ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական Միությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու հնարավորության մասին օգոստոսի 24-ին արված հայտարարությունը կոշտ արձագանքներ է ստացել ռուսական պաշտոնական և մեդիա միջավայրում։ 

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը խոսել էր Եվրոպական Միությանը հնարավոր անդամակցության մասին ու նկատել, որ այն երկարատև գործընթաց է․ «Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական Միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացն առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»։

Այդ հայտարարությունից ժամեր անց ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն ու կրեմլամերձ լրատվամիջոցները սկսեցին խոսել Հայաստանի համար «ճակատագրական ավարտի», ռուսական «նվերները» կորցնելու մասին և գուժեցին՝ Հայաստանը չի անդամակցի ԵՄ-ին։

Հաջորդ օրը ռուսական «НТВ»-ի եթերում Հայաստանի եվրոպական ուղղությունն արդեն կապվեց «Օսմանյան կայսրություն» մտնելու և հայկական պետականության վերացման հետ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչպես է Փաշինյանի հայտարարությունից հետո ռուսական պաշտոնական շրջանակներում և մեդիա տիրույթում ձևավորվել ու սրվել Հայաստանի եվրոպական ուղղությունը տնտեսական, անվտանգային և պետական գոյության սպառնալիք ներկայացնող նարատիվը, և ինչպես են դրա առանցքային ուղերձները վերարտադրվել հայկական մեդիայում։ 

Ի՞նչ էր իրականում ասել Փաշինյանը 

Օգոստոսի 24-ի ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրոպական Միության հետ Հայաստանի գործընկերության օրակարգը զարգանում է «տեսանելի տեմպերով»։ Նա հիշատակել էր 2025 թվականին ընդունված՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը և մինչև 2029 թվականը վիզայի ռեժիմի ազատականացմանը հասնելու կառավարության նպատակը։

Սակայն Փաշինյանը չէր հայտարարել, թե Հայաստանն արդեն ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմում է ներկայացրել կամ պատրաստվում է անհապաղ դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նրա խոսքով՝ Հայաստանը նախ պետք է պատրաստի և ներկայացնի դիմումը, ստանա ԵՄ-ի արձագանքը և գործընթացի ճանապարհային քարտեզը, որից հետո միայն անդամակցության հարցով հանրաքվեն իմաստ կունենա։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանյան ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները հակասում են Միության կարգավորումներին։ Միաժամանակ նա բարձր էր գնահատել ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների՝ ԵՄ անդամակցության կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։

Այսպիսով՝ Փաշինյանը խոսել էր երկարատև և դեռևս անորոշ արդյունքով գործընթացի, ինչպես նաև արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ Ռուսական արձագանքներում, սակայն, այդ քննարկումը հիմնականում ներկայացվեց որպես Հայաստանի՝ Ռուսաստանից վերջնական հեռացում։

Առաջին փուլ․ «ԵՄ-ն անհասանելի է, իսկ ավարտը՝ ճակատագրական» 

ԵՄ անդամակցությունը «տասնամյակներ տևող մարաթոն» է, «ԵԱՏՄ-ից ու Ռուսաստանից հեռանալու վնասները Հայաստանը կզգա անմիջապես», «երկու աթոռի վրա նստելը միշտ ճակատագրական ավարտ է ունենում»․ Փաշինյանի հայտարարությունից հետո Ռուսաստանից նման բովանդակությամբ մեկնաբանություններ հնչեցին։ ՌԴ սենատոր Սերգեյ Պերմինովի այս գնահատականներն անմիջապես արտատպվեցին հայաստանյան լրատվամիջոցներում։

Այնուհետև Փաշինյանին նույն օրը արձագանքել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հայտարարելով, թե «Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ»։  

Տեղական լրատվամիջոցների հրապարակումներում (168{․}am, yerevan.today, armlur{.}am, yerkir{.}am, arminfo{.}am ևն) Մեդվեդևի քաղաքական կանխատեսումը հիմնականում հայտնվել է հենց վերնագրում։ Հրապարակումները սահմանափակվել են նրա խոսքը փոխանցելով և չեն պարզաբանել, որ Հայաստանը դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացրել, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա։

Այսպիսով՝ ԵՄ անդամակցության դեռևս անորոշ հեռանկարը ռուս պաշտոնյաները ներկայացնում են որպես Հայաստանի համար արդեն կանխորոշված «ճակատագրական ավարտ»։

Ընդ որում, հայկական մեդիան վերարտադրել է նաև Հայաստանի իշխանությունների հասցեին Մեդվեդևի վիրավորական արտահայտությունը։

Երկրորդ փուլ․ «նվերներն ու արտոնությունները» հետ վերցնելու սպառնալիքը 

Արդեն հաջորդ օրը՝ օգոստոսի 25-ին, Ռուսաստանից հնչում է սպառնալիք, թե հետ կվերցնեն բոլոր «նվերներն ու արտոնությունները», եթե Երևանը «խաղեր տա» Եվրոպայի հետ։ Այս անգամ հայտարարողը ՌԴ Դումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան է եղել։ Նա նաև ասել է, որ Երևանը չի կարող միաժամանակ նստել երկու աթոռների վրա։ 

Ռուս պատգամավորի խոսքը պատժի սպառնալիք է պարունակում Հայաստանի հասցեին։ Այս դեպքում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները ներկայացվում են Ռուսաստանի կողմից Հայաստանին միակողմանիորեն տրված «նվերների» տրամաբանությամբ՝ անտեսելով փոխադարձ պայմանագրերն ու շահերը։ Իսկ «նվերները» Մոսկվան կարող է հետ վերցնել Երևանի քաղաքական ընտրության պատճառով։

Նույն օրը տնտեսական կործանման պատկերը զարգացրել է ռուսական «Իզվեստիան»՝ նկարագրելով Հայաստանի հնարավոր ապագան ԵՄ-ին անդամակցելու դեպքում։ Հրապարակման հեղինակները եզրակացրել են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի ԵՄ շարժվելու տնտեսական գինը կարող է չափազանց բարձր լինել Հայաստանի համար։ Ըստ նրանց՝ ԵՄ-ին լիարժեք անդամակցությունը կարող է տասնամյակներ տևել, իսկ այդ ընթացքում արտահանման ցածր ցուցանիշները, ԵՄ-ի սահմանափակ հնարավորություններն ու ֆինանսական աջակցության հարցում Ուկրաինայի առաջնահերթությունը կարող են հանգեցնել Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկման։ Այս վերլուծությունը ամբողջությամբ վերարտադրել են նաև հայաստանյան լրատվամիջոցներ (1, 2

Երրորդ փուլ․ Հայաստանի պետականության վերացման թեզը 

Ռուսական քարոզչական հիմնական նարատիվները բարձրաձայնվել են նաև օգոստոսի 25-ին «НТВ»-ով հեռարձակվող «Место встречи» հաղորդման ժամանակ՝ «Եվրոմուտացիա» (8։28 րոպեից) խորագրի ներքո։ «НТВ»-ն, հիշեցնենք, Կրեմլի խոշորագույն քարոզչամիջոցներից մեկն է և ամբողջությամբ վերահսկվում է պետական «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգի կողմից։ 

Ուշագրավ է հաղորդման ստուդիայի դիզայնը․ բանախոսները նստել են շրջանաձև, իսկ մեջտեղում՝ հատակին Հայաստանի դրոշով քարտեզն է՝ փշալարերի մեջ։ 

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում այն փաստին, որ Երևանը պաշտոնապես հռչակել է Եվրոպական Միությանն անդամակցելու կուրս, մեջբերվում են Փաշինյանի հայտարարություններն ու խոսվում նաև ֆերմերների դժգոհությունների մասին․ որպես այս քաղաքական որոշման հետևանք կամ զուգահեռ իրողություն՝ հաղորդման հեղինակները ձևակերպում են հետևյալ հեգնական հարցադրումը․ «Ինչո՞ւ են հայ ֆերմերները ուրախությունից փակում երկրի ճանապարհները»։

Եթերում հյուրերից մեկը՝ լրագրող Անդրեյ Սիդորչիկը առաջ է մղում թեզը, թե առանց Ռուսաստանի Հայաստանը կհայտնվի «Օսմանյան կայսրության» կազմում․ «Որքան էլ Հայաստանին ասեն, թե այն մտնելու է ինչ-որ ծաղկուն այգի, միակ տեղը, ուր Հայաստանն առանց Ռուսաստանի կարող է մտնել, Օսմանյան կայսրությունն է։ Իհարկե, Հայաստանի միջոցով կարելի է մեծ վնաս հասցնել Ռուսաստանին։ Սակայն խնդիրն այն է, որ այդ վնասը կհանգեցնի բացառապես «հայկական պետականություն» հասկացության վերացմանը»։

Ի դեպ, Սիդորչիկի այս ձևակերպումը, սակայն, հայկական քաղաքական խոսույթում նորություն չէ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ևս տարածում են նարատիվ՝ եթե ոչ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, ապա Հայաստանը հայտնվելու է Թուրքիայի ազդեցության տակ։ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ բանտից զգուշացրել էր՝ «Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել»։

Այսպիսով՝ մեկ օրվա ընթացքում նարատիվը տնտեսական կորուստների և ԵՄ-ին չանդամակցելու կանխատեսումներից հասել է Հայաստանի ֆիզիկական գոյության սպառնալիքին։ «Օսմանյան կայսրություն» ձևակերպմամբ փորձ է արվել ազդել նաև հայ հասարակության պատմական տրավմանների վրա՝ ԵՄ-ի հետ մերձեցումը կապելով Թուրքիայի վերահսկողության և պետականության կորստի հետ։

Նույն ձևակերպումներով այս նարատիվը տարածվել է հայաստանյան, բայց ռուսամետ տելեգրամյան ալիքներով (1, 2

Չորրորդ փուլ․ պաշտոնական ամրագրում և «ուկրաինական սցենար»

Օգոստոսի 27-ին նարատիվը շարունակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը փորձում է ստանալ ԵՄ անդամակցության առավելությունները՝ չհրաժարվելով ԵԱՏՄ շրջանակում ունեցած «արտոնություններից», իսկ Երևանի այդ մոտեցումը որակել «անպարկեշտ»։ Հայկական լրատվամիջոցները վերարտադրել էին նաև այս հայտարարությունը (1, 2, 3

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

Օգոստոսի 28-ին ակտիվորեն շրջանառված «Ուկրաինայի ճանապարհի» մասին թեզը հայտնվել է արդեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցի հայկական վերարտադրության մեջ։ Սակայն այս դեպքում հայկական լրատվամիջոցի վերնագիրն ավելի կտրուկ էր, քան սկզբնաղբյուրում Լավրովի ասածը։

«РБК»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի հետ զուգահեռն անցկացրել է լրագրողը՝ հարցնելով, թե ինչպես կարելի է Հայաստանի դեպքում չկրկնել Ուկրաինայի հետ հարաբերություններում թույլ տված սխալները։ Լավրովը չի հայտարարել, թե Հայաստանն անցնելու է Ուկրաինայի ճանապարհով։ Նա պատասխանել է, որ ռուսական կողմն արել է հնարավոր ամեն ինչ, ապա խոսել ԵԱՏՄ անդամակցությունից Հայաստանի ստացած տնտեսական առավելությունների, ինչպես նաև տարաձայնությունները երկխոսությամբ լուծելու անհրաժեշտության մասին։

Մինչդեռ Հայաստանի որոշ լրատվական միջոցներ Ուկրաինայի հետ համեմատությունը վերագրել են հենց Ռուսաստանի արտգործնախարարին ու Հայաստանին զգուշացումներ տվել (1, 2)։ 

Այսպիսով՝ Փաշինյանի օգոստոսի 24-ի հայտարարությունը նոր նարատիվ չստեղծեց, այլ առիթ դարձավ արդեն շրջանառվող սպառնալիքի խոսույթը վերակտիվացնելու և սրելու համար։ ԵՄ-ին հնարավոր դիմում ներկայացնելու մասին զգուշավոր հայտարարությունը մի քանի օրվա ընթացքում ռուսական պաշտոնական և մեդիա տիրույթում վերածվեց Հայաստանի անխուսափելի տնտեսական պատժի, անվտանգային ճգնաժամի և պետականության վերացման կանխատեսման։

Այս ուղերձների հիմքում նույն կեղծ երկընտրանքն է՝ կամ Հայաստանը մնում է Ռուսաստանի ազդեցության ներքո, կամ կորցնում է տնտեսությունը, անվտանգությունն ու պետականությունը։ Այդ կառուցվածքում Ռուսաստանը ներկայացվում է որպես Հայաստանի գոյության միակ երաշխավոր, իսկ ինքնուրույն արտաքին քաղաքական ընտրությունը՝ որպես ճանապարհ դեպի «Օսմանյան կայսրություն» կամ «ուկրաինական սցենար»։

Հայկական մեդիան այս շղթայում միայն չեզոք փոխանցողի դեր չի ունեցել։ Որոշ լրատվամիջոցներ ռուսաստանցի պաշտոնյաների քաղաքական կանխատեսումները ընդգծել են վերնագրերում՝ չներկայացնելով Փաշինյանի խոսքի պայմանական բնույթը։ Միաժամանակ Ռուսաստանի բացակայությամբ Հայաստանը «թուրքական վիլայեթի» վերածելու, ինչպես նաև Հայաստանի՝ երկրորդ Ուկրաինա դառնալու մասին թեզերը պարբերաբար կրկնել են նաև հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները։

Արդյունքում ռուսական սպառնալիքի նարատիվը հայկական տեղեկատվական միջավայրում բացի թարգմանվել ու տարածվելը, նաև համեմվել է տեղական քաղաքական խոսույթի հետ։ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների շուրջ իրական տնտեսական և քաղաքական քննարկումը փոխարինվել է վախի վրա կառուցված բանաձևով՝ կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Հայաստանի անհետացումը։

Հասմիկ Համբարձումյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts