ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, կրթության ոլորտի նվիրյալներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա՝ Սեպտեմբերի 1-ի առթիվ։
Այս օրը մեզ կրկին հիշեցնում է ամենակարևորի մասին՝ գիտելիքը մարդու ուժն է, իսկ կրթությունը՝ պետության ապագայի հիմքը։
Շիրակը կրթության ու մշակույթի հարուստ ավանդույթներ ունեցող մարզ է։ Գյումրուց մինչև մարզի ամենափոքր բնակավայր՝ մեր դպրոցներում այսօր սովորում է այն սերունդը, որն իր գիտելիքով, աշխատանքով ու գաղափարներով վաղը կկերտի մեր համայնքների և մեր երկրի ապագան։
Սիրելի՛ աշակերտներ, սովորե՛ք անտրտունջ, մտածե՛ք ազատ, երազե՛ք շատ և հավատացե՛ք, որ ձեր գիտելիքով կարող եք փոխել ոչ միայն ձեր, այլև ձեր համայնքի ու երկրի կյանքը։
Հարգելի՛ ուսուցիչներ, ձեր առաքելությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Դուք ձևավորում եք անհատներ, քաղաքացիներ և ապագա մասնագետներ։ Շնորհակալ եմ ամենօրյա նվիրումի ու աշխատանքի համար։
Մեր պարտքն է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ Շիրակի յուրաքանչյուր երեխա՝ անկախ բնակավայրից, կունենա որակյալ կրթություն ստանալու, իր տաղանդը բացահայտելու և սեփական երազանքին հասնելու հավասար հնարավորություն։
Կառավարությունն այս առումով ավելի քան նախաձեռնող է ու գործնական քայլերով է գնում առաջ։ Անցնող երկու տարում միայն Շիրակի մարզում 30 դպրոց վերանորոգվել է արդեն՝ շուրջ 7 մլրդ 837 մլն դրամի ներդրմամբ, ևս 11 նոր դպրոց կառուցվում է հիմքից՝ ավելի քան 24 մլրդ 823 մլն դրամ ընդհանուր արժեքով։
Այս թվերից յուրաքանչյուրի հետևում դպրոց է, դասարան, ուսուցիչ, երեխա և ընտանիք։ Բայց ամենակարևորը՝ դրանց հետևում հնարավորություն է։
Ես համոզված եմ՝ կրթական ենթակառուցվածքում ներդրումը երբեք միայն շինարարական ծրագիր չէ։ Նոր կամ հիմնանորոգված դպրոցը պետք է դառնա այն միջավայրը, որտեղ երեխան ոչ միայն գիտելիք է ստանում, այլև սովորում է մտածել, ստեղծել, համագործակցել, պատասխանատվություն կրել և հավատալ սեփական ուժերին։
Կարևոր է, որ կրթության ոլորտում կատարվող յուրաքանչյուր ներդրում վերածվի իրական հնարավորության՝ յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ նրա բնակավայրից։
Մենք այսօր կառուցում և վերանորոգում ենք դպրոցներ ու մանկապարտեզներ, բայց իրականում կառուցում ենք շատ ավելի կարևոր բան՝ մեր մարզի մարդկային կապիտալը և ապագան։
Ես վստահ եմ՝ Շիրակի ապագան այսօր նստած է մեր դպրոցների դասարաններում։
Թող նոր ուսումնական տարին լինի խաղաղության, առաջընթացի, նոր գիտելիքի և ձեռքբերումների տարի։
Բարի՛ երթ դեպի գիտելիք, բարի՛ վերադարձ դպրոց։
Բարի՛ սկիզբ՝ նոր նպատակների, նոր նախաձեռնությունների և նոր հնարավորությունների։
Շնորհավոր սեպտեմբերի 1։
Leave a Reply