Սեպտեմբեր 1955. Ստամբուլի սեւ երեկոն

Written by

in

«Ոչ պետություն կար այդ ամենը կանխող, ոչ ժողովուրդ։ Կար չկար՝ այդ գազազած ամբոխն էր»…

 

Էմինե Էրդեմ /Ռըֆաթ Բալի․ «6-7 սեպտեմբերի դեպքերը՝ վկաներ եւ հուշեր»/

                        

Սեպտեմբերի 6-7, 1955. այս թվերը մինչ օրս սարսափի, ահաբեկության եւ ոչ ոքի չվստահելու մասին են Ստամբուլի՝ երբեմնի քրիստոնեաշատ թաղամասերում։ Իսկապես ահասարսուռ այդ գիշերը, որը մահ եւ ավեր տարածեց հատկապես տեղի հույն համայնքի ներսում, անմասն չթողեց նաեւ շատ հայերի, ասորիների, տեղ-տեղ՝ հրեաների, որոնք չնայած թեմայի վերաբերյալ այդքան սակավ հիշատակումների եւ տարիներ անց էլ պաշտոնական ցավակցության բացակայության, հաճախ դեռ կրկնում են այդ ողբերգական օրերին վախի մթնոլորտի թելադրած «ռեֆլեքսները»… 

 

Օրինակ՝ թուրքախոս միջավայրում անծանոթին «Հա՞յ ես» կամ «հո՞ւյն ես» հարցը միայն մայրենիով ուղղելը, կամ՝ պատուհանից թուրքական դրոշ կախելը, որն այդքան հատուկ է այդ մեծ ու բազմազգ քաղաքի հենց «ոչ թուրքական» թաղամասերին։ 

 

«Փոքրիկ» սադրանք՝ մեծ ողբերգություն 

 

«Ռմբակոծվել է Աթաթուրքի տունը». պնդեց իշխանական Istanbul Express թերթը 1955 թ․-ի սեպտեմբերի 6-ի կեսօրին, երբ տեղական ռադիոն արդեն հասցրել էր տարածել հետագայում հերքված այս հայտարարությունը։ Թուրքիայի հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ծննդավայր Սալոնիկից էր գալիս այս լուրը, որը մի քանի ժամում հավաքեց Ստամբուլի հենց սրտում հատկապես հունական թաղամասեր եւ անգամ հունաբնակ կղզիներ տարածվող մուսուլմանների բորբոքված ամբոխներ, որոնք կարճ ժամանակ անց դարձան անկառավարելի։

 

4 214 տուն, ըստ տարբեր աղբյուրների՝ 50-ից մինչեւ 80 եկեղեցի, 26 դպրոց, 1 սինագոգ, անթիվ խանութներ եւ գրասենյակային տարածքներ, ընդհանուր հաշվով թալանված եւ ավերված 5 538 շինություն, որոնք պատկանում էին տեղի փոքրամասնություններին, իսկ այդ քաոսային գիշերը՝ այլեւս ոչ ոքի։ Հայ համայնքին պատկանող 772 շինություն այդ գիշերը թալանվել կամ հողին է հավասարեցվել, դրանցից 77-ը՝ բնակելի տներ, 4 դպրոց, 4 հյուրանոց, 3 եկեղեցի, 1 բաղնիք, 2 սրճարան, 1 հացի փուռ, 2 դեղատուն, 1 գործարան, բազմաթիվ խանութներ եւ արհեստանոցներ։ 

 

Ըստ թուրքական մամուլի, ջարդերի ժամանակ մահացածների թիվը 11 է, թեեւ թեման ուսումնասիրող թուրք եւ այլազգի իրավապաշտպանները հաճախ նշում են մինչեւ 37-ը հասնող տարբեր թվեր։ 

 

Human Rights Association-ի Թուրքիայի գրասենյակին կից գործող ռասիզմի եւ խտրականության դեմ հատուկ հանձնաժողովը 2023-ին ողբերգության հերթական տարելիցին հրապարակված հայտարարության մեջ պնդեց, որ բռնաբարության ենթարկված կանանց թիվը ոչ թե հայտարարվածի պես 60, այլ 400 է, եւ հավելել, որ մինչ օրս հստակ չէ, թե նրանցից քանիսն են մահացել հենց սեռական բռնության հետեւանքով։ 

 

Թեեւ ծանր այդ գիշերվա լուսանկարները մեզ են հասել հիմնականում Ստամբուլի կենտրոնական հատվածներից, որտեղ տեղակայված էին  հյուպատոսարանների, թերթերի խմբագրությունների մեծ մասը, հարձակումները մարդկանց եւ նրանց գույքի վրա տարածվել էին ամբողջ քաղաքով, ջարդարարները հասել են նաեւ կղզիներ, հարձակումների զոհ են դարձել քրիստոնյաներ անգամ Իզմիրում եւ այլ քաղաքներում։

 

«Կարծես թե չափն անցանք» 

 

1955-ի ջարդերն ուսումնասիրող շրջանակներում չկա երկրորդ կարծիք այն մասին, թե «որտեղ էր» այդ ողբերգական գիշերը պետությունը։ Չնայած սարսափելի այս դեպքերի վերաբերյալ միակ հետաքննությունը տեղի ունեցավ 1960-ի ռազմական հեղաշրջումից հետո ներքաղաքական թեմաներով բացված դատական գործընթացներին կից եւ անցավ անհետեւանք, թեմայի վերաբերյալ բոլոր հեղինակներն ու իրավապաշտպանները մատնանշում են պլանավորված եւ պետության կողմից ղեկավարված հատուկ օպերացիայի մասին։ Բազմաթիվ վերապրողներ հաստատում են. նրանց տները եւ աշխատավայրերը նախապես էին թիրախավորված, իսկ թուրք հարեւանները՝ մեծամասամբ ոչ միայն տեղյակ էին, այլեւ մասնակից իրադարձություններին։ Այլ հարց է, որ ոմանք նախընտրել են օգնել կազմակերպիչներին, իսկ ոմանք՝ քրիստոնյա հարեւաններին.

 

«Թարլաբաշըում ապրող Վասիլ Հաջոպուլոսը եւ իր ընկերները լուրն առան, երբ «Խենթ Ալին» զգուշացրեց՝ «Դրոշ կախեք, դրոշ կախեց տներից»… Գեդիկփաշայում ապրող Մանուկ Այնալըի դեպքում հարեւաններից ստացած ամենակարեւոր զգուշացումն էր՝ «Լույսերը վառեք, դրոշ իջեցրեք», – վերապրողների հուշերն է վերարտադրում Սերդար Քորուջուն իր՝ «Այդ երեկո Ստամբուլում շատ վատ բաներ եղան» գրքում: Նա հղում է անում Թոմաս Քանթերի այն եզրահանգմանը, որ այդ գիշեր քրիստոնյաների տան պատշգամբներից կախված եւ փրկության միակ միջոց դարձած թուրքական դրոշները ուղիղ նշան են նրա, որ թուրք հարեւանները տեղյակ էին ծրագրված ոճրին: «Ինչպե՞ս եղավ, որ հույները չգիտեին այս մասին, բայց նրանց բոլոր թուրք ընկերները գիտեին», – հարցնում է Քանթերը։

Ջելալ Բայարը Ջելալ Բայարը

 

Ողբերգական գիշերից հետո Ստամբուլի կենտրոնական պողոտա՝ բառացի ծվեն ծվեն արված Իսթիքլալ ժամանած Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Ջելալ Բայարի՝ «Երեւի չափն անցանք» արտահայտությունը, որը մինչ օրս մեջբերվում է թեմայի վերաբերյալ գրեթե ամեն նյութում եւ որի իսկությունը մենք երբեք էլ չենք իմանա, ամեն դեպքում, ավելի քան խոսուն է։ Նույն կերպ բազմաթիվ ոչ պաշտոնական աղբյուրներով անցավ վարչապետ Մենդերեսի՝ «Դե գիտեինք, բայց ընդամենը մի քանի պատուհան պիտի կոտրվեր» ենթադրյալ արտահայտությունը։ 

 

2009 թվականին «Սաբահ» թերթի իր սյունակում լրագրող Էջեւիթ Քըլըչը գրում է․ 

 

«Հանրապետության հիմնադրումից ի վեր՝ փոքրամասնությունները պետության խորքային օրակարգում մշտապես դիտարկվել են որպես «վտանգ»։ Այդպես է նաեւ այսօր։ Միշտ ցանկություն է եղել, որ նրանք հեռանան, եւ այդ նպատակն իրագործվել է։ Մինչդեռ, չնայած տարբեր կրոնական պատկանելությանը, նրանք այս հողի մի մասն են կազմում՝ գուցե նույնիսկ դրա ամենահին մասը։ Այս հողերից փոքրամասնություններին դուրս մղելու նպատակով կազմակերպված խոշորագույն գործողություններից մեկը 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի իրադարձություններն էին։ Դա համատարած թալանի ակտ էր։ Հույները, հայերը եւ նույնիսկ հրեաները, որոնց բիզնեսները թալանվել, իսկ տները՝ ասպատակվել էին, ստիպված եղան բռնել արտագաղթի ուղին։ Իրականում այդ իրադարձություններն ամբողջությամբ պետության կողմից էին կազմակերպվել»։

 

Նույն սյունակում հեղինակի հարցին, թե արդյոք որն էր ջարդերի կազմակերպման բուն նպատակը, Սաբանջը համալսարանի դասախոս Դիլեք Գյուվենը պատասխանում է․

 

«Երկիրը միատարր դարձնելը։ Այս երկրում ոչ մահմեդականները, իսկ այժմ արդեն նաեւ քրդերը, օտարեր են համարվում։ Մշտապես կա այս միտքը՝ արդյոք չե՞ն դավաճանի մեզ։ Արդյունքում՝ կիրառվում է հարկադիր տեղահանման ռազմավարություն։ Սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները դրա մի մասն են կազմում»։ 

 

Գյուվենը նաեւ հետաքրքիր հղում է կատարում նախկին իշխանության, այժմ արդեն ընդդիմություն դարձած Ժողովրդահանրապետական կուսակցության դեռեւս 1947-ին կազմված հատուկ զեկույցին, ըստ որի մնացած հույներին եւ հայերին նախընտրելի է պահել հենց Ստամբուլում՝ հեշտ վերահսկելու համար։ 

 

«Այս իրադարձություններից որոշ ժամանակ առաջ կուսակցության՝ Փոքրամասնությունների հարցերով գրասենյակի կողմից զեկույց է պատրաստվել։ 

 

Այստեղ նշվում է. «Անատոլիայում գրեթե հույներ չեն մնացել։ Մնացել են նաեւ սակավաթիվ հայեր, սակայն նրանց թիվն արագորեն աճում է։ Անհրաժեշտ է նրանց տեղափոխել Ստամբուլ։ Որքան շատ նրանց կենտրոնացնենք Ստամբուլում, այնքան ավելի հեշտ կլինի նրանց վերահսկողության տակ պահել։ Բայց նրանք պետք է իրենց ունեցվածքը թողնեն այնտեղ»։

 

1955-ի սեպտեմբերյան զանգվածային ջարդը տեղի է ունենում Կիպրոսի եւ Հունաստանի միավորմանն ուղղված հունական «Էնոզիս» քաղաքական շարժման ակտիվացման՝ դեռեւս 1950-ին կղզում անցկացված ոչ պաշտոնական հանրաքվեից հետո աճող քաղաքական աննախադեպ լարման ֆոնին։ 

 

2015-ին «Ակօս»-ի իր սյունակում հույն հեղինակ Լակի Վինգասը գրում է․

 

«Անհնար է մոռանալ պատրիարք Աթենագորասի ուրվագիծը Սամաթիայի Սուրբ Կոստանդինոս եկեղեցու ավերակների մեջ. մի պատկեր, որը պահպանվել է շնորհիվ համարձակ լուսանկարիչ Դիմիտրիս Կալումենոսի։ Մի շինությունում, որտեղ կանգուն էին մնացել միայն պատերը, տեսնում ենք պատրիարքի վեհաշուք, թեթեւակի կորացած ուրվագիծը, երբ նա փորձում է ըմբռնել աղետի մասշտաբները։ Այս մարդը, ով իր պատրիարքության ողջ ընթացքում ձգտել էր հունական համայնքի ինտեգրմանը թուրքական հասարակությանը, մեկ գիշերվա ընթացքում ականատես եղավ իր կերտած ժառանգության կործանմանը եւ համակեցության վերաբերյալ իր տեսլականի փլուզմանը։ Չէ՞ որ համակեցությունը ենթադրում է փոխադարձ հարգանք, իսկ փոխադարձ հարգանքը պահանջում է հասարակության եւ այն կազմող քաղաքացիների հիմնովին այլ ընկալում։ 1955 թվականին ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը՝ ընդ որում՝ հենց հունական համայնքի զգալի աջակցությամբ, հույներին օգտագործեց որպես արտաքին քաղաքականության գործիք։ Այլ կերպ ասած՝ այն որոշեց մեկուսացնել հասարակության մի հատվածին եւ օգտագործել այն որպես պոկերի խաղում վերջին, հուսահատ քայլ։ 1955 թվականին մենք չգիտեինք, թե որքան արյուն է թափվելու Կիպրոսում։ Չգիտեինք նաեւ, որ մեր պետությունը մեզ բոլորիս պատանդ է դարձնելու՝ որպես սակարկության առարկա օգտագործելու նպատակով՝ ակնկալելով, որ մեր համայնքը դատապարտի Մակարիոսի յուրաքանչյուր քայլը։ Չէ՞ որ մենք ո՛չ Հունաստանի քաղաքացիներ էինք, ո՛չ էլ կիպրացիներ. մենք Թուրքիայի քաղաքացիներ էինք (եւ մնում ենք այդպիսին), ովքեր կատարել են զինվորական ծառայությունը, վճարել հարկերը եւ ցանկացել տեսնել, թե ինչպես են իրենց երեխաները մեծանում երկրի երիտասարդության կողքին եւ բարգավաճում հենց այն հողի վրա, որտեղ ծնվել են»։

 

Քաղաքի գույներն ու հույների «սեւ օրերը»

 

«Ո՞վ կպատկերացնի, որ թուրք-հունական պատերազմից եւ Հունաստանի անկախությունից հետո Ստամբուլի բյուզանդական տաճարների մեծ մասը ուղղակի հողին է հավասարվել։ 1930-ականներից հետո են շատերը նորոգման ենթարկվել, չէ՞ որ այդ ժամանակ Արեւմուտքը ազդեցիկ էր Թուրքիայի համար, կարծում եմ՝ պարտադրվեց ուղղակի», – ուսանողական տարիներիս իմ հեռավոր հույն ազգականիս այս խոստովանությունը, որն ապշեցրել էր ինձ, մինչ օրս չի արտասանում Պոլսում գործող որեւէ զբոսավար՝ անկախ ազգությունից։

 

Թեեւ Ստամբուլի հունական համայնքը առաջին անգամ չէր, որ մեծ եւ ջախջախիչ հարվածներ էր կրում, սակայն 1955-ի սեպտեմբերը, առաջին համաշխարհայինից հետո, թերեւս, դրանցից ամենաողբերգականն էր։     

 

1922 թվականին Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ բնակչության պաշտոնական փոխանակման բավականին տաժանակիր գործընթացից հետո Թուրքիայում հույն ուղղափառ բնակչության թիվը նվազել էր մինչեւ շուրջ 100 000։ 1955-ի սեպտեմբերյան դեպքերից հետո համայնքի թիվը կամաց-կամաց հասնում է մինչեւ 2000-3000, Ստամբուլում շարունակում է գործել միայն 2 հունական դպրոց, այն դեպքում երբ տարբեր դժվարություններով գոյատեւել շարունակող հայկական վարժարանների թիվը 16-ն է։

 

Թուրք լրագրող եւ հետազոտող Սերդար Քորուջուի՝ 2025 թվականին հրատարակած «Այդ երեկո Ստամբուլում շատ վատ բաներ եղան» գրքի հերոսներից Խրիստոս Էլմաջըօղլուն, ով տարիներ առաջ տեղափոխվել է Աթենք, պատմում է. 

 

«Երբ Ստամբուլ եմ գնում, շատերն ասում են՝ այդ սեւ գիշերն այս երկիրն իր գույները կորցրեց։ Տեսեք, ասում եմ՝ հույները, այսինքն՝ մենք, ծաղկաման չենք։ Ստամբուլի որեւէ զբոսայգի էլ չենք։ Երբ այս ամենը մեր գլուխը եկավ, դուք, ձեր ընտանիքը կամ հայրերը, պապիկները, ընկերները… Բնավ դեմ դուրս եկա՞ք։ Փորձեցի՞ք կանգնեցնել։ Չեք արել, դրա համար էլ հիմա գին եք վճարում»։ 

 

Նույն գրքում հետաքրքրական է նկատել մինչ օրս Ստամբուլում ապրել շարունակած հույների պատմություններն ու մշտապես իրենց հայրենիքում մնալու ձգտման շեշտադրումները։ Հեղինակի մեկ այլ զրուցակից Թանասիս Անգելիդիսը, օրինակ, տխրությամբ եւ հպարտությամբ է նշում. «Մենք միշտ այստեղ մնացինք։ Փաշաբահչեում այլ հույն ընտանիք չմնաց։ Ես եմ, կինս է։ Երբ պատարագ է լինում՝ միայն մենք երկուսս ենք»։

 

Քորուջուն նաեւ գրքի մյուս տեքստերում պարբերաբար շեշտադրում է, որ թեզն այն մասին, թե վայրագությունների միակ շարժառիթը թալանն էր կամ պնդումները, թե ջարդարարները հիմնականում «դրսից բերված» մարդիկ էին, հեռու է իրականությունից։ Հեղինակի հետ զրուցած ականատեսները պատմում են գերեզմանատների ավերման, մահացածների դիերի դուրս բերման, եկեղեցիներում սրբապատկերների դիտավորյալ պղծման եւ կրոնական ատելության այլ սարսափազդու դեպքերի մասին։

 

1955 թվականին Թուրքիայի Մեջլիսը դեռ ուներ հույն պատգամավոր։ Ողբերգական այդ գիշերը խառնամբոխը հաջողել է ներթափանցել նաեւ նրա տուն․

 

«Ասում էին՝ ջարդե՛ք, ավերե՛ք պատգամավորի տունը, ձրի փող է ուտում։ Ո՞ւր են այս երկրի օրենքները, ու՞ւր է քաղաքացու անվտանգությունը, մեր հիմնարար իրավունքները… Ո՞ր օրվա համար են մեզ տրված այդ իրավունքներն ու օրենքները», – օրեր անց Մեջլիսում իր ելույթի ժամանակ հուսահատ հարցեր էր ուղղում պատգամավոր Ալեքսանդր Հաջոպուլոսը։ 

 

Ավելի ուշ՝ 1964-ին, երբ Թուրքիայի հանրապետությունը չեղարկեց Հունաստանի հետ բարեկամության համաձայնագիրը եւ արտաքսեց երկրից երկքաղաքացիություն ունեցող հույներին՝ ամբողջովին ունեզրկելով վերջիններիս։ Նրանք իրավունք ունեին իրենց հետ վերցնել միայն 20 կգ անձնական իր եւ 20 դոլար։ Հետագայում՝ Կիպրոսի հակամարտության թեժ շրջանում, մշտական թիրախ հանդիսանալով, Ստամբուլի հունական համայնքը վերջին ծանր եւ հյուծիչ աստիճանական գաղթի ենթարկվեց։ 

 

Սոֆիա Հակոբյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *