Հայաստանում և նրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումները, հայռուսական կապերի տատանումներն ու երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները շարունակում են մնալ հասարակական-քաղաքական բուռն քննարկումների առարկա։ Ստեղծված իրավիճակում հաճախ հնչում են հակասական կարծիքներ այն մասին, թե որն է պետության զարգացման ճիշտ ուղին, և ինչպես պետք է կառուցել արդյունավետ հարաբերություններ գործընկեր երկրների հետ։ Այս և մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ իր մտահոգություններն ու գնահատականներն է ներկայացնում պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:
Անդրադառնալով ներկայիս տնտեսական և քաղաքական իրողություններին՝ նա նշում է, որ նախկինում Հայաստանը շատ սերտ կապեր ուներ Ռուսաստանի հետ, ինչի շնորհիվ երկիրը ստանում էր բազմաթիվ արտոնություններ, այդ թվում՝ էժան գազ, ինչպես նաև հնարավորություն ուներ օգտվելու ռուսական շուկայից։ Ըստ նրա՝ հազարավոր հայ քաղաքացիներ ժամանակավորապես բնակվում և աշխատում են Ռուսաստանում՝ գումար վաստակելով և ուղարկելով իրենց հարազատներին։ Կարապետյանը զարմանքով է վերաբերվում այն հանգամանքին, թե ինչու է ոմանց պետք անընդհատ վատաբանել Ռուսաստանին՝ հիշեցնելով հայկական հին ասացվածքը. «Խելոք գառնուկը երկու մայր է ծծում»։ Նա ընդգծում է, որ ոչ ոք չի արգելում առևտուր անել Եվրոպայի հետ, սակայն պետք չէ կտրել կամ փչացնել արդեն իսկ գոյություն ունեցող ամուր կապերը:
Խոսելով երկրում առկա ներքին խնդիրների և գործարարների նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին՝ Կարապետյանը դժգոհում է, որ տեղի են ունենում անհասկանալի արկածախնդրություններ, որոնք բնավ չեն բխում պետության շահերից։ Նա հռետորական հարց է բարձրացնում, թե արդյոք Հայաստանում այսօր կա գոնե մեկ հարուստ մարդ, որը չի հետապնդվում կամ չի հայտնվել բանտում, բացառությամբ նրանց, ովքեր ծառայում են իշխանությունների շահերին:
Անդրադառնալով անվտանգային ոլորտին և ռազմատեխնիկական համագործակցությանը՝ գեներալ-մայորը հիշեցնում է, որ նախկինում Հայաստանը Ռուսաստանից ստանում էր հսկայական օգնություն, այդ թվում՝ անվճար կամ գրեթե անվճար ժամանակակից ՀՕՊ համակարգեր և Ս-300 հակաօդային պաշտպանության համալիրներ՝ մոտ 1 միլիարդ դոլարի արժողությամբ, մինչդեռ Ադրբեջանը ստիպված էր հսկայական գումարներ ծախսել դրանց վրա։ Բացի այդ, ռուսական շուկան բաց էր հայկական գյուղատնտեսական ապրանքների համար։ Կարապետյանը համոզված է, որ Եվրոպայում կամ Արևմուտքում Հայաստանին երբեք չեն սպասում որպես լիիրավ անդամի, և եվրոպական ինտեգրման մասին խոսքերը զուտ իլ յուզիա են, որոնք ծառայում են գործող իշխանությունների աթոռը պահպանելուն։ Նա նշում է, որ ներկայիս վարչակարգը քայլ առ քայլ զիջում է երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները՝ երկաթուղին, «Գազպրոմը» և այլն, սակայն դրա դիմաց որևէ իրական արտոնություն կամ օգուտ չի ստանում:
Ամփոփելով իր խոսքը՝ Արշակ Կարապետյանը նշում է, որ ստեղծված ծանր վիճակից դուրս գալու և նախկին փոխշահավետ հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն։ Նա համոզված է, որ գործող ղեկավարության օրոք հնարավոր չէ հասնել հավասարակշռված արտաքին քաղաքականության։ Երկրին պետք է նոր ղեկավար, ով կկարողանա գրագետ ու հավասարակշռված հարաբերություններ կառուցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի և թե՛ ԱՄՆ-ի հետ՝ թույլ չտալով, որ երկիրը ներքաշվի կործանարար ավանտյուրաների մեջ և հնարավորություն տալով քաղաքացիներին խաղաղ ու բարեկեցիկ կյանքով ապրելու:
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման մասին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պատրաստած զեկույցն իր մեջ լուրջ ազդակներ է պարունակում։ Այն հրապարակվել է մի փուլում, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մի կողմից շարունակաբար «խոսում» է եվրոպական ուղղության խորացման, Եվրամիության հետ ինստիտուցիոնալ մերձեցման և երկարաժամկետ հնարավոր անդամակցության գործընթացի մասին, իսկ մյուս կողմից՝ շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ՝ օգտվելով այդ միության ներսում ապրանքների, աշխատուժի, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժի մի շարք գործնական առավելություններից։
Հենց այս երկակիության վրա է կառուցված չորս երկրի փաստաթղթի հիմնական տրամաբանությունը: Եթե Հայաստանը փաստացի շարժվում է դեպի եվրոպական ինտեգրում, ապա ԵԱՏՄ մյուս անդամները հարց են դնում՝ որքանո՞վ է համատեղելի այդ ընթացքը եվրասիական միասնական մաքսային, տեխնիկական, սանիտարական, միգրացիոն և էներգետիկ ռեժիմների հետ, և ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, եթե այդ համատեղելիությունը քաղաքականորեն կամ իրավաբանորեն կասկածի տակ դրվի։
Զեկույցում նշվող թվերը՝ ՀՆԱ-ի 15,6 տոկոս հնարավոր անկում, գնաճի 14,9 տոկոսային կետով աճ, սպառման 14,6 տոկոս նվազում, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության 55,6 տոկոս կրճատում, գազի ներկրման արժեքի 69 տոկոս աճ, ավանդական արտահանման զգալի անկում, մաքսային վերահսկողության վերականգնում, աշխատանքային միգրացիայի պայմանների խստացում, առաջին հայացքից ընդամենը տնտեսական կանխատեսումներ են, բայց դրանց քաղաքական ենթատեքստը շատ ավելի լայն է։Փաստաթուղթը փաստացի ցույց է տալիս, թե ինչպիսի կապվածության համակարգում է գտնվում Հայաստանը, և ինչ արժեք կարող է ունենալ այդ համակարգի հետ կոնֆլիկտի գնալը։ Այն միաժամանակ ցույց է տալիս, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը տարիներ շարունակ չի եղել միայն տնտեսական ինտեգրման ֆորմալ ձևաչափ։ Այն դարձել է մի ամբողջ կառուցվածք, որի ներսում Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր հարմարվել են ռուսական և եվրասիական շուկայի պահանջներին, լոգիստիկ ուղիներին, մաքսային ռեժիմներին, սերտիֆիկացիոն ստանդարտներին, էներգակիրների գնային պայմանավորվածություններին և աշխատանքային միգրացիայի արտոնյալ կանոններին։
Հայաստանի արտահանման զգալի հատվածը՝ հատկապես ալկոհոլային խմիչքների, գյուղմթերքի, սննդամթերքի, թեթև արդյունաբերության, փայտանյութի և որոշ վերամշակված ապրանքների մասով, կառուցվել է հենց այն հաշվարկով, որ ԵԱՏՄ շուկան հասանելի է առանց լրացուցիչ մաքսային արգելքների, առանց կրկնակի սերտիֆիկացման, առանց բարդ վարչական ընթացակարգերի և հաճախ նաև առանց արևմտյան շուկաների համար անհրաժեշտ մրցակցային, փաթեթավորման, որակի վերահսկման և մարքեթինգային ծախսերի։ Եթե այդ ռեժիմը կասեցվի, հայկական արտադրողը միանգամից կհայտնվի այնպիսի միջավայրում, որտեղ նախկինում գրեթե ներքին շուկայի տրամաբանությամբ հասանելի եղած ուղղությունները կդառնան արտաքին շուկաներ՝ իրենց սահմանային վերահսկողությամբ, մաքսային հայտարարագրերով, սանիտարական և ֆիտոսանիտարական ստուգումներով, տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության նոր պահանջներով և հնարավոր քաղաքական ռիսկերով։
Զեկույցում հատուկ նշվում է, որ ավանդական արտահանման որոշ ճյուղերում անկումը կարող է լինել կտրուկ։
Ալկոհոլային խմիչքների արտահանումը կարող է կրճատվել շուրջ 50 տոկոսով, գյուղատնտեսական և սննդային ապրանքների արտահանումը՝ մոտ 40 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ ուղղությամբ ավանդական ապրանքների արտահանումը՝ հարյուրավոր միլիոն դոլարներով։
Սակայն այստեղ անհրաժեշտ է շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերել. զեկույցի թվերը պետք չէ ընդունել որպես անխուսափելի ճակատագիր, բայց պետք չէ նաև դիտակել ընդամենը որպես զուտ քարոզչություն։ Բայց տնտեսական տեսանկյունից ակնհայտ է, որ Հայաստանի նման փոքր, ծով ելք չունեցող, սահմանափակ տրանսպորտային ուղիներով և բարձր լոգիստիկ ծախսերով երկիրը չի կարող կարճ ժամկետում առանց ցնցումների կորցնել իր հիմնական արտահանման և աշխատանքային միգրացիայի ուղղություններից մեկը։ Իսկ քաղաքական տեսանկյունից նույնքան ակնհայտ է, որ Ռուսաստանի և նրա եվրասիական գործընկերների համար այս հաշվարկները նաև զսպման գործիք են՝ ցույց տալու, թե եվրոպական ուղղության արագացումը կարող է ունենալ «գին», և այդ գինը կարող է ներկայացվել Հայաստանի հասարակությանը հնարավոր տնտեսական անկման, գազի թանկացման, աշխատատեղերի կորստի, արտահանողների ճգնաժամի և սպառողական գների աճի տեսքով։ Այսինքն, զեկույցը ոչ միայն կանխատեսում է ռիսկեր, այլ նաև քաղաքականորեն կառուցում է ռիսկի ընկալումը։ Այն փորձում է Հայաստանի հանրային դաշտում ձևավորել մի հարցադրում՝ արդյո՞ք եվրոպական ուղղությունը արժե այն տնտեսական ցնցումները, որոնք կարող են առաջանալ ԵԱՏՄ ռեժիմների կորուստից հետո։
Եվ հենց այստեղ է սկսվում իրական վերլուծության բարդությունը, որովհետև Հայաստանի խնդիրը միայն «մնա՞լ, թե՞ դուրս գալ» պարզ հարցը չէ։ Հայաստանի խնդիրն այն է, թե ինչպես կառավարել կախվածությունների ժառանգությունը, ինչպես նվազեցնել տնտեսական շոկերը, ինչպես կառուցել այլընտրանքային շուկաներ, ինչպես վերափոխել արտադրական ստանդարտները և ինչպես չհայտնվել մի իրավիճակում, որտեղ արտաքին քաղաքական ընտրությունը վերածվում է ներքին սոցիալական պայթյունի։
Ամենացավոտ ուղղություններից մեկն, անկասկած, էներգետիկան է։ Գազի գնի 69 տոկոս հնարավոր աճի մասին կանխատեսումը տնտեսության վրա տարածվող շղթայական ռիսկ է։ Եթե 1000 խորանարդ մետր գազի գինը բարձրանում է մինչև 300 դոլար և ավելի, ապա դա ազդելու է ոչ միայն բնակչության կոմունալ վճարների վրա, այլև արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, սննդի վերամշակման, տրանսպորտի, էլեկտրաէներգիայի արտադրության, ծառայությունների ինքնարժեքի և, վերջնական հաշվով, գնաճային սպասումների վրա։ Զեկույցի հաշվարկներով, Հայաստանի գազի ներկրման տարեկան արժեքը կարող է 389 միլիոն դոլարից աճել մինչև 657,5 միլիոն դոլար, այսինքն՝ ավելանալ մոտ 268,5 միլիոն դոլարով, ինչը փոքր տնտեսության համար զգալի բեռ է։ Եթե այդ աճը ամբողջությամբ փոխանցվի վերջնական սպառողին, սոցիալական հետևանքները կլինեն անմիջական։ Կթանկանան ջեռուցումը, փոխադրումները, արտադրանքը, սնունդը, իսկ եթե պետությունը փորձի սուբսիդավորել այդ տարբերությունը, բյուջեի վրա կընկնի լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Այս իրավիճակում Հայաստանը կկանգնի բարդ երկընտրանքի առաջ՝ կամ թույլ տալ էներգակիրների գնի արագ փոխանցում շուկային՝ առաջացնելով գնաճ և սոցիալական դժգոհություն, կամ պետական միջոցներով մեղմել հարվածը՝ ավելացնելով դեֆիցիտը, պարտքը կամ կրճատելով այլ ծախսեր։ Երկու տարբերակն էլ ցավոտ են, հատկապես եթե դրանք տեղի են ունենում արտահանման անկման և դրամական փոխանցումների հնարավոր նվազման պայմաններում։
Էներգետիկ ռիսկերի խորությունը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանի գազային համակարգը երկար տարիներ կառուցված է եղել ռուսական մատակարարման, ռուսական սեփականության և ռուսական գների շուրջ։ Իրանի հետ էներգետիկ կապերը, թեև գոյություն ունեն, չեն ձևավորել այնպիսի ծավալային և ինստիտուցիոնալ այլընտրանք, որը կարող էր կարճ ժամկետում փոխարինել ռուսական գազին։ Վրաստանի ուղղությամբ լոգիստիկ և էներգետիկ կապերը ևս սահմանափակ են, իսկ ավելի լայն տարածաշրջանային էներգետիկ դիվերսիֆիկացիան պահանջում է տարիներ, ներդրումներ, ենթակառուցվածքներ և քաղաքական կայունություն։ Հետևաբար, եթե ԵԱՏՄ անդամակցության կասեցումը զուգակցվի գազային արտոնությունների վերանայման կամ ռուսական էներգետիկ պայմանների կոշտացման հետ, Հայաստանը չի կարող պարզապես հայտարարել, որ շուկան արագ կգտնի այլընտրանք։
Տնտեսական առումով մեկ այլ կարևոր խնդիր էլ պետք է նկատի ունենալ, այն է՝ ՀՀ տնտեսության մի զգալի մասը տարիներ շարունակ հարմարվել է ոչ թե բարձր արտադրողականության և բազմաշուկա մրցակցության, այլ մեկ մեծ շուկայի պահանջներին։ Ռուսական շուկան, իր բոլոր ռիսկերով հանդերձ, հայկական արտադրողի համար հաճախ եղել է հեշտ հասանելի, մշակութային և լեզվական առումով հասկանալի, սփյուռքային կապերով և բիզնես ցանցերով ապահովված ուղղություն։ Եվրոպական շուկան լիովին այլ իրականություն է. այնտեղ մուտք գործելու համար պետք են որակի կայուն վերահսկողություն, ծագման կանոնների խիստ պահպանում, փաթեթավորման և պիտակավորման բարձր ստանդարտներ, սննդային անվտանգության համակարգեր, լաբորատոր կարողություններ, երկարաժամկետ պայմանագրային կարգապահություն, մեծ ծավալների մատակարարման կարողություն և հաճախ նաև բրենդային վերադիրքավորում։
Այսինքն. ԵԱՏՄ շուկայի կորուստը չի կարող ավտոմատ փոխհատուցվել ԵՄ շուկայի բացմամբ։ Նույնիսկ եթե ԵՄ-ն պատրաստ լինի խորացնել առևտրային արտոնությունները, հայկական արտադրողը պետք է կարողանա համապատասխանել այդ շուկայի պահանջներին։ Իսկ դա պահանջում է ժամանակ, ներդրում, տեխնոլոգիական արդիականացում և պետական աջակցություն։ Հետևաբար, եվրոպական ինտեգրումը կարող է երկարաժամկետ զարգացման հնարավորություն դիտարկվել, բայց կարճաժամկետում այն չի չեզոքացնում ԵԱՏՄ ռեժիմների կորուստից առաջացող շոկերը։
Աշխատանքային միգրացիայի հարցը ևս ունի ծանր սոցիալական նշանակություն։ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի քաղաքացիներին տվել է անդամ երկրներում, հատկապես Ռուսաստանում ավելի պարզեցված աշխատանքի, կեցության, սոցիալական որոշ երաշխիքների և փաստաթղթային ռեժիմների հնարավորություն։ Եթե այդ ռեժիմը կասեցվի, Հայաստանի քաղաքացիների համար կարող են վերականգնվել աշխատանքային թույլտվությունների, արտոնագրերի, ավելի խիստ գրանցման և սոցիալական ապահովության սահմանափակումների պահանջներ։ Սա կարող է ազդել ոչ միայն այն մարդկանց վրա, ովքեր այսօր աշխատում են Ռուսաստանում կամ պարբերաբար մեկնում են սեզոնային աշխատանքի, այլև Հայաստանի ներսում ապրող ընտանիքների վրա, որոնց եկամուտների մի մասը կախված է դրամական փոխանցումներից։
Հայաստանի սոցիալական համակարգի համար միգրացիան տարիներ շարունակ եղել է յուրատեսակ անվտանգության խողովակ, որը թուլացրել է ներքին աշխատաշուկայի լարվածությունը, ապահովել է ընտանիքների եկամուտ, նվազեցրել է գործազրկության սոցիալական ճնշումը և որոշ շրջաններում դարձել է գոյատևման հիմնական աղբյուր։ Եթե այդ խողովակը կտրուկ նեղանա, Հայաստանը կարող է բախվել վերադարձող աշխատուժի, եկամուտների կրճատման, տեղական աշխատաշուկայի ճնշման և սոցիալական դժգոհության աճի հետ։ Իսկ սա հենց այն ուղղությունն է, որտեղ տնտեսական թվերը անմիջապես վերածվում են մարդկային պատմությունների՝ ընտանիքներ, վարկեր, բնակարանային ծախսեր, ուսման վճարներ, բուժման ծախսեր, փոքր բիզնեսներ, որոնք սնվում են արտագնա աշխատանքի եկամուտներով։
Զեկույցի իրավական կողմը նույնպես ուշագրավ է։ Քանի որ ԵԱՏՄ պայմանագիրը, ըստ ներկայացված տեղեկությունների, ուղղակիորեն չի նախատեսում անդամ պետության իրավունքների միակողմանի կասեցման հստակ մեխանիզմ, չորս երկրները հղում են անում 1969 թվականի Վիեննայի կոնվենցիային և առաջարկում համատեղ որոշման տրամաբանություն՝ մինչև Հայաստանում հանրաքվեի անցկացումը կամ արտաքին քաղաքական վերջնական ընտրության հստակեցումը։ Սա ցույց է տալիս, որ հարցը դեռ ոչ միայն տնտեսական, այլև իրավաքաղաքական անորոշության դաշտում է։ ԵԱՏՄ-ն իր ստեղծման պահին չէր պատկերացրել այն սցենարը, երբ անդամ երկիրը միաժամանակ սկսում է ԵՄ անդամակցության գործընթացի ուղղությամբ օրենսդրական քայլեր և փորձում պահպանել լիարժեք անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Հետևաբար, այժմ ստեղծվում է նախադեպային իրավիճակ. եթե Հայաստանը շարունակի եվրոպական ուղղությունը, իսկ ԵԱՏՄ մյուս երկրները դա համարեն միության տնտեսական անվտանգության սպառնալիք, կարող են փորձել ձևավորել նոր պրակտիկա՝ իրավական բացը լրացնելով քաղաքական համաձայնությամբ։
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդգար Հովհաննիսյան) կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։
Արման Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։
Դատարանը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանցքային իրավական դիրքորոշումը՝ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և կազմում է Եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասը։
Դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Դատարանը վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։ Հիշեցնեմ, որ այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոս:
Եկեղեցու հոգևոր իշխանության ձևավորումը, հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող նույնացվել սովորական աշխատանքային հարաբերությունների հետ և ենթարկվել աշխարհիկ դատարանների վերահսկողությանը՝ անտեսելով Եկեղեցու կանոնական իրավունքը։
Եկեղեցու ինքնավարությունը ոչ թե արտոնություն է, այլ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող հիմնարար երաշխիք։
Հ.Գ. Դատարանը էական է համարել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոսի ուխտադրության հանգամանքը: Ըստ Արման Սարոյանի ստորագրած փաստաթղթի (արևելահայերեն փոխադրությամբ)՝ «Ամենասուրբ Երրորդության՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, Հոր Միածին Բանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի էջքի երկրպագելի վայրում, աստվածային այս Սեղանի և Աստվածընկալ Սուրբ նշանների առջև. Ես՝ Գևորգ վրդ. Սարոյանս, լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտի միաբան, խղճմտանքիս ու սրտիս ճշմարտությամբ և ուղղամտությամբ երդվում եմ սուրբ ուխտով՝ ըստ հետևյալ պայմանների։ (…) խոստանում և ուխտում եմ մինչև կյանքիս վախճանը հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին և հլու հնազանդությամբ անսասան մնալ Սուրբ Կաթուղիկե Մայր Աթոռի իշխանության և հրամանների ներքո, որտեղ Սուրբ Հոգու ընտրությամբ՝ սկսած սուրբ առաքյալներից, Հայաստան աշխարհի առաջին Լուսավորիչներից և նրանց օրինավոր հաջորդ մեր Սուրբ Գրիգոր առաքելաշավիղ Հայրապետից, անընդհատ շարունակականությամբ և ուղիղ հաջորդականությամբ այսօր բազմում է Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոստանում և ուխտում եմ հնազանդ լինել նրան և նրա օրինավոր հաջորդներին՝ հարգելով և կատարելով այն բոլոր հրամանները, որոնք այս Սուրբ Աթոռի կողմից դրվում են ինձ վրա, (․․․) խոստանում և ուխտում եմ բնավ չանցնել ա՛յն իշխանության սահմանը, որն Աստված կտա ինձ իմ եպիսկոպոսական ձեռնադրությամբ, և կրքերի կամ այս աշխարհի ցանկությունների պատճառով զանց չառնել Եկեղեցու կանոնները և Սուրբ Հայրապետի հրամանները: «Սրանք են այն խոստումները, որոնք խոստանում եմ և ուխտելու եմ իմ ձեռնադրության օրը՝ Սուրբ Եկեղեցու ինը դասերի և ժողովրդի բազմության ներկայությամբ, որոնք եթե ինքնակամ մտքով և կամ կրքերի թելադրությամբ ոտնակոխ արվեն, պարտավոր կլինեմ Աստծու՝ անսուտ Դատավորի, և մեր Հոգևոր Տիրոջ՝ Ամենայն Հայոց Սրբազնագույն Հայրապետի առջև»:
Հոկտեմբերի 22-ի աստղագուշակը հուշում է, որ այս օրն անցնելու է Լուսնի և Վեներայի տրիգոնի, ինչպես նաև Լուսնի՝ Ձկներ համաստեղությունում գտնվելու ազդեցության ներքո: Սա հուզական բարձր զգայունության, ստեղծագործական էներգիայի և ներքին ձայնին լսելու ժամանակաշրջան է: Հատկապես Խոյերի, Սկորպիոնների և Ջրհոսների համար սա կարող է դառնալ նոր և հաջողակ կյանքի փուլի սկիզբ․
Խոյ — Օրը բարենպաստ է նոր նախաձեռնությունների և կարևոր որոշումների համար։ Աշխատանքային հարցերում վստահ եղեք ձեր ուժերին, բայց մի շտապեք եզրակացություններ անել։ Անձնական կյանքում անկեղծ զրույցը կօգնի հարթել տարաձայնությունները։
Ցուլ — Այսօր կենտրոնացեք ֆինանսական և գործնական հարցերի վրա։ Հնարավոր է՝ ստիպված լինեք վերանայել որոշ ծրագրեր։ Հարազատների աջակցությունը կօգնի ավելի հանգիստ հաղթահարել օրվա դժվարությունները։
Երկվորյակներ — Շփումների և նոր ծանոթությունների համար բարենպաստ օր է։ Հնարավոր է՝ ստանաք հետաքրքիր առաջարկ կամ տեղեկություն, որը կփոխի ձեր ծրագրերը։ Փորձեք չցրվել բազմաթիվ գործերի միջև և առաջնահերթություն տալ ամենակարևորին։
Խեցգետին — Օրը հարմար է ընտանեկան հարցերը կարգավորելու և կուտակված խնդիրներին լուծում տալու համար։ Մի անտեսեք սեփական զգացմունքները, բայց կարևոր որոշումներ կայացնելիս առաջնորդվեք նաև տրամաբանությամբ։ Հանգիստ մթնոլորտը կօգնի վերականգնել ուժերը։
Առյուծ — Նախաձեռնողականությունն ու ինքնավստահությունը կարող են օգնել ձեզ առաջ շարժվել աշխատանքային ոլորտում։ Ձեր գաղափարները ներկայացնելու լավ հնարավորություն կունենաք։ Անձնական հարաբերություններում խուսափեք չափազանց կտրուկ արտահայտություններից։
Կույս — Այսօր ուշադրություն դարձրեք մանրուքներին, հատկապես աշխատանքային և ֆինանսական հարցերում։ Կազմակերպվածությունը կօգնի խուսափել ավելորդ խնդիրներից։ Մի փորձեք ամեն ինչ միայնակ անել․ անհրաժեշտության դեպքում ընդունեք ուրիշների օգնությունը։
Կշեռք — Օրը կարող է նոր հնարավորություններ բերել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում։ Փորձեք հավասարակշռություն պահպանել սեփական ցանկությունների և շրջապատի ակնկալիքների միջև։ Որոշումների հարցում մի տրվեք ուրիշների ճնշմանը։
Կարիճ — Հարմար օր է կիսատ գործերն ավարտելու և ապագա քայլերը ծրագրելու համար։ Հնարավոր է՝ բացահայտեք մի հանգամանք, որը նախկինում վրիպել էր ձեր ուշադրությունից։ Հարաբերություններում կարևոր կլինի վստահությունն ու փոխըմբռնումը։
Աղեղնավոր — Նոր գաղափարներն ու նախաձեռնությունները կարող են ոգեշնչել ձեզ։ Օրը նպաստավոր է գիտելիքներ ձեռք բերելու, ծրագրեր մշակելու և հետաքրքիր մարդկանց հետ շփվելու համար։ Այնուամենայնիվ, խոստումներ տալուց առաջ գնահատեք ձեր հնարավորությունները։
Այծեղջյուր — Աշխատանքային հարցերը կարող են պահանջել ավելի մեծ ուշադրություն և պատասխանատվություն։ Հստակ ծրագրի շնորհիվ կկարողանաք առաջ շարժվել՝ առանց ավելորդ լարվածության։ Ֆինանսական հարցերում նախընտրեք հաշվարկված քայլերը։
Ջրհոս — Այսօր կարող եք անսպասելի լուծումներ գտնել վաղուց ձեզ անհանգստացնող հարցերի համար։ Մի վախեցեք նոր մոտեցումներ փորձելուց, սակայն կարևոր որոշումները մի կայացրեք միայն պահի ազդեցության տակ։ Ընկերների հետ շփումը կարող է նոր մտքեր առաջացնել։
Ձկներ — Օրը հարմար է ներքին հավասարակշռությունը վերականգնելու և անձնական հարցերին ուշադրություն դարձնելու համար։ Մի ստանձնեք ավելորդ պարտավորություններ, եթե զգում եք, որ ժամանակը չի բավականացնում։ Հանգիստ զրույցը կօգնի պարզաբանել հարաբերություններում առաջացած թյուրըմբռնումները։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ աղմկահարույց գրառմամբ ու տեսանյութով՝ կոչ անելով քաղաքացիներին քվեարկել այն թեկնածուների, այդ թվում՝ քպականների դեմ, որոնք կիրառում են վարչական ռեսուրս կամ դիմում են ապօրինությունների։ Առաջին հայացքից սա կարող է թվալ ժողովրդավարական բարձր գիտակցության դրսևորում, սակայն քաղաքական վերլուծության տեսանկյունից մենք գործ ունենք իշխանական տեխնոլոգիաների դասական, մանիպուլ յատիվ մանևրի հետ։
Փաշինյանը, գիտակցելով տեղերում կուտակված հանրային դժգոհությունն ու վարչական լծակների բացահայտ չարաշահումները, փորձում է կիրառել պատասխանատվության օտարման հին տակտիկան. ստեղծել «բարի, անաչառ ղեկավարի և վատ, օրենք խախտող տեղական կատարողների» կեղծ թեզը։
Սա մի կողմից՝ արտաքին դիտորդների աչքին «ժողովրդավարական ֆասադ» ցույց տալու փորձ է, մյուս կողմից՝ պատասխանատվությունը սեփական անձից ու քաղաքական թիմից քաղաքացու վրա բարդելու ճիգ. իբր թե՝ «ես ձեզ զգուշացրել էի, դուք ինքներդ ընտրեցիք»: Առավել ևս, որ նաև կոչ է անում իրեն «նամակ գրել»:
Մինչդեռ, այս ձևական հայտարարությունների փոխարեն, իշխանությունը պետք է պատասխաներ գլխավոր ու ամենաէական հարցին. ինչպե՞ս ստացվեց, որ երկրում ձևավորվեց վախի, ատելության ու քաղաքական հետապնդումների այնպիսի խեղդող մթնոլորտ, որտեղ մարդիկ ուղղակի հրաժարվում են մասնակցել ընտրական գործընթացներին։ Իշխանական հռետորաբանությունը լիովին կտրված է այն իրականությունից, որտեղ սովորական ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց կալանավորում են, իսկ ընդդիմադիր դաշտի նկատմամբ կիրառվում է բացահայտ իրավական տեռոր։
Բավական է հիշել խորհրդարանական ընտրությունների ընթացքը. իշխանությունը կալանքի տակ պահեց ընդդիմադիր խոշոր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին, ապա ակնհայտ ու շինծու մեղադրանքներով մեկուսացրեց հարյուրավոր ակտիվիստների, քաղաքական գործիչների և կուսակցության համակիրների։ Իհարկե, նմանատիպ պրակտիկա կիրառվել է նաև գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ՝ պիտակավորումներով, հրապարակային սպառնալիքներով, անազնիվ ու լկտի քարոզչությամբ, անձնական վիրավորանքներով և այլն։
Լիովին իջեցնելով ու կաթվածահար անելով ընտրական ողջ պրոցեսը՝ ընտրություններից հետո իշխանությունն անմեղ դեմքով, առանց որևէ ապաշխարանքի կամ մեղայականի, սկսեց հայտարարություններ անել բարձր ժողովրդավարության մասին։ Երևի հենց այդ ներքին ամոթն էլ նրանց տանջում է, որ այժմ ստիպված են դիմել նմանատիպ «բարեպաշտ» լեքսիկոնի։
Այս ամենի հետևանքով համայնքներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղական ուժեղ դեմքերը նախընտրում են ընդհանրապես չառաջադրվել՝ պարզապես «շառից ու փորձանքից» հեռու մնալու համար։ Երբ տեղական լիդերները դուրս են մնում պայքարից, քաղաքական կուսակցությունները կանգնում են ավագանու՝ անգամ տարրական ցուցակներ կազմելու լուրջ ճգնաժամի առաջ։ Մարդիկ, որոնք ամենօրյա աշխատանքով իրենց հացի փողն են վաստակում, քաջ գիտակցում են, որ ընդդիմադիր ցուցակում հայտնվելն անմիջապես նշանակում է աշխատանքի կորուստ։ Եվ որքան էլ իշխանությունը հերքի սա, տեղերում բոլորը գիտեն, թե ինչպես են իրականացվում աշխատանքից ազատումներն ու ճնշումները. համակարգն այն աստիճան է վախեցրել հանրությանը, որ մարդիկ անգամ շշուկով են վախենում խոսել սեփական իրավունքների մասին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։
Այս ամենին զուգահեռ՝ լրիվ ծավալով գործում են երկակի ստանդարտները և ընտրովի արդարադատությունը։ Եթե ընդդիմության հաղթանակից կամ ակտիվացումից անմիջապես հետո իրավապահ ապարատը վայրկենական գործի է անցնում ու ձերբակալություններ իրականացնում (ինչպես տեղի ունեցավ Վանաձորում, Գորիսում, Բերդում), ապա իշխանական թեկնածուների բացահայտ ապօրինությունները, մամուլում հայտնված ձայնագրությունները, աշխատակիցներին հավաքներին պարտադրված տանելու փաստերը կա՛մ անտեսվում են, կա՛մ արժանանում ձևական, անհետևանք «քննությունների»։
Ի վերջո, Փաշինյանի վերջին տեսանյութերն ու կոչերը ոչ թե ժողովրդավարության, այլ համակարգային խոր ճգնաժամի վկայություն են։ Երբ պետական ապարատը, իրավապահ համակարգն ու վարչական ռեսուրսն ամբողջությամբ ծառայեցված են ընդդիմադիր դաշտը լիովին չեզոքացնելուն, «ապօրինությունների դեմ քվեարկելու» կոչեր անելը դառնում է ընդամենը քաղաքական ֆարս, որով իշխանությունը փորձում է սեփական պատասխանատվությունը մեղմել իր իսկ կողմից ստեղծված վախի ու ճնշումների մթնոլորտում։
Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ երեկ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են սկսվել Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, թե «խուզարկություններն ու վարույթային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում» Այնուհետ հայտարարվեց, որ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ու 14 համակիր։ Եթե որևէ մեկի համար իշխանությունների նման վարքագիծն անսպասելի էր, ապա այդ մեկը կատարյալ միամիտ է: Սա այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է եղել բոլոր ընտրությունների ժամանակ, այս ընտրություններն էլ բացառություն չեն: Բա թե՝ նամակ գրեք ինձ… Տեսնես՝ այդ ո՞ւմ հրահանգով են կատարվում բոլոր այս քաղաքական «գործողությունները»՝ իրավականի արհեստական շղարշի ներքո»։
2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։
Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:
Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով։
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:
Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»։
դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի Հանրապետության գլխավոր զինվորական կոմիսարի պատասխանատու պաշտոնը վստահվեց Գևորգ Մխեյանին։ Մեկ տարին, թերևս, ժամանակագրական փոքր հատված է, սակայն զինվորական ծառայության և պետականաշինության տեսանկյունից դա բավարար ժամանակամիջոց է՝ կատարված աշխատանքի ծանրակշիռ արդյունքներն ու որդեգրած անսասան սկզբունքները փաստելու համար։
Այսօր սպայի կոչումը կրելն ու զինվորական լինելը առանձնահատուկ պատիվ է, և ամեն մարդ չէ, որ ընդունակ է խորապես ընկալել այդ բառի ողջ վեհությունն ու այդ դժվարին ճանապարհն անցնել պատվով, անբասիր հարգանքով ու նվիրումով։ Գևորգ Մխեյանի մասին, նրա անցած հարուստ ու պատվաբեր զինվորական ուղու մասին կարելի է գրել ու ներկայացնել շատ երկար, սակայն այսօր մեր նպատակն է պարզապես մեծարել վաստակաշատ սպային, շնորհավորել նրան և մաղթել քաջառողջություն։
Խստապահանջություն, վերահսկողություն և անաչառություն
Գլխավոր զինկոմն իր պաշտոնավարման հենց առաջին օրվանից առանձնացավ ընդգծված խստապահանջությամբ, սկզբունքայնությամբ և աշխատանքի հանդեպ ունեցած բարձր պահանջկոտությամբ։ Նրա ղեկավարման ձեռագիրը համադրում է զինվորական անզիջում կարգապահությունն ու հոգատար մոտեցումը։
Մեկ տարվա ընթացքում Գևորգ Մխեյանի կողմից իրականացված հետևողական քայլերն ու խիստ հրահանգները միտված են եղել զինկոմիսարիատների աշխատանքի անխափան, թափանցիկ և արդյունավետ կազմակերպմանը, համակարգում կարգապահության ամրապնդմանն ու քաղաքացի-զինկոմիսարիատ կապի որակական փոփոխությանը։
Զինվորի կյանքն ու առողջությունը՝ որպես գերագույն արժեք
Գլխավոր զինկոմի գործունեության առանցքում առաջնային և անսակարկելի տեղ է զբաղեցնում ամենակարևորը՝ հայ զինվորի կյանքն ու առողջությունը։ Գևորգ Մխեյանի անմիջական վերահսկողության և մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում զորակոչային ողջ համակարգի գործունեությունը։ Նրա համար յուրաքանչյուր զինվորական ծառայողի, յուրաքանչյուր զորակոչիկի ճակատագիրն ու անվտանգությունը անձնական պատասխանատվության հարց են։
«Մեգանյուզ»-ի խմբագրակազմն ի սրտե շնորհավորում է Գևորգ Մխեյանին պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ, անսասան կամք և նորանոր հաջողություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր զինված ուժերի հզորացման։
Հասարակական-քաղաքական դիսկուրսում վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք ականատես լինում պոպուլիստական այնպիսի հնարքների, որոնք նպատակ ունեն բարդ ու բազմաշերտ հիմնախնդիրները տարրալուծել մակերեսային լոզունգների մեջ։ Այս երևույթին, դրա մեխանիզմներին ու քայքայիչ ազդեցությանը բավականին դիպուկ և ուշագրավ անդրադարձ է կատարել հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանը։
Իր գրառման մեջ անդրադառնալով թեմային՝ լրագրողը նշում է, որ պոպուլիզմի, մեր դեպքում՝ «նիկոլիզմի» ամենաարդյունավետ հաղթաթղթերից մեկը անչափելի և անստուգելի, բայց ազդեցիկ ու բարձրագոչ հասկացությունների, հարցադրումների և պնդումների հրապարակ նետելն է։ Նպատակը մեկն է. բարդ ու բազմաշերտ հարցերին տալ հեշտ, ընդհանրական և տրամաբանական պատասխաններ։ Ավելի կոնկրետ՝ ոչնչացնել բարդ հարցերին պատասխանելու բոլոր հնարավորությունները՝ տարրալուծելով դրանք քաոտիկ վերնագրերով և լոզունգներով։ Նա մանրամասնում է, թե ինչպես է դա աշխատում. ի սկզբանե սահմանվում է կեղծ ու հնարովի ելակետ և դրա հիմքի վրա կառուցվում է պատճառահետևանքային շղթա։ Իսկ շղթան էլ իր հերթին այնքան է հեռանում սկզբնական ելակետից, որ արդեն որևէ մեկը չի էլ փորձում կասկածի տակ դնել դրա նախնական ձևախեղված բովանդակությունը։ Օրինակ՝ «30 տարի թալանել են», «Ղարաբաղցիները չկռվեցին», «Պատերազմի ժամանակ ղարաբաղցի տղերքը Երևանի գիշերային ակումբներում էին», «Ղարաբաղը էն գլխից տվել էին», «Մենք Ռուսաստանի գաղութն ենք եղել» և այլն։
Փաշոյանի դիտարկմամբ, եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք՝ բոլոր այս պնդումները սկսում են կեղծ ելակետից, ճյուղավորվում են՝ փոխակերպվելով համընդհանուր օրինաչափության։ Սա պոպուլիզմի աշխատանքի տրամաբանությունն է, այն չի կարող խարսխվել սոցիոլոգիական հետազոտության կամ էլ գիտափորձի վրա, քանի որ միտված է մասնավոր, առանձին օրինակը դարձնել ընդհանրական ճշմարտություն։ Չէ՞ որ 30 տարիների ընթացքում իսկապես թալանչիներ եղել են, որոշ ղարաբաղցիներ չեն կռվել, մի քանիսն էլ միգուցե գիշերային ակումբներ այցելել են, Ղարաբաղի հարցով բանակցությունները ոչ միշտ են համապատասխանել մեր երազանքներին, իսկ Ռուսաստանից էլ կախվածությունը կա ու կա։
Բնականաբար վերնագրային այս խառնաշփոթում մարդկանց ճնշող մեծամասնությունը չի կարող խորանալ իրերի էության մեջ՝ փորձելով հասկանալ, թե որտեղ է սուտը և որտեղ՝ ճշմարտությունը։ Հատկապես, երբ այդ պնդումներն ու հարցադրումները հագեցված են պաթոսով, էմոցիաներով և փաստերի ընտրովի խաղերով։ Որպես կոնկրետ օրինակ՝ հեղինակը մեջբերում է. «Օրինակ, ինչ ազդեցիկ ու էմոցիոնալ է, չէ՞, հնչում, երբ հաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով) հարցնում է. «Ժողովո՛ւրդ, երբ Արցախը մերն էր, այդ ժամանակ ո՞ւր էիք դուք, Արցախի տեղը գիտեի՞ք, չգիտեի՞ք, Արցախ գնացե՞լ եք, ձեր երեխաներին տարե՞լ եք, Արցախում ապրե՞լ եք, մատը մատին խփե՞լ եք Արցախի համար։ Ինչքա՞ն կարելի է ապրել պոստֆակտում, «գնա մեռի արի սիրեմով»»։
Զարգացնելով միտքը՝ լրագրողը շարունակում է. սիրված հաղորդավարի հարցադրումն էլ նիկոլական պոպուլիզմի վառ դրսևորում է։ Այն ունի կեղծ ելակետ, որը հնարավոր չէ չափել, հաշվել, ստուգել, բայց հավակնում է պաթոսով ու մունաթով պատասխանել ամենագլխավոր հարցին. ինչո՞ւ մենք կորցրեցինք Արցախը։
Այսինքն, եթե որոշ մարդիկ Արցախի տեղը չեն իմացել, երբեք չեն այցելել, իրենց երեխաներին այնտեղ չեն տարել և հանուն Արցախի չեն նահատակվել, ուրեմն ձայնազուրկ են, խոսելու իրավունք չունեն։ Բազմաթիվ մարդիկ միգուցե չեն եղել նաև Գորիսում, Մեղրիում և Ախթալայում։ Հաղորդավարի տրամաբանությամբ նշանակում է՝ իրավունք չունեն մտահոգվել նաև այդ քաղաքների ու շրջանների ճակատագրերով։
Կամ ո՞վ կարող է չափել ու ստուգել, թե 3 միլիոն բնակչությունից քանիսն են Արցախի համար մատը մատին տվել։ Ովքեր են այցելել և ովքեր են քարտեզի վրա տեղը իմացել։ Ովքեր են մտահոգվել, ովքեր սիրել և ովքեր անտարբեր եղել։ Ի՞նչ կապ ունեն դատարկ ու ապաքաղաքական այս հարցադրումները քաղաքականության հետ։ Հենց սա է քայքայիչ պոպուլիզմը, իր ապաքաղաքական, դատարկ բարոյախոսությամբ։
Եվ թո՛ղ որևէ մեկը չասի, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ Եթե խոսքի մեջ առկա են Հայաստան ու Արցախ բառերը, նշանակում է, որ զրույցն էլ ինքնին չի կարող ապաքաղաքական լինել։ Քայքայիչ պոպուլիզմը մեզ ոչ միայն հեշտ պատասխաններ և լուծումներ է առաջարկում, այլ նաև օժտում մարդկային խմբերին հեշտությամբ դատելու, նրանց վերաբերյալ ընդհանրական գնահատականներ հնչեցնելու գերբնական կարողությամբ։ Ի՞նչ թեթևությամբ ենք մենք ներխուժում մարդկային հոգու խորքերը…
Գոռ Գևորգյանի նիկոլական հարցադրումը պատասխան չունի։ Նույնիսկ դրա կարիքն էլ չկա, քանի որ պոպուլիստական համակարգում պատասխանները հարցերից շուտ են ծնվում։ Մենք ձեռքներիս տակ սոցիալական հետազոտություն կամ էլ գիտափորձի տվյալներ չունենք և չենք կարող որոշել, թե ով է հատկապես Արցախի համար մատը մատին տվել, և ով՝ ոչ։
Կա միայն մեկ վկայություն. Հայաստանի գրեթե բոլոր գյուղերը ունեն գերեզմանոցներ, որտեղ անպայման հանդիպում է գոնե մեկ դրոշակով գերեզման։ Առնվազն մեկ…
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրանց գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ երբ կանգնում են գյուղի կենտրոնում դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։
Սովետական տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը, որը գտնվում էր Կիրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հազիվ 25-30 տնից կազմված, իսկ 92-ից ի վեր առհասարակ գոյություն չի ունեցել, ոչ ոք, անգամ ժամանակին այնտեղ ապրած ադրբեջանցիները 30 տարի չեն հիշել դրա գոյության մասին: Դրա մասին առաջինը հիշեց եւ «Խեյրիմլի» բառն արտաբերեց Նիկոլ Փաշինյանը, իսկ 2024 թվականին` սահմանազատման անվան տակ, միակողմանի հանձնեց Ադրբեջանին։
Թե ինչպես է այդ տեղանունը հայտնվել Գուգլի կամ այֆոնների տեսադաշտում, դրա պատճառը բացառապես ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունն է, ի տարբերություն Հայաստանի պարտվողական ու ամեն ինչ հանձնելու-մոռանալու քաղաքականության: Մեզ ասացին, որ Կիրանցի միայն մի մասում է հեռախոսների էկրանին գրվում «Կիրանց»։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը