Արմեն Շեկոյանի համար կարեւոր էր, որ իր «ոտանավորները» ոչ միայն տպագրվեն, այլեւ հնչեն։ Նա սիրում էր ինքն էլ կարդալ դրանք մարդկանց համար։ Սեպտեմբերի 4-ին Հայաստանի պատմության թանգարանում Շեկոյանի «ոտանավորներն» էին կարդում, քննարկում նրա ստեղծագործությունները, հիշում զրույցներն ու խոսում «Իմ Շեկոյանը» բանաստեղծական ժողովածուի մասին։
Առանձնացրել ենք հատվածներ Գրքի երեւանյան միջազգային իններորդ փառատոնի շրջանակում կայացած հանդիպումից։
«Ժառանգությունը միայն ժառանգինը չէ»
Սեդա Շեկոյան, Արմեն Շեկոյանի դուստրը
Հորս մահից անցել է հինգ տարի, եւ որպես նրա անմիջական ֆիզիկական ժառանգ՝ հաճախ ունենում եմ այն զգացողությունը, որ նրա գրքերն ավելի հազվադեպ են հրատարակվում, քան պետք է։ Ինչքան էլ պայմանները դժվարանում են, մենք՝ գրողների ժառանգներս, փորձում ենք գտնել այդ ժառանգությունը ընթերցողին հասցնելու ճիշտ ձեւերը։ Հինգ տարուց ավելի զբաղվում եմ այդ ժառանգության հարցերով եւ ինձ համար կարեւոր է իմաստավորել, թե ինչու եմ դա անում։
Սեդա Շեկոյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Որպես արվեստաբան-հետազոտող՝ կարեւոր եմ համարում նախաձեռնություններ իրականացնել, արձագանքել առաջարկներին։ Բայց որքան էլ ես պարտավորված լինեմ զբաղվել հորս բանաստեղծության, արձակի, հրապարակախոսության հարցերով, ինձ համար շատ կարեւոր է, որ դա անեն նաեւ ուրիշները։ Գրական ժառանգության համար ոչ միայն ժառանգն է պատասխանատու, այլեւ գրական համայնքը, հասարակությունը եւ, ի վերջո, պետությունը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք՝ որպես գրողի ֆիզիկական, անմիջական ժառանգներ, չենք ընտրում այն գրականությունը, որի համար պատասխանատու ենք։ Այդ գրականությունը մեզ որպես ժառանգություն է բերվում, եւ միայն ժամանակի ընթացքում է պարզ դառնում՝ այն մեզ համար սերնդային պա՞րտք է, որը պետք է փակենք, թե իրական համակրանք, որից ծնվում է ազատ ընտրության իրավունքը։
«Ամեն նոր գիրք պետք է ինչ-որ բան ավելացնի»
Ես «Իմ Շեկոյանի» կազմողն եմ, իսկ հիմնական աշխատանքն արել է «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։ «Իմ Շեկոյանը» «Ակտուալ արվեստ» հրատարակչության «Իմ» մատենաշարի յոթերորդ գիրքն է։ Ուրախ եմ, որ այն հենց այս շարքով է լույս տեսնում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մատենաշարով արդեն հրատարակվել են «Իմ Չարենցը», «Իմ Մեծարենցը», «Իմ Սահյանը» եւ այլ գրքեր։ Շարքն ունի դիզայներական ու բովանդակային առանձնահատկություններ եւ հարմար է պոեզիա կարդալու համար։ Շապիկի «Իմ» շրջանակված տարբերանշանն էլ կարծես խորհրդանշական իմաստով սեփականացնում է հեղինակին եւ նրա պոեզիան՝ կազմողի, հրատարակչի եւ ընթերցողի համար։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ժողովածուում ընդգրկված են տարբեր տարիների հրատարակված գրքերից գործեր, այդ թվում՝ ժամանակի ընթացքում մոռացված կամ պակաս հայտնի բանաստեղծություններ։
Մարինե Պետրոսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Գիրքը կազմելիս սկզբում պատկերացնում էի, որ թեմատիկ բաժանումը կլինի հայրենիք, սիրային, լիրիկական, բայց հետո հասկացա, որ հիմնականում սիրայինն ու քաղաքայինն է, իսկ հայրենասիրականը՝ քիչ։ Նաեւ ժամանակագրական հաջորդականություն եմ պահպանել, որպեսզի երեւա բանաստեղծության զարգացումն ու կերպափոխումը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Էջանիշի վրա, մատենաշարի մասին պատմող տեքստից բացի, կա նաեւ փոքրիկ մեջբերում գրող-բանաստեղծ Մարինե Պետրոսյանի՝ հորս 60-ամյակին գրված տեքստից. «Արմենի գործերում կա ոչ թե վերացական հոգեւորը, այլ մարդու հոգին, որ խփվում ա պատերին ու քարերին»։
«Նա սիրում էր, որ իր ոտանավորները հնչեն»
Տիգրան Պասկեւիչյան, գրող-հրապարակախոս
Այս մուրացկանի ձեռքերն են դողում,
հայացքն է պաղած. ինքն իր դերում է:
Ե՛ս կարող էի լինել իր տեղում,
բայց… առայժմ իմ բախտը բերում է:
Այս քառատողն առանձնացրել եմ, որովհետեւ սա է Արմեն Շեկոյանը։ Այն անսպասելի մոտեցումը, այն շրջադարձը, որը չես սպասում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարդալու գաղափարն ինչո՞վ է լավ։ Արմենը սիրում էր կարդալ իր բանաստեղծությունները։ Հիշում եմ՝ ինչ-որ միջոցառում էր լինում, հանդիպում էինք, միասին գնում էինք, ասում էր՝ «Գնանք մեր ոտանավորները կարդանք, դու էլ կկարդաս, չէ՞»։ Կարծում եմ՝ հնչեցնելու մեջ ինքը մեծ իմաստ էր տեսնում։ Կարեւորում էր, որ գործը, բացի տպագիր լինելուց, պետք է նաեւ հնչի։
«Նա չէր մոռանում փոքր մարդկանց»
Գոռ Մադոյան, պատմաբան
Ինձ համար շատ կարեւոր է, որ Արմեն Շեկոյանը բաց չի թողնում փոքր մարդկանց։ Ոնց որ ասում է՝ «ես էլ կարող եմ դառնալ մուրացկաններից մեկը»։ Այս ժողովածուից ես առանձնացրել եմ «Գիշերային պատկեր» գործը․
«Մեր երազն է հին փտած,
մեր քաղաքն է քուն մտած,
համատարած մութի մեջ
եւ Աստծո գութի մեջ,
իսկ կանգառում մոտակա
մի թառամած պուտանկա
միտք էր անում տխրադեմ,
ինչ էր ուզում՝ չգիտեմ»։
Սա ինձ համար հենց այդ մասին է։ Շեկոյանը կարծես ասում է՝ եթե մեծերն իրենց հարցերը լուծում են, փոքր մարդկանց կյանքն էլ պետք է հիշել։ Ես գոնե իմ գրականությամբ կպահեմ նրանց կյանքը, կպաշտպանեմ նրանց ներկայությունը։
Գոռ Մադոյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ առումով դա շատ հումանիստական գրականություն է։ Աստվածային թեմաներն էլ անընդհատ կան՝ մեղանչելը, ապաշխարելը, գթությունը, Աստծո գութը։
Իր գրականությունը, բացի քաղաքային գրականություն լինելուց, նաեւ համապետական գրականություն է՝ անկախության եւ հետանկախության շրջանի գրականություն։
«Ես ձեզ կտամ, բայց մնացածը իմն է»
Նորայր Սարգսյան, գրող
Արմեն Շեկոյանի կերպարը ես ավելի ամբողջական եմ տեսնում արձակի մեջ, որովհետեւ բանաստեղծության մեջ կարող է մի տող լինի, ու չզգաս, չնկատես։ Իսկ արձակի մեջ, քանի որ ինքը անընդհատ տպվել է թերթում, շատ մանրամասն է խոսում իր զգացմունքների մասին։
Նորայր Սարգսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Շեկոյան սկսել եմ կարդալ «Մետաքսի ճանապարհ» պատմվածքների ժողովածուից, ու երբ սկսել եմ Շեկոյանին ուսումնասիրել, անընդհատ մի մտքի եմ հանգել՝ որքան մարդը, գրողը իր պոեզիայով ու արձակով բացում է իր կյանքը ընթերցողի առաջ, այնքան ավելի ես զգում մասնավորի ու հանրայինի սահմանը։
Ինձ թվում է՝ այդ առումով իր գրականության մեջ շատ հստակ սահման կա. վերցրեք այն մասնավորը, որը ձեզ կտամ, բայց մնածը իմն է։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Leave a Reply