«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։
Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց Անդրանիկ Գևորգյանը:
Իրինա Յոլյանը ծնվել է 1983 թվականին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում:
Բարձրագույն կրթությունը ստացել է Գորիսի պետական համալսարանում՝ ստանալով մանկավարժի որակավորում և մասնագիտական՝ մագիստրոսի աստիճան:
Մասնագիտական ուղին սկսել է 2001 թվականին Գորիսի Լաստ հեռուստաընկերությունից՝ որպես լրագրող, ապա լրատվական բաժնի պատասխանատու:
Հետագայում թղթակցել է Արմենիա և Հանրային ՀԸ-ներին, hetq.am լրատվական կայքին, Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը:
Մինչև 2017 թվականը եղել է Ազատություն ռադիոկայանի Սյունիքի մարզային պատասխանատուն, 2009-ից եղել է «Վիննետ Գորիս» հիմնադրամի խորհրդի անդամ և ղեկավարել մի շարք զարգացման ծրագրեր:
2016-ից ակտիվորեն ներգրավված է համայնքային զարգաման և կանանց քաղաքական խթանման ծրագրերում:
2017-ին ստանձնել է Գորիսի համայնքապետարանի մամուլի քարտուղարի, ապա փոխքաղաքապետի պաշտոնները:
Մասնակցել է տարածաշրջանային բազմաթիվ հանձնաժողովների, մասնագիտական վերլուծություններ է իրականացրել համայնքների խոշորացման, ապակենտրոնացման քաղաքականության,աղետների ռիսկերի կառավարման և տեղական զարգացման պատասխանատուների ինստիտուտի կայացման ուղղությամբ:
Իր ելույթի ժամանակ Իրինա Յոլյանը հայտարարեց, որ հանձնաժողովի աշխատանքը պետք է միտված լինի արժեք ստեղծելուն:
Անդրադառնալով ոլորտային խնդիրներին՝ Յոլյանը հայտարարեց, որ առաջնային անհրաժեշտության օղակը պետք է լինի պղնձաձուլարանի կառուցումը, որի դեպքում երկրի ընդերքից ստացված խտանյութը կվերամշակվի Հայաստանում՝ առավել մեծ օգուտ բերելով երկրին:
Ըստ Իրինա Յոլյանի՝ երկրի կարևոր ուղղություններից պետք է լինի նաև կանաչ տնտեսության և արևային էներգետիկայի զարգացումը համայնքներում. «Հայաստանն ունի արևային էներգիայի հսկայական պոտենցիալ: Մենք պետք է խրախուսենք, որ մեր համայնքները, համայնքային ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, փողոցային լուսավորություն, ջրամատակարարում, անցնեն արևային և էներգախնայող համակարգերի: Սա ոչ միայն կնվազեցնի համայնքային բյուջեների ծախսերը, այլև կբարձրացնի մեր համայնքների էներգետիկ անկախությունն ու դիմակայունությունը»:
Leave a Reply