«Armeno-Georgica» կոնգրեսը պարբերական կդառնա – Mediamax.am

Written by

in

Հարուստ պատմություն, մշակութային փոխառնչություններ, պատմական հարեւանություն եւ գիտական համագործակցություն․ այս թեմաներն են քննարկվում սեպտեմբերի 2-ին Երեւանում մեկնարկած «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչեւ նոր շրջան» միջազգային կոնգրեսում։ 

 

Այն կազմակերպել են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանի խոսքով,

«գիտաժողովը նպատակ ունի ոչ միայն իր ավանդը բերելու հայագիտության, վրացագիտության, կովկասագիտության եւ հարակից գիտությունների զարգացման մեջ, այլեւ բարձրացնելու մեր հասարակությունների միջեւ փոխընկալման ու ճանաչելիության մակարդակը»։

 

Կոնգրեսի գաղափարը ծնվել է «Գեղարդ» հիմնադրամի եւ Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության եւ ազգագրության ինստիտուտի համագործակցության ու քննարկումների արդյունքում եւ ստացել է Հայաստանի

Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի աջակցությունը:

 

Գոռ Մարգարյանն ասել է, որ Կոնգրեսն անցկացվելու է պարբերաբար՝ Երեւանում եւ Թբիլիսիում։ Այն ներառում է եւ՛ խոշոր պատմագիտական գիտաժողով, եւ՛ կլոր սեղան-քննարկումներ։

Աշոտ Սմբատյանը Աշոտ Սմբատյանը

Լուսանկարը` «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Հայ-վրացական պատմամշակութային առնչությունների մասին երեք օր խոսելն ինքնին արդեն հավակնոտ նախաձեռնություն է։ Ողջունելի է, որ այս նախաձեռնությունը ձգտելու է կարեւոր հարթակ դառնալ՝ համախմբելով գիտնականներին Երեւանում եւ Թբիլիսիում։ Սա չափազանց կարեւոր հանգամանք է, քանի որ հայ-վրացական հարաբերությունների ուսումնասիրությունը շարունակական աշխատանք է պահանջում՝ պատմական իրողությունների առավել խոր ուսումնասիրություն, արդեն հայտնի փաստերի նորովի ընթերցում եւ գիտական առողջ բանավեճ», – ասել է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայերն ու վրացիները դարեր շարունակ ապրել են կողք կողքի, դիմակայել պատմական նույն մարտահրավերներին, կիսել բախտորոշ ժամանակներ եւ ստեղծել մշակութային արժեքներ։ Մեր ժողովուրդների պատմության բազմաթիվ էջեր անհնար է ամբողջությամբ հասկանալ՝ դրանք միմյանցից զատ դիտարկելով»,- հավելել է դեսպանը։

 

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել է․ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը այլընտրանք չունի: Ցանկացած պետության եւ հասարակության միջեւ հարաբերությունների զարգացման ուղղություններից մեկն էլ պատմական անցյալի վերհանումն է, դրա վերարժեւորումն ու վերաձեւակերպումը»:

 

Թեեւ համաժողովը հայ-վրացական է, դրան մասնակցում են գիտնականներ նաեւ Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Բուլղարիայից։ 

 

Կոնգրեսն իր աշխատանքը կամփոփի սեպտեմբերի 4-ին։

 

Ռիմա Հարությունյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *