Blog

  • ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Պարսից ծոցի ջրերում գտնվող չորս նավերի վրա հարձակման մասին։

    «Իրանի ՌԾՈւ կործանիչները, հետևելով և հետապնդելով չորս նավի, որոնք նախկինում ընթացել էին ապօրինի երթուղով, հայտնաբերել են դրանք Պարսից ծոցի հյուսիսային հատվածում նավթային բեռների վերաբեռնման պահին, որտեղ դրանք բոլորը միաժամանակ խոցվել են», – ԻՀՊԿ հայտարարությունն է մեջբերում IRNA գործակալությունը։

    Զինվորականների խոսքով՝ նավերում հրդեհ է բռնկվել, անձնակազմերի վիճակի մասին չի հաղորդվում։

  • Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության կասեցման հնարավոր հետևանքների շարքում գազի ներմուծման արժեքի շուրջ 69 տոկոս աճն է լինելու։ Իսկ գազի գնի այդքան շեշտակի աճը կարող է լրջորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա։

    «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրը միայն գազի հնարավոր թանկացումը չէ։ Մտահոգիչ են նաև այն հարցերը, թե ինչ տնտեսական գին կարող է ունենալ Հայաստանի արտաքին տնտեսական կողմնորոշման փոփոխությունը, որքանով է կառավարությունը պատրաստ նման սցենարներին, և վերջապես՝ ով է վճարելու հնարավոր թանկացումների համար։

    Հոկտեմբերի 20-ին հրապարակված զեկույցում դիտարկվում է՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6 տոկոսով, գնաճը՝ աճել 14,9 տոկոսային կետով, իսկ սպառումը՝ կրճատվել 14,6 տոկոսով։

    Սակայն ամենազգայուն կետերից մեկը բնական գազի հարցն է։ Զեկույցում նշվում է, որ Հայաստան մատակարարվող գազի հաշվարկային գինը կարող է հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից հասնել 300 դոլարի։ Սա շուրջ 69 տոկոս աճ է։

    Փաստաթղթի հեղինակների հաշվարկով՝ գազի ներմուծման արժեքը տարեկան կարող է 389 միլիոն դոլարից հասնել 657,5 միլիոն դոլարի՝ ավելանալով 268,5 միլիոն դոլարով։ Ընդ որում՝ զեկույցում նշված 300 դոլարը գնահատականային ցուցանիշ է, և իրական պայմանագրային գինը կարող է կախված լինել նաև միջազգային շուկայի իրավիճակից։

    Կարևոր է ընդգծել՝ խոսքը հնարավոր սցենարի մասին է, ոչ թե արդեն ընդունված որոշման կամ սպառողների համար հաստատված նոր սակագնի։ Բայց նույնիսկ որպես սցենար՝ այս հաշվարկը լուրջ հարցեր է առաջացնում։

    Եթե գազի ներմուծման արժեքը զգալիորեն աճի, դրա հետևանքները կարող են չսահմանափակվել միայն էներգետիկ ոլորտով։

    Գազը Հայաստանի տնտեսության համար կարևոր ռեսուրս է։ Դրա գնի բարձրացումը կարող է ավելացնել արտադրողների ծախսերը, բարձրացնել ջեռուցման և էներգիայի արտադրության ինքնարժեքը, իսկ հետագայում ճնշում գործադրել ապրանքների ու ծառայությունների գների վրա։

    Այսինքն՝ վտանգը միայն գազի ամսական վճարի հնարավոր ավելացումը չէ։ Խնդիրն այն է, որ թանկ էներգակիրները կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաև սննդամթերքի, արտադրական ապրանքների, տրանսպորտի և այլ ծառայությունների գների վրա։

    Ամենախոցելի վիճակում կարող են հայտնվել սոցիալապես անապահով ընտանիքները, թոշակառուները և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց համար նույնիսկ փոքր գնաճը կարող է լուրջ բեռ դառնալ։

    Երեկ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ գազի գնի փոփոխությունը, տարբեր սցենարներից կախված, կարող է 5–7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։

    Նախարարը հնարավոր թանկացումն անցանկալի է համարել, բայց միաժամանակ նշել, որ այն Հայաստանի համար անելանելի իրավիճակ չի ստեղծի։ Նրա խոսքով՝ Կառավարությունը դիտարկում է տարբեր տնտեսական սցենարներ և պետք է աստիճանաբար հարմարվի շուկայական գներին։

    Պապոյանի հայտարարությունը, իհարկե, կոնկրետ թվեր է պարունակում, բայց ակնհայտ է, որ չի կարող գազի գնի այդքան բարձրացումը ՀՀ տնտեսության վրա 5–7 տոկոս ազդեցություն ունենալ։ Նախարարն էլի մաթեմատիկական թվեր է իրար խառնել։

    Հենց այստեղ է անհրաժեշտ հստակություն. իշխանությունը պետք է հանրությանը բացատրի՝ ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի տնտեսական ապագան, ինչպե՞ս է գնահատում արտաքին տնտեսական հնարավոր ռիսկերը և ի՞նչ քայլեր է նախատեսում դրանք նվազեցնելու համար։

    Ամենամտահոգիչն այն է, որ ցանկացած մեծ տնտեսական փոփոխության վերջնական հետևանքները կարող են հասնել քաղաքացիներին՝ նույնիսկ եթե դրա սկզբնական պատճառը միջազգային կամ քաղաքական կամակորության պատճառ են։

    Եթե գազի ներմուծման արժեքն աճի, Կառավարությունը պետք է հստակ ներկայացնի՝ ինչ ազդեցություն դա կարող է ունենալ ներքին սակագների, արտադրության, գնաճի և բնակչության ծախսերի վրա։

    Պետք է նաև հասկանալ՝ արդյոք Հայաստանը կարող է կարճ ժամանակում գտնել այլընտրանքային էներգետիկ լուծումներ, նվազեցնել կախվածությունը գազից և պաշտպանել սպառողներին հնարավոր գնային ցնցումներից։

    Եվ այստեղ հարցը միայն ԵԱՏՄ-ի կամ Եվրամիության ընտրությունը չէ։ Խոսքը Հայաստանի տնտեսական դիմադրողականության, էներգետիկ անվտանգության և քաղաքացիների կենսամակարդակի մասին է»։


  • Հայաստանում արտագաղթը դադարե՞լ է․ ինչ է իրականում ասել Արփինե Սարգսյանը, և ինչ են ցույց տալիս թվերը

    TikTok սոցիալական ցանցի «Իրական օրակարգ» էջում հրապարակված տեսանյութում Հայաստանից արտագաղթի վերաբերյալ մի շարք պնդումներ են արվում՝ կասկածի տակ դնելով Ներքին գործերի նախարարության ներկայացրած միգրացիոն ցուցանիշները։

    «Իշխանությունը թվային մանիպուլյացիաներով փորձում է համոզել, թե արտագաղթը Հայաստանում դադարել է։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հպարտանում է առաջին կիսամյակի ընդամենը 1300-ի դրական սալդոյով՝ պնդելով, թե երկիրը դարձել է մուտքի ու տարանցման պետություն։ Բայց ո՞ւմ հաշվին՝ օտարերկրյա էժան աշխատուժի՞, թե օտարերկրյա տարանցիկ ուղևորների»,- նշվում է տեսանյութում։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրապարակային հայտարարություններն ու պաշտոնական վիճակագրությունը՝ պարզելու, թե արդյոք նախարարը հայտարարել է արտագաղթի դադարեցման մասին, ի՞նչ է նշանակում սահմանահատումների դրական հաշվեկշիռը և որքանո՞վ է հիմնավորված Հայաստանը մուտքի ու տարանցման երկիր համարելը։

    Ի՞նչ է հայտարարել Արփինե Սարգսյանը

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 2026 թվականի փետրվարի 13-ի ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է Հայաստանի քաղաքացիների սահմանահատումների վիճակագրությանը։

    Նախարարի ներկայացմամբ՝ 2025 թվականին Հայաստան է մուտք գործել 5 մլն 201 հազար 747, իսկ երկրից դուրս է եկել 5 մլն 171 հազար 270 անձ։ Արդյունքում բոլոր սահմանահատումների հաշվեկշիռը կազմել է դրական 30 477։

    Հայաստանի քաղաքացիների դեպքում դրական տարբերությունը կազմել է 8660։

    Նախարարը նաև նշել է, որ 2020 թվականին ևս դրական հաշվեկշիռ էր գրանցվել, սակայն այն պայմանավորված էր COVID-19 համավարակով և տեղաշարժի սահմանափակումներով։

    2025 թվականի ցուցանիշը Սարգսյանը գնահատել է որպես բացառիկ՝ այն կապելով երկրի ներքին կայունության, անվտանգության միջավայրի և տնտեսական ակտիվության հետ։ Նրա խոսքով՝ այս գործոնները նպաստել են արտագաղթի տեմպերի նվազմանը և ներգաղթի միտումների ձևավորմանը։

    Այսպիսով, փետրվարյան ասուլիսում նախարարը խոսել է արտագաղթի տեմպերի նվազման, ոչ թե արտագաղթի ամբողջական դադարեցման մասին։

    Սեպտեմբերի 8-ին արդեն Սիվիլնեթի հետ հարցազրույցում նախարարը շեշտել է, որ Հայաստանը աստիճանաբար վերածվում է մուտքի և, տարանցման երկրի և 2026 թվականի առաջին կիսամյակի դրական հաշվեկշիռը համեմատելով նախորդ տարիներին արձանագրված բացասական ցուցանիշների հետ, ընդգծել է՝ վիճակագրությունը վկայում է արտագաղթից դեպի ներգաղթ միտումների փոփոխության մասին։

    Այսպիսով, ուսումնասիրված հայտարարություններում ՆԳ նախարարը չի պնդել, թե Հայաստանից արտագաղթն ամբողջությամբ դադարել է։ Նա խոսել է արտագաղթի տեմպերի նվազման և ներգաղթի միտումների ձևավորման մասին։

    Մինչդեռ տեսանյութի հեղինակը հայտարարում է, թե իշխանությունները «թվային մանիպուլյացիաներով փորձում են համոզել», որ արտագաղթը դադարել է։ Այս ձևակերպմամբ իշխանություններին վերագրվում է հասարակությանը մոլորեցնելու մտադրություն, որի վերաբերյալ ապացույցներ տեսանյութում չեն ներկայացվում։

    Մյուս կողմից, առանձին հարց է՝ արդյոք նախարարի օգտագործած սահմանահատումների տվյալները բավարար են արտագաղթի տեմպերի նվազման մասին եզրակացության համար։

    Ի՞նչ է ցույց տալիս առաջին կիսամյակի 1300 դրական հաշվեկշիռը

    Տեսանյութի երկրորդ պնդումը վերաբերում է 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիների սահմանահատումների դրական հաշվեկշռին։

    ՆԳՆ-ի՝ օգոստոսի 14-ին հրապարակած տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիների 871 409 մուտք և 870 062 ելք է գրանցվել։ Այսպիսով, սահմանահատումների հաշվեկշիռը (նշված թվերի տարբերությունը-հեղ․) կազմել է դրական՝ +1347։

    Այս տվյալը ներկայացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը, ոչ թե անձամբ Արփինե Սարգսյանը։ Սակայն նախարարը հետագայում ևս անդրադարձել է նույն ցուցանիշին։

    Նախորդ տարիների համադրելի ժամանակահատվածների տվյալները հետևյալն են՝

    Ժամանակահատված ՀՀ քաղաքացիների սահմանահատումների հաշվեկշիռ
    2024 թ․ առաջին կիսամյակ −22 893
    2025 թ․ առաջին կիսամյակ −20 065
    2025 թ․ ամբողջ տարի +8 660
    2026 թ․ առաջին կիսամյակ +1 347

    Տեսանյութում 2026 թվականի առաջին կիսամյակի դրական հաշվեկշիռը ներկայացվում է «ընդամենը 1300» ձևակերպմամբ։ Թեև թիվը համապատասխանում է պաշտոնական վիճակագրությանը, սակայն դրա ներկայացումն ուղեկցվում է գնահատողական շեշտադրմամբ՝ առանց նախորդ տարիների համադրելի ցուցանիշների։

    Մինչդեռ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիների սահմանահատումների հաշվեկշիռը բացասական էր՝ −20 065, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ դրական 1347։ Այսինքն՝ հաշվեկշիռը բարելավվել է 21 412-ով։

    Միաժամանակ, 2025 թվականի ամբողջ տարվա արդյունքներով ևս արձանագրվել էր դրական հաշվեկշիռ՝ 8660։ Սա նշանակում է, որ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների՝ երկիր մուտք գործելու գրանցված դեպքերն ավելի շատ են եղել, քան երկրից մեկնելու դեպքերը։

    Սակայն սահմանահատումների դրական հաշվեկշիռը չի նշանակում, որ նույնքան մարդ վերադարձել է Հայաստան մշտական բնակության կամ որ արտագաղթը նվազել է։

    Պատճառն այն է, որ սահմանահատումների վիճակագրությունը ցույց է տալիս մուտքերի և ելքերի գրանցված դեպքերը, ոչ թե մշտական բնակության նպատակով արտերկիր մեկնած կամ Հայաստան վերադարձած անձանց թիվը։

    Օրինակ՝ արտերկրում մշտապես բնակվող Հայաստանի քաղաքացին կարող է ժամանակավորապես այցելել Հայաստան և հաշվառվել որպես մուտք, սակայն դա չի նշանակում, որ նա վերադարձել է մշտական բնակության։ Նույն կերպ, Հայաստանից աշխատանքի, ուսման, զբոսաշրջության կամ այլ նպատակներով ժամանակավորապես մեկնած քաղաքացին չի նշանակում, որ արտագաղթած է։

    Ավելին՝ նույն անձը տարվա ընթացքում կարող է մի քանի անգամ հատել պետական սահմանը։

    Հետևաբար, պաշտոնական թվերը ցույց են տալիս սահմանահատումների հաշվեկշռի բարելավում, սակայն միայն դրանցով հնարավոր չէ հաստատել արտագաղթի տեմպերի նվազումը կամ ներգաղթի աճը։

    Հայաստանը դարձե՞լ է մուտքի և տարանցման երկիր

    Տեսանյութի հաջորդ պնդումն առնչվում է նախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանը վերածվել է մուտքի և տարանցման երկրի։

    Հոկտեմբերի 10-ին ՆԳ նախարարի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ հոկտեմբերի 13-ին հրապարակված հաղորդագրությունում նախարարությունը նշել է, որ Հայաստանը ելքի երկրից վերածվել է մուտքի և տարանցիկ ուղղության։

    Հոկտեմբերի 14-ին կառավարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Սարգսյանը հայտարարել է, որ միգրացիոն միտումները փոխվել են, և Հայաստանը վերջին տասնամյակում վերածվել է մուտքի ու տարանցիկ ուղղության, ինչը, ըստ նրա, հատկապես ընդգծված է 2022 թվականից։

    Այստեղ անհրաժեշտ է տարբերել երեք հասկացություն։

    Ելքի երկիր ասելով՝ միգրացիոն համատեքստում սովորաբար մասնագետները նկատի են ունենում այն երկիրը, որտեղից մարդիկ մեկնում են այլ երկրներ՝ այդ թվում՝ բնակություն հաստատելու նպատակով։

    Մուտքի երկիր կարող է նշանակել երկիր, ուր ժամանում են օտարերկրյա քաղաքացիներ՝ աշխատանքի, ուսման, բնակության կամ այլ նպատակներով։

    Տարանցման երկիր է համարվում այն երկիրը, որի տարածքով մարդիկ անցնում են մեկ այլ երկիր հասնելու նպատակով։

    Սակայն այս երեք երևույթները փոխադարձաբար բացառող չեն։ Հայաստանը միաժամանակ կարող է լինել արտագաղթի, ներգաղթի և տարանցիկ տեղաշարժերի երկիր։

    Ավելին՝ սահմանահատումների դրական հաշվեկշիռը դեռևս բավարար չէ հաստատելու, որ Հայաստանը միգրացիոն առումով արդեն դարձել է ներգաղթի երկիր։ Դրա համար անհրաժեշտ են տվյալներ օտարերկրացիների բնակության տևողության, կացության կարգավիճակների, ներգաղթի և արտագաղթի իրական ծավալների վերաբերյալ։

    Այսպիսով, նախարարի հայտարարությունը վերաբերում է միգրացիոն հոսքերի կառուցվածքի փոփոխությանը։ Սահմանահատումների հրապարակված տվյալները ցույց են տալիս տեղաշարժերի հաշվեկշռի փոփոխություն, սակայն միայն դրանցով հնարավոր չէ ամբողջությամբ հաստատել երկրի միգրացիոն կարգավիճակի փոփոխությունը։

    Օտարերկրյա էժան աշխատո՞ւժ, թե՞ տարանցիկ ուղևորներ

    Տեսանյութում հարց է բարձրացվում՝ արդյոք Հայաստանը մուտքի և տարանցման երկիր է դարձել օտարերկրյա էժան աշխատուժի, թե տարանցիկ ուղևորների հաշվին։ 

    ՆԳՆ տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների սահմանահատումների հաշվեկշիռը կազմել է դրական 57 953։

    Այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիների գրանցված մուտքերը 57 953-ով գերազանցել են ելքերին։

    Սակայն այս ցուցանիշից հնարավոր չէ պարզել, թե այդ մարդկանցից քանիսն են ժամանել աշխատանքի, քանիսը՝ զբոսաշրջության, ուսման, մշտական բնակության կամ տարանցման նպատակով։

    Նույն կերպ, հնարավոր չէ եզրակացնել, որ մուտք գործած օտարերկրացիները հիմնականում էժան աշխատուժ են։ Դրա համար անհրաժեշտ են տվյալներ նրանց զբաղվածության ոլորտների, աշխատանքային պայմանների և վարձատրության վերաբերյալ։

    Մյուս կողմից, բոլորին տարանցիկ ուղևոր համարելու համար ևս անհրաժեշտ է պարզել, թե նրանցից քանիսն են Հայաստանը օգտագործել որպես միջանկյալ ուղղություն՝ մեկնելով երրորդ երկիր։

    Այսպիսով, տեսանյութում բարձրացված այս հարցադրումը մանիպուլյատիվ է, քանի որ դրանց բացատրության համար չեն ներկայացվում հիմնավորող տվյալներ: 

    Եզրակացություն

    Այսպիսով, «Իրական օրակարգ» էջի տեսանյութը մանիպուլյատիվ է․ դրանում իրական վիճակագրական տվյալներն ու պաշտոնական հայտարարությունները համադրվում են գնահատողական ձևակերպումների, չապացուցված մտադրությունների վերագրման և ուղղորդող հարցադրումների հետ։ 

    Մասնավորապես, իշխանություններին վերագրվում է հասարակությանը արտագաղթի դադարեցման մեջ համոզելու նպատակ, իսկ օտարերկրյա աշխատուժի և տարանցիկ ուղևորների վերաբերյալ հարցադրումը ներկայացվում է առանց այն հիմնավորող տվյալների։ Արդյունքում ձևավորվում է միգրացիոն իրավիճակի միակողմանի պատկեր։

    Արեն Նահապետյան 

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

  • ՀՀ կառավարությունը 148,5 մլն դրամ տրամադրեց 2 ձեռագրերի գնման համար

    Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։

    ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի սեփականատերը 5 տարբեր ձեռագրեր է ներկայացրել վաճառքի։ Մատենադարանի բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության հասնել ինչպես գնի, այնպես էլ ժամկետների հարցում։

  • Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. Ավետիսյան






    Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն, այլընտրանքային պատմություն գրեն իր պետության և ժողովրդի համար և այդ պատմությունը հրամցնեն իր ժողովրդին։

    Քանզի ցանկացած ժողովուրդ, որ կեղծ պատմություն է սովորում և առաջնորդվում է կեղծ պատմությամբ, դառնում է արևմտյան երկրների ձեռքում գործիք և սպասարկում է արևմտյան երկրների շահերը։ Արդյունքում՝ որպես գործիք օգտագործվում է, և հետո դեն են նետում։

    Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք Ուկրաինայում։

    Ուկրաինայի համար ևս այլընտրանքային պատմություն է գրվել։ Նախ՝ ավստրիացիների կողմից, հետո՝ անգլոսաքսերի կողմից։ Ռուս ժողովրդի մասին կեղծ պատմություն են քարոզել, ներշնչել են, որ նրանք այլազգի են, որ նրանք ռուսներ չեն։

    Եվ ուկրաինական էլիտաները, թույլ տալով, որ իրենց ժողովրդին և նաև իրենց մոլորեցնեն, խաբեն և կեղծ պատմությամբ առաջնորդեն, արդյունքում իրենք էլ, հավատալով այն թեզին, որ իրենք այլազգի են, իրենք այլ քաղաքակրթություն են, հայտնվել են գործիքի դերում և հիմա սեփական պետության և ժողովրդի կյանքերի գնով ծառայում են արևմտյան շահերին։

    Առհասարակ, Արևմուտքը փայլուն տիրապետում է և իր ողջ պատմության ընթացքում առաջնորդվել է տարբեր ազգերին և ժողովուրդներին կեղծ պատմություններով տրոհելու, տարանջատելու և իրենց շահերի համար օգտագործելու գաղափարախոսությամբ։

    Կա քաղաքական ևս մեկ թեզ, որ պատմությունը գրում են հաղթողները։ Արևմուտքն այս թեզին ևս լավ է տիրապետում։

    Նրանք իրենց հաղթանակներից հետո պարտված ժողովուրդների համար գրում են պատմություն, որը ոչ թե իրականությունն է արտացոլում, այլ այդ ժողովուրդներին դարձյալ դարձնում է գործիք՝ արևմտյան երկրների շահերը սպասարկելու տեսանկյունից։

    Ցավոք սրտի, մեզ համար Արևմուտքը ևս գրել է այլընտրանքային պատմություն։ Եվ այդ պատմությանը հավատալու արդյունքում է, որ այսօր մենք կանգնել ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր պետականությանն ու ժողովրդին ռեալ վտանգ է սպառնում։

    Արևմուտքին հաջողվել է մեր էլիտաների թույլտվությամբ, հաճախ նաև ցանկությամբ, մեր ժողովրդին հրամցնել մի պատմություն, որտեղ մեր ժողովրդի բոլոր պրոբլեմների և ձախողումների պատճառը ռուսներն են։ Որ ռուսներն են պատճառը, որ մենք կորցրել ենք մեր պատմական հողերը, որ ռուսներն են պատճառը, որ հիմա էլ կորցրեցինք Արցախը, և այլն, և այլն, և այլն։

    Ցավոք սրտի, մենք չենք ունեցել այն էլիտաները, ովքեր կկարողանային դեմ գնալ արևմտյան այդ, իրականում ողբերգական և ազգակործան ծրագրերին և թույլ չտային, որպեսզի նրանց կողմից գրված այլընտրանքային պատմությունը ներկայացվի մեր ժողովրդին որպես ճշմարտություն։

    Մեր էլիտաները ոչ միայն դրա դեմը չեն առել, այլ իրենք էլ են մասնակիցը դարձել այդ այլընտրանքային, կեղծ պատմությունը մեր ժողովրդին ոչ միայն հրամցնելու, այլ նաև շատ հաճախ պատմության դասագրքերում, դպրոցներում դասավանդելու գործընթացին։

    Որի արդյունքում այսօր մեր ժողովուրդը, մեծ մասամբ հավատալով այդ կեղծ թեզերին, հայտնվել է ողբերգական իրադարձությունների նախաշեմին։

    Իրականում հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը, ես բազմիցս նշել եմ, ավելի շատ ոչ թե քաղաքական է, այլ պատմական։

    Որովհետև մեր պատմությունը, որում ռուսներն ամեն ինչում մեղավոր են, իսկ մենք ամեն ինչում ճիշտ, որում հնարավոր է առանց ռուսների այս տարածաշրջանում ունենալ պետականություն, որին հավատալու արդյունքում այսօր մենք մտածում ենք, որ առանց Ռուսաստանի աջակցության և Ռուսաստանի անվտանգության ճարտարապետության հնարավոր է խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։

    Այս ամենը ողբերգական իրադարձություններ են, և եթե մենք սրանց դեմը չառնենք, մենք հայտնվելու ենք շատ ծանր իրավիճակում։

    Սա է պատճառը, որ արդեն իսկ Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Մեդվեդևը հայտարարում է, որ, ցավոք սրտի, Հայաստանը կարող է դառնալ նոր Ուկրաինա։

    Բայց այս թեզը, այս հայտարարությունը ևս Հայաստանում լուրջ արձագանք չգտավ։

    Եվ այս մասին ես առաջիկայում ավելի հանգամանալից կխոսեմ, բայց, ցավոք սրտի, այսօր էլ մեր էլիտաները չեն ուզում հասկանալ կամ չեն հասկանում, որ չի կարելի թույլ տալ սեփական պատմությունը խեղաթյուրել։

    Չի կարելի թույլ տալ, որ քո պետության և ժողովրդի համար Արևմուտքը գրի այլընտրանքային պատմություն, և դու էլ բերես այդ պատմությունը հրամցնես քո ժողովրդին։

    Եվ վերջում մի օրինակ բերեմ։

    Ճապոնիային հաղթելուց հետո, միջուկային զենքով Ճապոնիային խփելուց հետո, Միացյալ Նահանգները Ճապոնիայի համար գրել են մի պատմություն, որտեղ այսօրվա ճապոնացիները գիտեն, որ իրենց միջուկային զենքով խփել են, բայց շատերը չգիտեն, թե ով է խփել։

    Ավելին, այսօր Ճապոնիայում տարվում է մի թեզ, որ Սովետական Միությունն է մեղավոր, որ Միացյալ Նահանգներն իրենց միջուկային զենքով խփել են։

    Կարող եմ բերել ևս այլ օրինակներ, երբ Արևմուտքը վերցնում ու արհեստականորեն մի ժողովրդի բաժանում է տարբեր պետությունների մեջ՝ մեկի անունը դնելով Հնդկաստան, մյուսինը՝ Պակիստան։ Մի հատ էլ դեռ ավելացնում է Բանգլադեշ։

    Հետո այս պետությունները սկսում են մեկը մյուսի հետ կռվել՝ մոռանալով, որ իրենք դարերով ապրել են նույն տարածքում, կողք կողքի, և գլոբալ առումով միգուցե նրանք ավելի շատ մեկ ազգ են, քան այլ ազգեր։

    Այս նույն տրամաբանությամբ արևմտյան երկրներին հաջողվել է դարերի ընթացքում բաժանել և տարբեր ազգերի ու պետությունների վերածել սլավոնական այլ ժողովուրդներին, այնպես, ինչպես դա արել են այսօր Ուկրաինայի պարագայում։

    Օրինակ՝ խորվաթներին համոզել են, որ դուք սերբեր չեք, որ դուք այլ ազգ եք, որ ձեր լեզուն այլ է, ձեր մշակույթն այլ է, և արդյունքում խորվաթները դարձել են սերբ ժողովրդի ցեղասպանության պատճառ։

    Նման օրինակները բազմաթիվ են, թե ինչպես են արևմտյան երկրները հորինում նոր ազգեր, հորինում նոր պետություններ, ազգերին բաժանում, նույն ազգին բաժանում տարբեր ազգերի ու պետությունների, հետո կռվացնում՝ իրենց շահերի համար։

    Ես միշտ մտածել էի, որ մեր պարագայում նման բան չի կարող լինել, բայց երբ ավելի խորը սկսեցի ուսումնասիրել քաղաքական մտքի պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, մեր տարածաշրջանի պատմությունը, հասկացա, որ սխալվել եմ։

    Ցավոք սրտի, մեր դեպքում ևս Արևմուտքին ոչ միայն հաջողվել է գրել մեր պետության ու ժողովրդի համար այլընտրանքային պատմություն, այլ, ցավոք սրտի, հաջողվել է նաև 1991 թվականից հետո այդ պատմությունը պարտադրել, ստիպել։

    Միգուցե նաև ուղղակի մեր էլիտաները սիրով ընդունել են այդ պատմությունը, որովհետև արևմտյան պատմությունները, որպես կանոն, ավելի հաճախ հաջող են, ավելի շատ մեծարում են և շոյում են քո ինքնասիրությունը, և դու, հավատալով այդ գեղեցիկ խոսքերին, ուղղակի կորցնում ես քո պետությունն ու ժողովրդին։

    Ինչո՞ւ եմ ես նման թեմաների անդրադառնում։

    Սրանք առաջին հայացքից են թվում էմոցիոնալ։ Սրանք քաղաքական, աշխարհաքաղաքական, գեոպոլիտիկ թեզեր են։

    Եվ այն ժողովուրդներն ու պետությունները, ովքեր դրանց լուրջ չեն վերաբերվում, խորությամբ չեն հասկանում, նրանք դատապարտված են լինում անընդհատ կորցնելու իրենց պետականությունները և սեփական ժողովրդին անընդհատ դնելու տհաճ և երբեմն նաև ողբերգական իրավիճակների մեջ։

    Ի դեպ, նաև սա է պատճառը, որ Ռուսաստանը՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, թույլ չի տալիս, որպեսզի իր պատմությունը, մասնավորապես՝ Երկրորդ համաշխարհային, Հայրենական պատերազմի պատմությունը, Արևմուտքը փոխի։

    Քանզի շատ լավ հասկանում է, որ նման պարագայում Ռուսաստանը ևս կկորցնի իր պատմական ընթացքի ճշմարտացիությունը և կվերածվի գործիքի։

    Սա է պատճառը, որ Ռուսաստանն ամեն գնով պայքարում է, որպեսզի իր պատմությունն այլոք չկարողանան վերափոխել, չկարողանան ռուս ժողովրդին ներկայացնել կեղծ այլընտրանքային պատմություն։

     




  • Oragir.live | Գինը վճարում է ժողովուրդը…


    Քաղաքականություն





    Հայաստանի ներկայիս «իշխանությունները» կարծես փորձում են հանրությանը նախապատրաստել դեռևս ավելի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի։ Իսկ դրա հետևանքները կարող են չսահմանափակվել միայն սոցիալական խնդիրներով․ հնարավոր են նաև անվտանգային միջավայրի լուրջ փոփոխություններ։

    Ժողովո՛ւրդ, զգաստացե՛ք։

    Իրականությունից կտրված այս իշխանությունը կորցրել է իրավիճակը սթափ գնահատելու ունակությունը, մինչդեռ դրա հետևանքների ողջ ծանրությունը մնալու է հայ ժողովրդի ուսերին։

    Պարզապես եկեք ֆիքսենք կարևորը` երբ իշխանությունը կորցնում է իրականության զգացողությունը, դրա գինը վճարում է ժողովուրդը։
    Գինը մենք ենք վճարելու:

    «Համահայկական ճակատ» շարժման աջակիցներ



  • Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարական և բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված ժամանակացույցի։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

    Նշվել է, որ բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։ Ներկայացվել են նաև հաջորդ տարվա անելիքները։ Քննարկվել է միաժամանակ մի քանի հատվածում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով աշխատուժի և մասնագետների թիվը։ Կարևորվել է նաև ձմռան ամիսներին նախապատրաստական աշխատանքների, մասնավորապես՝ քարերի մշակման և անհրաժեշտ նյութերի պատրաստման կազմակերպումը՝ հաջորդ փուլում աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով։

    Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական աշխատանքների ընթացքում հուշահամալիրի այցելուների համար հնարավորինս հարմարավետ և անվտանգ պայմանների ապահովումը` ևս մեկ անգամ ընդգծելով բարձր որակի և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:

  • Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան

    Արտակ Զաքարյանը գրում է.

    «Թեհրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները՝ կապված միջուկային ծրագրի հետ, չնայած նոր լայնածավալ ամերիկյան հարվածի հնարավորության մասին նախազգուշացումներին։

    Մերձավորարևելյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրն Իրանի ղեկավարությանն է փոխանցել ԱՄՆ-ի պահանջ-առաջարկների փաթեթը։

    Մունիրի հետ հանդիպման ժամանակ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունում ամերիկյան պայմանները։ Իրանը պնդում է, որ նախ պետք է կատարվեն իր յոթ պահանջները, և միայն դրանից հետո կհամաձայնվեն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել։

    Աղբյուրների հաղորդմամբ՝ Թեհրանում կարծում են, որ նախագահ Թրամփն ու վարչապետ Նեթանյահուն պատրաստվում են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնել։ Սաուդյան Al-Hadath ՀԸ տվյալներով՝ Մունիրի կողմից Թեհրանում անցկացրած բանակցությունները վերաբերել են նաև Եմենի հուսիներին և նրանց ստեղծված իրավիճակին։

    Փոխզիջման հասնելու Պակիստանի հերթական փորձը դեռևս հրապարակայնորեն հաստատված արդյունքներ չի տվել։

    Վաշինգտոնը պահանջում է միջուկային զիջումներ, իսկ Թեհրանը հրաժարվում է դրանք քննարկել՝ մինչև իր նախնական պայմանների կատարումը։

    Հարկ է նշել, որ ըստ Reuters գործակալության, ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մերձավորարևելյան դիվանագիտական ներկայացուցչություններից տարհանել իրենց աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքի անդամներին։

    Ի դեպ, հուսիների հարձակումների հնարավոր ինտենսիվացման հետ կապված, Agence France-Presse (AFP)-ի տեղեկություններով Վաշինգտոնն արդեն հրահանգել է տարհանել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմին»:

  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

    ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնանարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

    Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը 2021 թվականի հոկտեմբերին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո խոհանոցային դանակը պահելով նրա կոկորդին՝ սպառնացել է սպանել: 

    Նույն արարքն ամուսինը կրկնել է նաև 2024 թվականի հուլիսին:

    Բացի այդ, ամուսինը ցավագին ընդունելով կնոջ կողմից փաստացի ամուսնալուծվելու հանգամանքը, վերջինիս, նրա ազգականների մոտ վարկաբեկելու նպատակով, իր կողմից օգտագործված հեռախոսահամարի «Whatsapp» բջջային հավելվածի միջոցով 2024 թվականի օգոստոսին կնոջ ազգականներին ցուցադրել և ուղարկել է նրա մերկ լուսանկարները:

    Բացի այդ, 2024 թվականի օգոստոսի 14-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ամուսինը հետամտել է իր կնոջը, այն է՝ նշված ժամանակահատվածում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարների տարբեր հավելվածներով և էլեկտրոնային փոստի միջոցով նրան ներգրավել է անցանկալի հաղորդակցության մեջ՝ պարբերաբար հայհոյանքներ և սպառնալիքներ տալով վերջինիս և նրա հարազատների հասցեին:

    Ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործությունը) (2 դրվագ), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (2 դրվագ), 196.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հետամտելը), 204-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

  • Գինը վճարում է ժողովուրդը… | Oratert.am



    Հայաստանի ներկայիս «իշխանությունները» կարծես փորձում են հանրությանը նախապատրաստել դեռևս ավելի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի։ Իսկ դրա հետևանքները կարող են չսահմանափակվել միայն սոցիալական խնդիրներով․ հնարավոր են նաև անվտանգային միջավայրի լուրջ փոփոխություններ։

    Ժողովո՛ւրդ, զգաստացե՛ք։

    Իրականությունից կտրված այս իշխանությունը կորցրել է իրավիճակը սթափ գնահատելու ունակությունը, մինչդեռ դրա հետևանքների ողջ ծանրությունը մնալու է հայ ժողովրդի ուսերին։

    Պարզապես եկեք ֆիքսենք կարևորը` երբ իշխանությունը կորցնում է իրականության զգացողությունը, դրա գինը վճարում է ժողովուրդը։
    Գինը մենք ենք վճարելու:

    «Համահայկական ճակատ» շարժման աջակիցներ