Blog

  • Երևանում բնակարան են թալանել․ հափշտակել են 165 հազար դոլարի ոսկյա զարդեր և մոտ 10 հազար ԱՄՆ դոլար





    Օգոստոսի 3-ին Երևանում բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել, իսկ տուժողը արտերկրից բնակություն հաստատելու նպատակով էր վերադարձել Հայաստան։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ 74-ամյա Անգելինա Ա.-ն և հայտնել, որ վերադառնալով տուն, տան դռան փականը հայտնաբերել է վնասված, և տունն ամբողջությամբ տակնուվրա արված վիճակում։ 

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի գլխավորությամբ։

    Տեղում Անգելինա Ա․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 10:30-ից մինչև 13:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա անելուց հետո ննջասենյակում եղած չհրկիզվող պահարանից գողացել են անձնագրեր, սեփականության վկայական, ոսկյա զարդեր և գումար։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անգելինա Ա.-ի բնակարանից հափշտակել են մոտ 165 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և 10 հազար ԱՄՆ դոլար։ Մինչև այժմ ոստիկանությունը հստակ պատասխան չի տալիս տուժողին, թե ինչն է պատճառը, որ հարևանությամբ տեղադրված տեսախցիկների միջոցով չեն կարողանում պարզել՝ մեկ թե մի քանի հոգի են գողության նպատակով մտել քաղաքացու տուն, և տեսախցիկների միջոցով չեն պարզել ստահակի կամ ստահակների շարժը։ Իսկ տուժածը մի քանի անգամ հայտնել էր իրավապահներին, որ տարածքում և հարակից վայրերում կան տեսախցիկներ, ինչի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է կարևոր հանգամանքներ ի հայտ գան։




    դիտվել է 287 անգամ

  • Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է

    Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի էՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։

    Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը և ինչու՞ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար։

    Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի և իրավապահ մարմինները պետք է ունենան պատշաճ հնարավորություն գործերով ամբողջական ու բազմակողմանի քննություն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, անձի ձերբակալության, մեղադրյալի կարգավիճակ ունենալու, քրեական հետապնդում իրականացվելու կամ ցանկացած այլ հանգամանք չի վերացնում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքն ու դրա պաշտպանության կարևորությունը, և չի տալիս անձանց վերաբերյալ անձնական տվյալները հրապարակելու անսահմանափակ հնարավորություն։

    Պետական մարմինների կողմից հանրային հաղորդակցության նպատակով տեղեկատվության տարածումը ենթադրում է նաև անհրաժեշտության և համաչափության գնահատում։ Հանրային հետաքրքրությունը, այդ թվում՝ քրեական վարույթի նկատմամբ առկա հասարակական ուշադրությունը, ինքնին չի կարող արդարացնել անձնական կյանքի վերաբերյալ տվյալների հրապարակումը։

    Նման հաղորդագրությունը հատկապես անթույլատրելի է և զգայուն կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

    Մարդու իրավունքների տեսանկյունից այս համատեքստում անհասկանալի է նաև այնպիսի զգայուն տեղեկատվության, ինչպիսին կրոնական համոզմունքին առնչվող հանգամանքի շեշտադրումն է հրապարակային հաղորդակցության շրջանակներում:

    Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է նաև, որ պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է խստորեն համապատասխանի անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Անձի նկատմամբ քրեական վարույթի իրականացումը կամ ձերբակալությունը չի կարող ներկայացվել կամ լուսաբանվել այնպիսի ձևաչափով, որը կարող է հանրության շրջանում ձևավորել նրա մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք՝ նախքան մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։

    Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ իրավապահ մարմինների կողմից տեղեկատվության հրապարակման ընթացքում մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի, անձնական տվյալների պաշտպանության և անմեղության կանխավարկածի երաշխավորումը ոչ թե ցանկալի գործելակերպ է, այլ պետական մարմինների պարտականություն։

    Միևնույն ժամանակ, գործին առնչվող նաև տարբեր այլ ահազանգեր են ստացվել ՄԻՊ թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել քննչական մարմին՝ անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և ուսումնասիրելու նպատակով: Այս պահին էլ տարբեր հարցերի առնչությամբ իրականացվում են համապատասխան գործողություններ: Դրանք ամփոփելուց հետո հրապարակման ենթակա տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ:

  • Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան

    Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան

  • Հետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր Կամենդատյան





    Հետվճարի (cashback) համակարգը ֆիքսված, արժանապատիվ թոշակի փոխարեն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ, որոնք քննադատության են արժանի թե՛ սոցիալական արդարության, թե՛ տնտեսագիտական տրամաբանության և թե՛ պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից։

     

    1. Սոցիալական անարդարություն և «աղքատից դեպի հարուստ» վերաբաշխում

    * Հարուստ թոշակառուն ստանում է ավելի շատ. Հետվճարի չափը անմիջականորեն կախված է ծախսած գումարի ծավալից։ Այն թոշակառուն, ով ունի խնայողություններ կամ հարազատների աջակցություն և ամսական աննախդրամիկ ծախսում է, օրինակ, 100,000 դրամ, ստանում է առավելագույն հետվճարը։ Իսկ ծայրահեղ աղքատ թոշակառուն, ում եկամուտը միայն նվազագույն թոշակն է, չի կարողանում անհրաժեշտ ծավալի աննկանխիկ շրջանառություն ապահովել և ստանում է չնչին հետվճար։

    * Կախվածություն ծախսելու սովորույթներից. Պետությունը թոշակառուին «ստիպում է» ծախսել գումարը, որպեսզի նա ստանա իրեն հասանելիք սոցիալական աջակցությունը։

     

    2. Տնտեսական անտրամաբանություն և վարչարարական ավելորդություն

    * Եթե ՀԴՄ-ն և ֆիսկալ վերահսկողությունը կան, հետվճարի խրախուսումն ավելորդ է. Հետվճարի համակարգի սկզբնական նպատակը ստվերային տնտեսության կրճատումն ու անանխիկ շրջանառության խթանումն էր։ Եթե պետությունն արդեն իսկ ներդրել է պարտադիր անկանխիկ առևտրի, ՀԴՄ կտրոնների և ֆիսկալ QR կոդերի խիստ վերահսկողություն, ապա թոշակառուին «սպառողական պաշտոնյա» սարքելն ու նրանով ստվերը կրճատելն այլևս տնտեսագիտական հիմնավորում չունի։

    * Բանկային համակարգի միջնորդավճարներ. Համակարգի սպասարկումը պահանջում է բանկային տրանզակցիոն ծախսեր, ծրագրային ապահովում և վարչարարություն, որոնք կլանում են պետական բյուջեից կամ բանկերից հոսող ռեսուրսները՝ փոխանակ դրանք ուղղակիորեն թոշակառուին փոխանցելու։

     

    3. Տարիքային և ենթակառուցվածքային խտրականություն

    * Թվային անհավասարություն. Բազմաթիվ տարեցներ, հատկապես բարձր տարիքային խմբերում, տեխնիկապես անկարող են կամ դժվարանում են օգտվել անկանխիիկ վճարային միջոցներից, բանկային հավելվածներից կամ հսկել հետվճարի մուտքերը։

    * Մարզային խտրականություն. Գյուղական համայնքներում և փոքր բնակավայրերում անկանխիկ առևտրի ենթակառուցվածքները (POS-տերմինալներ) հաճախ բացակայում են կամ թերի են աշխատում։ Արդյունքում՝ մարզաբնակ թոշակառուն զրկվում է այդ հավելումից՝ ոչ իր մեղքով։

     

    4. Պետության պատասխանատվության փոխանցում

    * Պետության պարտավորությունն է ապահովել ֆիքսված, արժանապատիվ թոշակ. Թոշակը սոցիալական երաշխիք է, ոչ թե «քեշբեքային բոնուսային ծրագիր»։ Փոխանակ պետությունը բարձրացնի բազային թոշակը՝ ապահովելով կանխատեսելի և ֆիքսված եկամուտ, նա սոցիալական ապահովության խնդիրը պայմանավորում է թոշակառուի առօրյա առևտրային վարքագծով։

     

    Ֆիքսված և բարձր թոշակը երաշխավորում է հավասարություն, կանխատեսելիություն և արժանապատիվ ծերություն, մինչդեռ հետվճարի համակարգն այս պայմաններում վերածվում է անարդյունավետ և խտրական մեխանիզմի։


  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը։

    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

    -Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

    -Արաբկիրում՝ հուլիսի 29-30-ը և օգոստոսի 2-ին,

    -Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին,

    -Շենգավիթում չի գերազանցել։

    Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

    -Կենտրոնում՝ հուլիսի 31-ին և օգոստոսի 2-4-ը,

    -Նոր Նորքում՝ հուլիսի 29-31-ը, օգոստոսի 2-ին և 4-ին,

    -Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։

    Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Ռուսաստանի բանակը «Իսկանդերով» հարվածել է ուկրաինական գնացքին

    Ռուսաստանի բանակը հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ռազմական տեխնիկայով բեռնված էշելոնին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

    Ինչպես նշել են գերատեսչությունում, նախ գնացքը կանգնեցվել է «Գերան» անօդաչու թռչող սարքերի հարվածով։ Այնուհետև էշելոնին հարվածել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հրթիռը։

    Նախարարությունում ընդգծել են, որ հարձակման հաջողությունը հաստատվել է հետախուզական անօդաչու թռչող սարքի տեսագրությամբ։

    Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Սև ծովում իրականացված հաջող ռազմական գործողության մասին, որի ընթացքում, գերատեսչության տվյալներով, անօդաչու թռչող սարքերի միջոցով խոցվել են ուկրաինական բանակի համար բեռ տեղափոխող երեք բեռնանավ։ Գործողության այլ մանրամասներ նախարարությունը չի ներկայացրել։

    ​​

  • 10 հազար դոլարի շորթման գործ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

    10 հազար դոլարի շորթման գործ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

  • Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը։

    Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության հնարավորություններին, առաջիկա ծրագրերին։

    Վարչապետին ներկայացվել է, որ Հայաստանում իրականացվող նախագիծը արտացոլում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև զարգացող տեխնոլոգիական համագործակցությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում համատեղ զարգացման համար։ Նշվել է, որ ՀՀ Կառավարությունը հանդես է գալիս որպես նախագծի ռազմավարական գործընկեր՝ աջակցելով Հայաստանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքի ձևավորմանը և Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։

    Հաջորդիվ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կառավարության անդամներ, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, «Firebird AI» կենտրոնի համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանը և Ռազմիկ Հովակիմյանը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլիացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, դիվանագետներ և այլք:

    Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել. «Նախ՝ թույլ տվեք այսօր բոլորիս շնորհավորել այս իրադարձության և ընդհանրապես օգոստոսի 8-ի առիթով, որովհետև ես զգում եմ, որ օգոստոսի 8-ը գնալով ավելի ու ավելի ծանրակշիռ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Եվ այն, ինչ հիմա այսօր տեղի է ունենում, իրականում շատ կարևոր, շատ ծանրակշիռ, բայց այդ կշռի մեջ բազում շերտեր ունեցող իրադարձություն է: Երկար ժամանակ մենք Կառավարությունում հրապարակային և ոչ հրապարակային քննարկում էինք արագության մասին մեր պատկերացումները փոխելու անհրաժեշտությունը և երբ նախորդ տարի Ռև Լեբարեդյանը, Ռազմիկ Հովակիմյանը, Ալեքսանդր Եսայանը պատմում էին մի տարվա, նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում նման նախագիծ իրականացնելու իրենց մտադրության մասին՝ պետք է խոստովանել, որ դա շատ տարօրինակ էր հնչում և անսովոր, բայց գոնե ես ցույց չէի տալիս իմ զգացողություններն այդ առումով:

    Եվ ահա այսօր մենք այստեղ ենք՝ ճշգրիտ պայմանավորված տեղում և ժամին: Բայց պետք է արձանագրել, թե ինչն է հնարավոր դարձրել այս ամենը: Իհարկե, ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում՝ Սպիտակ տանը, նախագահ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովը և նրա արդյունքն էական և առանցքային նշանակություն ունեն այսօրվա իրադարձության համար։ Ես հիշում եմ, որ նախորդ տարի սեպտեմբերին մենք ստիպված էինք արդարանալ, որ Միացյալ Նահանգներից վերադարձել ենք տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում ընդամենը մտադրությունների հուշագիր ստորագրած, որովհետև անընդհատ համոզիչ չէր թվում շատերին մեր այն փաստարկը, թե այդ մտադրությունների հուշագիրը ծանրակշիռ փաստաթուղթ է և շատ շուտով ունենալու է իր արդյունքը, և ահա արդյունքն այստեղ է։

    Արագությունների մասին խոսելով՝ ես նաև ուզում եմ ընդգծել, որ երբ նախորդ տարվա մայիսին գլխավոր խորհրդական Արյե Լայթսթոունը եկավ Երևան և ասաց, որ նախագահ Թրամփի ցանկությունն է, որ մենք մեկ ամսվա ընթացքում հասնենք խաղաղության գործարքի, մեր զգացողությունները կրկին նույն էին, մենք ասացինք՝ պատրաստ ենք անել մեզնից կախվածը: Եվ արեցինք մեզնից կախվածը, իհարկե, դա մի ամսում տեղի չունեցավ, բայց մոտ երկու ամսում տեղի ունեցավ:

    Եվ ես ուզում եմ կրկին ընդգծել 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ որպես շրջադարձային իրադարձություն Հայաստանի, Ադրբեջանի համար: Ես այսօր, ի դեպ, զանգահարել եմ Ադրբեջանի նախագահին, և մենք խոսել ենք այսօրվա իրադարձության կարևորության մասին, և սա իսկապես շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն է: Ես ուզում եմ, որ մենք ծափահարենք նախագահ Թրամփին այս օրն իրականություն դարձնելու համար։

    Պետք է արձանագրել, որ խաղաղությունը շրջադարձային է, ընդհանրապես մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։ Այդ իրադարձությունից հետո միջազգային գործակալությունները մեկը մյուսի հետևից վերանայում են Հայաստանի սուվերեն վարկանիշները, ըստ էության, շատ հստակ ուղերձ հղելով ներդրումային հանրությանը, որ Հայաստանն այն տեղն է, ուր կարելի է վստահ ներդրումներ անել։

    Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք միայն հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է, և որը ևս մեկ աստիճանով, իհարկե, բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ արագություններն ամբողջությամբ իրացնելու ճանապարհին նաև պետք է հասնեն իրենց կուլմինացիային»:

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել Հայաստանում այսպիսի կենտրոն ստեղծելու հարցում: «Համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ շատ մեծ ներդրում են ունեցել այսօրվա համար, բայց շատ կարևոր է այսօրվա իրադարձության տրամադրությունը, որովհետև ես հասկացա, որ մենք այսօր ավելի շատ խոսում ենք ապագայի, վաղվա մասին՝ հպարտ լինելով նրա համար, ինչն արդեն տեղի է ունեցել: Բայց այն, ինչ տեղի է ունեցել, շատ մեծ ակտիվ է և շատ կարևոր է, թե այդ հենքի վրա մենք դեպի ուր կշարժվենք։ Ես ուզում եմ ասել՝ շատ հետաքրքիր է, թե ինչպես են քաղաքական և տնտեսական պրոցեսներն իրար ուղեկցում: Եվ մեր իրականության մեջ, ճիշտ է, տեսական մակարդակում շատ է խոսվել դրա մասին` տնտեսության և քաղաքականության, ներդրումների և քաղաքականության փոխկապվածության, բայց իրականության մեջ մենք դա հաճախ չէ, որ տեսել ենք։ Եվ այսօրվա իրադարձությունը դրա շատ վառ օրինակ է։

    Մեր քաղաքական ռազմավարական հարաբերությունների հաստատումը Միացյալ Նահանգների հետ 2025 թվականի հունվարին, և այդ կետից սկսած իրադարձությունների արագացումն է։ Այսօր այստեղ ներկա է Ղազախստանի փոխվարչապետը, և ընդամենը նախորդ շաբաթ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ղազախստանի նախագահի հետ, երեկ մենք Ղազախստանի վարչապետի հետ աշխատանքային քննարկումներ ենք ունեցել, այսօր Ղազախստանի փոխվարչապետը ներկա է այստեղ, ինչը մեզ համար մեծ ուրախություն է, և շնորհակալ ենք այդ ներկայության համար: Այսօր Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները զարգանում են աներևակայելի տեմպերով, և սա շատ լավ օրինակ է, թե ինչպես է քաղաքականությունը փոխվում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես է քաղաքական ընկալումը փոխվում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես է պետություն հասկացությունն ինքն իրեն վերահաստատում Հայաստանի Հանրապետությունում», -նշել է երկրի ղեկավարը:

    Հայաստան-սփյուռք հարաբերությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանին ոչ թե կարեկցելու, այլ Հայաստանի զարգացմանը մասնակցելու և զարգացմանն իրենց նպաստը բերելու կարևորությունը. «Հարգելիներս, Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի, ես սա ասում եմ պաշտոնապես, Հայաստանի Հանրապետությունն ունի գործընկերության և գործակցության կարիք, և Հայաստանի Հանրապետությունը վստահելի գործընկեր է: Եվ ես ուզում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն հայտնել Կառավարության այս ուղերձին արձագանքելու համար։ Եվ սա իսկապես շատ բարձր եմ գնահատում և մեծ պատիվ է ինձ համար, որ մենք այսօր խոսում ենք բոլորովին ուրիշ օրակարգերի մասին, որը պետության օրակարգ է, որը կյանքի օրակարգ է, որը ապագայի օրակարգ է, և նրա համար, որ ապագան հիմա է, այստեղ է, այսօր է և դուք այսօր ձեր սեփական աչքերով տեսնում եք այդ ապագան:

    Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ ապագան ստեղծել են, շնորհակալ ենք»:

  • Արագածոտնի մարզի Ապարան համայնքում շինարարական բում է. տեսանյութ

    Արագածոտնի մարզի Ապարան համայնքում շինարարական բում է.

    Քաղաքում և վարչական տարածքներում կառուցվում  և բարեկարգվում են զբոսայգիները, գլխավոր և ներհամայնքային ճանապարհները, ջրագծերը և այլ կարևոր ենթակառուցվածքներ:

    Համայնքապետ Կարեն Եղիազարյանը անձամբ հետևում է շինաշխատանքների կատարմանը: 

    Մանրամասները` Newday.am-ի տեսանյութում

  • Եղանակային զգուշացում․ առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ և ուժեղ քամի

    Օգոստոսի 9-ի և 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

    Օգոստոսի 8-13-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։