Գրքի երեւանյան միջազգային փառատոնի շրջանակում ներկայացվել են Հրանտ Մաթեւոսյանի «Կանաչ դաշտը» հեքիաթի նոր՝ ֆաքսիմիլե հրատարակության ազդօրինակները։
Նոր կյանք՝ տարիներ անց
Մաթեւոսյանական սիրված ու խորհրդանշական այս ստեղծագործությունը (1978 թ.) առանձին պատկերազարդ գրքով լույս էր տեսել դեռեւս 1992 թվականին, տարիներ անց, այն նոր կյանք է ստանում։
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը, շնորհակալության եւ երախտիքի խոսք է հղել հրատարակիչներին ու գրքասերներին, որոնք 1992-ին՝ պատերազմում գտնվող երկրի համար դժվարին տարում, կարեւորեցին այս գրքի լույսընծայումը։
«Բազմաթիվ լեզուներով թարգմանված, բազում անգամներ հրատարակված, պայմանականորեն մանկապատանեկան համարվող այս պատմվածքը վերահրատարակվել է իր նախկին տեսքով։ Սակայն գիրքն այժմ ներկայանում է նորոգված՝ ավելի որակյալ գունաբաժանմամբ, ինչպես նաեւ նկարազարդումների եւ տեքստի ավելի հստակ վերարտադրությամբ»,- մանրամասնել է Դավիթ Մաթեւոսյանը:
Նա տեղեկացրել է, որ անսալով գործընկերների առաջարկներին, Հրանտ Մաթեւոսյանի հատկապես մանկապատանեկան ստեղծագործությունները տպագրելու են առանձին պատկերազարդ գրքերով՝ պատմվածք առ պատմվածք, վիպակ առ վիպակ։ Ընդ որում, դրանք հասանելի կլինեն ինչպես տպագիր, այնպես էլ աուդիոգրքի տարբերակով։
«Կանաչ դաշտի» բուն շնորհանդեսը նախատեսված է 2026թ. սեպտեմբերի վերջին «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում։
«Ասող-խոսող հեքիաթներ»
«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը եւ «Ձենով» հավելվածը ներկայացնում են նաեւ «Ասող-խոսող հեքիաթներ» նախագիծը։ Մանուկների ու պատանիների համար ստեղծվել են 12 «Ասող-խոսող» հեքիաթ-բացիկներ, որոնք ներկայացնում են 12 պատում։ Յուրաքանչյուր բացիկի վրա տեղադրված է QR կոդ, որը տանում է դեպի հեքիաթի աուդիո տարբերակը: Այսպիսով՝ ձեռք բերելով բացիկը՝ կարող եք երեխային ցույց տալ գեղեցիկ նկարազարդումը, միասին կարդալ տեքստը, իսկ QR կոդի միջոցով անցնել Հրանտ Մաթեւոսյանի պաշտոնական կայքում տեղադրված աուդիոհեքիաթներին։
«Թե՛ Հրանտ Մաթեւոսյանի կենդանության օրոք եւ թե՛ հիմա շատ քիչ որակյալ մանկական գրականություն ունենք, որը բուն հայկական հենց Հայաստանում ստեղծված կլինի։ Այս նոր նախագիծը եւ Մաթեւոսյանի պատմվածքները լիուլի լրացնելու են այդ բացը. սրանք հավերժի պատմություններ են»,- ասել է Դավիթ Մաթեւոսյանը:
Հեքիաթ-բացիկների ստեղծման գաղափարն ունի իր հետաքրքիր նախապատմությունը եւ ծնվել է համատեղ աշխատանքի արդյունքում։
Գրող, հեքիաթագիր Լիլիթ Հակոբյանը ծանոթացել է Լիլիթ Վաղարշյանի նկարներին ու «նկարազարդել» դրանք իր հեքիաթներով։ Նախագծին միացել է նաեւ հնչյունային ռեժիսոր, «Ձենով» հավելվածի համահիմնադիր ու ստեղծագործական ղեկավար Մարիամ Առուշանյանը։
«Ձենովի» թիմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանկական ստեղծագործությունների բովանդակության հարցում ծնողներին ամենից շատ մտահոգում են որակն ու անվտանգությունը։ Երեք տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված այս հարթակը մշակվել է այնպես, որ զերծ լինի գովազդներից եւ ներկայացնի բացառապես արժեքավոր ու օգտակար գրականություն։
Լիլիթ Վաղարշյանը հիմնականում ստեղծագործում է սեւ-սպիտակ տպագրական գրաֆիկայի ժանրում։ «Թեեւ աշխատում եմ սեւ ու սպիտակով, բայց հաճախ ուզում եմ գույն տեսնել, տրամադրությունս բարձրացնել։ Այս վառ, գունագեղ նկարները տարիների ընթացքում ստեղծել եմ ինձ համար՝ որպես արտ-թերապիա»,- նշել է նա։
Նկարչուհու այս գույները չեն վրիպել Լիլիթ Հակոբյանի ուշադրությունից։ Արդյունքում ծնվել են 12 հեքիաթներ՝ ինչպես որ տարվա 12 ամիսներն են։ Դրանք առայժմ ներկայացված են բացիկների տեսքով, հետագայում կարող են համալրվել եւ գիրք դառնալ։ Լիլիթ Հակոբյանի խոսքով՝ «Կանաչ դաշտի» հետ աշխատանքները ներկայացնելը լավագույն բանն էր, որ կարող էր պատահել։
Մարիամ Առուշանյանն ասում է, որ Լիլիթի տեքստերի հետ աշխատելը մեծ ուրախություն է, ոգեւորում է իր ներսի մանուկին։ Որպես հնչյունային ձեւավորող՝ կարեւորում է գործի գեղարվեստական մատուցումը՝ առանց ավելորդ ձայնային էֆեկտների ու երաժշտության, ինչը թույլ կտա երեխաներին լիարժեք ընկալել տեքստը։
Արմինե Սարգսյան
Leave a Reply