Blog

  • Հեռավար աշխատանքից հեռու՛ մնացեք – Mediamax.am

    Մայքլ Սթրեյնը American Enterprise Institute-ի տնտեսական քաղաքականության գծով տնօրենն է:

     

    Մի խորհուրդ ունեմ վերջին ամիսներին բակալավրի դիպլոմ ստացած եւ կարիերան դեռ նոր սկսող երիտասարդներին. գնացե՛ք աշխատանքի, ընդ որում՝ բառիս բուն իմաստով։ Եթե ձեզ առաջարկվող աշխատանքը հիբրիդային գրաֆիկ է ենթադրում, մի՛ օգտվեք այդ հնարավորությունից։ Եղե՛ք աշխատավայրում շաբաթական հինգ (իսկ ավելի լավ է՝ վեց) օր։ Իսկ եթե աշխատանքն ամբողջությամբ հեռավար է, սկսե՛ք նորը փնտրել։

     

    Նույն խորհուրդը տալիս էի նաեւ 2021 թվականին, երբ միլիոնավոր «սպիտակ օձիքավորներ» որոշեցին, թե հեռավար աշխատանքը միակ լավ բանն է, որ արժե պահպանել COVID-19-ի լոքդաուններից հետո։ Այն ժամանակ մենք քիչ տվյալներ ունեինք այն մասին, թե ինչպես է հեռավար աշխատանքն ազդում աշխատաշուկայի վրա։ Այժմ այդ տվյալները հասանելի են։

     

    Նոր հետազոտության մեջ տնտեսագետներ Նատալյա Էմանուելը, Էմմա Հարինգթոնը եւ Ամանդա Փալեն հաշվարկել են, որ 2025 թվականին բուհերի մինչեւ 29 տարեկան շրջանավարտների շրջանում գործազրկության մակարդակը 1,3 տոկոսային կետով ավելի բարձր էր, քան 2019-ին (այսինքն՝ նախքան համավարակը եւ հեռավար աշխատողների թվի քառապատիկ աճը)։ Ավելի տարեց շրջանավարտների շրջանում աճը կազմել է ընդամենը 0,4 տոկոսային կետ։

     

    Այս տարբերությունը բացատրելու համար հեղինակները համեմատել են գործազրկության մակարդակն այն աշխատողների շրջանում, որոնց աշխատանքը հեշտ է կատարել հեռավար տարբերակով (օրինակ՝ ծրագրավորողներ), եւ նրանց, ում աշխատանքը հեռավար կատարելը դժվար է (օրինակ՝ ինժեներ-մեխանիկներ)։ 

     

    Պարզվել է, որ հենց հեռավար աշխատանքն է բացատրում մինչեւ 29 տարեկան շրջանավարտների եւ ավելի փորձառու մասնագետների գործազրկության մակարդակի միջեւ եղած ճեղքվածքի գրեթե երկու երրորդը։ Ընդ որում, արդյունքները պահպանվում են նույնիսկ այն ճշգրտմամբ, թե այս կամ այն մասնագիտությունն որքանով է ենթակա ավտոմատացման՝ գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։

     

    Այս եզրակացությունները համահունչ են մեկ այլ հետազոտության արդյունքներին։ Տնտեսագետներ Փիթեր Ջոն Լամբերտը եւ Յանիկ Շինդլերը ուսումնասիրել են չորս անգլախոս երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, եւ պարզել, որ համավարակից հետո հեռավար աշխատանքի աճը թե՛ հավաքագրումը, թե՛ թափուր տեղերը շեղել է դեպի ավելի փորձառու աշխատակիցները՝ ի վնաս նրանց, ովքեր միայն երկու տարվա փորձ ունեն։ Ավելին, նրանք ցույց են տվել, որ ԱԲ գործիքների հայտնվելն ու տարածումը ոչ մի կերպ չեն ազդել կրտսեր մասնագետների նկատմամբ պահանջարկի այս անկման վրա։

    Լուսանկարը` REUTERS

    Հուսով եմ՝ այս տվյալները կմոտիվացնեն բարձրագույն կրթությամբ երիտասարդ մասնագետներին։ Ֆիզիկապես աշխատանքի գնալը նրանց շահերից է բխում։ Գործատուներն ավելի ու ավելի հաճախ են հրաժարվում փորձ չունեցող աշխատակիցներին հեռավար հաստիքների ընդունել, քանի որ նման ձեւաչափերը ավելի մեծ վերահսկողություն եւ ջանքեր են պահանջում, որպեսզի մարդը յուրացնի նոր գիտելիքներն ու հմտությունները։ Այս խնդիրները լուծելը շատ ավելի բարդ է (եւ թանկ), երբ նոր աշխատակիցը նստած է տանը՝ բազմոցին, եւ գործընկերների հետ շփվում է Zoom-ի միջոցով։

     

    Գրասենյակում աշխատելու դեպքում, ընդհակառակը, երեկվա շրջանավարտներն ավելի արագ են զարգացնում էմոցիոնալ ինտելեկտը, որը կրիտիկական նշանակություն ունի բազմաթիվ մասնագիտություններում հաջողության հասնելու համար։ Մարմնի լեզուն, դեմքի արտահայտությունն ու հնչերանգները կարդալը հմտություններ են, որոնք հնարավոր չէ յուրացնել Zoom-ով։ Թիմային ոգին ու համախմբվածությունն ամենալավը ձեւավորվում են մշտական անձնական փոխգործակցության միջոցով։ Իսկ սկսնակ մասնագետների համար, ովքեր նոր են կառուցում իրենց պրոֆեսիոնալ կապերն ու աճի նոր հնարավորություններ փնտրում, սուրճի մեքենայի մոտ կամ կայանատեղիում պատահական զրույցները երբեմն կարող են անգնահատելի լինել։

     

    Այդուհանդերձ, շատերը կարիերայի սկզբում զրկում են իրենց այս առավելություններից։ Ոմանք՝ անձնական կյանքի համար ավելի շատ ժամանակ ազատելու նպատակով, ոմանք էլ՝ գործատուի համար սեփական արժեքի մասին չափազանցված պատկերացումների պատճառով։ Սակայն խնդիրը հաճախ շատ ավելի պարզ է. գործատուները հիբրիդային գրաֆիկն առաջարկում են որպես բոնուս եւ երիտասարդ աշխատակիցները համաձայնում են։ Պետք չէ տրվել այդ գայթակղությանը։ Այն, որ հեռավար աշխատանքը հասանելի է, դեռ չի նշանակում, որ դրանից պետք է օգտվել։

     

    Ավելի մեծ փորձ ունեցող աշխատակիցների պարագայում ճիշտ որոշումը, հավանաբար, 2019 թվականի ձեւաչափին ամբողջական վերադարձը չէ։ Իմ կարծիքով, նման աշխատակիցների համար հիբրիդային գրաֆիկի կորուստները մեծապես փոխհատուցվում են արդեն իսկ ձեւավորված աշխատանքային հարաբերություններով, որոնք կառուցվել են կոլեկտիվում տարիների անձնական շփման շնորհիվ։

     

    Ավելի փորձառու աշխատակիցները հաճախ իրական անձնական պարտավորություններ ունեն՝ խնամք երեխաների կամ տարեց ծնողների հանդեպ եւ ստիպված են համատեղել այն աշխատանքի հետ։ Հենց այդ պատճառով էլ նրանք բարձր են գնահատում հեռավար աշխատանքը:

     

    Գործատուների տեսանկյունից՝ հիբրիդային ձեւաչափն ավելի քիչ է վնասում արտադրողականությանը, քան լիովին հեռավարը, իսկ որոշ դեպքերում կարող է նույնիսկ բարձրացնել այն։ Հեռավար աշխատանքը զգալիորեն օգնել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց. նրանց զբաղվածության մակարդակն այսօր շատ ավելի բարձր է, քան նախքան համավարակը։ 

    Լուսանկարը` REUTERS

    Հաշվի առնելով բոլոր ռիսկերն ու թերությունները՝ ուղերձս երիտասարդ աշխատողներին շատ պարզ է. ֆիզիկապես տեղում եղե՛ք։ Աշխատե՛ք ջանասիրաբար։ Թակե՛ք դռները։ Գրասենյակ եկե՛ք ղեկավարից շուտ եւ մի՛ հեռացեք, քանի դեռ նա չի գնացել։

     

    Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

     

    Copyright: Project Syndicate, 2026.

    www.project-syndicate.org 

  • Մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը օգոստոսի 8-ի առթիվ.

    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, մեկ տարի առաջ այս օրը` 2025 թվականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։

    «Հիմա արդեն օգոստոսի 8-ի հանդիպումն անվանում ենք Խաղաղության գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ և Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որ որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահը, Խաղաղության հռչակագիր։

    Այս անվանումները լիարժեք արտահայտում են այն արդյունքը, որ բերեց 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը տեսանելի և զգալի է բոլորին։

    2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլև տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։

    2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը։

    Բայց ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել-չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից։

    Հենց սրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի մեծագույն քաղաքական և սոցիալ-հոգեբանական արդյունքը․ մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում։ Սա չի նշանակում, թե ճանապարհը կատարյալ է և առանց վտանգների, սա նշանակում է, որ մեր որոշումներն են մեր հետագա ճակատագիրը կանխորոշող առաջնային գործոնը, ու սա պատմական շրջադարձ է։

    Նախորդող շրջանը և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները գալիս են համոզելու՝ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք՝ որպես պետություն և ժողովուրդ, տե՛ր կանգնել մեր ճակատագրին, և սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ։

    Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլև օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։

    Առաջիկայում մենք կսկսենք TRIPP նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։

    Սիրելի՛  ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛  քաղաքացիներ, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, և այն ահա ձեր աչքի առջև է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որևէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաև մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է ,և դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն։

    Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, և այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթևեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից  հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։

    Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք և հետապնդենք, և պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ։

    Ես նախագահ Թրամփին շնորհակալություն եմ հայտնում այս խաղաղության հաստատման

    գործում իր ներդրած անուրանալի ջանքի համար։

    Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում և ոչ թե բորբոքում է մեզ։

    Եւ թող խաղաղությամբ ննջեն հակամարտության բոլոր զոհերը։ Այլևս երբեք։

    Կեցցե՛ խաղաղությունը»,-նշել է նա։

  • Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը

    Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:

    Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

    Այնուհետև, Ա․Ա․-ն օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։

    Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։

    2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։

    Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

    Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։

  • Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ Զաքարյան

    Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել՝ ըստ որի, երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։ Փաստաթուղթը ստորագրվել է Մեքքայի եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով և ստացել է «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիր» անվանումը։

    Դրա հիմնական նպատակն է զսպման և հավաքական կարողությունների ամրապնդումը, հնարավոր ագրեսիային հակազդելը։ Խոսքը անվտանգության և պաշտպանության ոլորտներում երեք երկրների «բոլոր ուղղություններով» համագործակցության մասին է։ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր բանակը։ Սաուդյան Արաբիան՝ Պարսից ծոցի ամենահարուստ պետությունն է, իսլամի սուրբ վայրերի հայրենիքը և նավթի խոշոր արտահանողներից մեկը: Իսկ Պակիստանը միջուկային զենք ունեցող միակ մահմեդական երկիրն է։

     

    Մերձավորարևելյան վերջին ռազմա-քաղաքական իրադարձություններից հետո, կարծում եմ, այս երեք երկրներին, հատկապես մտահոգել է ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի՝ ավելի ու ավելի ագրեսիվ ու հետևողական քաղաքականությունը:

     

    Երեք երկրներից յուրաքանչյուրը, հաշվի առնելով սեփական ամբիցիոզ շահերը, իրենց նկատմամբ աճող ռեգիոնալ հակազդեցությունը, մուսուլմանական ընդհանրությունն ու աշխարհակարգի փոփոխության վեկտորները՝ հանգել են համատեղ պաշտպանության անհրաժեշտությանը: Բացի այդ, նրանք հասկացան, որ միայն ԱՄՆ դաշնակից լինելը բավարար չէ՝ լիարժեք անվտանգության ապահովման համար:

     

    Դաշինքի ստեղծման շուրջ բանակցությունները, որը կարելի է անվանանել նաև «իսլամական ՆԱՏՕ»՝ ընթանում էին անցյալ տարվա վերջից։ Համաձայնագրի ձևակերպումները գրեթե ՆԱՏՕ-ական են, սակայն դրա իրականացման մեխանիզմն անհասկանալի է։ Հայտնի չէ, թե դաշնակիցները կոնկրետ ի՞նչ ռազմական օգնություն են պարտավոր տրամադրել, ո՞վ է գնագատելու միմյանց դեմ սպառնալիքի աստիճանը, և ո՞վ է որոշելու համատեղ գործողությունների կիրառման անհրաժեշտությունը։

     

    Հատկանշական է նաև այն, որ Անկարայի համար այս նոր պայմանագիրը չի չեղարկում որպես ՆԱՏՕ-ի անդամ ստանձնած պարտավորությունները: Ավելին՝ Թուրքիան հայտարարում է, որ պայմանագիրը բաց է տարածաշրջանի երկրների համար։ Այսինքն՝ «իսլամական ՆԱՏՕ»-ն մերձավորարևելյան տարածաշրջանում ընդլայնվելու ցանկություն և պոտենցուալ ունի: Զարմանալի չի լինի, եթե հաջորդն այնտեղ տեսնենք Ադրբեջանին, իսկ հեռագայում նաև Միջին Ասիայի երկրներին:

     

    Թե գլոբալ դերակատարներից ո՞ւմ աշխարհաքաղաքական նախաձեռնությունն է այս դաշինքը, որո՞նք են դրանց հեռու գնացող նպատակները, ու՞մ դեմ են պատրաստվում նրանք սպառազինվել, և ինչպիսի՞ ռեգիոնալ շահեր ունեն մասնակիցներից յուրաքանչյուրը՝ առայժմ դժվար է ասել, և խորը վերլուծությունների կարիք ունի:

    Բայց, որ այդ ստորագրված դաշինքը, ևս մեկ շրջադարձային պահ է Մերձավոր Արևելքի համար, կարծում եմ անվիճելի է:

  • Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է TRIPP երթուղու նախագծի իրականացումը

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

    Նշվում է, որ կողմերը քննարկել են TRIPP երթուղու նախագծի իրականացումը։

    24news.am

  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել

    Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է 2023 թվականին Երևանում Սողոմոն Վլասյանի սպանության պատվիրատուի բացահայտման մասին։ Ըստ ՔԿ-ի՝ սպանությունը կազմակերպել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը՝ իր անվտանգության աշխատակից Գ․Հ․-ի միջոցով։ Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, իսկ օգոստոսի 8-ին նա ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն այժմ հրապարակել է Արգամ Աբրահամյանի ձերբակալության կադրերը։

  • Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

    «Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

    Այնուհետև Ա․Ա․-ն, օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինչպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։

    Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։

    2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։

    Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

    Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Մտել եք Արգամ Աբրահամյանի տուն, շոու սարքել, չե՞ք հոգնել այս ամենից․ Անի Կարապետյան

    Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

    Մամուլից տեղեկացա, որ ձերբակալվել է Արգամ Աբրահամյանը։

    Արգամ Աբրահամյանի հետ երբեք մտերիմ հարաբերություններ չեմ ունեցել, ավելին՝ մենք միշտ հակադիր քաղաքական հայացքներ ենք ունեցել։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ Արգամ Աբրահամյանը եղել է սիրված քաղաքապետ՝ զուսպ, հավասարակշռված, դաստիարակված ու համեստ վարքագծով մարդ, ով միշտ առանձնացել է իր պահվածքով։

    Մտել եք Արգամ Աբրահամյանի տուն, շոու սարքել, պառկեցրել գետնին։ Դուք չե՞ք հոգնել էս շոուներից։ Մարդը հանգիստ կանգնած էր, չէր փախչում ու փախչող էլ չէր։

    Այ կյանքով նվաստնե՛ր, բավական է։ Իրավական գործընթացը կարելի է իրականացնել առանց էս խայտառակ ներկայացումների ու մարդու արժանապատվությունը նվաստացնող տեսարանների։

    Խստորեն դատապարտում եմ իրավապահ մարմինների կողմից նման վարքագիծը, որը շարունակում է մնալ ամբողջությամբ իշխանությունների կամակատարը՝ բութ գործիքը։

    Իմ աջակցությունն եմ հայտնում Արտաշատի նախկին քաղաքապետ, սիրված ու հարգված, բարձր մարդկային որակներով օժտված Արգամ Աբրահամյանին։

  • Գյումրու քաղաքապետարանը՝ «Պարապների վարչությո՞ւն». 2 փողոցի բաց դիտահորերն արդեն «քաղաքային տեսարժան վայրեր» են

    Գուցե ժամանակն է վերանվանել Գյումրու քաղաքապետարանը և անվանել «Պարապների վարչություն», որպեսզի քաղաքացիներն այլևս ոչինչ չպահանջեն ու չխանգարեն քաղաքի «հանգիստ աշխատանքին»։

    Խոսքը ընդամենը երկու փողոցի մասին է։ Երկու փողոց, որտեղ բաց ու ավիրված դիտահորերը շարունակում են մնալ իրենց տեղում՝ սպասելով, թե ով առաջինը կընկնի դրանց մեջ։

    Բայց, իհարկե, ամեն ինչ չէ, որ կարելի է այդքան հեշտ լուծել։ Օրինակ՝ քաղաքացու բարձրացրած խնդիրը տեսնելը, արձագանքելը և լուծելը, երևի, ավելի բարդ է, քան քաղաքապետարանի պաշտոնական էջում խնդրահարույց քաղաքացիներին արգելափակելը։

    Քաղաքացիները խնդիր են բարձրաձայնում, քաղաքապետարանը՝ բլոկում։

    Այսինքն՝ եթե խնդիրը չտեսնես, կարելի է ենթադրել, որ այն գոյություն չունի։

    Հետաքրքիր կառավարման մոդել է․

    փոսը թողնում ենք, դիտահորը բաց ենք թողնում, քաղաքացուն՝ բլոկում։

    Իսկ հետո կարելի է պաշտոնական էջում հերթական գեղեցիկ լուսանկարը հրապարակել և գրել՝

    «Գյումրին զարգանում է»։

    Միայն թե այս անգամ լավ կլինի, որ զարգացումը չլինի հերթական դիտահորի ուղղությամբ։

  • Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում է



    Առաջին հայացքից սա թվում է ևս մեկ գյուղական տարօրինակություն։ Բայց իրականում դա փոքր հեղափոխություն է այն բանում, թե ինչպես ենք մենք մտածում հողի, էներգիայի և բնության մասին, գրում է techno.nv.ua–ն։

    Վեսթմիլ արևային ֆերման գտնվում է Օքսֆորդշիրի և Ուիլթշիրի սահմանին՝ Անգլիայի հարավում։ Սա պարզապես ևս մեկ արդյունաբերական օբյեկտ չէ արևային վահանակներով. այստեղ կոոպերատիվ է հիմնադրվել դեռևս 2008 թվականին ապացուցելու համար, որ սովորական մարդիկ նույնպես կարող են զարգացնել վերականգնվող էներգիան։ 12 հեկտար տարածքում տեղադրվել է ավելի քան 20,000 վահանակ, որոնք տարեկան էլեկտրաէներգիա են արտադրում մոտ 1,600 տնային տնտեսությունների համար։

    Սակայն Վեստմիլը պարզապես «վահանակներ չի տեղադրել և մոռանցել դրանց մասին»։ Տեղական WeSET հիմնադրամը տարածքը վերածել է կայուն էներգիայի ցուցափեղկի ոչ միայն տեսականորեն, այլ նաև հողի վրա։ Քառասուն տեղական ոչխարի ցեղատեսակներ այնտեղ ցուցադրության համար չեն։ Նրանք այնտեղ են որպես կենդանի խոտհնձիչներ։ Կենդանիները արածում են ձմռանը, երբ ծաղկող բույսերը թառամում են, և թռչունները դեռ չեն կառուցել իրենց բները։ Դա օգնում է վերահսկել ինվազիվ բույսերի տեսակները առանց ճնշելու ավելի նուրբ վայրի ծաղիկները։ Արդյունքները զարմանալիորեն դրական են։ Բազմազան բուսականությունը գրավում է միջատներին, թռչուններին, հողի սնկերին և մանրէներին։ Նույնիսկ ոչխարներն իրենք են օգտվում. լայն վահանակները պաշտպանում էին նրանց քամուց և անձրևից, իսկ բազմազան խոտաբույսերը օգնում էին նրանց ավելի արդյունավետորեն քաշ հավաքել։ Արևային ֆերման ապացուցել է, որ հոտի համար դա ապաստան է, այլ ոչ թե խոչընդոտ։

    Ըստ Solar Energy UK-ի, արևային ֆերմաները ներկայումս զբաղեցնում են Մեծ Բրիտանիայի հողատարածքի 0.1%-ից պակասը։ Նույնիսկ եթե արևային վահանակներ լիովին տեղակայվեն մինչև 2050 թվականը՝ ածխածնային չեզոքության նպատակներին համապատասխան, այդ ցուցանիշը չի գերազանցի 0.6%-ը։ Համեմատության համար նշենք, որ երկրում ավելի քան 18 միլիոն հեկտար հողատարածք է հատկացված գյուղատնտեսությանը, մինչդեռ միայն մոտ 18,000 հեկտարն է օգտագործվում արևային վահանակների համար։

    Այն, ինչ անում է Վեսթմիլ արևային ֆերման, պաշտոնապես կոչվում է ագրովոլտիկա։ Այն ենթադրում է նույն հողամասի օգտագործումը և՛ գյուղատնտեսության, և՛ արևային էներգիայի արտադրության համար։ Հնչում է պարզ, բայց գործնականում պահանջում է ուշադիր պլանավորում. ինչ բարձրության պետք է լինեն հենարանները, ինչպես պետք է պաշտպանվեն մալուխները կենդանիներից և ինչպես պետք է կազմակերպվի սպասարկման համար մուտքը։

    Կա ևս մեկ առավելություն, որը հազվադեպ է քննարկվում։ Տեղի բնակիչները շատ ավելի ընկալունակ են արևային ֆերմայի նկատմամբ, երբ տեսնում են ծաղկող մարգագետին ոչխարներով՝ պինդ մետաղի և խճաքարի փոխարեն, աղմկոտ խոտհնձիչների փոխարեն բնական արածեցում, դատարկության փոխարեն բազմազանություն։

    2025 թվականին Լանկաստերի համալսարանի գիտնականները վերլուծել են այդ թեմայով 167 գիտական ​​հրապարակումներ և զգուշավոր եզրակացության են եկել, որ ազդեցությունը կախված է կոնկրետ տեղանքից, կլիմայից և կառավարման մոտեցումից։ Այլ կերպ ասած, միայն վահանակների տեղադրումը չի երաշխավորում ծաղկող միջավայր. կարևոր են նախագծումը և կանոնավոր սպասարկումը։ Պրոֆեսոր Ալոնա Արմսթրոնգը և նրա գործընկերները մշակել են SPECIES գործիքը, որն օգնում է արևային կայանների նախագծողներին գնահատել էկոհամակարգի ազդեցությունը նախագծման փուլում՝ վայրի ծաղիկների մարգագետիններից մինչև հողի պայմաններ և ճահճուտներ։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]