականը։
«Ուիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանն առաջարկեց այս պատմվածքները դիտարկել ոչ միայն որպես գրական տեքստեր, այլեւ Սարոյանի կյանքի տարբեր փուլերի հետ կապված փաստաթղթեր։
Նա հիշեցրեց, որ Սարոյանի կյանքը վաղ տարիքից հեշտ չի եղել։ Հայրը մահացել էր, երբ նա ընդամենը երեք տարեկան էր, իսկ հաջորդ տարիները նա անցկացրել էր մանկատանը։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել էր Ֆրեզնո, որտեղ Սարոյանն ապրել էր ծայրահեղ աղքատության պայմաններում։
Նա սիրում էր սովորել, բայց չէր սիրում դպրոցը։ 15 տարեկանում թողեց այն եւ սկսեց ինքնակրթվել Ֆրեզնոյի գրադարանում։ Կարդալով՝ հատկապես ֆրանսիացի հեղինակների ազդեցությամբ, նա որոշեց գրող դառնալ։
18 տարեկանում տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո եւ սկսեց ապրել սեփական աշխատանքով՝ տարիներ շարունակ գրելով ու սպասելով իր առաջին մեծ հաջողությանը։ Այն եկավ 25 տարեկանում, երբ նրա «Համարձակ երիտասարդը թռչող տրապեցիայի վրա» պատմվածքը տպագրվեց ամերիկյան ազդեցիկ «Story» ամսագրում։
Այդ հրապարակումից հետո Սարոյանի կարիերան արագորեն վերելք ապրեց։ Նա դարձավ ամերիկյան գրականության ամենահայտնի հեղինակներից մեկը՝ հաջողության հասնելով ոչ միայն պատմվածքի ու վեպի, այլեւ դրամատուրգիայի եւ կինոյի ասպարեզներում։
Նրա «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունը դարձավ Օսկարի արժանացած ֆիլմի հիմքը, իսկ «Ձեր կյանքի ժամանակը» պիեսը՝ Պուլիցերյան մրցանակի արժանացավ։
Բայց Սարոյանի կյանքը միայն հաջողության պատմություն չէր։ Սեդրակյանը պատմեց նաեւ գրողի կյանքի ծանր շրջանի մասին՝ ամուսնության փլուզում, ֆինանսական խնդիրներ, խաղամոլություն եւ պարտքեր։ 1950-ականների վերջին Սարոյանը փաստացի սնանկացել էր։
«1943 թվականին նրան զորակոչեցին ԱՄՆ բանակ։ Նա չէր սիրում բանակային կյանքը։ 1946 թվականին լույս տեսավ նրա «Ուեսլի Ջեքսոնի արկածները» վեպը, որը հակապատերազմական ստեղծագործություն էր։ Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը դեռ միայն մեկ համաշխարհային պատերազմ էր ապրել, հակապատերազմական գաղափարները այնքան էլ տարածված չէին։ Հետո սկսվեց նրա կյանքի ամենածանր տասնամյակը։ Նրա գրական ժողովրդականությունը նվազեց, թեեւ քննադատները շարունակում էին բարձր գնահատել նրա աշխատանքը։ Անհաջողությամբ ավարտվեց նաեւ նրա ամուսնությունը, իսկ ֆինանսական վիճակը գնալով վատացավ», – պատմեց Սքոթ Սեդրակյանը։
1958 թվականին Փարիզում ունեցած ծանր երեկոյից հետո նա որոշեց փոխել իր կյանքը։ Սկսվեց այն շրջանը, որը Սեդրակյանը բնորոշեց որպես Սարոյանի «փրկության» կամ «վերագտնման» տարիներ։
1959 թվականից մինչեւ 1970-ականների կեսերը գրված պատմվածքների պատմությունը հասկանալու համար պետք է իմանալ, որ այդ շրջանում ամերիկյան ամսագրերն ունեին այնպիսի ազդեցություն, որը որոշ առումներով կարելի է համեմատել այսօրվա սոցիալական մեդիայի դերակատարության հետ։
Տարբերությունն այն էր, որ այն ժամանակ ընթերցողին բովանդակությունը չէր մատուցում ալգորիթմը։ Գրողներն էին ստեղծում, իսկ խմբագիրները՝ որոշում, թե ինչն է հասնելու ընթերցողին։
«Saturday Evening Post»-ը, «Ladies’ Home Journal»-ը, «Collier’s»-ը եւ «Playboy»-ն այդ ժամանակ միլիոնավոր ընթերցողներ ունեին: «Playboy-ը գեղարվեստական գրականության համար մեկ բառի դիմաց վճարում էր մոտ երկու անգամ ավել, քան մյուս ամսագրերը։ Այդ պատճառով այն գրողների համար շատ գրավիչ հարթակ էր։ Սարոյանը նույնպես համագործակցում էր Playboy-ի հետ. նա մեկ պատմվածքի համար կարող էր մինչեւ 50 հազար դոլար վաստակել։ Ընդհանուր առմամբ, նա Playboy-ում հրապարակել է 35 պատմվածք», – պատմեց Սքոթ Սեդրակյանը։
Նա ցուցադրեց տվեց նաեւ «Playboy»-ի մերժման նամակներից մեկը՝ ընդգծելով, որ մերժված պատմվածքը հետագայում հրապարակվել էր մեկ այլ ամսագրում։ Այս ճանապարհով էլ ստեղծվել է նոր ժողովածուի հիմքը։ Որոշ պատմվածքներ հայտնվել են այն ժամանակվա ամենահայտնի պարբերականների, մյուսները՝ այսօր գրեթե մոռացված ամսագրերի էջերում։ Դրանց թվում եղել են նույնիսկ ավիաընկերություների ուղեւորների համար նախատեսված ամսագրեր։
«Դրանց մեծ մասն այսօր այլեւս գոյություն չունի, իսկ պատմվածքները նոր կյանք են ստանում», – ասաց Սեդրակյանը։
Զավեն Բոյաջյանի համար նոր ժողովածուի կարեւոր առանձնահատկությունն այն է, որ այստեղ հավաքված գործերը ոչ թե պարզապես նախկինում հայտնի Սարոյանի տեքստերի նոր հրատարակությունն են, այլ նրա գրական ժառանգության մինչեւ այժմ չհավաքված մի հատված.
«Սա, փաստորեն, գրական ժառանգության բացառիկ մի հատված է, որովհետեւ այդ գործերը մինչեւ այսօր դուրս են մնացել ոչ միայն հայերեն, այլեւ Սարոյանի անգլերեն ժողովածուներից»։
Նա նաեւ ընդգծեց, որ Սարոյանի գրական ժառանգության՝ հայերեն թարգմանված մասը դեռ շատ փոքր է. «Շատերը կարծում են, թե Սարոյանն արդեն ամբողջությամբ հայերեն հրատարակվել է, բայց դա շատ հեռու է իրականությունից»։
Զավեն Բոյաջյանի խոսքով՝ Սարոյանի ստեղծագործությունները պետք է ոչ միայն թարգմանել, այլեւ վերադարձնել հայկական մշակութային գիտակցության մեջ։
«Նրա ժառանգությունը մենք պետք է անպայման յուրացնենք։ Դա պետք է դառնա մեր գրականության, մեր գիտակցության, մեր մշակութային կոդի մի մասը», – շեշտեց նա։
Ժողովածուի պատմվածքները գրվել են տարբեր տասնամյակներում, եւ բնական հարց է առաջանում՝ արդյոք այդ ընթացքում փոխվե՞լ է Սարոյանի լեզուն եւ մտածողությունը։
Զավեն Բոյաջյանը էական շրջադարձ չի տեսնում։ Նրա խոսքով՝ նույնիսկ 1930-ականներին Սարոյանը արդեն որպես գրող լիովին ձեւավորված էր։ Հետագայում նրա արձակի որոշ մոդեռնիստական երանգներ հանդարտվում են, իսկ թեմատիկ շրջանակը՝ ընդլայնվում։
Սքոթ Սեդրակյանն էլ ժողովածուի պատմվածքներից առանձնացրեց մեկը, որը կապված է Սարոյանի եւ նրա դստեր հարաբերությունների հետ։ Նրա խոսքով՝ այդ պատմվածքը գրողի ընտանեկան հարաբերությունների, մեղքի զգացման, սիրո եւ հեռավորության միաժամանակյա արտահայտությունն է. «Այդ կոնֆլիկտն ու տխրությունն ինձ համար այս գրքի ամենախոր պատմությունն են»։
«Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» ժողովածուն Սարոյանի համար նոր սկիզբ չէ։ Ավելի շուտ՝ հերթական վերադարձն է։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
Leave a Reply