Category: TIV 1

  • Շուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

    Ինչպես ՔԿ-ից հայտնել էին, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 7 անձի կողմից ՀՀ սեփականություն հանդիսացած և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի օգտագործմանը հանձնված Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասեցում գտնվող 451.1 քմ մակերեսով հասարակական շինությունն ապօրինի օտարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, դրանց օժանդակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:

    «Նախաքննության ընթացքում մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու մեղադրանքով Ա.Ա.-ի (Արմեն Աշոտյան-խմբ.), Գ.Գ.-ի (Գայանե Գասպարյան-խմբ.) և Ա.Ավ.-ի (Արթուր Ավագյան-խմբ.) վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

    Մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • ՀԱՊԿ-ի հետ ինչ-որ չափով անդառնալիության կետը հատել ենք․ Արթուր Հովհաննիսյան |

    «ՀՀ-ն իր դիրքորոշումը կարտահայտի այն ժամանակ, երբ նման որոշումներ կամ քննարկումներ լինեն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու կամ հեռացնելու հնարավորությանը։

    «Մեր որոշումն այս պահին հետևյալն է․ սառեցնել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ հույս հայտնելով, որ առաջացած խնդիրները դեռևս որոշակի տոկոսով հնարավորություն ունեն լուծվելու, եթե ոչ, մենք կգործենք ըստ ՀՀ պետական շահի»,- շարունակեց Հովհաննիսյանը։

    Հարցին, թե արդյոք ՀՀ-ն հետ կվերադառնա ՀԱՊԿ, ՔՊ-ական պատգամավորը նշեց․ «ՀԱՊԿ-ի հետ ինչ-որ չափով անդառնալիության կետը հատել ենք այս առումով, բայց մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք, որ նրանք կտան իրականությանն առնվազն մոտ գնահատականներ, իսկ թե ինչ կլինի հետո՝ կախված է հետակա գործողություններից, որոշումներից»։

  • ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները կռիվ են տալիս իմ շողքի հետ. Ալեն Սիմոնյան

    ԱԽ քարտուղար, ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանի իր էջում գրել է. 

    «ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները` անունները չեմ գրում, քանզի դրանք ձեզ ոչինչ չեն ասի), մինչ օրս կռիվ են տալիս ԱԺ դահլիճում իմ շողքի հետ, բայց թքիցս վերև չեն կարողանում միևնույն է բարձրանալ: Այս փոքրիկ ծաղրածուները, ովքեր իրենց անգրագետ շեֆերի փողերի ու հայ ժողովրդին մոլորեցնելու միջոցով դեպուտատ են դարձել, պետք է հասկանան, որ ամեն անգամ նման բաներից հետո տրորելու եմ ոչ միայն իրենց, այլ առաջին հերթին իրենց օտարերկրյա գործակալ անգրագետ շեֆերին: Դուք նույնիսկ իմ շողքի հետ բանավիճելու և ոտք քցելու ո՛չ խելք, ո՛չ գիտելիք չունեք , ուստի հանգիստ վեր ընկեք ձեր տեղը` ավելորդ անգամ Կալուգացի Սամոյի ու էն ծուռբերան Ռոբի գլխին չտամ: Դուք դրա պակասը չունեք ու չեք ունենալու»:

  • Թող՝ էդ պոետիկ զեղումներն իրենց տանն անեն. Ռուբինյան |

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, դիմելով ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանին, խնդրեց իր խոսքը փոխանցել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ նշելով, որ վերջին երկու օրվա ընթացքում խորհրդարանի նիստերը հիշեցնում են 8-րդ գումարման ԱԺ-ի նիստերը։

    «Խնդրում եմ փոխանցել ԱԺ նախագահ Ռուբինյանին, որ վերջին երկու օրվա ընթացքում ԱԺ նիստերը վերածվում են 8-րդ գումարման նիստերի։ Երեկ խոսում էր բոքսից, այսօր՝ առողջությունից»,– ասաց Կարապետյանը։

    Նրա խոսքով՝ ինքը փորձում է պահպանել բարեկիրթ և բնականոն աշխատանքային հարաբերություններ։

    «Հորդորում եմ՝ այնպես չլինի, որ բարեկրթության նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրված կողմը ես մնամ։ Բոքսի գնացողներ էլ կան մեզ մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ես ձեզ ասեմ»,– հայտարարեց պատգամավորը։

    Կարապետյանը հավելեց, որ իր նպատակը ԱԺ նիստերը 8-րդ գումարման նիստերի վերածվելուց զերծ պահելն է։

    «Ես ուղղակի, որպես վերջին անձ, որն ամեն ինչ անում է, որ չվերածվի 8-րդ գումարման ԱԺ նիստերի, հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այսուհետ։ Չունենանք պոետիկ երեկոներ՝ Տիգրան Կարապետյանի «Ալմ»-ի ֆորմատով»,– ասաց նա։

    Նարեկ Կարապետյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

    «Տիկին Ղազարյան, փոխանցեք, որ առողջությունից խոսեց իր գործընկերը՝ իր ետևում նստած։ Բազմիցս եմ կրկնել՝ ինչ ասում եք այս դահլիճում, նույն ճշգրիտ վերաբերմունքը ստանալու են իրենք»,– ասաց Ռուբինյանը։

    Նա միաժամանակ ընդգծեց, որ ԱԺ-ում բարեկրթության պահանջը պահպանվելու է։

    Դրան հաջորդեց Նարեկ Կարապետյանի հերթական արձագանքը․

    «Ականատես եղանք պոետիկ զեղումների, որոնց վերջը կարող է լինել մտահոգությունը՝ իրապես առողջապահության և այլ ոլորտների, սակայն մենք վերջին մեր ջանքերն ենք գործադրում՝ չվերածելու այս նիստերը 8-րդ ԱԺ գումարման և չունենալու նոր ԱԽ քարտուղար»,– ասաց Կարապետյանը։

    Ռուբեն Ռուբինյանն իր հերթին անդրադարձավ «պոետիկ զեղումներ» ձևակերպմանը՝ նշելով, որ նման արտահայտչամիջոցների կիրառման դեպքում քաղաքական բանավեճում պետք է պատրաստ լինել նաև պատասխան արձագանքների։

    «Իրապես շատ լավ է, որ ունենք ԱԽ քարտուղար, շնորհավորում եմ, պարոն Սիմոնյանին այդ նշանակման համար։ Ինչ վերաբերում է պոետիկ զեղումներին․ տիկին Ղազարյան, ձեզ հարց տվող պատգամավորը առաջին հերթին պետք է զբաղվի իր ներկայացրած խմբակցության տարատեսակ պոետներով ու ճարտար լեզվին տիրապետողներով»,– ասաց Ռուբինյանը։

    Նա շարունակեց՝ ներկայացնելով իր ընկալումը քաղաքական բանավեճում պոեզիայի և ակնարկների կիրառելիության վերաբերյալ․

    «Տրամաբանությունը հետևյալն է․ պոեզիան կամ ընդունելի է՝ որպես որևէ բան հասկացնելուն միջոց, կամ ընդունելի չէ։ Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները պետք է պատրաստ լինեն տարատեսակ պոետիկ անդրադարձների։ Կարող են լինել պոետիկ մեջբերումներ, կարող են լինել տեղեր, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտացածին կերպարների հետ»,– նշեց ԱԺ նախագահը։

    Ռուբինյանը նաև կոշտ ձևակերպմամբ անդրադարձավ «բոքսի տանձիկների» մասին Կարապետյանի հայտարարությանը։

    «Եթե ընդունելի չէ, ես հորդորում եմ, տիկին Ղազարյան, ձեզ հարց տվող պատգամավորին, որի խմբակցության անդամները բացարձակ բոքսի տանձիկ չեն, և ես կհոգամ, որ չվերածվեն բոքսի տանձիկի, հորդորեք՝ թող էդ պոետիկ զեղումներն իրենց տանը, բարեկամներին պատմեն տանձիկի մասին, բայց ոչ՝ հանրային տիրույթում»,– հայտարարեց Ռուբինյանը։

  • ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում հասել ենք 5 նշանակալի ձեռքբերման. Պետրոսյան

    ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է. 

    «Քանի որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ՝ թե՛ իմ թիմակից (ՔՊ ֆրակցիայից), և թե՛ ընդդիմադիր խմբակցություններից, վերջին օրերին՝ այսօր ևս, պարբերաբար իրենց խոսքում անդրադառնում են ՀԷՑ-ին, պարզապես հարկ համարեցի մատնանշել 5 նշանակալի ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, որոնց հասել ենք պետական միջամտությամբ՝ ՀԷՑ-ի շուրջ մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում.

    1. ՀՀ 1.000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ը բարելավել է իր դիրքերը 8 կետով՝ 21-րդից բարձրանալով 13-րդ հորիզոնական (2026թ. առաջին կիսամյակում վճարելով 62%-ով ավելի հարկեր, քան 2025թ. նույն շրջանում):
    2. Միջազգային ու տեղական մի շարք բանկերի նկատմամբ ունեցած՝ ՀԷՑ-ի շուրջ 400մլն ԱՄՆ դոլարի պարտավորություններից մարվել են մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկեր (այդ թվում՝ վաղաժամկետ), իսկ ֆինանսական շուկայում ՀԷՑ-ի պարտատոմսերի անվանական արժեքը թանկացել է 7-10%-ով։
    3. ՀՀ-ում հյուրընկալվող՝ COP-17 գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով ՀԷՑ-ի պատվիրակմամբ առաջին անգամ մեր երկրում կառուցվում է 35/6 կՎ բարձր լարման նոր մոդուլային ժամանակակից ենթակայան (ծրագրի արժեքը՝ 1,2մլրդ ՀՀԴ)։
    4. Բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են մինչև 40%-ով, իսկ գործող հզորությունների ավելացման գործակիցները՝ մինչև 55%-ով։ Արդյունքում՝ 4-5 անգամ ավելացել են էներգահամակարգը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու հայտերը։
    5. Ընկերության աշխատակիցների կեսից ավելիի դեպքում (3.400-3.500 անձ) բարձրացել են աշխատավարձերը՝ 12-25% չափով, երեք և ավելի անչափահաս զավակներ ունեցող՝ ՀԷՑ-ի շուրջ 400 աշխատակիցների համար ՀԷՑ-ը փոխհատուցում է էլ.էներգիայի ամսական ծախսը, իսկ գլխամասային գրասենյակում շուրջ 500 աշխատակցի համար Ընկերության հաշվին մատուցվում է անվճար որակյալ սնունդ։

    ՀԷՑ-ն այլև ծառայում է մեր ժողովրդին»։ 

  • Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ |

    Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։

    Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Զաքարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից

    «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

    Աշոտ Զաքարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնի»,- նշված է հրամանագրում:

  • Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում․ Ռոնալդու |

    Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասիրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարիերան ավարտելու հնարավորության մասին։

    «Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում։ Ես ուզում եմ մեծ ժառանգություն թողնել»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերել Vogue-ն։

    Անցյալ մրցաշրջանում 41-ամյա հարձակվողը ակումբի կազմում անցկացրել է 37 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 30 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում պորտուգալացին հինգ խաղում խփել է երեք գոլ։

    Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի երկակի հաղթող։

  • Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել |

    Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել հրադադարը երկարաձգել ևս 60 օրով. հայտնել են «Ալ-Արաբիա» և «Ալ-Հադաթ» հեռուստաալիքները։

    Դա տեղի է ունենում երկու երկրների միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված ժամկետի ավարտի օրը։

    Աղբյուրների փոխանցմամբ՝ անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված «Իսլամաբադի համաձայնագրի» գործողության ժամկետը լրանում է այսօր։

    Հնարավոր երկարաձգման ժամկետի կամ նոր համաձայնագրի պայմանների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չի հրապարակվել։

    Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ «Իսլամաբադի համաձայնագիրը» չի նախատեսում որևէ «60-օրյա ժամկետ»։

    Նրա խոսքով՝ Իրանը որոշումներ չի կայացնում ժամկետների կամ նախազգուշացումների հիման վրա։ Բաղային նշել է, որ կողմերը պետք է 60 օրվա ընթացքում բանակցեին, այդ թվում՝ միջուկային հարցի շուրջ, սակայն ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումից հետո այդ ժամկետի մասին խոսակցություններն այլևս արդիական չեն։

  • «Բավակա՛ն է կրթության անունից խոսեն դիլետանտները». Ռուզաննա Երեմյան |

    ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանը, արձագանքելով ընդդիմադիրների, մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանի ելույթին, ասաց. «Լինելով կրթության մարդ՝ էստեղ էնպիսի բաներ լսեցի, որ չհակադարձել չեմ կարող: Տիկի՛ն Գալստյան, ով ով, բայց ձեր կուսակցությունն օպտիմալացումից թող չխոսի: Չմոռանանք, որ 18 դասաժամ պարապող ուսուցչի մեկ դրույքը վերածեցիք 22 ժամի, դասարանների քանակը դարձրեցիք 35 ու հիմա եկել եք այստեղ ու ՀՀ կրթական հանրույթին ասում եք՝ մենք օպտիմալացո՞ւմ ենք անում: Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում: Գյուղից մարդ կա, ամո՛թ է: Գնացեք ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք: Եվ բավական է՝ կրթության անունից խոսեն դիլետանտները»:

  • Միայն Երևանում վերանորոգվել է 15 դպրոց, 62 մանկապարտեզ․ պատգամավոր |

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանն արձագանքել է դպրոցների օպտիմալացման վերաբերյալ մեղադրանքներին՝ նշելով, որ նախկինում կրթական համակարգում իրականացվել են վիճահարույց փոփոխություններ։

    «Չմոռանա՛ք, որ 18 դասաժամ պարապող ուսուցչի մեկ դրույքը վերածեցիք 22 ժամի, դասարաններում աշակերտների քանակը մի հարվածով դարձրիք 35, իսկ հիմա եկել եք կրթական հանրությանն ասելու, որ մենք օպտիմալացում ենք անում»,- ասել է պատգամավորը։

    Նա կոչ է արել ուշադրություն դարձնել նախկինում առկա խնդիրներին․

    «Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում։ Գյուղից մարդ կա՝ ամոթ է։ Գնացե՛ք ձեր նախարարների գողացած միլիոնների հետևից, և բավակա՛ն է, որ կրթության անունից խոսեն դիլետանտները»,- հայտարարել է նա։

    Պատգամավորն անդրադարձել է նաև դպրոցաշինության թեմային՝ նշելով, որ իշխանություններին մեղադրում են դպրոցներ չկառուցելու մեջ։ Որպես օրինակ՝ նա առանձնացրել է Երևանի Հ․ Կոջոյանի անվան կրթահամալիրի շինարարությունը։

    «Մեզ մեղադրում են դպրոցներ չկառուցելու մեջ։ Միայն Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի շինարարությունը տևեց հինգ տարի։ Ներողություն, տիկին Գալստյան, որ ձեր ժամանակների նման շենքերը չէին վաճառվում։ Հինգ տարի կառավարությունը հետևողականորեն գնաց նրան, որ այսօր Երևանի սրտում գործի մշակութային այդ կրթօջախը՝ այն չափանիշներով, որոնք ձեր ժամանակ պատկերացնել անգամ չէին կարող»,- նշել է Երեմյանը։

    Երեմյանի խոսքով՝ վերջին տարիներին ավելացել է նաև կրթության ոլորտի ֆինանսավորումը։ Նա նշել է, որ ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 50,1 տոկոսով։

    Պատգամավորը ներկայացրել է նաև 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ դպրոցների և նախադպրոցական հաստատությունների շինարարության վերաբերյալ տվյալներ։

    Նրա ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում ավարտվել են 172 դպրոցի և 332 մանկապարտեզի ու նախակրթարանի շինարարական աշխատանքները։ Դրանցից օգտվելու են համապատասխանաբար շուրջ 60 հազար աշակերտ և 29 հազար երեխա։

    Միայն Երևանում վերանորոգվել է 15 դպրոց, 62 մանկապարտեզ։

    Մարզերի կտրվածքով ներկայացված ցուցանիշները հետևյալն են․

    Արագածոտնի մարզ՝ 9 դպրոց, 20 մանկապարտեզ

    Արարատի մարզ՝ 13 դպրոց, 20 մանկապարտեզ

    Արմավիրի մարզ՝ 17 դպրոց, 51 մանկապարտեզ

    Գեղարքունիքի մարզ՝ 15 դպրոց, 33 մանկապարտեզ

    Լոռու մարզ՝ 27 դպրոց, 24 մանկապարտեզ

    Կոտայքի մարզ՝ 13 դպրոց, 24 մանկապարտեզ

    Շիրակի մարզ՝ 35 դպրոց, 44 մանկապարտեզ

    Սյունիքի մարզ՝ 13 դպրոց, 18 մանկապարտեզ

    Վայոց ձորի մարզ՝ 7 դպրոց, 8 մանկապարտեզ

    Տավուշի մարզ՝ 8 դպրոց, 28 մանկապարտեզ

    Միաժամանակ, շինարարական աշխատանքների տարբեր փուլերում են գտնվում 543 նախադպրոցական հաստատություն՝ շուրջ 46 հազար երեխայի, և 375 ուսումնական հաստատություն՝ շուրջ 124 հազար սովորողի համար։