«Nvidia-ի չիփերը հայ-ադրբեջանական փազլի կարեւոր մաս դարձան»

Written by

in

Ամերիկացի բանակցողներն օգտագործել են Nvidia ընկերության առաջատար արհեստական բանականության (ԱԲ) չիպերին հասանելիություն ստանալու հեռանկարը որպես խթան բանակցություններում, որոնք 2025 թվականին հանգեցրին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախնական խաղաղության համաձայնագրի կնքմանը, գրում է The Wall Street Journal-ը U.S. Used Promise of Nvidia Chips to Broker Armenia-Azerbaijan Peace Deal հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ չիպերի ընդլայնված քանակի ձեռքբերման թույլտվությունը Երեւանին առաջարկված խթանների մաս կազմեց՝ ամերիկյան պաշտոնյաների կողմից «չիպային դիվանագիտություն» անվանվող երեւույթի հերթական օրինակը դառնալով:
«Այս պայմանավորվածությունը նաեւ ընդգծում է օրեցօր սերտացող կապերը Սպիտակ տան եւ աշխարհում չիպերի խոշորագույն արտադրող Nvidia ընկերության միջեւ, որի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը կանոնավոր կերպով շփվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ խորհրդատվություն տրամադրում նրան արհեստական բանականության ոլորտի քաղաքականության հարցերով», – նշվում է հրապարակման մեջ:
Ակնկալվում է, որ Հրազդանում Firebird տվյալների կենտրոնի նախագծի վերջնական արժեքը կգերազանցի $5 միլիարդը: Տվյալների կենտրոնը նախատեսված է Nvidia-ի 70,000 նորագույն ԱԲ սերվերների տեղակայման համար, ներառյալ Grace Blackwell եւ Vera Rubin համակարգերը, ինչը մինչեւ հաջորդ տարվա վերջ կապահովի շուրջ 300 մեգավատ հաշվողական հզորություն:
The Wall Street Journal-ը հիշեցնում է, որ ելույթ ունենալով տվյալների կենտրոնի բացմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն որակել էր «խոշոր ձեռքբերում» եւ ընդգծել էր Թրամփի դերը նախագծի իրականացման գործում:
«Ադրբեջանի հետ բանակցություններում Firebird-ի դերը մինչ օրս շատ ավելի քիչ ուշադրության է արժանացել: Նրանից հետո, երբ Թրամփի վարչակազմը ստանձնեց Սպիտակ տանը ղեկը 2025 թվականի սկզբին, Վաշինգտոնը դիվանագետներ ուղարկեց Երեւան եւ Բաքու: Ամերիկացի բանակցողները այն եզրակացության եկան, որ Փաշինյանը հակամարտության կարգավորման ներքաղաքական գինը համարում է չափազանց բարձր՝ առանց Հայաստանի համար հավելյալ օգուտների: Նրանք որոշեցին, որ Վաշինգտոնի հետ ավելի սերտ տնտեսական կապերը կարող են գործարքն ընդունելի դարձնել քաղաքական տեսանկյունից, այդ թվում՝ Հայաստան Nvidia-ի առավել հզոր պրոցեսորների մատակարարման թույլտվության միջոցով», – գրում է հոդվածի հեղինակը:
 
«Ռեւ Լիբարիդյանը՝ Nvidia-ի հայազգի փոխնախագահը, նպաստել է ընկերության եւ Փաշինյանի միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ պնդում է, որ արհեստական բանականության եւ տարածաշրջանային առեւտրային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը կարող է ստեղծել տնտեսական փոխկախվածություն, որն ունակ է աջակցել առավել ամուր խաղաղությանը», – ասվում է հոդվածում:
«Այս վարչակազմի համար չիպային դիվանագիտությունը գլխավոր առաջնահերթություններից մեկն է», – ասել է Ռեւ Լիբարիդյանը The Wall Street Journal-ի հետ զրույցում:
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինի խոսքով՝ իրենք գործընկերների հետ միասին հանդիպել էին ԱՄՆ առեւտրի նախարարության ներկայացուցիչներին եւ հասել Nvidia-ի ամենաառաջատար պրոցեսորների՝ դեպի Հայաստան արտահանման հաստատմանը, որոնց մատակարարումն երկիր նախկինում թույլատրված չէր:
The Wall Street Journal-ը մեջբերում է Մոնտանա նահանգից հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսի խոսքերը, ով 2025 թվականի մայիսին Սպիտակ տան բանակցային թիմի հետ միասին Երեւանում հանդիպել էր Փաշինյանին. «Չիպերի ստացումը կարեւոր քաղաքական հաղթանակ հանդիսացավ»։
Քրիստինա Քվինն էլ ասել է, որ «Nvidia-ի չիփերը այս փազլի շատ կարեւոր մաս դարձան»:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *