Blog

  • «Սոսու պուրակ» արգելավայրի տնկարանը

    Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող «Սոսու պուրակ» արգելավայրի տարածքում 2007 թվականին հիմնադրվեց երկու հեկտար մակերեսով տնկարան՝ արևելյան սոսու, հունական ընկուզենու, կաղնու վերարտադրության ապահովման նպատակով։

    Նախատեսված ժամանակում իրականացվում է սերմերի հավաքում, այնուհետև ցանում։ Տնկարանի աշխատանքներն իրականացնում են երեք աշխատակից՝ Նորիկ Դանիելյան, Սարգիս Պետրոսյան, Գագիկ Բադալյան։

    Տնկարանում աճում է 17 ծառաթփատեսակ, որոշներն աճեցվում են սերմերով, ցանովի եղանակով, որոշները՝ արմատակալած կտրոններով։

    Տնկարանում աշխատանքների մեծ մասը կատարում են ձեռքով, տեխնիկայի միջամտությունը հասցված է նվազագույնի։

    Տնկարանում աճող տնկիները նվիրաբերվում են տարբեր կառույցների՝ ծառատնկման աշխատանքներ իրականացման նպատակով: Կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացվում է նաև տնկիների վաճառք։

    Նորիկ Դանիելյանը 54 տարի է, ինչ անտառային համակարգում է, որից 27-ը՝ Կապանի անտառտնտեսությունում՝ որպես անտառապետ։ Նրա համոզմամբ՝ «Սոսու պուրակ» պետական արգելավայրում աճող սոսիները  բնական ծագում ունեն։ Նրա փոխանցմամբ՝ սոսիների պուրակը սիրված վայր է զբոսաշրջիկների համար, բայց 2022 թվականից հետո խիստ նվազել է նրանց թիվը։

    «Սոսու պուրակ» պետական արգելավայրն արևելյան սոսու բնական ծագում ունեցող ամենախոշոր պուրակն է, որը 1958 թվականին ստացել է արգելավայրի կարգավիճակ, իսկ 2013 թվականին՝ ՀՀ կառավարության N 1465 Ն որոշմամբ, ներառվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում։ Արգելավայրի նպատակը բույսերի Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսի ծառատեսակի պահպանությունն ու վերարտադրման ապահովումն է։

    Արևելյան սոսին Հայաստանում հանդիպող հնագույն ծառատեսակներից է։ Ուժեղ արմատային համակարգի շնորհիվ կանխում է հողի էրոզիան, խիտ սաղարթը ձևավորում է մեղմ կլիմա, նպաստում է հիդրոլոգիական կարգավորմանը, ինչպես նաև հանդիսանում է կենսաբազմազանության պահպանման կարևորագույն օղակ։

     Վահրամ Օրբելյան

     

  • Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 17-ին մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտնում են նախարարությունից։

     

    Ներկա էին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։

     

    Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին և վետերաններին՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ կառույցի կայացման և զարգացման 35-ամյա ուղին ձևավորվել է բազմաթիվ մասնագետների նվիրված, պատասխանատու աշխատանքի, հարուստ փորձի և մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ։

     

     

    Արփինե Սարգսյանը նշել է, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Ներքին գործերի նախարարության համակարգի կարևորագույն կառույցներից է, որի գործունեությունն առանցքային նշանակություն ունի հանրության անվտանգության ապահովման, սեյսմիկ ռիսկերի գնահատման և կառավարման արդյունավետության բարձրացման գործում։

     

    Նախարարի խոսքով՝ ոլորտի հետագա զարգացումն այսօր պահանջում է շարունակական արդիականացում, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրում, մասնագիտական կարողությունների զարգացում, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու միջազգային գործընկերների հետ սերտ և համակարգված համագործակցություն։

     

    Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից են ծառայության շարունակական զարգացումն ու տեխնիկական վերազինումը՝ Փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումներին զուգահեռ։

     

    Նա կարևորել է նաև համայնքների սեյսմիկ ռիսկերի գնահատման և դրանց արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ ստացված արդյունքները պետք է դառնան տարածքային զարգացման և պլանավորման գործընթացների անբաժանելի մասը։

     

    Նախարարը բարձր է գնահատել ծառայության մասնագետների ամենօրյա, հաճախ հանրության համար անտեսանելի, սակայն չափազանց պատասխանատու աշխատանքը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության համակարգը ճանաչում և հեղինակություն է վայելում նաև միջազգային մասնագիտական շրջանակներում, ինչը ծառայության անձնակազմի թիմային, հետևողական և բարձր մասնագիտական աշխատանքի արդյունքն է։

     

    Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը շնորհավորել է ծառայության անձնակազմին և վետերաններին՝ ընդգծելով նրանց տարիների նվիրված ու հետևողական աշխատանքի կարևորությունը։ Նա շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ ծառայության զարգացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական աջակցության համար՝ նշելով, որ ձեռքբերումները նաև այդ հետևողական աջակցության արդյունքն են։

     

    Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության կայացմանն ու զարգացման գործում ունեցած ավանդի համար մի շարք ծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

  • Հարցը փակված է, մանդատը վերցնում եմ. Աղվան Վարդանյան

    «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է մանդատները վերցնել-չվերցնելու հարցին։

    «Խաղաղվեք. հարցը փակված է։

    Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

    Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

    Հիմա ասում եմ՝ : Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

    Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։
    Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

    Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։
    Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

    Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»։

    Վարդանյանն ավելի վաղ ասել էր, որ եթե ինքը մասնակցի ընտրություններին և լինի ընդդիմության մեջ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, ինքը մանդատից կհրաժարվի։

  • Պարոն Աղվանը իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանել, նույն բառապաշարն էր օգտագործում նաև Աննա Հակոբյանը․ Անի Կարապետյան

    Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    ԱԺ պատվավոր թոշակառու պարոն Աղվանը իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանել։

    Հիշեցնեմ՝ ժամանակին նույն բառապաշարն էր օգտագործում նաև Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների հասցեին։ Ամենայն հավանականությամբ, հենց այնտեղից էլ «կրթվել» է՝ յուրացնելով նույն քաղաքական խոսույթի մշակույթը։

    Ի դեպ, պարոն Աղվան, ակնհայտորեն չափազանց եք գերագնահատում ձեր կարևորությունը։ Բայց դե, դա, երևի, արդեն ծերունական առանձնահատկություն է։

    Իսկ դուք ընդամենը «Հայաստան դաշինքից»-ից «Ուժեղ Հայաստան» վազվզող, մեծամիտ թոշակառու քաղաքական գործիչ եք, որը փաստարկներով պատասխանելու փոխարեն իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանում ու ծերունական մարազմատիկ բաներ խոսում։ Ձեր խոսքը վաղուց արդեն քաղաքական միտք չի արտահայտում։

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է պետությանը․ դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունը

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

     

    Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

     

    Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:

     

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

     

    Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

     

    Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

     

    75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.

    42 տրանսպորտային միջոց.

    38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.

    105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հայաստանում փաստացի տեղի է ունենում մասնավոր սեփականության, առհասարակ՝ սեփականության իրավունքի հոգեհանգստի արարողությունը։ Կարծում եք՝ սարկա՞զմ է։ Ամենևին: Դա ցավալի իրականությունն է։ Մենք արդեն ապրում ենք մի պետության մեջ, որտեղ կարող են մեկ անձի քմահաճույքով մի գիշերում որոշել, որ այսինչ ընկերությունն արդեն պետությանը պետք է անցնի, մեկ ուրիշը՝ քաղաքապետարանին, պետք է խլել անշարժ ու շարժական գույքեր, բաժնեմասեր և այլն։

    Հարկավ, խոսքն այս պարագայում «Մուլտի գրուպի» սեփականատեր, ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իշխանական հարձակումների մասին է։ Բայց սա նաև առաջին դեպքը չէ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին նույն փաշինյանական իշխանությունը կենտրոնացած էր Սամվել Կարապետյանից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» խլելու գործողության վրա: «Ձեռքի հետ» էլ՝ «Տաշիր գրուպի» այլ միավորների վրա էին հարձակումներ գործում:

    Մանրամասների մեջ չխորանանք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով լուսաբանվել ու լուսաբանվում է, բոլորն էլ տեղյակ են: Ոչ պակաս խորքային ու կարևոր խնդիր կա այստեղ: Ու խնդիրն այդ, ինչպես սկզբում նշեցինք, Հայաստանում սեփականության իրավունքի վախճանն է: Առանց գեղարվեստականության ու չափազանցության՝ հենց վախճանը, ինչի մասին բարձրաձայնում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև իրավաբանները:

    Իսկ սեփականության իրավունքի վախճանը, սեփականության իրավունքի հուղարկավորությունը ծանրագույն հետևանքներ է ունենալու երկրի վրա, տնտեսության վրա: Բնականաբար, նույնքան կամ ավելի ծանր հետևանքներ է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա: Անգամ կարող է դեմոգրաֆիկ խնդիրների պատճառ դառնալ:

    Տեսեք, բոլոր այն մարդիկ, որոնց սեփականության իրավունքի նկատմամբ Փաշինյանի իշխանությունը «պետության անունից» ապօրինաբար ոտնձգություններ է կատարում, օրինակ՝ նույն Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի դեմ, նրանք իրենք իրենցով այնքան կան, որ էլի մնալու են Գագիկ Ծառուկյան ու Սամվել Կարապետյան:

    Բայց երկիրն է ափսոս, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում», ավելի կոնկրետ՝ երկրի տնտեսության ու գործարարական միջավայրի:

    Միով բանիվ՝ այս իշխանություններն, ինչպես բոլոր մյուս ոլորտներում, գործունեության ասպարեզներում և ուղղություններում են «բուլդոզերային քաղաքականություն» վարել 8 տարի, նույնը շարունակում են հիմա: Պարզապես արդեն շատ ավելի ինտենսիվ, ավելի ցինիկ ու բացահայտ, արդեն առանց ձևականությունների, առանց «սրտիկ-մրտիկ» ցուցադրելու:

    Իսկ ի՞նչ է կատարվելու ու կատարվում այդ ամենի, այդ «բռնագանձումային» դրսևորումների հետևանքով:

    Նախ՝ հիմքից խախտվում է Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված սեփականության երաշխավորումն ու սեփականության իրավունքը (հոդված 10):

    Հիմնովին խաթարվում է երկրի տնտեսական, ներդրումային միջավայրը: Նման երկրում ո՛չ արտաքին, ո՛չ էլ, առավել ևս, ներքին ներդրողներն այլևս չեն ցանկանա ներդրումներ անել, եթե մեկ անձի քմահաճույքով մի օր կարող են որոշել, որ քո ունեցածն այլևս… քոնը չէ: Իմաստ ունի՞ ներդրումներ անել մի երկրում, որտեղ եթե մեկը գիշերը քնած տեղը մի քիչ բարձր խռմփացնի, առավոտյան կարող են գալ ու ասել՝ այլևս այս ներքնակը քոնը չէ, մահճակալը քոնը չէ, տունն էլ քոնը չէ, դու էլ ընդհանրապես կալանավորված ես: Ինչո՞ւ: Դե, որովհետև ինչ-որ բան դուր չի եկել մեկ անձի: Եվ վերջ:

    Իշխանության, կառավարության կողմից նման «ռեյդերական զավթումների» հետևանքով ոչ միայն էապես խաթարվելու է ներդրումային միջավայրը, ոչ միայն Հայաստանն այդ առումով այլևս անհուսալի երկրի համբավ է ստանալու, այլև առհասարակ զրոյանալու է ընդհանուր հանրային վստահությունը: Չէ՛, իշխանության հանդեպ չէ (այդ վստահությունը վաղուց է մեծամասամբ կորսված, արևմուտքով-բանով, վարչական ռեսուրսով, մի խոսքով՝ ամեն ինչով հանդերձ՝ ընտրություններում նույնիսկ պաշտոնապես հայտարարված 49 տոկոսը՝ վկա): Զրոյանալու է վստահությունը երկրի հանդեպ, իրավունքի հանդեպ:

    Նույնիսկ մի տեսակ վախենալու է պատկերացնել, որ նման գործընթացները կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ կարող են ոստիկանական համազգեստավորները գալ ու ասել՝ «ոնց որ քո հեռուստացույցը ապօրինի է, առգրավում ենք»: Որևէ քպական պաշտոնյա կարող է շրջել քաղաքում, նրան ինչ-որ շինություն դուր գա, հաջորդ պահին կգան ու կասեն՝ «բռնագանձում ենք, քոնը չի, մերն է»:

    Նման երևույթներ, որպես կանոն, եղել են հեղափոխություններից, հասարակարգերի փոփոխություններից հետո: Գիտական առումով այդ երևույթը բնորոշում են նաև որպես «սեփականության վերաբաշխում»:

    Բայց այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում, ավելին է, քան կարծեցյալ «վերաբաշխումը»:

    Տեսեք. Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավի սլաքն ուղղված է մեր ազգային ինքնության դեմ: Քաղաքական հալածանքները նպատակ ունեն ճնշել այլախոհությունն ու այլակարծությունը և երկիրը վերածել բռնապետության, մի մեծ «բանտի»: Ընտրությունների ժամանակ խախտումներն ու մանիպուլ յացիաները, «ձայնագողությունը», ըստ փորձագետների, ուղղված են երկրի սահմանադրական կարգի դեմ: Նման պայմաններում անխուսափելիորեն լինելու էր հարված նաև ազգային կապիտալին: Ու այդ հարվածը տեղի է ունենում: Արդեն մոտ մեկ տարի՝ ընդգծված:

    Բա՛յց: Նման, կներեք, «ծովահենական մեթոդներով» երբեք արդարություն չի կարող հաստատվել: Անօրինականությամբ օրինականություն չի հաստատվում: Հակառակը՝ խորանում է իրավական ճգնաժամը: Ու ոչ միայն իրավական…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում | Հասարակություն

    Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ազատ Թ.-ն իր վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում մարմինը ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

    Փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են մարմինը մոտեցնել դիատարին։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
     

  • 12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները

    2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել է 12,720 տեղ, որից 2,133-ը՝ անվճար, 10,587-ը՝ վճարովի։ Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

     

    «Բուհ է ընդունվել  9 620 մարդ, որից անվճար հիմունքներով, ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը, 1 875 հոգի, վճարովի տեղերը զբաղեցրել է 7 799 դիմորդ։ Այս մասին հուլիսի 17-ին տեղի ունեցած հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը:

     

    Ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին՝ ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում: Իր ընդունված կամ չընդունված լինելու մասին դիմորդը կարող է տեղեկանալ նաև մուտք գործելով dimord.am-ի իր էջ: Մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն  մի քանի օրից կկազմակերպի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերի համար»,-նշել է նա:

     

  • Ուկրաինան հայտարարել է Էնգելսի ավիաբազայում ռուսական Տու-95 ռմբակոծիչի ոչնչացման մասին

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի անվտանգության ծառայությունը ոչնչացրել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ՝ Սարատովի մարզի Էնգելսի ավիաբազայում։

    Զելենսկու խոսքով՝ ինքնաթիռը օգտագործվել է Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածներ իրականացնելու համար, իսկ հարվածը հասցվել է Ուկրաինայի սահմանից մոտ 800 կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտին։

    Տու-95ՄՍ-ը Ռուսաստանի հիմնական հեռահար հրթիռակիր ռմբակոծիչներից է, որը կարող է կրել ռազմավարական թևավոր հրթիռներ և կիրառվել հեռահար հարվածների համար։

  • Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթ նախատեսվում են քննարկումներ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Քաղաքական շրջանակներում սպասվում է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում կհստակեցվի՝ կշարունակե՞ն արդյոք գործել Արցախի պետական ինստիտուտները, թե՞ կընտրվի այլ ճանապարհ։

    Արցախի նախագահի ընտրության հարցը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, քննարկվել է դեռևս մինչև Հայաստանի համապետական ընտրությունները։ Քննարկումների մասնակիցների միջև, ինչպես նշվում է, ձևավորվել էր ընդհանուր մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտը և կազմակերպել նախագահի ընտրություն։ Միաժամանակ մտահոգություն է եղել, որ պետական ինստիտուտների գործունեության դադարեցման վտանգը շարունակում է իրական մնալ։ 

    Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։

    Նրա խոսքով՝ վերջին երեք ամիսների ընթացքում ինքը հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի և դաշինքների ներկայացուցիչների հետ։ Իսրայելյանը նշում է, որ գործընթացները որոշակիորեն հետաձգվել են Հայաստանի ընտրությունների պատճառով, սակայն ընտրություններից հետո, իր գնահատմամբ, պատգամավորների և խմբակցությունների շրջանում նկատվում է զգալի պասիվություն։

    «Արցախի պաշտոնյաների սպասելիքները այս ընտրություններից չարդարացան, և դա որոշակի ազդեցություն ունեցավ քաղաքական տրամադրությունների վրա։ Շատերի մոտ ձևավորվել է վախի մթնոլորտ։ Կան մտավախություններ, որ հնարավոր են քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ և նույնիսկ ձերբակալություններ»,- նշել է Իսրայելյանը։

    Նրա խոսքով՝ ինքը ևս նման մտահոգություններ է նկատել Արցախի պաշտոնյաների շրջանում, սակայն իր բոլոր հանդիպումների ընթացքում կոչ է արել պատրաստ լինել ցանկացած սցենարի։

    «Ես ասել եմ, որ պետք է վճռական լինել և պահպանել Արցախի պետական ինստիտուտները, որովհետև դրանք միայն կառույցներ չեն։ Դրանք արցախցիների հավաքական իրավունքների, վերադարձի իրավունքի և Արցախի հիմնախնդրի քաղաքական ու իրավական շարունակականության կարևոր հենասյուներն են»,- ընդգծել է նա։

    Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի ընտրությանը՝ Անաստաս Իսրայելյանը նշել է, որ այս պահին նախագահի թեկնածու դեռևս չկա։ Նրա գնահատմամբ՝ պատճառները տարբեր են։

    «Մի կողմը, իմ գնահատմամբ, շահագրգռված չէ կամ պատրաստ չէ ստանձնել այդ պատասխանատվությունը, իսկ մյուս կողմի համար առաջնայինը հենց ինստիտուտների պահպանումն է։ Այդ թեմայով քննարկումներ եղել են, և դրանք շարունակվում են»,- ասել է նա։

    Իսրայելյանը հայտարարել է, որ պատրաստվում է հետևողական լինել Արցախի պետական կառույցների պահպանման հարցում և կոշտ արձագանքել ցանկացած քայլի, որը, իր կարծիքով, կհանգեցնի դրանց լուծարմանը։

    «Եթե որևէ փորձ արվի փակել Արցախի պետական կառույցները, ես լինելու եմ այդ քայլերի ամենակոշտ քննադատներից և հրապարակային արձագանքելու եմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նա։

    Հասարակական-քաղաքական գործիչը նաև քննադատել է վերջին երեք տարիների ընթացքում տարվող քաղաքականությունը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, այդ ընթացքում չի ձևավորվել բավարար հստակ դիրքորոշում Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցում։

    «Այսօր ևս հետքայլ անելը կամ հապաղելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Ցանկացած գնով պետք է պահպանել Արցախի պետական ինստիտուտները։ Նրանք, ովքեր կհրաժարվեն այդ պատասխանատվությունից, ապագայում պատասխան են տալու պատմության և գալիք սերունդների առաջ»,- ասել է Անաստաս Իսրայելյանը։

    Առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, թե երբ կկայանան Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունները, սակայն քաղաքական շրջանակներում ակնկալում են, որ առաջիկա օրերին այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կարող են ընդունվել»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: