ՌԴ Պետդումայի նախագահ. «Ցանկալի է, որ ՀՀ-ն երկդիմի քաղաքականություն չվարի»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ցինիկ է եւ անարդար օգտագործել ԵԱՏՄ հնարավորությունները, եթե նպատակ կա անդամակցելու ԵՄ-ին, հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վոլոդինը, անդրադառնալով Եվրոմիությանը միանալու Հայաստանի մտադրություններին, նշել է, որ դա ինքնիշխան պետության իրավունքն է՝ ընտրել իր շարժման ուղղությունը:
Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ «ցանկալի է, որ Հայաստանը երկդիմի քաղաքականություն չվարի, որովհետեւ, եթե Հայաստանում ընդունում են Եվրոմիությանն անդամակցելու մտադրությունների մասին օրենք, ապա ինչո՞ւ են օգտագործում ԵԱՏՄ հնարավորությունները: Ինչո՞ւ են խաբում դրա մասնակիցներին: Դա ցինիկ է, դա ճիշտ չէ: Պարզ ասեք՝ գնում ենք ԵՄ: Գնացե՛ք: Այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ»:
Նա նշել է, որ հայկական արտադրանքի գրեթե 90%-ը գնում է Ռուսաստանը: «Մենք կարող ենք նույն գյուղատնտեսական արտադրանքը ձեռք բերել այլ երկրներում: Բոլորն էլ ցանկանում են իրենց մրգանբանջարեղենային արտադրանքը իրացնել մեր երկրում: Բայց Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ պետության համար, կան արտոնություններ: Այստեղ ազնվության, պարկեշտության հարց է»,- ավելացրել է նա:
Եթե Հայաստանը ցանկանում է գնալ Եվրոպա, նրան ոչ ոք չի խանգարում, ասել է Վոլոդինը: Նրա խոսքով՝ այնտեղ պատրաստվում էին գնալ շատերը, նույն Ուկրաինան: «Նրանք զոհաբերեցին ամեն ինչ հանուն նրա, որպեսզի Եվրոմիության գիծը իրականացվի մեր երկրի նկատմամբ: Մարդիկ են զոհվում: Բայց նույնիսկ Ուկրաինայի, ավելի ճիշտ՝ նրա ղեկավարության կողմից ԵՄ-ի հաճույքի համար մատուցված այս զոհաբերությունները սահմանները չբացեցին նրանց գյուղատնտեսական արտադրանքի առջեւ: Մեծ թվով մարդիկ են զոհվում եվրոպացի առաջնորդների եւ նրանց քաղաքականության համար: Բայց ընդ որում նրանց միեւնույն է չեն թույլատրում ապրանք վաճառել ԵՄ տարածքում: Եթե Հայաստանն այլ կերպ է մտածում, թե իրենց մոտ ամեն ինչ ստացվելու է, դարձյալ՝ դա իրենց ընտրությունն է»,- ավելացրել է Պետդումայի նախագահը:
Այստեղ, Վոլոդինի կարծիքով, կարելի է կրկնել Ռուսաստանի նախագահի խոսքերը. անցկացրե՛ք հանրաքվե, ընդունե՛ք որոշում, կողմնորոշվե՛ք եւ գնացե՛ք ձեր ճանապարհով:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts