1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա` իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների ու դիտորդների կողմից։
Արցախի ամբողջական հայաթափումից և տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերն այսօր շարունակում են բախվել բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների։ Սա վկայում է Հայաստանում պետական քաղաքականության և սոցիալական ծրագրերի արդյունավետության լուրջ խնդիրների մասին։
Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից հնչող և խրախուսվող ատելության խոսքը հասարակության մեջ պառակտման և բևեռացման հերթական դրսըորումներն են։
Մեր հանձնառությունը պետք է լինի հստակ՝ ապահովել մեր հայրենակիցների անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքը Հայաստանի Հանրապետությունում։
Միևնույն ժամանակ, տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության հիմնարար իրավունքների ` անվտանգ և հավաքական հնարավոր վերադարձի, սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության անտեսմամբ։
Այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ Բաքվի բանտերում փաստացի որպես պատանդներ։ Բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց վերադարձը հայրենիք պետք է լինի Հայաստանի իշխանությունների առաջնային արտաքին քաղաքական օրակարգերից մեկը։ Ցավոք, այսօր մենք ականատես ենք լինում հակառակ պատկերին։
Leave a Reply