Blog

  • Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    jurisora.ru–ն գրում է, որ ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հակամարտությունը հասել է նոր մակարդակի։ Կառավարությունն այլևս չի սահմանափակվում միայն հայտարարություններով, այլ գործում է նաև պետական ինստիտուտների միջոցով։ Սկզբում Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության փոփոխությունը ամրագրվել է կառավարության 2026-2031 թվականների ծրագրում, այնուհետև հրապարակվել է Եկեղեցու «ճգնաժամի» մասին զեկույց, հիմա էլ գործի է անցել խորհրդարանը։


    Սեպտեմբերի 24-ին վարչապետի աշխատակազմը հրապարակել է 74 էջանոց զեկույց։ Այն պարունակում է 16 մեղադրանք՝ կուսակրոնության խախտում, ֆինանսական անթափանցիկություն, քաղաքականացում, արտաքին ազդեցություն և այլն։ Հեղինակները մեջբերել են բաց աղբյուրներ և ավելի քան 250 հղումներ։ Սակայն կարևորը բովանդակությունը չէ, այլ այն, թե ինչպես է ստեղծվել այդ փաստաթուղթը։ Այն պատրաստվել է վարչապետին ենթակա մարմնի կողմից։ Փաշինյանը խոստովանել է, որ մի քանի անգամ կարդացել է զեկույցը և խմբագրումներ է կատարել։ Պարզվում է, որ նա և՛ արշավի նախաձեռնողն է, և՛ առաջ մղողը։ Այստեղ տրամաբանությունը շրջված է. սովորաբար նախ հետաքննվում են մեղադրանքները, լսվում են կողմերը, ապա եզրակացություններ են արվում։ Այս զեկույցում եզրակացությունն արդեն իսկ հաստատված է՝ Կաթողիկոսը պետք է հրաժարական տա։ Զեկույցը պարզապես հասարակությանը տեղեկացնում է նախապես կայացրած որոշման մասին։


    Զեկույցն ավարտվում է ճանապարհային քարտեզով։ Այն ներառում է հետևյալ քայլերը.

    –ստեղծել համակարգող խումբ հոգևորականների և աշխարհիկների մասնակցությամբ։


    –ապահովել Գարեգին Բ-ի հրաժարականը։


    –ընտրել տեղապահ։

    –ընդունել միասնական կանոնադրություն։


    –անցկացնել նոր Կաթողիկոսի ընտրություններ։


    Միևնույն ժամանակ, տեղապահին արգելվում է մասնակցել իրենց կողմից նախապատրաստվող ընտրություններին։ Տեղապահի պաշտոնավարման ընթացքում առաջարկվում է կասեցնել եպիսկոպոսական ձեռնադրություններն ու նշանակումները։ Այսպիսով, նախ՝ գահը թափուր է մնում, ապա՝ փոխվում են կանոնները, և միայն դրանից հետո է ընտրվում նոր առաջնորդ։ Այսպիսով, ապագա Կաթողիկոսը կմտնի այն եկեղեցին, որի կառուցվածքը վերանայվել է ներկայիս կառավարության կողմից։

    Հոկտեմբերի 6-ին էլ խորհրդարանը հաստատել է Եկեղեցու հարցերով քննչական հանձնաժողովի կազմը։ 11 տեղից յոթը բաժին է հասել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, երեքը՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքին, իսկ մեկը՝ «Հայաստան» խմբակցությանը։ Ընդդիմությունը, սակայն, չի մասնակցել քվեարկությանը։ Հանձնաժողովի մեծամասնությունը պատկանում է այն նույն խմբին, որը ձգտում է փոխել Կաթողիկոսին։ Սա կասկածի տակ է դնում հանձնաժողովի անաչառությունը։ Խորհրդարանը դառնում է այն հարթակը, որտեղ կառավարության զեկույցից քաղված մեղադրանքները կարող են հիմք հանդիսանալ նոր օրենքների համար։ Հոկտեմբերի 8-ին էլ Փաշինյանը ուրվագծել է այդ հանձնաժողովի աշխատանքի երեք ոլորտ՝ եկեղեցական ժողովների գործունեությունը, հոգևորականության սոցիալական երաշխիքները և Եկեղեցու ներսում բարեվարքության կանոնները։ Նա հայտարարել է, որ հանձնաժողովը պետք է պատրաստի օրենսդրական առաջարկներ: Այս ամենը խոսում է պետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենքները փոխելու մտադրության մասին։


    Միևնույն ժամանակ, իշխանությունները շարունակում են քրեական ճնշումներ գործադրել։ Գարեգին Բ-ի և վեց հոգևորականների դեմ գործն է դատարաններում քննվում։ Հոկտեմբերի 7-ին էլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավապահ մարմինները ուսումնասիրում են զեկույցը, և քրեական գործեր կհարուցվեն, եթե դրանց համար հիմքեր լինեն։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ զեկույցն օգտագործվում է միաժամանակ մի քանի ուղղություններով՝ խորհրդարանում, հանրային դաշտում և հետաքննության մեջ։


    Սեպտեմբերի 28-ին Christian Solidarity International կազմակերպությունը քննադատել է զեկույցը՝ կասկածի տակ դնելով դրա մեթոդաբանությունը: Կազմակերպությունն այն անվանել է Հայ առաքելական եկեղեցու դեմ պետական արշավի մաս, կոչ է արել հետ վերցնել փաստաթուղթը, ինչպես նաև դիմել է ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Եվրոպայի խորհրդին, որպեսզի վերջիններս հիշեցնեն Երևանին մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունների մասին: Հատկանշական է այն, որ սեպտեմբերի 29-ին էլ Գարեգին Բ-ն Էջմիածնում հանդիպել է ամերիկացի հասարակական գործիչների հետ: Չնայած սա հայ Եկեղեցուն Վաշինգտոնի պաշտոնական աջակցությունը չէ, բայց Էջմիածինը պահպանում է միջազգային կապերը և իր դերի մասին ուղղակիորեն խոսելու հնարավորությունները: Այսպիսով, Եկեղեցու հետ հակամարտության հարցի կաղապարումը հանրապետության շրջանակներում ձախողվել է:

    Ի՞նչ է այս ամենը նշանակում: Եկեղեցում թափանցիկության և կառավարման հարցերը արժանի են քննարկման: Սակայն վստահությունը խաթարվում է, երբ սկսվում են առաջնորդի հեռացման համառ պահանջները: Անհնար է պաշտպանել Եկեղեցու անկախությունը և միաժամանակ նրա ղեկավարի փոխարինումը հայտարարել կառավարության պատասխանատվություն։ Իրականում ներկայում պայքարը պտտվում է Գարեգին Բ-ի շուրջ, բայց դրա արդյունքը կազդի ապագա Կաթողիկոսի վրա, ով էլ նա լինի։ Եթե կառավարությունն իրավունք ստանա որոշելու, թե ով է ղեկավարում Եկեղեցին և ինչ կանոններով է այն ապրելու, ապա Էջմիածնի անկախությունը մշտապես կախված կլինի հերթական վարչապետի վերաբերմունքից։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • ԻՀՊԿ-ն սպառնում է հարվածել Հորմուզի նեղուցում գտնվող ստորջրյա ինտերնետային մալուխներին

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Հորմուզի նեղուցով անցնող կապի մալուխներին, հաղորդում է Fars գործակալությունը։

    «Ստորջրյա կապի մալուխները կարող են դառնալ Իրանի նոր թիրախները»,- հայտարարել է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբին։

    «Հորմուզի նեղուցով անցկացված են յոթ խոշոր ստորջրյա մալուխներ, որոնցից կախված են համաշխարհային ինտերնետ-թրաֆիկը և առևտրային տվյալների փոխանցումը»,- նշել է նա։

    Մոհեբին նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած նոր հարձակումից զերծ մնալու մասին։

    «Եթե տարածաշրջանը Իրանի համար դառնա անապահով, ապա տարածաշրջանում անվտանգություն չի լինի ոչ մեկի համար»,- նշել է գեներալը։

  • Ինչ վագր է Արսեն Թորոսյանը ստացել Վրաստանի իր պաշտոնակցից. պարզաբանում է խոսնակը

    «Հրապարակ» օրաթերթը «էսքկլյուզիվ» ենթաբաժնում հոդված է հրապարակել՝ վերնագրելով, թե «Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել»:

    ԱՍՀՆ խոսնակն անդրադարձել է թեմային՝ հրապարակելով լուսանկարներ ու նշելով, որ «Հրապարակ» օրաթերթի մասին ողջ ճշմարտությունը մեկ նյութում, ավելի ճիշտ` մեկ վերնագրումէ ամփոփված:

    «Իսկ կից լուսանկարում կտեսնեք նախարար Թորոսյանի` Վրաստանի իր պաշտոնակցից ստացած արարողակարգային նվեր «վագրը», որն ի դեպ, սահմանված ընթացակարգով ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

    Գուցե օրաթերթում կարոտով են հիշում այն ժամանակները, երբ դղյակներում սեփական կենդանաբանական այգին և վայրի կենդանիներ պահող պաշտոնյաներն ավելի շատ էին մեր երկրում, քան Կարմիր գրքում գրանցված շատ կենդանատեսակներ, և այդ կարոտն է, որ ոչ մի կերպ հանգիստ չի տալիս վերջիններիս»,-գրել է խոսնակը:

  • Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան

    Հայաստանում միտքը, ինտելեկտը մարգինալացվում են, և քաղաքական ու պետական մտածողության փոխարինիչը լայքահավաքությունն է: Այս մասին գրառում է կատարել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

    «Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ալբանիայում և եվրոպական այլ երկրներով տարածվող զանգվածային պրոցեսները պրոյեկտենք Հայաստանի վրա, որտեղ ընտրություններից հետո լարվածությունը միայն աճեց և անորոշությունը միայն մեծացավ։

    Հետևություն 1
    Հայաստանը չի կարող կտրված լինել աշխարհում, Եվրոպայում, տարածաշրջանում ընթացող զարգացումներից և ռիսկերից։ Պետք է կարողանալ նայել ու տեսնել լրատվական կադրերից այն կողմ, թե ի´նչ է կատարվում աշխարհում, ո´րն է պրոցեսների միտումը, որո´նք են խորքային պատճառները և մեզ համար հնարավոր ռիսկերը։

    Հետևություն 2
    Որևէ բանական մարդու, պատասխատանու քաղաքական ուժի և խելամիտ հասարակության նպատակը ո´չ անկարգություններն ու անկայունությունն է, ոչ էլ՝ ճահճացող ռեպրեսիվ «պսևդոկայունությունը»։ Պիտի արձանագրենք. Հայաստանում կան հանրային լուրջ դժգոհություններ, իսկ դժգոհությունների էվոլյուցիան պետք է լինեն լուծումներն ու փոփոխությունները։ Հիմքում էլ պետք է լինի ռացիոնալ միտքը։

    Հետևություն 3
    Հայաստանում միտքը, ինտելեկտը մարգինալացվում են, և քաղաքական ու պետական մտածողության փոխարինիչը լայքահավաքությունն է։ Սա ստեղծում է «մտքից ազատ» միջավայր, որտեղ լուծումներ չեն ծնվում։ Սա պետք է փոխվի։

    Հետևություն 4
    Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար»։ Այսպես մտածելու պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք։ Պայքարը կավարտվի նույն մի քանի հազարանոց երթերով ու Աժ-ում «սուր հարց-կոշտ պատասխան» արարով, որտեղ պատասխանող կողմը միշտ շահելու է։  Փոխել է պետք է  երկրում միջավայրը, մթնոլորտը և միայն դրանից հետո պայքարի ձևերը և ֆորմատները կստանան արդյունավետություն։

    Հետևություն 5
    Պետք է հասարակությանը մասնակից դարձնել սեփական ճակատագրի քննարկմանը և որոշումների կայացմանը։ Խոսքը բոլոր ընտրազանգվածներրի մասին է։ Փաստարկված և սոլիդ խոսքով հանրային կյանք պետք է վերադարձնել բանականությունը։ Այդպես է հնարավոր գալ ճիշտ որոշումների, այդպես է հնարավոր վերագտնել միասնական վտանգի և միասնական պատասխանատվության զգացումը։ Քաղաքական լիդերության խնդիրը պետք է լինի հենց դա։

    Հետևություն 6
    Ընդդիմության մոնոպոլիա չի կարող լինել։ Մոնոպոլիան և համախմբումը տարբեր բաներ են։ Ընդդիմության մոնոպոլիան նշանակում է արգելափակում՝ առողջ գաղափարների, այլ տեսակետների և հետևաբար՝ տարբեր ընտրազանգվածների, հանրային շերտերի համախմբման։

    Հետևություն 7
    Հակընդդեմ քաղաքական էլիտաները պետք է դադարեն միմյանց ոչնչացնելու մոլուցքը։ Սա պետք է արտահայտվի մտածողության վերանայմամբ, հանրային պատշաճ խոսույթով և բոլոր քաղաքական կալանավորների ազատ արձակմամբ։ Ոչ մի քաղաքական ուժի խնդիրը չպետք է լինի դիմացինին ոչնչացնելու իդեան։

    Հետևություն 8
    Պետք է վերանայվի «ընդդիմություն» հասկացությունը: Ընդդիմությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան՝ որևէ կուսակցություն կամ խմբակցություն։ Ընդդիմությունը ոչ միայն խոսույթն է, այլև՝ կառուցվածքային համակարգը։  Ընդդիմությունը լուծումներ և ժողովրդին ամբողջական հեռանկար առաջարկող համակարգն է և հենց դրանով պետք է դառնա այն բաց դուռը, ուր կգան տարբեր ընտրազանգվածներից հատվածներ։

    Հետևություն 9
    Հայաստանի հանրային կյանք պետք է վերադարձվի բարոյականությունը։ Մենք վերածվել ենք գիշատիչ հասարակության, որտեղ նորմալ է ամեն այլանդակություն հանդուրժել կամ մասնակիցը դառնալ՝ ցանկացած ինքնարդարացմամբ։

    Հետևություն 10
    Ազատության և արդարադատության գաղափարը պետք է դառնա լայն համախմբման և ներհանրային հաշտության առաջնային օրակարգ։ Բոլոր քաղբանտարկյալների պետք է ազատ արձակվեն, ռեսպրեսիվ մեքենան պետք է կանգնեցվի։

    Ամփոփում
    Վստահաբար, այլոք կառաջարկեն նաև այլ ճիշտ քայլեր, ոմանք էլ գուցե մասնակիորեն չեն համաձայնվի իմ առաջարկություններին։ Բայց այս քայլերը կբերեն միջավայրի փոփոխության։ Դրա շնորհիվ հասարակությունը և պետությունը կդառնան էապես ավելի դիմակայուն։ Իմ տեսլականը սա է։ Դրանից հետո կերևան ճիշտ լուծումները, և մենք ավելի պատրաստ կլինենք հնարավոր համաշխարհային և ռեգիոնալ ռիսկերին։
    Բանականությունը պետք է վերադառնա մեր կյանք. սարսափելի է հիշել, բայց մի 6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից»,-գրել է նա:

  • Գյումրիում հայտարարվել է Քըրք Քըրքորյան փողոցի հիմնանորոգման բարեգործական նախաձեռնություն

    Տոնական միջոցառումների շրջանակում ներկայացվել են քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագրեր։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց գյումրեցիներին նախատեսված նվերի մասին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ հիմնանորոգվելու է Քըրք Քըրքորյան փողոցը։

    Նրա ներկայացրած նախագծի համաձայն, այս զբոսաշրջային զարկերակը կբարեկարգվի միջազգային չափանիշներով՝ դառնալով ակտիվ ու ժամանակակից տուրիստական գոտի։ Կարապետյանը նշեց, որ սա թույլ կտա խնայել տեղական բյուջեն և ուղղել առաջնահերթ խնդիրներին։

    Նա համեմատեց պետական ծախսերը COP17-ի համար նախատեսված 30 միլիոն դոլարի հետ՝ նշելով, որ այդ գումարով հնարավոր կլիներ բնակարաններով ապահովել տնակներում ապրող շուրջ 1000 գյումրեցի ընտանիքի։ Քանի դեռ քաղաքում կան անտուն մարդիկ, նման ճոխությունները, ըստ նրա, անթույլատրելի են։

  • Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան երբեք այսքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի միջև պատմության մեջ ամենասերտ համագործակցության մասին։

    «Մեր պատմության ընթացքում երբեք Իրանն ու Ռուսաստանն այսքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա»,- երեքշաբթի առավոտյան X սոցիալական ցանցում գրել է Արաղչին։

    Նրա խոսքով՝ Լավրովի հետ միասին նրանք քննարկել են «բոլոր հարցերը՝ Եվրոպայից մինչև Արևմտյան Ասիա, ներառյալ Լիբանանը, Պաղեստինը, Ուկրաինան և Եմենը»։

    «Նաև կենտրոնացել ենք տնտեսական և միջուկային համագործակցության ընդլայնման վրա»,- նշել է Արաղչին՝ բանակցությունները բնորոշելով որպես «ժամանակին»։

    Լավրովը երկուշաբթի Բահրեյնից ժամանել է Թեհրան, որտեղ մասնակցել էր Ռուսաստան-Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) ռազմավարական երկխոսության 9-րդ փուլին։

    Երկուշաբթի երեկոյան ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ նախարարի աշխատանքային այցի ընթացքում կողմերը արձանագրել են քաղաքական երկխոսության ինտենսիվ բնույթը, սերտ փոխգործակցությունը կառավարական և ճյուղային մակարդակներում, խորհրդարանների, տարածաշրջանների և բիզնեսի միջև։

    Նշվել էր նաև, որ Լավրովը Թեհրան աշխատանքային այցի ընթացքում ընդունվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից, վարել է «հանգամանալից բանակցություններ» Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչիի հետ և հանդիպել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։

  • Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    runews24.ru–ն ««Ո՞վ կկանգնեցնի Ադրբեջանին». Կեդմին անվանել է այն ուժը, որը կարող է փրկել Հայաստանը փլուզումից» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի հետ խաղաղությունը որակել որպես կատարված փաստ։ Նրա տրամաբանությունը պարզ է. ակտիվ ռազմական գործողությունները դադարել են արդեն երկուսուկես տարի, սակայն սահմանին լռությունը չի նշանակում դիմակայության ավարտ։


    Ռազմական և քաղաքական փորձագետ Յակով Կեդմին կարծում է, որ ներկայիս դինամիկան բնական է։ Նրա կարծիքով, Երևանի զիջումները չեն հանգեցնում խաղաղությանը։ Ընդհակառակը, դրանք գրգռում են Բաքվի ախորժակը։ «Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել։ Երբ դրանք բավարարվում են, Բաքուն նոր պահանջներ է ներկայացնում. միշտ կա պատրվակ։ Ադրբեջանում Հայաստանի վրա ճնշումը շարունակելու ցանկությունը մնում է նույնը», – բացատրել է փորձագետը։


    Փորձագետը կասկածում է, որ Երևանն ի վիճակի է դեմ առ դեմ դիմակայել Բաքվին։ Ադրբեջանի հետևում հզոր Թուրքիան է, որը պատրաստ է աջակցել «եղբայրական երկրի» ցանկացած ձեռնարկում։ Մինչդեռ Հայաստանը հույսը դնում է Եվրոպայի վրա, բայց Եվրոպան խրված է իր սեփական խնդիրների մեջ և անկարող է պաշտպանել իր նոր ընկերներին։ Իրավիճակը կարող է փոխվել ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի դեպքում, բայց Վաշինգտոնը չի հետաքրքրվում Հարավային Կովկասով, իսկ Փաշինյանն անձամբ է այրում բոլոր կամուրջները Մոսկվայի հետ։ «Ադրբեջանն իրեն համարում է Կովկասի առաջատար պետությունը։ Ալիևը վստահ է, որ ոչ ոք չի կանգնեցնի իրեն։ Եվ ո՞վ կկանգնեցնի նրան: Ի վերջո, այնտեղ կա հսկայական դեր ունեցող մեկ այլ երկիր՝ եղբայրական Թուրքիան։ Վրաստանը գործոն չէ այս հարցում. նա մտադրություն չունի միջամտելու։ Ռուսաստա՞նը։ Բայց պետք է հաշվի առնել Հայաստանի հետ ներկայիս հարաբերությունները, Հայաստանի ղեկավարի կողմից արված կոպիտ քայլերը և այն ամենը, ինչ նա հիմա անում է», – եզրափակել է Կեդմին։

    Հայաստանը հայտնվել է դժվարին իրավիճակում։ Հարցը, թե արդյո՞ք Երևանը կկարողանա գտնել իր շահերի իրական պաշտպաններ, մնում է բաց։ Պատմությունը սովորեցնում է մի պարզ ճշմարտություն. երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել հեռավոր հովանավորների պատրանքների և խոստումների վրա։ Երբ առաջնորդը կարճաժամկետ շահույթի համար հրաժարվում է վստահելի դաշնակիցներից, նա իր ժողովրդին մենակ է թողնում շատ ավելի ուժեղ և ավելի հավակնոտ հարևանների դեմ։ Վախով թելադրված զիջումները երբեք խաղաղություն չեն բերում. դրանք միայն գրգռում են նրանց ախորժակը, ովքեր ավելին են պահանջում։ Իսկական անկախությունը հիմնված չէ եվրոպական արժեքների մասին գեղեցիկ խոսքերի վրա, այլ սթափ հաշվարկի, ուժեղ բանակի և հուսալի, ժամանակի փորձություն անցած գործընկերների։ Մարդիկ, ովքեր իրենց երկրի ճակատագիրը վստահում են այն քաղաքական գործիչներին, ովքեր կամուրջներ են այրում նրանց հետ, ովքեր իսկապես կարող են պաշտպանել իրենց, մի օր վտանգում են մնալ առ ոչինչ։ Հետևաբար, յուրաքանչյուրը պետք է հիշի. առաջնորդների սխալների համար միշտ վճարում են սովորական մարդիկ, պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրը



    Տեսանյութեր





    Ռեսուրսներից՝ հնարավորություններ

    Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրը։ 

    Տարեցտարի ընդլայնվող ֆորումը մեկ հարկի տակ է համախմբում 15 երկրի ներկայացուցիչների և ավելի քան 50 բանախոսի՝ քննարկելու Հայաստանի ընդերքի ներուժը, ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրությունն ու օրեցօր ավելի պահանջված կրիտիկական մետաղների հեռանկարները։

    Հանքարդյունաբերության ոլորտի մարտահրավերները վեր հանող և միջազգային ու տեղական առաջատար մասնագետներին միավորող ֆորումի ռազմավարական հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նաև միջոցառման գլխավոր կազմակերպիչն էր:

     




  • Թեհրան–Մոսկվա առանցքը ամրապնդվում է․ Արաղչին՝ համագործակցության նոր մակարդակի մասին

    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցությունն այժմ պատմության մեջ ամենասերտն է։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Թեհրանում կայացած բանակցություններից հետո։

    «Մեր պատմության մեջ երբեք Իրանը և Ռուսաստանը չեն համագործակցել այնքան սերտորեն, որքան հիմա»,– գրել է Արաղչին երեքշաբթի առավոտյան։

    Նրա խոսքով՝ Լավրովի հետ քննարկել են մի շարք հարցեր՝ Եվրոպայից մինչև Արևմտյան Ասիա, այդ թվում՝ Լիբանանի, Պաղեստինի, Ուկրաինայի և Եմենի իրադրությունը։

    «Մենք նաև կենտրոնացել ենք տնտեսական և միջուկային համագործակցության ընդլայնման վրա»,– նշել է Իրանի արտգործնախարարը՝ բանակցությունները որակելով ժամանակին։

    Սերգեյ Լավրովը Թեհրան էր ժամանել երկուշաբթի՝ Բահրեյնից, որտեղ մասնակցել էր Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության իններորդ փուլին։

    ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում կողմերն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվ բնույթը, ինչպես նաև կառավարությունների, ոլորտային կառույցների, խորհրդարանների, տարածաշրջանների և գործարար շրջանակների միջև սերտ համագործակցությունը։

    Այցի շրջանակում Լավրովին ընդունել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա բանակցություններ է վարել Աբբաս Արաղչիի հետ, ինչպես նաև հանդիպել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։

  • Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա. վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասին ստացվող ահազանգերից:

    Վարչապետը նշել է, որ նախ՝ դեռևս հիմնավորված ահազանգեր չի ստացել նման ճնշումների մասին, իսկ աշխատանքից ազատման, լծակներ կիրառելու, վարույթներ հարուցելու համար պետք են հիմնավորումներ: Ուղղակի ինչ-որ անձի, դեպքի կամ երևույթի մասին խոսելն առանց հիմնավորման լինել չի կարող: Նրա խոսքով՝ կանգնած է յուրաքանչյուր քաղաքացու կողքին, որը պայքարում է իրավունքի գերակայության համար:

    «Ես հասկանում եմ, որ եթե նույն բանի մասին էսքան խոսում են, ասում են, ուրեմն մի բան կա, բայց ինձ պետք է հիմնավորում: Հենց ասվածը կհիմնավորվի, դա կունենա հետևանք: Ժողովրդավարությունը մեզ համար արժեքային համակարգ է և սկզբունք, իսկ դրա պաշտպանությունը՝ մեզ համար առաջնահերթություն, այդ թվում՝ ընտրակաշառքների դեմ ծայրահեղ կոշտ պայքարը»,- ասել է վարչապետը:

    Նա հավելել է, որ եթե կիրառվում են վարչական լծակներ՝ ասվում է մասնակցել կամ չմասնակցել այս կամ այն անձի քարոզարշավին, վարչական լծակներ կիրառողը միանշանակ ենթարկվելու է պատասխանատվության: Փաշինյանի խոսքով՝ իր համար խնդիր է, երբ ասվում է, թե ՀՀ-ում վախի մթնոլորտ է տիրում:

    «Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների և քվեարկել վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուների և քաղաքական ուժերի դեմ։

    Եթե նման վարքագծով հանդես է գալիս որևէ ՔՊ–ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ։

    Քաղաքացիները պետք է իրենց իրավունքների համար պայքարեն։ Կանգնած եմ բոլոր այն քաղաքացիների կողքին, ովքեր իրենց իրավունքների համար կպայքարեն, բայց այդ պայքարն էլ պետք է լինեն արդարացի, փաստարկված, հիմնավորված, որովհետև բանավոր, մերկապարանոց հայտարարությունների վրա մենք չենք կարող գործել։

    Տվեք հիմնավորում և ես խոստանում եմ, որ կգնամ այդ հիմնավորումների հետևից:

    Նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին։

    Բոլոր հանրապետական, մարզային, քաղաքային նշանակության պաշտոնյաներին ու ղեկավար անձանց կոչ եմ անում ժողովրդավարության կանոններից մեկ մմ չշեղվել. ովքեր դուրս կգործեն իմ ասածից, կապ չունի՝ ով կամ որ կուսակցությունից է այդ թեկնածուն, գնացեք ու դեմ քվեարկեք այդ մարդուն»,- ասել է վարչապետը: