Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «հերթական անգամ հերքում է Հայաստանում բժշկությունն ընդհանրապես անվճար է միֆը»։
Մասնավորապես անդրադառնալով ապահովագրության շրջանակում երեխաներին մատուցվող բուժծառայությունների դիմաց փոխհատուցման կարգին՝ նա ասաց. «Վերջին տարիներին մեր քաղաքականությունն է եղել բոլոր առաջին նորամուծություններն ու ծառայությունների ընդլայնումը հասանելի դարձել մեր երեխաների համար։ Սա շարունակվում է և մեր առաջնահերթությունն է»։
Միաժամանակ ավելացրեց, որ առողջության ապահովագրության շրջանակը հստակ ծառայությունների ծավալ է, որի համար փոխհատուցումներ են իրականացնում։
«Այո, կան դեպքեր, երբ որ խորհրդատվությունների համար առողջության ապահովագրությունը չի փոխհատուցում, որովհետև, օրինակ, ճիշտ չի պահպանվել ուղին՝ պոլիկլինիկա, հետո արդեն հիվանդանոց։ Քաղաքացին ուղիղ մոտեցել է հիվանդանոց՝ պլանային խորհրդատվության համար։ Սա ապահովագրությունը չի փոխհատուցի։
Կան դեպքեր, երբ որ ինչ-որ մի մասնագիտությամբ խորհրդատվությունը կարող է իր մեջ համավճար պարունակել։ Այս մասն էլ առանձին կարգավորված է։
Առողջության համընդհանուր ապահովագրությունն ամեն ինչ չի ծածկում, այն փակում է բոլորին, մենք դրան ենք գնում, բայց, իհարկե, առողջապահական բոլոր ծառայությունները չեն կարող մտնել ապահովագրության շրջանակում»,- ասաց Ավանեսյանը։
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 2-րդ)…
Դեպի ԵՄ ընտրության տարբերակն այս պահին ոչ միայն չկա, այլ Հայաստանը դեռևս շատ հեռու է այն ձևավորելու ռեալ գործընթացից:
2025 թվականի մարտին ՀՀ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ «Տպավորիչ է» հնչում, սակայն մինչ օրս ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ անգամ չի ներկայացվել։
Թեկնածու երկրի կարգավիճակ չկա, առավել ևս՝ անդամակցության բանակցություններ չկան։ Բնականաբար, չկա նաև ԵՄ որոշումը, որ Հայաստանը երբևէ կընդունվի Միության շարքերը։
Այդ դեպքում ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը (Նիկոլի հարցադրումն այստեղ ճիշտ է)…
Մի կողմից՝ գոյություն ունեցող ԵԱՏՄ-ն, որի անդամ Հայաստանը հանդիսանում է 2015թ-ից։ Մյուս կողմից՝ ապագայի հնարավոր Եվրամիությունը, եթե իհարկե Հայաստանը դիմում ներկայացնի, եթե իհարկե՝ մեզ թեկնածու ճանաչեն, եթե իհարկե՝ բանակցություններ սկսվեն, եթե իհարկե հնարավոր լինի իրականացնել բարեփոխումների հսկայական փաթեթ, և եթե վերջնական արդյունքում ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնեն ընդունել Հայաստանին։ Այսինքն՝ երկու այլընտրանքներից մեկը պարզապես գոյություն չունի։
Ուստի ԵԱՏՄ անդամ երկրների առաջարկած հանրաքվեով «ընտրելու բան չկա»։ Դա փաստ է։ Սակայն փաստ է նաև այն, որ ԵԱՏՄ-ն չի ցանկանում սպասել մինչ ՀՀ-ն ուղի «կհարթի» դեպի ԵՄ և պահանջում է ընտրել հիմա ու այստեղ: Փաշինյանի կառավարության համար, ենթադրաբար՝ ԵԱՏՄ-ից հրաժարվելը հեշտ է։ Բայց հետո ինչի՞ց պետք է բռնվի՝ պարզ չէ։
2025թ-ին Հայաստանի ընդհանուր արտահանման մոտ 35,3%-ն ուղղվել է Ռուսաստան։ Հայաստանի և ԵԱՏՄ միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8 մլրդ դոլարը, իսկ արտահանումը կազմել է 3,2 մլրդ դոլար։ Ռուսաստանի մասնաբաժինն այժմ նվազում է։ 2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի հետ առևտուրը նվազել է՝ հասնելով մոտ 2,6 մլրդ դոլարի, իսկ Հայաստանի արտաքին առևտրում, ՌԴ մասնաբաժինը նվազել է շուրջ 27,5%-ով։ ԵԱՏՄ-ի մասնաբաժինը կազմել է մոտ 29,4%։ Հայկական փոքր տնտեսության համար սրանք, բավականին լուրջ կորուստներ են։
Համեմատության համար նշեմ, որ 2025թ Եվրամիությունն ապահովել է ՀՀ ամբողջ արտաքին առևտրի 11,3%-ը և արտահանման ընդամենը 7,9%-ը։ Ահա և եվրոպական ընտրության ամբողջ թվաբանությունը։ Տնտեսական ցուցանիշները վկայում են, որ Եվրոպան առայժմ ի վիճակի չէ փոխարինել ռուսական (եվրասիական) շուկային։
ԵԱՏՄ-ի դուռը հանդիսավոր կերպով փակել կարելի է նույնիսկ վաղը։ Բայց դրանից հետո պետք է հայկական բիզնեսին բացատրել, թե հաջորդ օրը որտե՞ղ պետք է արտահանել ապրանքը։ Նիկոլը չի ցանկանում և ի զորու չէ դա բացատրել։ Նա փորձելու է քիչ թե շատ համադրելի այլընտրանքներ գտնել, հետո միայն որոշել՝ փակե՞լ տնտեսությանը կերակրող դուռը և երկիրը մտցնել արևմտյան նոր վարկերի ահագնացած բեռի տակ, թե՞ երկու կողմերի հետ շարունակել քաղաքական առևտուրը։
Ամերիկյան «Foreign Affairs» հեղինակավոր պարբերականը «Ինչո՞ւ Ամերիկան չի կարող խեղդել Իրանին» վերնագրով շատ արժեքավոր վերլուծություն է հրապարկել, որի հիմնական առանցքը հետևյալն է. ԱՄՆ-ի կողմից հայտարարված «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է այն սխալ ենթադրության վրա, թե Իրանը դեռևս կախված է այն նույն գլոբալ տնտեսական համակարգից, որը Վաշինգտոնը կարող է վերահսկել։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ըստ հոդվածի.
1. Իրանի դեմ Վաշինգտոնի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը նոր չէ։ ԱՄՆ-ը դեռ 2018թ.-ից փորձում է կտրել Իրանի տնտեսական կապերը, սակայն Թեհրանը ոչ միայն կենսունակ է, այլ նաև զգալիորեն հարմարվել է այդ դժվարին պայմաններին։
2. ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունը սահմանափակվել է։ Եթե նախկինում դոլարային համակարգից դուրս մնալը գրեթե տնտեսական մահ էր նշանակում, ապա այսօր գոյություն ունեն այլընտրանքային վճարային և առևտրային մեխանիզմներ։
3. Չինաստանը դարձել է Իրանի գլխավոր տնտեսական փրկօղակը։ Իրանական նավթի զգալի մասը վաճառվում է Չինաստանին՝ հաճախ միջնորդների, վերապիտակավորման և բարդ առևտրային սխեմաների միջոցով։
4. Պատժամիջոցների շրջանցումը դարձել է համակարգային հմտություն։ Իրանում ձևավորվել են բանկային, լոգիստիկ և առևտրային ցանցեր, որոնք հատուկ նախատեսված են պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։
5. Իրանի տնտեսությունը փոխել է իր կառուցվածքը։ Այն դարձել է ավելի փակ, ավելի ինքնաբավ և ավելի քիչ կախված արևմտյան շուկաներից։
6. ԱՄՆ-ի դաշնակիցները միշտ չէ, որ աջակցում են պատժամիջոցներին։ Շատ երկրներ, նույնիսկ ԱՄՆ-ի գործընկերները, սեփական տնտեսական շահերի պատճառով ամբողջությամբ չեն միանում Իրանի մեկուսացման քաղաքականությանը։
7. Գլոբալ Հարավի երկրների աճող դերը փոխում է խաղի կանոնները։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ ավելի անկախ արտաքին տնտեսական քաղաքականություն են վարում և չեն ցանկանում զոհաբերել իրենց շահերը հանուն ամերիկյան քաղաքականության։
8. Պատժամիջոցները հաճախ ավելի շատ վնասում են հասարակության խոցելի շերտերին, քան իշխանությանը։ Տնտեսական ճնշումը հարվածում է սովորական քաղաքացիներին, բայց չի փոխում է իշխանությունների ռազմավարական որոշումները։
9. Տնտեսական ճնշումը չի հանգեցրել քաղաքական կապիտուլյացիայի։ Իրանի ղեկավարությունը չի հրաժարվել իր հիմնական արտաքին քաղաքական և անվտանգության նպատակներից՝ չնայած տնտեսական նկատելի դժվարություններին։
10. Պատժամիջոցները խորացնում են Իրանի կապերը Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Վաշինգտոնի ճնշումը հաճախ հակառակ արդյունքն է տալիս՝ արագացնելով ոչ արևմտյան բևեռների միջև ռազմավարական համագործակցությունը։
11. ԱՄՆ-ի ռազմավարությունը հիմնված է հին աշխարհակարգի պատկերացման վրա։ Վաշինգտոնը դեռ փորձում է գործել այնպես, կարծես կարող է միանձնյա վերահսկել համաշխարհային ֆինանսական համակարգը, մինչդեռ աշխարհն ավելի բազմաբևեռ է դարձել։
12. ԱՄՆ-ը կարող է նկատելի դժվարություններ ստեղծել Իրանի համար, կարող է դանդաղեցնել նրա տնտեսական զարգացումը, բայց չի կարող ամբողջությամբ «խեղդել» կամ կտրել նրան համաշխարհային տնտեսությունից։ Հետևաբար, տնտեսական պատերազմը չի կարող ապահովել այն քաղաքական արդյունքները, որոնք ակնկալում է Վաշինգտոնը։
13. Ներկայիս բազմաբևեռ աշխարհում նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել և ստիպել հրաժարվել սեփական կենսական շահերի սպասարկումից»,-գրել է նա։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, ինչպես նաև դպրոցների տնօրեններ: ArmLur.am-ի տեղեկություններով ձերբակալություններն իրականացվել են կաշառքի քրեական վարույթի շրջանակներում։
ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններում Ռուսաստանից ոչ մի անարդար կամ անհնար պահանջ չեն ներկայացրել։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Կրեմլում ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում առաջնորդվել են Դոնալդ Թրամփի դիրքորոշմամբ՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը բացառելու և տեղում առկա իրողությունները ճանաչելու հարցում։ Իի հերթին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդման եթերում։
«Բայց քննարկումների էությունը, կարող եմ վստահաբար ասել, հիմնված է այն դիրքորոշման վրա, որը նախագահ Թրամփը դեռ Օվալաձև գրասենյակ վերադառնալուց անմիջապես հետո ներկայացրեց ուկրաինական հարցի վերաբերյալ։ Մասնավորապես՝ նա, առաջին հերթին, ասաց, որ պետք է նույնիսկ մոռանալ Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք ներքաշելու փորձերի մասին։ Նա ասաց, որ դա պարզ էր դեռ Պուտինից շատ առաջ։ Հարցը փակված է, և պետք չէ փորձել այն կրկին բարձրացնել»,— ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի դիրքորոշման երկրորդ բաղադրիչը տեղում առկա իրողությունների ճանաչումն է։ Նա ընդգծել է, որ խոսքը տարածքների մասին չէ։
«Խոսքը տարածքների մասին չէ։ Երբ մենք խոսում ենք իրողությունների մասին, նկատի ունենք մարդկանց, որոնց 2014 թվականի փետրվարյան պետական հեղաշրջումից անմիջապես հետո անվանում էին անմարդ, էակ, ահաբեկիչ։ Նրանց դեմ, երբ նրանք մերժեցին ապօրինի պետական հեղաշրջման արդյունքները, սկսեցին կիրառել բանակ, մարտական ինքնաթիռներ, հրետանի, ինչը կտրականապես արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, և նրանց մարդ չէին համարում»,— ընդգծել է նա։
Լավրովը նաև նշել է, որ նախագահ Թրամփի և նրա թիմի կողմից ընդունվող՝ տեղում առկա իրողությունները նախևառաջ կապված են մարդկանց և հանրաքվեների ժամանակ արտահայտված նրանց կարծիքի հետ՝ Ղրիմում, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։
«Այն, որ ամերիկացիները բոլոր շփումների ընթացքում ելնում են այս իրողություններից, դրական արձագանք և երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն է առաջացնում։ Նրանք ընդունում են այս հիմնարար բաները և փորձում են օգտակար լինել։ Սա արժանի է աջակցության»,— եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։
Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կապված 44-օրյա պատերազմի զոհերի թվի հետ:
«ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ:
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 7-ին Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման և հետագա զարգացման, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև ռազմավարական գործընկերությունների ընդլայնման օրակարգին։ ՀՀ ԱԳՄԱ նախարարն ընդգծել է Բալթյան երկրների հետ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ԵՄ հետ փոխգործակցության հարցերում փորձի փոխանակմանը ՀՀ կողմից տրվող կարևորությունը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Ելույթից հետո նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ուրախ է, որ ԵՄ պաշտոնյաներն անձամբ են բացահայտում Նիկոլ Փաշինյանի սուտը՝ Հայաստանն առաջիկա տասնամյակում ու քսանամյակում չի դառնա ԵՄ անդամ։
«Կեղծիք է նաև, որ 2029 թվականին վիզաների ազատականացման պրոցեսն ամբողջական փուլ է մտնելու ու ՀՀ քաղաքացիները առանց վիզա ճամփորդելու են Եվրոպա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խամոյանը։
Նա նշեց, որ Հայաստանում շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու։
«Լուրջ զարգացումներ են սպասվում նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ԵԱՏՄ-ի մասով պետք է սպասենք նորության, Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է ժամանակ ձգել, անորոշությունը պահպանել»,- ասաց Խամոյանը։
Պատգամավորն ասաց, որ չեն համակերպվելու Փաշինյանի ու Ալիևի համատեղ օրակարգին։