Blog

  • Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

    Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

  • Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը





    Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին Բաղդադում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է տարածաշրջանային պետությունների էներգետիկ, տրանսպորտային և կապի ցանցերի ինտեգրման նախաձեռնության մասին։

     INA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ վարչապետի խոսքով, նախաձեռնությունը ներառում է նաև «թվային վճարային համակարգերի և առևտրային հարթակների զարգացումը, ինչպես նաև արդյունաբերական գոտիների ինտեգրումը»։

     Նա բացատրել է, որ իրաքյան առաջարկը նպատակ ունի «ապահովել անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը՝ ամրապնդելով ճգնաժամերին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունը»։

    «Տարածաշրջանի առջև ծառացած ճգնաժամերը պահանջում են մեզանից ակտիվացնել մեր համատեղ ջանքերը՝ մեր ժողովուրդների շահերը պաշտպանելու, իսլամական աշխարհի ընդհանուր շահերը սպասարկելու և մեր սերունդների ապագան ապահովելու համար», – ընդգծել է վարչապետը:

    Ալ-Զաիդին նաև կոչ է արել ապահովել «առևտրի ազատությունը, դրա երթուղիների պաշտպանությունը և միջազգային միջանցքներով տրանսպորտի անարգել տեղաշարժը»:

     




    դիտվել է 102 անգամ

  • Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել





    Ուրբաթ օրը Գերմանիայի երեք դաշնային հողերի՝ Հեսսենի, Ռայնլանդ-Պֆալցի և Սաարի երկաթուղային կայարաններում ուղևորներին անսպասելիորեն խնդրել են լքել տարածքը։ Կեղծ ահազանգը կարող է ազդած լինել մոտ հազար կայարանի և կանգառի վրա, ստույգ թիվն առայժմ հայտնի չէ։ Այս մասին հայտնում է BILD ֊ը;

    Հայտարարությունը, ի թիվս այլոց, հնչել է նաև Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնական կայարանում: Կարճ ժամանակ անց ուղևորներին տեղեկացրել են, որ վտանգ չկա:

    Միջադեպի պատճառը դեռևս պարզված չէ։ Դաշնային ոստիկանությունը հայտնել է, որ Deutsche Bahn-ի աշխատակիցը պատահաբար սխալ կոճակ է սեղմել: Երկաթուղային ընկերության ներկայացուցիչն իր հերթին որպես պատճառ նշել է հայտարարությունների ավտոմատացված համակարգի տեխնիկական խափանումը:

    Deutsche Bahn-ը ներողություն է խնդրել ուղևորներից տեղի ունեցած սխալի համար:




    դիտվել է 233 անգամ

  • Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին





    Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

    Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն կշարունակի աջակցել վրաց ժողովրդին և 38 միլիոն եվրո կհատկացնի նոր ծրագրերի ֆինանսավորմանը։

    «ԵՄ ներկայացուցչությունը փաստացի հայտարարեց մեզ, որ վերացնում է Վրաստանի պետականությունը և մեզ հայտարարում պարզունակ համայնք, որտեղ չկա ո՛չ պետություն, ո՛չ ներկայացուցչություն, և նրանց անհրաժեշտ է անմիջական կապ հաստատել ինչ-որ մեկի հետ։

    Ամոթալի է, որ ԵՄ արտաքին քաղաքականությունն իջել է մինչև միջնադարյան այս արժեքները և ոչնչացրել այն ամենը, ինչը ենթադրում է հարգանք ինքնիշխանության ու պետության նկատմամբ, ինչպես նաև չմիջամտելու սկզբունք ներքին գործերին»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։




    դիտվել է 234 անգամ

  • Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն





    Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

    ««Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդանշաններ է ստանում՝ նոր էներգաբլոկ կառուցելու առաջարկի վերաբերյալ»,- հայտարարել է կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

    Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում պնդում էր, թե հայկական երկաթու կոնցեսիոն կառավարումը պետք է փոխանցվի երրորդ երկրի, այժմ առաջարկել է ռուսական կողմի հետ ստեղծել աշխատանքային խումբ՝ երեք ամսում երկաթուղու մրցունակության ապահովման լուծումներ ներկայացնելու համար։

    Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները եղբայրական են, իսկ խնդիրները՝ լուծելի։

    Այս հայտարարությունները հիմք են տվել ենթադրելու, թե Փաշինյանը փորձում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

    Սակայն արդյո՞ք սա ռազմավարական վերանայում է, թե՞ մարտավարական մանևր։

    Ես բազմիցս պնդել եմ, որ Փաշինյանի քաղաքականության ռազմավարական նպատակը ոչ այնքան Ադրբեջանի հետ խաղաղությունն է, որքան Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ուղեծրից դուրս բերելը։ Այդ ճանապարհին արված զիջումները, իմ համոզմամբ, նպաստեցին նաև Արցախի կործանմանը՝ Հայաստանի համար ստեղծելով անվտանգային, տնտեսական և աշխարհաքաղաքական լուրջ ռիսկեր։

    Սակայն այդ քաղաքականության վտանգավոր լինելը դեռ չի նշանակում, թե Փաշինյանը պատրաստ է հրաժարվել իր նպատակներից։

    Ուստի հիմնական հարցը հետևյալն է՝ Փաշինյանը վերանայո՞ւմ է իր քաղաքականությունը, թե՞ պարզապես փորձում է կառավարել դրա հետևանքով առաջացած ռիսկերը։

    Իմ գնահատմամբ՝ երկրորդ տարբերակն ավելի հավանական է։

    Նոր ատոմակայանի հարցում վերջնական որոշում չկա. «Ռոսատոմի» առաջարկի վերաբերյալ դրական ազդանշանները դեռ չեն նշանակում, որ Երևանը ընտրություն է կատարել հօգուտ ռուսական նախագծի։ Փաշինյանը բազմիցս շեշտել է, որ որոշումը կայացվելու է բացառապես տնտեսական չափանիշներով, իսկ նոր ԱԷԿ-ի տեխնոլոգիայի և գործընկերոջ ընտրության վերջնաժամկետը մնում է 2027թ. վերջը։

    Նույնը վերաբերում է երկաթուղուն. աշխատանքային խմբի ստեղծումը չի նշանակում, թե կառավարությունը հրաժարվել է կոնցեսիոն պայմանագրի վերանայումից։ Հարցը պարզապես հետաձգվում է՝ Մոսկվայի հետ հերթական առճակատումից խուսափելու համար։

    Միաժամանակ իշխանությունը չի հրաժարվում եվրոպական ինտեգրման օրակարգից։ Թեև գիտակցում կա, որ ԵՄ անդամակցություն տեսանելի հեռանկարում իրատեսական չէ, իշխանությունը չի պատրաստվում վերանայել անգամ Ազգային ժողովի ընդունած համապատասխան օրենքը։

    Այսպիսով՝ ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ, փոխվում է միայն դրանց իրագործման մարտավարությունը։

    Հատկանշական է Մոսկվայի արձագանքը։ Ռուսական կողմն, ըստ ամենայնի, Փաշինյանի վերջին քայլերը բավարար չի համարում՝ Երևանի քաղաքականության սկզբունքային վերանայում համարելու համար։ Թերևս, սա է պատճառը, որ առայժմ հստակ չէ անգամ Փաշինյան–Պուտին հանդիպման ժամկետը։

    Իրականում Փաշինյանը հայտնվել է սեփական քաղաքականության հակասությունների թակարդում։

    Մի կողմից, նա ձգտում է Հայաստանը դուրս բերել ռուսական ուղեծրից, մյուս կողմից՝ ստիպված է հաշվի նստել տնտեսության և էներգետիկ անվտանգության՝ Ռուսաստանից կախվածության հետ։ Մոսկվայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը կարող է առաջացնել ոչ միայն տնտեսական ու սոցիալական ճգնաժամ, այլև սպառնալ իշխանության կայունությանը։

    Իմ համոզմամբ՝ Փաշինյանը ոչ թե հրաժարվել է իր ռազմավարությունից, այլ փորձում է ժամանակ շահել՝ գիտակցելով դրա հնարավոր կործանարար հետևանքները Հայաստանի և սեփական իշխանության համար։

    Ժամանակը ցույց կտա, թե այս մարտավարությունը կմեղմի՞ ԵԱՏՄ գործընկերների առարկությունները կամ կստիպի՞ Մոսկվային հրաժարվել սանկցիաներից։

    Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը բավարարվի բացառապես հայտարարություններով, եթե համոզված է, որ Երևանը շարունակելու է երկրի ստրատեգիական վերակողմնորոշման քաղաքականությունը՝ պարզապես փոխելով դրա տեմպերը»,-նշել է նա։


  • Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ»





    «Հրապարակ». Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների ծնողները մեզ դժգոհեցին, որ իրենց խաբեությամբ տարել են դպրոցում կայացած՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձեւ է» շարժման միջոցառմանը։ Ուսուցիչները հոկտեմբերի 12-ին ծնողներին ասել են, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 14-ին դպրոցում ժողով է լինելու, բայց չեն հայտնել, թե ինչի մասին է լինելու ժողովը։ Այդ օրը Դիլիջանի թիվ 2 դպրոցում ֆուրշետի ճոխ սեղան է բացվել: Բայց միջոցառումից հետո ուսուցիչներից մեկը դժգոհել է, թե, չնայած իրենց գործադրած ջանքերին, մասնակցած ծնողների թիվը մեծ չէր։ Սակայն միջոցառմանը Աննա Հակոբյանը ներկա չի եղել:

    Հավելենք, որ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Քրիստինե Սարգսյանը հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական 40 հոգանոց ցուցակի 30-րդ համարն է։




    դիտվել է 77 անգամ

  • Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար





    Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

    «Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին

    Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։

    Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և միջազգային հանրության պատասխանատվության մասին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ անդրադարձ չի կատարել Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը և հայրենի հող վերադառնալու իրավունքին։

    Մենք դատապարտում ենք այս լռությունը, հատկապես այն պայմաններում, երբ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար արցախահայեր Ադրբեջանի ռազմական գործողությունների և դրանց նախորդած երկարատև շրջափակման հետևանքով հարկադրված եղան լքել իրենց հայրենիքը։

    Ինչպե՞ս կարելի է խոսել բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին՝ գտնվելով մի երկրում, որտեղ ապաստան են գտել իրենց հայրենիքից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր մարդիկ, և միաժամանակ անտեսել նրանց վերադարձի իրավունքը։

    Արցախի հայության կապն իր հայրենի հողի, մշակույթի, պատմական բնակավայրերի և բնական ժառանգության հետ անքակտելի է։ Բռնի տեղահանումը ոչ միայն մարդու իրավունքների ծանր խախտում է, այլև սպառնալիք այդ ժառանգության պահպանությանը։

    Հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Արցախից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։

    Խաղաղությունը չի կարող նշանակել բռնի տեղահանման հետևանքների լեգիտիմացում։ Խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի անտեսման գնով։

    Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրապարակայնորեն վերահաստատել արցախահայության անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձի իրավունքը, աջակցել Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարմանը և ապահովել, որ Արցախի ժողովրդի իրավունքները չանտեսվեն միջազգային խաղաղության և բնապահպանական գործընթացներում։

    Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար։

    Ակնկալում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հստակ հրապարակային դիրքորոշումն ու գործնական արձագանքը»։



    դիտվել է 34 անգամ

  • ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՆԴՅԱՆԴ, ՀՈՎՀԱՆՆԵ՛Ս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՍԻՐԵԼԻ ԱՐՏԻՍՏ

    Հոկտեմբերի 18-ը Գյումրու դրամատիկական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ծննդյան օրն է:

     

    Սիրով և ջերմորեն շնորհավորում ենք մեր թանկագին ԱՐՏԻՍՏԻՆ մաղթելով` բարեկեցություն, ստեղծագործական ձեռքբերումներ և խաղաղ երկինք…

     

    ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ ՔԱՂԱՔԻ ԱՐՏԻՍՏ…

  • Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան





    Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․

    Այն, ինչ այսօր կատարվում է Ֆրանսիայում (ինչպես նաև, ի դեպ, այս օրերին Ալբանիայում), մտնելու է պատմության դասագրքերի մեջ։ Զանգվածային անկարգություններն արդեն ձեռք են բերում ապստամբության կամ գուցե հեղափոխության հատկանիշներ։ Ոստիկանությունը գրեթե կորցրել է վերահսկողությունը Փարիզի, Լիոնի, Թուլուզի և մի շարք այլ քաղաքների կենտրոնական հատվածներում, որտեղ բողոքի են դուրս եկել ամենատարբեր խավերն ու խմբերը՝ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, ֆերմերներ, արհմիություններ։ Ոստիկանության հետ բախումներ, թալան և կողոպուտ, հրդեհված մեքենաներ և շենքեր… (լուսանկարները՝ ստորև)

    Ուզում եմ հիշեցնել տակավին 2019 թ. հունվարի 12-ին Դիմատետրում արված գրառումս, որը վերնագրել էի այսպես. «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԵՆ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է»։

    Այդ կոչում (հղված է առաջին մեկնաբանության մեջ), մասնավորապես, նկատել էի.

    «Առաջիկա տասնամյակում Եվրոպայի կայունությունը վերջնականապես տապալվելու է՝ ցնցելով միջազգային քաղաքական համակարգը։ Եվրոպական երկրները շարվեշարան շարժվելու են կա՛մ դեպի ծայրահեղ ձախ, կա՛մ դեպի ծայրահեղ աջ ուղղությամբ։ «Դեղին ժիլետները» գալիք Նոր Եվրոպայի առաջին ծիծեռնակներն են և եվրոպական ուլտրա-լիբերալիզմի գերեզմանափորը։ Այս ամենի հետևանքները եվրոպական երկրներում բնակվող հայության համար անկանխատեսելի են։ Ուստի Եվրոպայի ու հատկապես Ֆրանսիայի հայերը (նրանք, ովքեր դեռ չեն ամբողջությամբ ձուլվել) չպետք է ուշացնեն. հայրենադարձության ժամանակը հիմա է»։

    Նույն գրառման տակ արված մեկնաբանություններից մեկում դարձյալ ընդգծել եմ. «Եվրոպայի կայունության օրերն հաշված են։ Գուցե մի քանի տարի… այնուհետև անկանխատեսելի վայրիվերումներ են լինելու»։

    Այսօրվա զարգացումների վերջնարդյունքը դեռևս պարզ չէ, սակայն մի բան արդեն ակնհայտ է. Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան։ Հայությունը պետք է պատրաստ լինի այդ շրջադարձերին նախապես՝ քանի դեռ ունի սեփական ընտրությունը կատարելու ժամանակ և հնարավորություն։

    Ուստի կրկնում եմ կոչս՝ «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԵՆ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է»։




    դիտվել է 30 անգամ

  • Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    rate.am-ի տվյալներով ներկայացնում ենք ֆինանսական շուկայի ընթացիկ փոխարժեքները։

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույնը 360.50 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 363 դրամ։ Եվրոյի առքի առավելագույնը 402 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 408 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույնը 4.26 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 4.40 դրամ։