Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը գծված է դեռ 1984-88թթ. ի՞նչն եք սահմանագծում. Խոսրով Հարությունյա

Written by

in

«Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ նախկին վարչապետ (1992-1993թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաև Տիգրանաշենի, «անկլավներ» հասկացության, սահմանագծման և սահմանազատման մասին:

«1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, որպես սահմանազատման արդյունքում ճանաչված սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է ճանաչված լիներ հենց այդ դրությամբ առկա սահմանը: Արդյո՞ք այդպիսի սահման եղել է: Այո՛, եղել է: 1984-1988թթ. ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի ԽՍՀ-ների միջև ձևավորված է եղել հանձնաժողով պետական սահմանը ճշտելու համար: Այս 4 տարիների ընթացքում 938 կմ սահման է նշվել, ինչի արդյունքում ձևավորվել է 198 արձանագրություն, որոնք տեքստուալ նկարագրել են սահմանի տվյալ հատվածը, ամբողջ տեղանքը:

Դրանց հիման վրա 1988թ. կազմվել է ամփոփիչ արձանագրություն, որը հաստատվել է թե՛ Ադրբեջանի ԽՍՀ-ի, և թե՛ Հայկական ԽՍՀ-ի կառավարությունների կողմից, սահմանի ողջ երկայնքով տեղադրվել են սահմանային սյուներ: Եվ եթե դուք հիմք եք ընդունում Ալմա Աթայի (Ալմաթիի) հռչակագիրը, ընդամենը պետք է Ադրբեջանին ասեիք՝ էդ աշխատանքներն արդեն արված են, եկե՛ք այդ սահմանները ճանաչենք որպես պետական սահման: Ավելին, արդեն տեղադրված սահմանային հենասյուները Կիրանցի սահմանազատման ժամանակ հանվել, գցվել են դուրս»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Հիշեցնենք. 1980-ականներին Տավուշում Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչական շրջանների ճշգրտման հայկական հանձնաժողովը գլխավորել է նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանը: 1988 թվականի հունվարին ստորագրվեց այդ սահմանի մասին վերջին իրավական ակտը՝ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման մասին արձանագրությունը։ 

Սահմանների ճշգրտման այս գործընթացում հայկական կողմը վերադարձրեց 14 հազար 450 հեկտար հող, շուրջ 3 հազարը՝ Նոյեմբերյանի հատվածից։ Այդ աշխատանքները տեղի էին ունենում ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ. նրա պաշտոնակիցն Ադրբեջանում Ռասիզադեն էր՝ իր խմբի հետ, և մի քանի ռուս մասնագետներ։ Շուրջ 4 տարի է տևել այդ աշխատանքը։

«Եթե Տիգրանաշենը հանձնենք Ադրբեջանին, մի՞թե հաշված շաբաթների ընթացքում այն չի դառնալու ադրբեջանական ռազմական հենակետ: Անկասկած, դառնալո՛ւ է: Մեր միջպետական սահմանն անցնում է Տիգրանաշենով ու հասնում մինչև Մեղրի: Եթե Տիգրանաշենը դառնում է ադրբեջանական ռազմական հենակետ, ապա դեպի հարավ գնացող մեր ճանապարհը հայտնվելու է Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ, որովհետև այդտեղ նաև սահմանային հենակետ կտեղադրվի: Իսկ եթե մի քանի կրակոց հնչի, դեպի հարավ ոչ մի մեքենա չի գնա, և Վայոց ձորն ու Սյունիքը կհայաթափվեն»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts