
Վերջին շրջանում սոցիալական ցանցում հայտնվել է Facebook-յան էջ, որի միջոցով հրապարակվում և տարածվում են մեր խմբագրի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ քրեական վարույթի և դատարանում քննվող գործի վերաբերյալ նյութեր։
Մեզ հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ այդ տեղեկությունները տարածվում են կեղծ էջի միջոցով, ինչի հետևանքով հասարակության շրջանում կարող են ձևավորվել իրականությանը չհամապատասխանող պատկերացումներ և վնասվել անձի ու լրատվամիջոցի հեղինակությունը։
Միաժամանակ, հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած միջադեպերը և առկա հանգամանքները, մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ տվյալ էջի ստեղծման և դրա միջոցով իրականացվող հրապարակումների հետևում կարող են կանգնած լինել Լոռեցյան Լիլիթը և Գրիշա Վիրաբյանը։ Վերջինիս կողմից մեր խմբագրի նկատմամբ նախկինում դրսևորված թշնամական վերաբերմունքը ևս հիմք է տալիս հարցեր բարձրացնելու հնարավոր կապի վերաբերյալ։
Սակայն այս պահին չենք պնդում, որ էջը հենց նրանց կողմից է ստեղծվել կամ կառավարվում։ Դրա վերջնական պարզումը իրավապահ մարմինների իրավասությունն է։
Հաշվի առնելով, որ հրապարակումները վերաբերում են նաև դատարանում քննվող քրեական գործին, անհրաժեշտ ենք համարում իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել այս հանգամանքների վրա և պահանջել պարզել՝ ով է ստեղծել և կառավարում կեղծ էջը, ինչ աղբյուրից են ձեռք բերվում դատարանում գտնվող գործի վերաբերյալ տեղեկությունները և ովքեր են կանգնած այդ հրապարակումների հետևում։
Մենք պատրաստվում ենք պահպանել համապատասխան հրապարակումների, մեկնաբանությունների և էջի գործունեության վերաբերյալ ապացույցները և անհրաժեշտության դեպքում ներկայացնել իրավապահ մարմիններին։
Ամբիոն Նյուզը շարունակում է հետևել իրավիճակին և լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգա նոր հրապարակմամբ։
Leave a Reply