Category: YN.am

  • Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, Հնդկաստան՝ 81,3%-ով, ԵՄ` 80%-ով

    Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը վիճակագրական տվյալներ է հրապարակել։

    Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ.

    Չինաստան՝ աճել է 83,4%-ով,

    Հնդկաստան՝ աճել է 81,3%-ով,

    Եվրոպական միություն՝ աճել է 80%-ով։

  • Գագիկ Ծառուկյանի` 12 ժամ տևած հարցաքննությունն ավարտվեց. նոր քրեական գործ է հարուցվել

    Ավարտվեց Գագիկ Ծառուկյանի՝ հարցաքննությունը, որը տվեց 12 ժամ։

    Նրան տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը

    «Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։

  • Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները բանակցություններ են վարել

    Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի «լուսանցքներում» Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտաքին գործերի նախարար Վան Ին հերթական հանդիպումն են անցկացրել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք թեմաներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

    Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների զարգացման դրական դինամիկայից: Այդ հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, ինչի հիմքում Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիրն է։ Այս տարի Մոսկվան ու Պեկինը նշում են դրա 25-ամյակը՝ այդ թվում երրորդ երկրներում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցչությունների համատեղ միջոցառումներով։

    Լավրովը և Վան Ին «ժամացույցները ճշգրտել են» երկկողմ քաղաքական երկխոսության, գործնական համագործակցության և հումանիտար կապերի հարցերի շուրջ՝ հիմնական շեշտը դնելով մայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի՝ ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վրա։

    Մտքեր են փոխանակվել Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում փոխգործակցության, այդ թվում՝ կառույցի գործունեության համալիր բարելավման համատեքստում դրա հետագա զարգացման հեռանկարների շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի բովանդակային հագեցվածությանը։

    Ընդգծվել է միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և նրա Խորհրդում, ՇՀԿ-ում, BRICS-ում, «Մեծ քսանյակում», ԱԽՏՀ-ում և այլ ձևաչափերում Մոսկվայի ու Պեկինի ռազմավարական համակարգման ամրապնդման կարևորությունը։

    Քննարկվել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամի շուրջ տիրող իրավիճակը։

    Հանդիպման արդյունքներով կողմերն արձանագրել են արծարծված հարցերի մեծ մասի վերաբերյալ երկու երկրների մոտեցումների համընկնումը կամ մոտ լինելը։

  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակը Հայաստանում

    Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հուլիսի 25-30-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։

    Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-30-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

  • Բահրեյնն ու Քուվեյթը գաղտնի հարվածներ են հասցրել Իրանին․ The Wall Street Journal

    Բահրեյնի և Քուվեյթի ռազմական ինքնաթիռներն այս ամսվա սկզբին գաղտնի հարվածներ են հասցրել Իրանին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

    Սա դարձել է Թեհրանի ուղղությամբ նրանց առաջին ուղղակի հարվածը և վկայում է այն բարդ իրավիճակի մասին, որում հայտնվել են արաբական պետությունները պատերազմի շարունակման ժամանակ։

    Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ թիրախավորվել են անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների պահեստները, ինչպես նաև ռազմական այլ օբյեկտներ։ Արաբական Միացյալ Էմիրությունները պատերազմի սկզբում բազմիցս հարվածներ հասցրել Իրանին, տրամադրել են թիրախների վերաբերյալ հետախուզական տվյալներ և օդային ծածկույթ ապահովել հարվածների համար, ինչը վկայում է Իրանին դիմակայելու հարցում արաբական երկրների ձևավորվող համագործակցության մասին։

  • Մենք պատրաստ ենք «հզոր հարված» հասցնել Իրանին․ Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները «պատրաստ են մարտի» և պատրաստ են «հզոր հարված» հասցնել Իրանին, սակայն ինքը «չի շտապում», քանի որ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

    «Մենք պատրաստ ենք մարտի, բայց դեռ խոսում ենք նրանց հետ։ Այնպես որ, բեկումնային պահը կամ կգա, կամ՝ չէ։

    Գուցե հանձնվեն, գուցե պարզապես տեղի տան կամ էլ՝ մտնեն քարանձավները։ Գիտեք չէ՞, նրանք գետնի տակ այնպիսի խորը քարանձավներ ունեն, որ կարող են այնտեղ թաքնվել»,— ասել է Թրամփը։

    Նրա խոսքով՝ իրանցի պաշտոնյաները «գնալով ավելի լուրջ են վերաբերվում» ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի հասնելու հարցին։

  • Զապորոժիեի մարզի վրա ուկրաինական հարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել․ Բալիցկի

    Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանի Կիրիլովկա քաղաքատիպ ավանի վրա իրականացված հարձակման հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնել է «տարածաշրջանի ղեկավար» Եվգենի Բալիցկին, փոխանցում է РБК-ն։

    «Հակառակորդի թիրախում են հայտնվել հանգստյան բազաները։ Այս պահի դրությամբ հայտնի է նաև 14 վիրավորի մասին․ նրանցից երեքը երեխաներ են»,— նշել է նա։

    Զապորոժիեի մարզի վրա ուկրաինական հարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել․ Բալիցկի

  • Հութիները հարվածներ են հասցրել Aramco-ին. Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայաններ դադարեցրել են իրենց աշխատանքը

    Սաուդյան Արաբիան հարված է հասցրել Քամարան կղզուն և Եմենի Հոդեյդա նահանգում գտնվող հեռահաղորդակցության կենտրոնների օբյեկտներին, հաղորդում է Al Jazeera-ն։

    Քամարանը կարևոր ռազմական նշանակություն ունի, քանի որ այն տեղակայված է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարևանությամբ գտնվող առանցքային ծովային երթուղու վրա։ Հիշեցնենք, որ այնտեղ նախկինում հարձակումներ են գրանցվել սաուդյան նավթատարների վրա։

    Ինչպես հայտնում է «Fars» գործակալությունը, «Aramco» ընկերության նավթային օբյեկտների ուղղությամբ հութիների պատասխան հարվածներից հետո Սաուդյան Արաբիայի Ջիզան և Յանբու քաղաքների օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը։

    Երկրի հարավում գտնվող օդանավակայանների որոշ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել և ստիպված են եղել փոխել թռիչքի ուղղությունը։

  • Իրանի և Չինաստանի արտգործնախարարները հանդիպում են անցկացրել Ղրղզստանում

    Իրանի և Չինաստանի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Վան Ին հանդիպել են Ղրղզստանում անցկացվող ՇՀԿ նախարարական նիստի շրջանակում, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, ինչպես նաև մտքեր են փոխանակել ՇՀԿ օրակարգային թեմաների շուրջ։

    Նախարարներն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր հարցերում երկու երկրների ղեկավարների ջանքերը։ Կողմերը կարևորել են նաև ձեռք բերված համաձայնությունների լիարժեք իրագործումն ու երկկողմ ու բազմակողմ կապերն ընդլայնելու համար ՇՀԿ-ի և BRICS-ի ներուժի օգտագործումը։

    Իրանի արտգործնախարարը դատապարտել է «ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հանցագործություններն ու երկրի կենսական նշանակության ենթակառուցվածքներին հասցված հարվածները»՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցում և ողջ տարածաշրջանում տիրող անկայունությունը Վաշինգտոնի կողմից Իսլամաբադի համաձայնագրի խախտման անմիջական հետևանքն է։

    Չինաստանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ Արևմտյան Ասիայում խաղաղության ու կայունության վերականգնումն անհնար է առանց տարածաշրջանի երկրների միջև վստահության և համագործակցության խորացման՝ հավաստիացնելով, որ Պեկինը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։

  • Թբիլիսիի որոշ բնակիչներ մնացել են առանց ջրի խոշոր էլեկտրաէներգիայի անջատումից հետո

    Էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո Թբիլիսիի որոշ բնակիչներ ջրամատակարարման ընդհատումներ են ունեցել պոմպակայանի անջատման պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են «Վրացական ջուր և էլեկտրաէներգիա» (GWP) ընկերությունից։

    Շաբաթ առավոտյան Վրաստանում վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիա է անջատվել։ Առաջին անջատումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Անջատման պատճառը դեռևս անհայտ է։

    «Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Բախտրիոնի փողոցի պոմպակայանը անջատվել է։ Արդյունքում, Վակե և Սաբուրտալո շրջանների որոշ հատվածներ մնացել են առանց ջրի։ Պոմպակայանի էլեկտրաէներգիան արդեն վերականգնվել է։

    Ջրամատակարարումը կվերականգնվի փուլ առ փուլ և լիովին կվերականգնվի մինչև ժամը 12:00-ն (Մոսկվայի ժամանակով 11:00-ն)», – հայտարարել է ընկերությունը։