Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են Ֆուտբոլի ԱԱ 2040-ը համատեղ հյուրընկալելու հնարավորությունը

Written by

in

Ուկրաինան և Լեհաստանը դիտարկում են 2040 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը համատեղ անցկացնելու գաղափարը։ Այս հարցը քննարկվել է Գդանսկում կայացած Ուկրաինայի վերականգնման համաժողովի ընթացքում։

Ուկրաինայի սպորտի նախարար Մատվեյ Բիդնին հայտնել է, որ Կիևը հետաքրքրված է նախագծով, սակայն պաշտոնական գործընթացը պետք է սկսվի մարզական շրջանակներից․

«Մենք հետաքրքրված ենք դրանով, բայց նախաձեռնությունը պետք է գա սպորտային համայնքից կամ ֆուտբոլային ֆեդերացիայից։ Կտեսնենք»,- նշել է նա։

Ուկրաինայի Գերագույն ռադայի երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վասիլ Մոկանի խոսքով՝ համատեղ հայտը կարող է դառնալ «եվրոպական համերաշխության հզոր խորհրդանիշ»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինայում նման մասշտաբի մրցաշար հյուրընկալելու համար նախևառաջ անհրաժեշտ են պատերազմի ավարտ, կայուն խաղաղություն, անվտանգության երաշխիքներ և ենթակառուցվածքների պատշաճ զարգացում։

Համատեղ հայտի քննարկումն ընթանում է երկու երկրների միջև առկա որոշակի լարվածության ֆոնին, որը պայմանավորված է պատմական հիշողության շուրջ ծագած վեճերով։ Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն՝ լեհ հասարակության շրջանում նկատվում է Ուկրաինայի նկատմամբ բացասական վերաբերմունքի աճ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *