Blog

  • Ի՞նչ է առաջարկում Սլովակիայի Հանրապետության նախկին վարչապետը

    Սլովակիայի Հանրապետության Նախագահի գրասենյակ

    Սլովակիայի Հանրապետության նախագահ

    Պետեր Պելեգրինի

    Շտեֆանիկովա 2

    811 05 ԲՐԱՏԻՍԼԱՎԱ 1

    Բրատիսլավա, 28.8.2026թ.

    Հարգելի

    Պարոն Նախագահ,

    Գրում եմ Ձեզ

    Ադրբեջան կատարած Ձեր վերջին պետական ​​այցի կապակցությամբ, որի ընթացքում այցելեցիք նաև Լեռնային Ղարաբաղ: Ցավով եմ նշում, որ Ձեր

    հրապարակային հայտարարություններում քննադատական ​​դիրքորոշում չկար այս տարածաշրջանում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը թե՛

    Սլովակիայի Հանրապետության, թե՛ Եվրամիության արտաքին քաղաքականության հիմնասյունն է:

    Լեռնային Ղարաբաղը անկախություն է հռչակել Խորհրդային Միության փլուզումից և Սումգայիթում և Բաքվում հայ բնակչության նկատմամբ բռնության սրումից հետո: Տասնամյակներ տևած լարվածությունից և պատերազմից հետո Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները հանգեցրին գրեթե ամբողջ հայ բնակչության արտագաղթի: Մեկ շաբաթվա ընթացքում իրենց տները լքել է ավելի քան 100,000 մարդ, որը կազմում է տեղի բնակչության 99%-ը: Հաշվի առնելով պատմական փորձը և Բաքվի կողմից անվտանգության երաշխիքների բացակայությունը՝ բնակիչները վստահություն չունեին ադրբեջանական իշխանության ներքո անվտանգ ապրելու հարցում: Մինչ օրս ոչ մի հայ փախստական ​​չի վերադարձել տարածաշրջան: Ադրբեջանի Հանրապետությունը ռազմավարական դաշինք է պահպանում Թուրքիայի հետ՝ հիմնված «Մեկ ազգ երկու պետությունում» դոկտրինի վրա: Այս առումով կարևոր է հիշել, որ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը, մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան ժխտում են այն: Այնուամենայնիվ, այցի ընթացքում Ձեր ելույթներում այս պատմական տրավման և դրա ներկայիս տարածաշրջանի վրա ազդեցության մասին չի խոսվել: Աղդամ քաղաքում Դուք բացել եք գեներալ Մ. Ռ. Շտեֆանիկի անունով դպրոց: Չնայած դպրոցի սլովակ անձնավորության անունով կոչելը պատիվ է, սլովակ հանրությունը պետք է իմանա ընդհանուր համատեքստը: Աղդամ քաղաքը անցյալում եղել է մեկնարկային կետ, որտեղից ադրբեջանական ուժերը ռմբակոծել են մոտակայքում գտնվող քաղաքացիական թիրախները: Մենք կարծում ենք, որ նախագահի աշխատակազմը պետական ​​այցերը պատրաստելիս պետք է ավելի զգայուն լինի պատմական և քաղաքական համատեքստի նկատմամբ, որպեսզի պետության ղեկավարի քայլերը չհակասեն Սլովակիայի արժեքներին: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ կա միջոց՝ մեղմելու այս այցի բացասական ընկալումը: Լեռնային Ղարաբաղը վերահսկողությունը ստանձնելուց հետո Ադրբեջանը կալանավորել և բանտարկել է տարածաշրջանի նախկին բարձրաստիճան քաղաքական և ռազմական առաջնորդներին: Սրանք հիմնականում հետևյալ անձինք են, որոնց սպառնում է ցմահ կամ երկարաժամկետ բանտարկություն ադրբեջանական կալանքի տակ.

    • Բակո Սահակյան՝ նախկին նախագահ,

    • Արայիկ Հարությունյան՝ նախկին նախագահ,

    • Արկադի Ղուկասյան՝ նախկին նախագահ,

    • Ռուբեն Վարդանյան՝ նախկին պետական ​​նախարար,

    • Դավիթ Բաբայան՝ նախկին արտաքին գործերի նախարար,

    • Դավիթ Իշխանյան՝ խորհրդարանի խոսնակ,

    • Դավիթ Մանուկյան և Լևոն Մնացականյան՝ զինվորական հրամանատարներ:

    Մենք առաջարկում և միևնույն ժամանակ խնդրում ենք ձեզ օգտվել ձեր դիվանագիտական ​​​​դիրքորոշումից և դիմել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ այս կալանավորված անձանց համար ներման խնդրանքով: Պայմանը կարող է լինել նրանց արտաքսումը Ադրբեջանից և քաղաքական ապաստան տրամադրելը Սլովակիայի Հանրապետությունում։

    Նման մարդասիրական ժեստը ոչ միայն ավելի խորը իմաստ կհաղորդի ձեր այցին, այլև կցուցադրի Սլովակիայի կառուցողական ներդրումը Հարավային Կովկասում հակամարտության հետևանքների լուծման գործում։

    Հարգանքներով՝ Յան Չարնոգուրսկի, Սլովակիայի Հանրապետության նախկին վարչապետ։

  • Սեպտեմբերի 10-ից փակ կլինի Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը | Հասարակություն

     Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ փակ կլինի Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը, իսկ տրանսպորտային հանգույցի մաս կազմող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝

    ▫️Կոմիտասի պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն գլխավոր ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել ուղիղ կամ աջ ուղղություններով,

    ▫️Ազատության պողոտայից խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն երկրորդական ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել միայն աջ ուղղությամբ,

    ▫️Կոմիտասի պողոտայով դեպի Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցների խաչմերուկ երթևեկող և Դավիթ Անհաղթի փողոցով դեպի Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար կկազմակերպեն հետադարձի տեղեր:

  • «Հրապարակ»․ Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան

    Մեր տեղեկություններով՝ օրերս Մերձավան են վերադարձել համայնքից վտարված ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբոր՝ Դավիթ Ախտոյանի կինն ու երեխաները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք այժմ ապրում են Մերձավանում գտնվող կնոջ հայրական տանը, սակայն տնից գրեթե դուրս չեն գալիս։ Ասացին նաեւ, որ Դավիթ Ախտոյանի կինն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Մհեր Ախտոյանի մայրը ոստիկանների ուղեկցությամբ այցելել էր Մերձավան, տնից վերցրել հագուստներ ու ոստիկանների ուղեկցությամբ էլ հեռացել։

    Հիշեցնենք․ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանի բնակիչները պահանջել էին Ախտոյանների ընտանիքին եւ նրանց ազգականներին հեռացնել համայնքից։ Ավելի ուշ, զգուշանալով վենդետայի շարունակությունից, Ախտոյանների ընտանիքը հեռացրել էին Մերձավանից։ Հիշեցնենք, որ Մերձավանի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը, որը սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի քեռորդին է, Հայաստանից հեռացել էր դեռ սպանությունից առաջ եւ մինչ օրս չի վերադարձել Հայաստան:

    Ըստ որոշ տեղեկությունների, նա եւ հայրն արտերկրում անհետացել են, մեր աղբյուրներն անգամ ասում են` նրանց «վերացրել են»։ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով երկու մեղադրյալ կա՝ Նարեկ Օհանյանն ու 20-ամյա Գեւորգ Հարությունյանը, որոնց դատավարությունը շարունակվում է։

     

  • Հավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ Զաքարյան





    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «2018-ին, Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխության» ֆոնին, սեպտեմբերի 2-ի իր ուղղերձում գրում էր. «Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման»։

    02 սեպտեմբերի, 2019թ. Նիկոլ Փաշինյանը գրում է. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»: Նա նաև խոստանում է, որ անելու են ամեն ինչ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի համար մղված պայքարի արդյունքները պահելու համար:

    2 սեպտեմբերի, 2020թ: Մոտալուտ պատերազմի ֆոնին, վարչապետը, ֆեյսբուքյան կարճ գրառմամբ շնորհավորել է Արցախի ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով:

    2021թ. Փաշինյանն իր ուղերձում օգտագործում էր Արցախի Հանրապետություն հասկացությունը՝ նշելով «…Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով»։

    Դա անվիճելի ճշմարտություն էր, ուստի խնդիրը վերջնականապես թաղելու համար անհրաժեշտ էր ամբողջությամբ հայաթափել Արցախը:
    2022-23թթ Նիկոլի ուղերձը գրեթե նույնն էր․ երկու ուղերձներում էլ նա այլևս չէր օգտագործում Արցախի Հանրապետություն տերմինը։ Նրա համար Լեռնային Ղարաբաղն այլևս տարածքային միավոր էր, իսկ Արցախի կարգավիճակի հարցն էլ Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիր:
    2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Ֆրանսիայի և ԵՄ-ի ազդեցության ներքո Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, սովի և շրջափակման մատնված Արցախին ուղղված 2023 թ. ուղերձում Փաշինյանը հայտարարել է.
    «Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով․․․»:
    2023թ. Արցախին ուղղված ուղղերձից ընդամենը 17 օր հետո, աշխարհը տեսավ 2022թ. հոկտեմբերի 6-ի Մակրոն-Միշել-Ալիև-Փաշինյան քառյակի ջանքերի, և սովի ու շրջափակման ենթարկված «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության» հետևանքները:

    2024, 2025, 2026 թվականներին ՔՊ ականները ոչ միայն Արցախի Հանրապետություն, այլ Արցախ բառն անգամ չեն արտասանում: Նրանք ոչ թե վախենում են այն արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը:

    Այնպես ինչպես Արարատ, Սփյուռք, Պատմական Հայրենիք, Հաղթանակներ, Ազգային Եկեղեցի և հայոց ինքնությունը ձևավորող այլ բաղադրիչներ են աստիճանաբար դուրս մղվելու՝ պետական կառավարման միջոցով:

    Արցախը դրանցից ամենաշոշափելին ու ամենացայտունն էր: Դրա դուրս մղումն ու ադրբեջանականացումը մեծ աշխարհաքաղաքական խաղի կարևոր օղակներից մեկն էր: Հերթը հասել է Հայաստանի Հանրապետությանը նոր փորձությունների ու նրա ինքնիշխնությունը տարբեր ձևախեղումների ենթարկելուն: Ներսից ու դրսից, գիտակցված ու անգիտակից, գեղեցիկ փաթեթավորված բարի նպատակների անվան տակ…
    Հ.Գ.

    Հավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել: Այն ոչ ոք չի կարող ո՛չ հանրաքվեով, ոչ որևէ տեսակի պարտադրանքով դուրս մղել մարդկանց մտքերից, սրտերից ու ազգային հիշողություններից»:



    դիտվել է 126 անգամ

  • Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում



    Տեսանյութեր





    Յունիբանկը նոր ակցիա է մեկնարկել Arca «U-Teenager» քարտապանների համար, որի գլխավոր մրցանակը 1 500 000 ՀՀ դրամ է՝ արտերկրի առաջատար համալսարաններից մեկում ամառային կրթական ծրագրին մասնակցելու համար։

    Ակցիան կանցկացվի մինչև 2027 թվականի մարտի 31-ը:  Մասնակցության համար անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում առցանց՝ QR կոդ-ի միջոցով, ձևակերպել Յունիբանկի Arca «U-Teenager» քարտ և կատարել անկանխիկ գործարքներ։ Ակցիայի արդյունքներով առավելագույն քանակով անկանխիկ գործարքներ կատարած երեք քարտապանները կստանան մրցանակներ։ Առաջին տեղը զբաղեցրած մասնակցին կտրամադրվի գլխավոր մրցանակը՝ մասնակցությունը ամառային կրթական ծրագրին արտրեկրում, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան նոթբուքեր։

    Ակցիային կարող են միանալ նաև Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ տեղադրելով QR կոդը, որի միջոցով ուսանողները կարող են առցանց ձևակերպել Arca «U-Teenager» քարտ։ Բուհերի համար նախատեսված է առանձին մրցանակ․ այն ուսումնական հաստատությունը, որի ուսանողները տրամադրված QR կոդի միջոցով ակցիայի անցկացման ժամանակահատվածում կձևակերպեն առավելագույն քանակով Arca «U-Teenager» քարտեր, կստանա ֆինանսական աջակցություն՝ համակարգչային սենյակի վերազինման կամ այլ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար։

    Arca «U-Teenager» քարտը թողարկվում և առաքվում է անվճար։ Arca քարտապաններն անկանխիկ գործարքների դիմաց ստանում են 2% հետվճար (քեշբեք)։

    Կրթությանն աջակցությունն ու երիտասարդների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից են։ «U-Teenager» ակցիայի միջոցով բանկը նպատակ ունի ոչ միայն երիտասարդ հաճախորդներին առաջարկել ժամանակակից ֆինանսական գործիքներ, այլև աջակցել նոր գիտելիքներ ձեռք բերելու և զարգանալու նրանց ձգտմանը։

    Ակցիայի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «U-Teenager» ակցիա հղումով:




  • Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և այդ իրավունքը պետք է հարգվի․ Արթուր Խաչատրյան

    1991 թվականի սեպտեմբերի 2-ին, քանդվող Սովետական Միության և իր անկախությունը հռչակած Ադրբեջանի ֆոնին Արցախի խորհրդարանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ծնունդը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

    «Անկախության հռչակման գործընթացը լիովին համապատասխանում էր Սովետական Միության գործող օրենսդրությանը, ինչպես նաև ՄԱԿ և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին։

    Ի դեպ, Սովետի Սահմանադրական վերահսկողության կոմիտեն (Комитет конституционного надзора СССР) Արցախի հանրապետության հռչակումը հակասահմանադրական չէր համարել, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի խորհրդարանի կողմից Արցախի ինքնավարության լուծարման որոշման։

    Այսօր Արցախն օկուպացված, Արցախի ժողովուրդը՝ էթնիկ զտման ենթարկված։

    Սակայն սա դեռ չի նշանակում, որ ստատուս քվոն վերջնական դատավճիռ է։

    Ո՛չ։ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և այդ իրավունքը պետք է հարգվի»:

  • Արցախը մեր ուժն էր, որը չպահեցինք. տրվեցինք ներսի ու դրսի արյունոտ խաղերին․ Անի Գևորգյան

    NewDay.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    Արցախը մեր ուժն էր, որը չպահեցինք. տրվեցինք ներսի ու դրսի արյունոտ խաղերին: Ոմանք Արցախը մինչև հիմա էլ իրենց գլխավոր խաղաքարտն են համարում ու չեն դադարում իրենց շահերի համար Արցախը հանձնողների հետ ներկայացումներ բեմադրելը: Այս անգամ արդեն խաղադրույքը Հայաստանի սահմաններն են: Ի՞նչ Գագիկ Խաչատրյան ու մյուսներ, եթե ներկայացման նույն օրը Ալիևին, մեկին ու մյուսին չգիտենք ՝ էլ ինչ խոստացան:

    Տեսարան, հաց, կեղծ զոհեր, կեղծ հերոսներ…

  • ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին



    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարիների ընթացքում դարձել է ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջատարներից մեկը, այլև հազարավոր մարդկանց համար՝ կայուն աշխատանքի և մասնագիտական զարգացման կարևոր հարթակ։

    ԶՊՄԿ-ում աշխատելու առավելություններից մեկը աշխատակիցների նկատմամբ ձևավորված հոգատար մոտեցումն է։ Ընկերությունում կարևորում են ոչ միայն աշխատանքի արդյունավետությունը, այլև մարդկանց անվտանգությունը, առողջությունը, մասնագիտական աճն ու բարեկեցությունը։

    Կոմբինատը ստեղծում է մասնագիտական զարգանալու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ՝ աշխատակիցների համար կազմակերպելով վերապատրաստումներ ու կրթական ծրագրեր։ Սա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց կարիերան կառուցել խոշոր և ժամանակակից ընկերությունում։

    ԶՊՄԿ-ի սոցիալական ծրագրերը նույնպես առանձնահատուկ տեղ ունեն։ Աշխատակիցներին հասանելի են բժշկական ապահովագրություն, տրանսպորտային և սննդի ծառայություններ, մարզական ու կրթական հնարավորություններ, ինչպես նաև նրանց ընտանիքներին ուղղված մի շարք ծրագրեր։

    Սակայն ԶՊՄԿ-ի ամենամեծ արժեքը մարդիկ են։ Ընկերության ուժը հազարավոր մասնագետներն են, ովքեր իրենց աշխատանքով մասնակցում են Հայաստանի արդյունաբերության զարգացմանը և Սյունիքի տնտեսական կյանքին։

    Past.am-ը կարևորում է այն ընկերությունների պատմություններն ու նախաձեռնությունները, որտեղ աշխատանքի գաղափարը միայն աշխատատեղ ստեղծելով չի սահմանափակվում։ ԶՊՄԿ-ի դեպքում խոսքը նաև մարդկանց մասնագիտական առաջընթացի, կայունության և ապագայի նկատմամբ վստահության ձևավորման մասին է։

    ԶՊՄԿ-ում աշխատելը շատերի համար պարզապես աշխատանք չէ․ այն կարող է դառնալ մասնագիտական աճի, նոր հնարավորությունների և երկարաժամկետ կարիերայի ճանապարհ։


  • Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին | Քաղաքականություն

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան կապակցությամբ:

    Ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

    Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ պարոն Էդուարդ Բալադյուրի մահվան մասին։

    Էդուարդ Բալադյուրը Ֆրանսիայի նորագույն պատմության նշանավոր պետական և քաղաքական գործիչներից էր, ով իր երկարամյա գործունեության ընթացքում զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ, այդ թվում՝ ստանձնել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը երկրի համար կարևոր ժամանակաշրջանում՝ իր ներդրումն ունենալով Ֆրանսիայի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման գործում։

    Հայաստանում առանձնահատուկ զգացումով ենք հիշում նաև Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները, որոնք նրա կյանքի պատմությունը կապում էին հայ ժողովրդի հետ։

    Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ինչպես նաև հանգուցյալի ընտանիքին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն այս ծանր կորստի պահին»:

  • Ի՞նչ վիճակում են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորները․ մանրամասներ

    ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ճամբարակում վթարի ենթարկված զինվորներին։

    Հայտնի դարձավ, թե Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորներն ինչ վիճակում են գտնվում։

    Չորս զինվոր նախապատրաստվում է դուրսգրման, մյուս երկուսի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ։

    Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ կալանավորվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը։

    Օգոստոսի 26-ին հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի վրաերթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։

    ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պարզել է, թե ինչու են զինվորները երեկոյան ուշ ժամին վազել Ճամբարակից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհով։

    Բանն այն է, որ զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել։

    Եվ ահա, իրավապահները պարզել են, որ գումարտակի շտաբի պետի կողմից նշանակված պատիժը կամ տույժը օրենքով սահմանված բանակային կանոնակարգում չկա։

    Դեռ ավելին՝ շտաբի պետը զինվորներին նման պատժի արժանացնելով՝ չի ապահովել վերջիններիս անվտանգությունը, ինչն էլ 7 զինվորի համար դժբախտ պատահարի հետևանք է դարձել, ու, ցավոք, մեկ զինվորի կյանք փրկել չի հաջողվել։

    Նա Աբովյանի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանն էր։

    Վիրավորներն էին 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։

    Դեպքից անմիջապես ձերբակալվել և այժմ կալանքի տակ է մեքենայի վարորդ Վահան Ճաղարյանը։

    Իրավապահները պարզել էին, որ «ԳԱԶ-53» մեքենան պիտանի չի եղել շահագործման, իսկ վարորդը անգամ վարորդական վկայական չի ունեցել։

    Եվ ահա, գումարտակի շտաբի պետը կալանավորված է, զինվորների վրաերթի ենթարկած վարորդը ևս կալանքի տակ է, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ-ում ծառայողական քննություն է նշանակված, ինչպես նաև Քննչական կոմիտեում քրեական վարույթ կա, որով քննվում է զորամասի հրամանատարի պատասխանատվության հարցը։