Օգոստոսի 26-ի առավոտյան աշխուժություն էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի բակում։ Ուսանողների մի մասը ավարտական համազգեստով էր, շրջանավարտի ավանդական գլխարկով։ Անպակաս էին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ բուհն ավարտելու առիթով։ Մասնաճյուղի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունն էր և հրաժեշտը հարազատ կրթօջախին։
2025-26 ուստարում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղին հրաժեշտ էր տալիս 76 շրջանավարտ՝ 36-ը՝ առկա, 40-ը՝ հեռակա ուսուցմամբ (նրանցից մեկը՝ Սերվինե Խաչատրյանը, գերազանցության դիպլոմով)։
Միջոցառմանը մասնակցում էին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, այլ պաշտոնատար անձինք, կրթօջախի նախկին շրջանավարտներ։ Այն էլ էր խորհրդանշական, որ արարողությունն անցկացվեց մասնաճյուղի բակում, և մինչև դիպլոմը ստանալը շրջանավարտն անցնում էր կարմիր գորգի վրայով։ Ողջերթի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Նունե Իսակյանը, ով մասնավորպես նշեց, որ Կապանի պոլիտեխնիկն իր գոյության ընթացքում տվել է մոտ 2300 շրջանավարտ, որոնց մեծ մասն աշխատում է լեռնահանքային արդյունաբերությունում։ Բանախոսը համոզմունք հայտնեց, որ այս սերնդի շրջանավարտները մասնաճյուղում ստացած գիտելիքներով կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը։
Բարեմաղթանքի խոսքեր հնչեցրին մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգային համագործակցության գծով տեղակալ Տիմեա Աղամյանը, մասնաճյուղի երկարամյա նախկին տնօրեն, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեյրան Բալասանյանը, մասնաճյուղի հիմնադիր դասախոսներից՝ մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ամբիոնի դոցենտ Անահիտ Այվազյանը։
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության մասնակիցներին երաժշտական ողջյուններ հղեցին «Նարե» վոկալ ստուդիայի երաժիշտները։
Վահրամ Օրբելյան
Leave a Reply