«Ձուկը լեռներում». անհայրության զավակներն ու երազներից ծնված պատկերները

Written by

in

Վարդան Սմբատյանի էսսեներն ու պատմվածքներն ամփոփվել են «Ձուկը լեռներում» ժողովածուում։ Չորս չափածո գրքերից հետո սա հեղինակի առաջին արձակ ժողովածուն է, որը լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։ Լռությա՞ն, թե՞ լռությունը խախտելու մասին է ժողովածուն. այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք Վարդան Սմբատյանի հետ, ում բնորոշմամբ՝ ճիշտ ընտրված բառերը հաջողության բանալի են։

 

– Պատմվածքների ժողովածուն բաղկացած է տարբեր խորագրերից։ Ի՞նչ սկզբունքով եք ընտրել դրանք։

 

– Փորձել եմ պահպանել շրջափուլային մտածողությունը. յուրաքանչյուր խորագրում ընտրվել են միմյանց փոխլրացնող պատմվածքներ։

 

 – Մահ, կյանք, սեր, կին, բառ, լռություն, Աստված․․․ Առաջին իսկ պատմվածքից արդեն ուրվագծվում է գլխավոր ասելիքը։ «Կրկնությունների աշխարհում» ստեղծում եք ձեր պատմությունը, բայց չեք պարտադրում հավատալ դրան։ Իսկ ո՞րն է այն ամենակարեւոր միտքը, որ կուզեիք` ընթերցողն անսխալ որսար։

 

– Շատ ճիշտ եք նկատել. սկզբում ես տալիս եմ գրական լեյտմոտիվը, որը կառուցված է հավերժորեն կրկնվող թեմաներից, ապա պատմվածաշարերում բացում այն:

 

Գալով ձեր հարցի երկրորդ մասին՝ ասեմ. միշտ վախեցել ու խուսափել եմ «ամենակարեւոր», «ամենաճշմարիտ» մտքից, որովհետեւ գրողը, առհասարակ ստեղծագործող մարդը, որքան էլ հետազոտում է կյանքը, միշտ մնում է հարցերի տրցակի առաջ: Ո՞րն է ամենակարեւոր միտքը, ամենակարեւոր ասելիքը կամ ամենաճշմարիտը. ոչ ոք չգիտի, եւ հենց այդ հարցի պատասխանը չիմանալն էլ ստիպում է գրել: Ստեղծագործելը՝ գրելը, փնտրել-գտնելու, նաեւ հիշելու եւ անհրաժեշտաբար կորցնելու ճանապարհորդություն է, եւ առհասարակ արվեստը փնտրտուքի, աշխարհաճանաչման ու ինքնաճանաչման մասին է:

 

Թող ընթերցողն ինքը գտնի ամենակարեւոր միտքը, եթե, իհարկե, այն կա: Մի բան գիտեմ. ճշմարտությունը միշտ մոտ է մեզ, բայց այն նման է արագասահ օձի. որքան հետեւից ընկնես, այնքան արագ կփախչի՝ մաքրելով հետքերը: Ես փորձում եմ գրականության միջոցով խոսել իմ ու մարդկանց անունից՝ առանց սահմանումներ տալու:

 

– «Տեսածս երազներն ավելի հետաքրքիր են, գունեղ ու տպավորիչ, քան գարշահոտ իրականությունը»։ Ի վերջո, իրականությո՞ւնից, թե՞ երազներից են ծնվում Ձեր պատմվածքները։

 

– Իմ թե՛ պոետիկ, թե՛ արձակ գործերը ծնվում են իրականության ու երազների միախառնումից։ Շատ սյուրռեալ պատկերներ, տեսարաններ ու սյուժեներ վերցրել եմ՝ ավելի ճիշտ՝ գողացել եմ իմ երազներից (ժպտում է-Ա․ Ս․ )։

 

Սակայն կարեւոր է նշել. այս գրքի գրեթե բոլոր հերոսներն իրական են։ Բնականաբար, գեղարվեստական հավելումներ էլ կան, բայց սրանք վավերագրական հիմք ունեցող գործեր են։ Հետաքրքիրն այն է, որ իմ հերոսների մեծ մասն իրենք են ինձ գտնում: Շատ եմ մտածել սրա մասին. գուցե պատահական հանդիպումնե՞ր են, բայց մի՞թե այսքան պատահականություն լինում է։ Գիրքը գրելիս՝ այս 10 տարիների ընթացքում, շատ միստիկ ու տարօրինակ բաներ տեղի ունեցան: Փորձում եմ անտեսել դավադրապաշտական տեսություններն ու միստիկան։

 

Շնորհակալ եմ գրքիս հերոսներին. նրանք նոր տեսողություն տվեցին ինձ, օգնեցին այլ կերպ նայել աշխարհին, «բարոյագիտությանը», ցավին, սովորական ու անսովոր երեւույթներին: Օգնեցին ավելի շատ սիրել կյանքը՝ գեղեցիկն ու անմեկնելին: Նրանք ինձ շատ բան սովորեցրին, բայց ես գաղտնապահ մարդ եմ, չեմ կարող չափից շատ անկեղծանալ, կներեք։

 

– Գիրքը բոլորի ու ամեն ինչի մասի՞ն է, եթե նույնիսկ հերոսի անունը Վարդան է, ազգանունը՝ Սմբատյան։

 

– Գիրքը բնավ բոլորի մասին չէ, բայց կարող է ինչ-որ բան ասել բոլորին։ Շատ պատմվածքներ գրված են առաջին դեմքով՝ ավելի համոզիչ լինելու համար, իսկ թե որ գործերում է թաքնված իմ «ես»-ը, չեմ ասի (ժպտում է- Ա․Ս․)։ Հաճախ եմ կրկնում իմ սիրելի միտքը՝ գաղտնիքը գեղեցկացնում է կյանքը։ Հավելեմ, որ իմ գրողական ձայնն այս գրքում երկրորդ պլան է մղված, որպեսզի լսելի լինեն հերոսները:

 

Իհարկե, անհնար է թաքցնել գրողական ըմբոստությունս, պոետիկ հնարքներն ու ինձ մատնող՝ տիպիկ վարդանական էմոցիաները. այնուամենայնիվ, փորձել եմ առաջին պլան բերել հասարակության կողմից անտեսված մարդկանց: Մեծամասնության համար նրանք «փոքր մարդիկ» են, ինձ համար՝ մեծ ու անչափ կարեւոր։ Դժվար էր նրանց խոսեցնել, բայց կարծես թե ստացվել է։

 

Այդ հարցում օգնել է ձուկը…

 

– Վարդան, իսկ կարո՞ղ եք կյանքում, ինչպես ձեր գրվածքներում, փաստել, որ «սերը մեծերի համար չէ»։

 

– Այո՛, ցավոք, պիտի փաստեմ, որ մեծերի աշխարհում հիմա սերը ֆալշ է դարձել։ Լսե՞լ եք՝ ինչպես է նվագում ապաշնորհ շեփորահարը. շեփորի ձայնը զրնգուն է, ականջ ծակող, բայց դա երաժշտություն չէ, նվագողը կապ չունի երաժշտության հետ։ էդպես էլ կյանքում է. սերը փչացնում են, էժանացնում, իմիտացիա ստեղծում, կլիշեավորում ու նսեմացնում այն՝ տափակ ու բանալ ֆիլմերով, սերիալներով, գրքերով ու պաթոսով ծոր տվող քաղցրմեղցր երգերով։ Այնինչ սերը թեորեմի պես է՝ պիտի ապացուցես։ Իրական սերը կուռ քարի նման է՝ կոտրել չես կարող…

 

Փոքրերը եւ նրանք, ովքեր իրենց մեջ չեն սպանում մանկանը անգամ 60 տարեկանում, իսկապես սիրել գիտեն։ էս մարդիկ սիրո ջահակիրներն են։

 

– Կա՞ թեմա, դիպված կամ նյութ, որի մասին միշտ ցանկացել եք գրել, բայց չի հաջողվում։

 

– Այո՛, կան մի քանի թեմաներ, որոնց մասին դեռ փորձում եմ գրել։

 

Առաջինը Ցեղասպանության թեման է. մեկ տարի աշխատեցի մի վիպակի վրա («Ռեքվիեմ մեղուների համար»), բայց չկարողացա ավարտել. արյունն ու հիշողությունը հաճախ տեքստից ուժեղ են։ Պատռել եմ ամբողջ վիպակը… Կա մի խնդիր. ողբերգությունը, որը չես հաղթահարել, ինչպե՞ս փոխադրես գեղարվեստական տեքստի, որ խղճահարություն չառաջացնի: Հուսով եմ՝ մի օր կհասկանամ՝ ինչպես դա անել։

 

Իմ մանկության տարիներին մի քանի սարսափելի տեսարանների եմ ականատես եղել, որոնց մասին չի ստացվում գրել։ Հարազատներս գառ մորթեցին… Չեմ էլ ուզում հիշել էդ պատկերները. կենդանուն հաճախ երազումս եմ տեսնում: Դեպքից հետո ես գառան միս չեմ ուտում եւ որոշել եմ առհասարակ հրաժարվել մսից…

 

Մի դիպված էլ կա, որի մասին միշտ ցանկացել եմ գրել. փոքր երեխա էի, բակի երեխաները տանիքից ցած նետեցին շան քոթոթին։ Այդ օրվանից ես դադարեցի շփվել երեխաների հետ։ Իմ առաջին փոքրիկ բանաստեղծությունը էդ ձագուկի մասին էր. ավա՜ղ, նույն երեխաները պատռեցին բանաստեղծություններիս առաջին տետրը, ու ես չեմ կարողանում մտաբերել էդ փոքրիկ տեքստը։ Փորձեցի պատմվածք գրել՝ «Սեւ շան երազը» վերնագրով, բայց այն կիսատ մնաց…

 

– «Տատս միակ կինը եղավ, որի ապտակը սովորեցրեց չընկնել»։ Իսկ ինչպե՞ս դիմակայել կյանքի մնացած «ապտակներին»։

 

– Վերջին 10 տարիներին այնքան շատ են եղել էդ ապտակները… Մի բան կարող եմ ասել՝ որքան շատ ես ընդդիմանում կյանքի քացիներին ու ապտակներին, այնքան շատանում են քեզ անդունդը շպրտել ցանկացող, կանգնած-պատրաստ մարդիկ:

 

Պետք է լողալ ինչպես ձուկը, չհանձնվել, որքան էլ ուժեղ լինեն ալիքները։ Եվ հետո, պետք է հիշել. կյանքը չափազանց կարճ է ամեն ինչին եւ շատերին լուրջ վերաբերվելու համար։ Առողջ հեգնանքը, երբեմն էլ ցինիզմը չեն խանգարի։

 

Մարդկային կենսափորձը մեզ սովորեցնում է հնարավորինս խորագետ լինել, խուսափել որոշ հարվածներից, բայց թե՛ ողբերգությունները, թե՛ բերկրությունները՝ այն ամենն, ինչ կանխորոշվել է մեզ համար, չեղարկել ոչ ոք չի կարող։

 

– Ձեր գրքի հերոսները եւ՛ որոնում, եւ՛ հերքո՞ւմ են Հայր Աստծուն։

 

– Այո՛: Դա իմ հերոսների ընդվզման ակտն է։ Նրանք անհայրության զավակներն են. սա բավականին մեծ թեմա է գրականության մեջ։ Ես չեմ բացել թեման ամբողջովին. կուզեի վեպ գրել անհայրության թեմայով: Իմ գրքում փորձել եմ արտացոլել հայրության երկվությունը: Գրքի հերոսները չեն գտնում իրենց հարցերի պատասխանները, նրանք հավերժական որբեր են, որովհետեւ երկնային հայրը էդպես էլ չի իջնում. նա այլեւս փրկիչ չէ, իսկ կենսաբանական հայրերը կամ մեռած են, կամ լուռ՝ ինչպես ձուկը…

 

– «Այսուհետ գերադասում եմ ոչինչ չիմանալ ՈՉՆՉԻ մասին»։ Կրկնություննե՞րը, թե՞ հակասություններն են աշխարհը վերածում «ոչնչի»։

 

– Կրկնությունները։ Հակասությունները կյանքը դարձնում են հետաքրիր, կրկնությունները սպանում են… Կրկնության չաստվածներն ու մարդիկ չեն թողնում նոր մտքին, նոր հղացմանը, նոր խենթությանը, նոր հույսին գոյակցել աշխարհում։ Սա կայացած ստանդարտների, չափորոշիչների ու հին՝ ընդունված-անառարկելի ճշմարտությունների աշխարհ է, որտեղ ուրիշությունը գրեթե միշտ դատապարտված է պարտության ու մահվան։

 

– «Ձուկը լեռներում» վերնագիրն այն հենքն է, որի վրա կառուցվե՞լ են Ձեր գործերը, թե՞ այն ավելի շատ ամփոփում է տարիների Ձեր մտորումները։ Չէ՞ որ, սովորաբար, վերնագիրը վերջում են ընտրում։

 

– Հետաքրքիրն այն է, որ իմ պարագայում գրքի վերնագրերը միշտ ավելի վաղ են ծնվում, «Ձուկը լեռներումը» բացառություն չէր։ Վերնագիրը հենքային է, այո։

 

– Գրում եք նաեւ «գերությունից ազատող լռության» մասին․․․

 

– Լռությունը հաճախ լավագույն ելքն է, լավագույն պատասխանը: Լռության մեջ բոլորն էլ վաղ թե ուշ գտնում են պատասխաններ…

 

– Լեռներում հայտնված ձուկը ներանձնայի՞ն, ազգայի՞ն, թե՞ համամարդկային խնդիր է վեր հանում։ Գուցե բոլորը միաժամանա՞կ։

 

– Բոլորը միաժամանակ. ձուկը մեր պայքարող ժողովրդի հավաքական կերպարի սիմվոլիկ մարմնավորումն է։ Բայց ձուկը նաեւ խորհրդանշում է հայ անհատի, ստեղծարար ու շնորհալի մարդու պայքարն առ վերելք: Անհաղթահարելի թվացող փորձությունները, պատմաքաղաքական լաբիրինթոսներն ու ազգային արատները հաղթահարելու համար մենք նախ պետք է հասկանանք ինքներս մեզ, հետեւություններ անենք անցյալից, սովորենք ապրել ու թռչել։

 

Գրքի համանուն պատմվածքում ձկան թռիչքը խորհրդանշում է փրկությունն ու ազատությունը։ Իսկ պատմվածաշարերում ձկան խնդիրը հերոսներին խոսեցնելն է. նրանք պիտի խոսեն այնքան, մինչեւ բացվի համր ձկան բերանն ու հնչի փրկության բանալի բառը…

 

– «Հերս ասում էր՝ մարդն իրականում ինքն իր դեմ ա կռվում ու ինքն իրեն ա սպանում միշտ։ Էս աշխարհում ավելի շատ արյուն ա հոսում, քան ջուր․․․» («Հայը, թախտ-բախտը»)։  Չէիք կարող որեւէ կերպ չանդրադառնալ պատերազմին։ 2020-ն ի՞նչ փոխեց ձեր ձեռագրում,  ներսում եւ մեր այս աշխարհում։

 

– Եկանք հասանք իմ աքիլեսյան գարշապարին. պատերազմը դեռ չի ավարտվել իմ ու շատերի կյանքում: Մենք դեռ կռվում ենք ողբերգության, մեր մեղքի բաժնի հետ: Պատերազմից հետո իմ գրականությունն ու ես կորցրինք իրար, բառերն ու աշխարհը օտարացան։ Հիմա՝ վեց տարի անց, փորձում եմ զատել ինձ պատերազմից: Փորձում եմ ապրեցնել մեր հերոսներին, ամեն օր վերարժեւորել նրանց գրականությամբ: 

 

Ամենասարսափելին այն է, որ գիտես անտանելի ճշմարտությունը՝ կան բաներ, որ փոխել չես կարող: Եթե հրաշքով լիներ կյանքը խմբագրելու կամ հետ գնալու հնարավորություն, ես կջնջեի պատերազմը…

 

– «Փրկության ձուկը», ի վերջո, խոսո՞ւմ է․․․

 

– Այո՛, բայց քչերը կլսեն նրա ձայնը: Գիտե՞ք ինչու. որովհետեւ մենք մեզ՝ մեր կրծքի տակ ապրող ձկանը եւ կյանքի ամենակարեւոր շշուկները լսել չենք կարողանում… «Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Մատթ. 11:15): Մենք սիրում ենք տոներ, սիրում ենք բարձր երգել ու պարել, մենք աղմուկ ենք սիրում, այնինչ հույժ կարեւոր բաները միշտ շշուկով են ասվում: Կսովորե՞նք մի օր լսել։

 

– «Մարդը ծնվում է մոռանալու համար։ Չկա սրանից մեծ ողբերգություն»։ Բայց, ի վերջո, անհիշողությո՞ւնն է ավելի մեծ ողբերգություն, թե՞ հիշողության բեռը․ գոնե մեր պարագայում։

 

– Անհիշողությունը… Եթե հիշեինք, եթե հետեւություններ անեինք, եթե չմոռանայինք, թե ինչպիսի պատմական փոթորիկների միջով ենք անցել, արդյունքում չէր լինի ցավի էս անտանելի բեռը, չէր լինի կրկնվող ողբերգությունը… Անհիշողությունը յոթ մահացու մեղքերից էլ վատն է…

 

– Գրում եք․ «Մահը հիշում է բոլորիս անունները»։ Իսկ կյա՞նքը․․․ Իսկ ո՞րն է գրականության դերը։

 

– Կյանքը հիմա է. կյանքը երբեք չի դադարում տրոփել, պարզապես ունի կանգառներ. մահվան կանգառն անխուսափելի է եւ անհրաժեշտ: Մահը կյանքի կարեւոր կանգառներից է: Կյանքը ջրի նման է. հոսում է, հետո հանդիպում մի մեծ քարի: Թվում է՝ ջուրն այլեւս չի կարող իր հավերժական շարժումը շարունակել, բայց մի քանի ժամում այն ծակում է քարն ու շարունակում հոսել՝ ապրել:

Վարդան Սմբատյանը Վարդան Սմբատյանը

Լուսանկարը` Լիլիթ Հովհաննիսյանի

Պետք է սիրել եւ՛ կյանքը, եւ՛ մահը։ Պետք է հաշտ լինել երկուսի հետ էլ. բուդդիստներից սովորելու շատ բան կա: Գրականության դերը մարդուն մտածել սովորեցնելն է. հաճախ այն ստիպում է տեսնել մեզ այլոց աչքերով՝ հակառակ դիտանկյունից: Եվ վերջապես, կարդալով գրքեր՝ մենք կարդում ենք կյանքը եւ սկսում հասկանալ մեզ ու այլոց…

 

– Տպավորություն ունեմ, որ գրքի ձեր առաջին եւ վերջին գործերը փոխլրացնում են իրար՝ կազմելով մի յուրօրինակ շրջօղակ։ Ի՞նչ եք ասելու այսուհետ. սպասե՞նք մեծ կտավի գործի։

 

– Ճիշտ եք. գրողական, ավելի ճիշտ կլինի ասել՝ մարդաձկան շղթան փակվում է վերջին էսսեով: Առաջին եւ վերջին էսսեները կապված են իրար. երկուսն էլ ֆինալային եւ, որքան էլ տարօրինակ է հնչում, մեկնարկային գրական պարտիտուրներ են: Գիրքը չի ավարտվում եւ կարծես թե չի էլ սկսվում. սա գրողական փոքրիկ խորամանկություն է: Ձուկը, որ իմ հերոսների եւ ընթերցողների կրծքի տակ լողում է 120+ էջեր, բառերից ու մարդկային ոգուց թափ է առնում ու թռչում է…

 

Մեծ կտավի գործերի համար ժամանակ ու քաջություն է պետք: Ես դեռ մտածում եմ. գլխումս մի քանի վեպի գաղափարներ կան, կաշխատեմ չհիասթափեցնել իմ սիրելի ընթերցողին: Առիթից ուզում եմ օգտվել եւ շնորհակալություն հայտնել նրանց՝ էս անտանելի տարիներին ինձ աջակցելու, հուսադրելու եւ գրքի նախավաճառքին մասնակցելու համար: էս գիրքը մեր համատեղ թռիչքների արդյունքն է. շնորհակալ եմ, սիրելի ընթերցողներ:

 

– «Ձուկը լեռներում» ժողովածուն ամրագրո՞ւմ է ձեր վերջնական անցումը պոեզիայից արձակ։

 

– Վերջնական ոչինչ չկա իմ կյանքում: Հաճախ եմ ասում՝ իմ պոեզիան կին է, իսկ ինչպես գիտեք, կինը խանդոտ էակ է: Կփորձեմ ինձ դեռ արձակում՝ չհեռանալով բանաստեղծությունից:

 

Արմինե Սարգսյան 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *