Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց: Որպես հիմնավորում՝ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նախատեսված էր քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Միջնորդություն ներկայացրել էր դատախազությունը, սակայն Սեդրակ Քոչարյանի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցի քննության վերաբերյալ դատական նիստը չկայացավ։
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նրանք ձերբակալվել են օգոստոսի 25-ին։
ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Նա կներկայացվի նախաքննական մարմին։
Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում նվաստացնում իր կողակցին: Ավելի ուշ միջամտել էր նաև մեկ այլ ուղևոր, և լեզվակռիվ էր սկսվել: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն արձագանքել էր՝ նշելով, որ տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով:
COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ Բարձրաստիճան հյուրը շրջել է թանգարանում և ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։
Այցի ավարտին Ազուզ Նասրին գրառում է կատարել տպավորությունների գրքում՝ նշելով. «Ինձ ուղեկցող պատվիրակության հետ պատիվ ունեցա այցելելու Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան…»։ Ազուզ Նասրին Հայաստան է ժամանել որպես Ալժիրի Հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թեբբունի ներկայացուցիչ։
2019 թվականի փետրվարին Ադրբեջանի դեսպանատան կողմից Թեհրանում կազմակերպվէլ էր լուսանկարչական ցուցահանդես։ Այն իբր նվիրված էր «Խոջալուի ցեղասպանություն» հորինվածքին։ Ինչո՞ւ հորինվածք։ Ցուցահանդեսին Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկարը ցուցադրվել էր որպես Խոջալուի հորինված ցեղասպանության վկայություն։ Այո՛, ճի՛շտ լսեցիք։ Լուսանկարի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն իրականում պատկերում է Հայոց ցեղասպանության տարիներին հայերի բռնի տեղահանությունը դեպի Սիրիայի Հալեպ քաղաք։ Ավելին՝ լուսանկարի բնօրինակը պահպանվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հավաքածուում։ Ըստ էության՝ մտացածին «ցեղասպանության» այսպես կոչված ապացույցների սակավության պատճառով ադրբեջանական կողմը ստիպված է եղել դիմել նման նենգ քայլի՝ նպատակ հետապնդելով մոլորեցնել միջազգային հանրությանը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համար սեպտեմբերի 25-ը կարելի է համարել «սև ուրբաթ»։
Այդ օրը Կենտրոն վարչական շրջանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական «տոռնադո» են իրականացրել, ինչի հետևանքով մի քանի ժամվա ընթացքում թալանվել են տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 07։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա Լևոն Հ.-ն և հայտնել, որ Սարյան փողոցի իրենց շենքի բակից գիշերը գողացել են իրեն պատկանող՝ կայանված «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և փորձել են գողանալ նույն բակի բնակիչ 23-ամյա Նազար Խ.-ին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Նույնն օրը ժամը 08:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Արամի փողոցի բնակիչ 45-ամյա Վահե Մ.-ն և հայտնել, որ գիշերը գողացել են իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։Արդեն ժամը 10:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 50-ամյա Արմեն Հ.-ն և հայտնել, որ Կողբացի փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները, և իր հարևաններին պատկանող «Kia», «Hyundai», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները։Ժամը 11:20-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 50-ամյա Նարինե Մ.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում գիշերը գողացել են Պապ թագավոր փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «BYD» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Ժամը 11:40-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կողբացի փողոցի բնակիչ 40-ամյա Միքայել Ն.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակից գիշերը գողացել են իրեն պատկանող՝ կայանված «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։Նույն օրը ժամը 12:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 34-ամյա Արեգ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գիշերը գողացել են Կողբացի փողոցում կայանված՝ իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Զաքյան փողոցի բնակիչ 36-ամյա Դավիթ Մ.-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք նշված շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։Ժամը 11:10-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 68-ամյա Ռուբեն Վ.-ն և հայտնել, որ գիշերը գողացել են Պուշկինի 3 հասցեի բակում կայանված՝ իրեն պատկանող «Geely» մակնիշի ավտոմեքենայի զույգ հայելիների ապակիները։Նույն օրը ժամը 12:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 35-ամյա Սարգիս Ս.-ն և հայտնել, որ Նալբանդյան 50 հասցեի բակում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային զույգ հայելիների ապակիները։
Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 44-ամյա Անդրանիկ Ի.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Պապ թագավոր փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի զույգ հայելիների ապակիները։
Ժամը 14:30-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 44-ամյա Ալեքսանդր Ա.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Պուշկինի 3 շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային զույգ հայելիների ապակիները։Ժամը 18:50-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Միլենա Ս․-ն և հայտնել, որ գիշերը Սայաթ-Նովա պողոտայի իրենց շենքի բակից գողացել են կայանված՝ իրեն պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։
Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով և փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թալանված բոլոր ավտոմեքենաների վրա գողը կամ գողերը թողել են տելեգրամյան ալիքի հղում, որպեսզի ավտոմեքենաների սեփականատերերն իրենց հետ կապ հաստատեն ու գնան գործարքի՝ մի տեղ թողնելով գումարը, իրենք էլ վերադարձնեն գողոնը։
Ռուսաստանում և Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր առմամբ վառելիքի ներկայիս իրավիճակը չի ազդում միության շրջանակներում նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկա ստեղծելու կանոնների վերաբերյալ քննարկումների վրա: ԵԱՏՄ երկրների միջև երկխոսությունը շարունակվում է, լրագրողներին ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նավթի և նավթամթերքի միասնական շուկայի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Կան դիրքորոշումներ, բայց այդ դիրքորոշումները չեն արտացոլվում ներկայիս իրավիճակում, և ներկայիս իրավիճակը չի արտացոլվում այդ դիրքորոշումներում», – ասել է նա։
Անցյալ շաբաթվա վերջին փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում քննարկվում է ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի Դաշնություն վառելիքի մատակարարման հարցը»։
Հեղինակավոր France Football ամսագիրը, որն ամեն տարի ընտրում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին և անցկացնում «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, հրապարակել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցանկը, հաղորդում է ArmSport.am-ը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է ուղիղ հասանելիություն ստանալ Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին (ՍԷԿՏ)։ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է թույլատրել Հանձնաժողովին օգտվել համակարգի տվյալներից՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերը ստուգելու, հնարավոր խախտումները բացահայտելու և բարեվարքությունն ուսումնասիրելու նպատակով։
Ներկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար հաճախ ստիպված է լինում գրավոր հարցումներ ուղարկել պետական մարմիններին, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Ըստ նախագծի՝ այս գործընթացը լրացուցիչ վարչական աշխատանք է պահանջում և կարող է դժվարացնել օրենքով սահմանված սեղմ ժամկետներում վարույթների իրականացումը։
ՍԷԿՏ համակարգի տվյալները Հանձնաժողովին անհրաժեշտ են, մասնավորապես, հայտարարագրերում նշված կամ չնշված ճանապարհորդությունների և անձի՝ Հայաստանից բացակայելու հանգամանքները պարզելու համար։ Օրինակ՝ եթե հայտարարագրի ստուգման ընթացքում անհրաժեշտ է պարզել՝ արդյոք պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը տվյալ ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի տարածքում, սահմանային տվյալները կարող են օգնել ստուգել այդ հանգամանքը։
Համակարգի տվյալները կարևոր են նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք որևէ անձ պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ։
«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ընտանիքի անդամ է համարվում նաև պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող չափահաս անձը, եթե նա պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում առնվազն 183 օր բնակվել է նրա հետ։ Այս հանգամանքը պարզելը կարող է բարդանալ, եթե տվյալ անձը պնդում է, որ երկար ժամանակ բնակվել է Հայաստանից դուրս և փաստացի չի ապրել պաշտոնատար անձի հետ։
Ըստ հիմնավորումների՝ նման դեպքերում սահմանային տվյալներին ուղիղ հասանելիությունը թույլ կտա ավելի արագ պարզել անձի՝ երկրում գտնվելու հանգամանքները և գնահատել հայտարարագիր ներկայացնելու պարտականության առկայությունը։
Նույն տվյալները կարող են անհրաժեշտ լինել նաև պաշտոնատար անձանց բարեվարքության ուսումնասիրությունների ընթացքում։ Այդ ուսումնասիրությունները ներառում են նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների, այդ թվում՝ նրանց հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագրերի ուսումնասիրությունը։
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։
Նախագծի ընդունմամբ պետական և համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Ակնկալվում է, որ նոր կարգավորումը թույլ կտա Հանձնաժողովին ավելի արագ և արդյունավետ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները։