Սիրելի՛ սովորողներ, հարգելի՛ մանկավարժներ և ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Կրթությունն ու գիտելիքն այն շարժիչ ուժն են, որոնց շնորհիվ ձևավորվում է զարգացած, ինքնուրույն և մրցունակ հասարակություն։ Հենց գիտակից ու կրթված հասարակության շնորհիվ է պետությունն ի զորու դիմակայելու ժամանակի մարտահրավերներին՝ իր մտավոր ու ստեղծագործական ներուժն ամբողջապես ծառայեցնելով հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին։
Այսօր բոլորս ականատեսն ենք պետության կողմից իրականացվող այն խորքային բարեփոխումներին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանը, ուսուցման ժամանակակից մեթոդների ներդրմանը, սովորողների համար նոր հնարավորությունների ստեղծմանն ու արդի պահանջներին համապատասխան կրթական միջավայրի ձևավորմանը։
Այս բարեփոխումներն ու ստեղծվող նոր հնարավորություններն իրենց ամբողջական արժեքն են ստանում միայն այն ժամանակ, երբ դրանք ուղեկցվում են գիտելիք ձեռք բերելու անխոնջ ձգտմամբ։ Ուստի ցանկանում եմ, որ մշտապես սովորե՛ք, զարգանա՛ք՝ վստահորեն կերտելով ձեր հաջողության ուղին։
Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին՝ ողջունելով նրանց մուտքը նոր ու լուսավոր աշխարհ։ Այսօր նրանք կատարում են իրենց առաջին քայլը մի ճանապարհով, որը լի է գիտելիքով, բացահայտումներով, երազանքներով ու նոր հնարավորություններով։ Մաղթում եմ անհամար ձեռքբերումներ, մտքի թռիչքներ ու ստեղծագործ գաղափարներ։
Այս տոնական օրվա առթիվ հատուկ երախտագիտություն եմ հայտնում կրթության ոլորտի բոլոր նվիրյալներին` իրենց ունեցած ավանդի, կատարած անգնահատելի աշխատանքի և նվիրումի համար։ Մաղթում եմ ձեզ մասնագիտական նորանոր հաջողություններ, ուժ, համբերություն և արժանի արդյունքներ ձեր վսեմ առաքելության ճանապարհին։
Բարի երթ բոլորիդ և հաջողություններ 2026-2027 ուսումնական տարում:
Leave a Reply