Թբիլիսիում 15-ամյա տղային դանակահարել են ադրբեջաներեն խոսելու պատճառով | Հասարակություն

Written by

in

Թբիլիսիի Վաշլիջվարի թաղամասում 15-ամյա ադրբեջանցու են դանակահարել իր մայրենի լեզվով խոսելու պատճառով։ Մի տղամարդ դժգոհություն է հայտնել այն պատճառով, որ Ալի Մեհդիևը խոսել է ադրբեջաներեն։ Տղամարդը վիրավորել է նրան, ապա դանակով հարձակվել։

Տղայի մայրը դեպքից մանրամասներ է հայտնել․ «Հենց որ որդիս բացեց աչքերը, ասաց, որ ամեն ինչ այնպես չէր, ինչպես ներկայացվել էր։ Նրա խոսքով՝ ինքը զրուցում էր իր ընկերոջ հետ։ Նրանք խոսում էին և՛ վրացերեն, և՛ ադրբեջաներեն։ Սակայն մեր թաղամասում բնակվող 55-ամյա Գիորգի Ցաբուդաշվիլին սկսեց վիրավորել որդուս՝ այն բանի համար, որ նա խոսում էր ադրբեջաներեն։ Մենք անձամբ նրան չենք ճանաչում։ Որդիս ասաց, որ երբ պատասխանել է նրան, այդ մարդը նախ հարվածել է իրեն։ Ինքն էլ պատասխան հարված է հասցրել։ Դրանից հետո տղամարդը գնացել է, դանակ բերել և հարձակվել Ալիի վրա»։

Տուժածի մայրը նաև նշել է, որ իրենց թաղամասում ապրում են ադրբեջանցիներ, վրացիներ և հայեր։ Իրենք էլ պաշտոնապես Վրաստանի քաղաքացիներ են։

Կնոջ պնդմամբ՝ հարձակվողը նախկինում ևս հայտնի էր ադրբեջանցիների նկատմամբ իր ագրեսիվ վերաբերմունքով։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 15-ամյա տղան այժմ շարունակում է բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *