Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի որոշումը փաստացի համարժեք է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հայտարարությանը, քանի որ երկու կազմակերպություններին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։
«Հարգելի՛ Նիկոլ Վովաեւիչ, մենք հիմա քննարկում կունենանք, ինձ միշտ հետաքրքիր է Ձեզ հետ ցանկացած թեմայի շուրջ քննարկումներ վարել։ Բայց գլխավոր հարցում թույլ կտամ ինձ, այնուամենայնիվ, չհամաձայնել Ձեզ հետ։ Դուք ասացիք, որ դուրս գալու մասին չեք հայտարարել։ Մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու հայտարարություն»,- Պուտինի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ «միաժամանակ երկուսում գտնվելը անհամատեղելի է, հենց սա է խնդիրը»։
«Դուք լավ գիտեք ռուսաստանյան դիրքորոշումը՝ Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ երկրի եւ ժողովրդի բնական, օրինական իրավունքն է։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, եւ հայ ժողովուրդն ինքն է որոշում իր զարգացման վեկտորը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հավելել է.
«Ամենապարզ լուծումն է դիմել ժողովրդին եւ հարցնել՝ «Դուք ի՞նչ եք ուզում»։ Եվ վերջ, փակենք թեման»։
«Կրկնում եմ եւս մեկ անգամ՝ մենք հարգանքով ենք վերաբերվելու հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։ Ինչպես Հայաստանը որոշի, այնպես էլ կլինի։ Բայց մենք պետք է մեր առեւտրային, տնտեսական քաղաքականությունը կարգավորենք՝ կապված այդ հնարավոր որոշումների հետ, եւ կխնդրեինք Ձեզ որքան հնարավոր է շուտ կողմոնորոշվել»,- նշել է Վլադիմիր Պուտինը։
Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը նշել է, որ «մենք մշտապես հանդես ենք գալիս Հայաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին՝ հիմնվելով ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության սկզբունքի վրա»։ Նրա խոսքով, «ելնում ենք նրանից, որ սա համապատասխանում է հայ ժողովրդի հիմնարար շահերին, Ռուսաստանի հիմնարար շահերին»։
Leave a Reply