Category: Syunik.TV

  • Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը. դեսպան

    Հուսով ենք, որ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը թե՛ Հայաստանին, թե՛ Հայաստանից դուրս շուկաներին մատակարարելու համար: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

    «Ազատ առևտրային տնտեսական գոտիների համատեքստում կարծում ենք, որ եթե կարողանանք Իրանի «Արաս» առևտրատնտեսական գոտու և Մեղրու առևտրատնտեսական գոտու միջև կապն ամրապնդել, ապա սա ևս նոր հեռանկարներ կստեղծի տնտեսական նոր ձեռքբերումների համար:

    Ինչ վերաբերում է տրանզիտի հարցերին, ապա եթե մենք կարողանանք բացել Ջուղայից մինչև Սև ծով հասնող երկաթգիծը, ապա սա ևս Հայաստանի համար տնտեսական նոր եկամուտ կստեղծի»,- ասաց դեսպանը՝ միաժամանակ ընդգծելով, որ բոլոր ոլորտներում կա չիրացված պոտենցիալ, որը կարող է երկու երկրների համար նոր հեռանկարներ բացել:

  • «Դավիթբեկյան խաղեր». կամքի և միասնության ստուգատես

    «Դավիթբեկյան խաղեր» ուսումնամարզական մրցույթ-փառատոնն արդեն հինգերորդ տարին անընդմեջ համախմբում է հարյուրավոր երիտասարդների Հայաստանից և ոչ միայն։ Եզրափակիչ փուլ կանցնեն լավագույն 9 թիմերը։ Որոշիչ պայքարը կկայանա օգոստոսի 2-ին։

    The post «Դավիթբեկյան խաղեր». կամքի և միասնության ստուգատես appeared first on Սյունիք ՀԸ.

  • Սյունիքում գայլը հարձակվել է մարդկանց վրա

    Հուլիսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գորիս համայնքում։ Քարահունջ բնակավայրից Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած հատվածում գայլը հարձակվել է մարդկանց վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Նախնական տվյալներով 6 քաղաքացի մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, նրանցից մեկի վիճակը ծանր է։

    Հայտնի չէ, թե քանի գայլ է եղել, բայց նրանցից մեկին վնասազերծել են։ Այս պահին ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները և էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

    ԲԿ֊ում նրանք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և համապատասխան պատվաստումներ։

  • Կապանի մի շարք հասցեներում գազ չի լինի

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի, Թումանյան, Չարենցի, Ա.Մանուկյան, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան փողոցների, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների նրբանցքների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    The post Կապանի մի շարք հասցեներում գազ չի լինի appeared first on Սյունիք ՀԸ.

  • Ֆեստի չորրորդ օրը՝ Փարաջանովյան – Սյունիք ՀԸ

    Կապանֆեստի չորրորդ օրն անցավ Փարաջանովին փառաբանելով։ Ֆրանսիայից ժամանած անսամբլը հանդիսատեսին փոխանցեց կինոռեժիսորի արվեստը՝ միաձուլելով երաժշտությունը, պատկերն ու խոսքը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։

  • Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում

    Երկրաշարժը բնական աղետ է, որը հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելուն։

    ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան և մի քանի անգամ փորձարկել այն։

    Ճշտել բնակարանի, աշխատավայրի, դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։

    Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։

    Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն, հեռու շենք-շինություններից, ենթակառուցվածքներից։

    Նախապես պետք է ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։

    Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները` հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել սպառնացող վտանգը։

    The post Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում appeared first on Սյունիք ՀԸ.

  • Ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա այս պահին աշխատում ենք․ ԻԻՀ դեսպան

    Ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ մեր ցանկությունը և կամքը շատ լուրջ են ու վճռական: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

    «Անցյալ շաբաթ, երբ մեծարգո Նիկոլ Փաշինյանն Իրանում հանդիպեց ԻԻՀ մեծարգո նախագահ պարոն Փեզեշքիանիի հետ, այս հանդիպման շրջանակում պարոն Փեզեշքիանը ևս մեկ անգամ ընդգծեց կարևորությունը և հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը: Ուստի կարող ենք ասել, որ ԻԻՀ-ն իր կողմից շարունակ և հետամուտ կերպով աշխատում և քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար և վճռական կերպով շարունակում է այս ճանապարհին քայլեր ձեռնարկել:

    Ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա այս պահին աշխատում ենք, և տեքստը ուսումնասիրության և կազմման փուլում է: Հուսով եմ՝ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք և կսկսենք աշխատանքները ստորագրման ուղղությամբ:

    Կարծում եմ՝ այս փաստաթղթով նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի հետագա համագործակցության համար»,- նշել է դեսպանը:

  • Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

    Ամառվա շոգ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    «Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ որսի համար։ Օձերը շատ խելացի սողուններ են, եթե օձերին չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- նշում է  ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ 4-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ռոման Խաչատրյանը։

    Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-2,5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել և անշարժ մնալ։ Իսկ եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։

    Մասնագետի խոսքով՝ պետք չէ բռնել օձին, պարզապես պետք է զանգել 112, և փրկարարները կգան իրենք կտեղափոխեն անվտանգ վայր։

    Օձի խայթոցի դեպքում պետք է շատ հեղուկներ խմել և դիմել բուժօգնության։

    Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը կենսական անհրաժեշտություն է, սակայն նույնքան կարևոր է հիշել, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր դերն ու տեղն ունի։ Պետք է նաև իմանալ, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում, ուստի զգուշավոր և պատասխանատու վարքագիծը հաճախ լավագույն պաշտպանությունն է։

  • Օդի ջերմաստիճանը կնվազի – Սյունիք ՀԸ

    Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

  • Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարողի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզում Վերին Պտղնի համայնքի Երևան-Սևան մայրուղու 1 և Երևան քաղաքի Գյուրջյան 10/2 հասցեներում բենզալցակայան շահագործող ընկերությունն առանց համապատասխան փաստաթղթավորման՝ ձեռք է բերում վառելիք ու առանց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու և այդ գործարքները հարկային հաշվառման մեջ արտացոլելու՝ վաճառում է սպառողներին։

    «Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

    Այսպես, նախապես ճշտվել են ընկերության գործունեության հասցեները, վառելիքի բաշխիչ աշտարակների քանակները, վառելիքի պահեստավորման տարաների գտնվելու վայրերը, ինչպես նաև գրասենյակային տարածքների հասցեները, միաժամանակ իրականացվել է նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում։

    Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված տվյալների համալիր վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականներին առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել և իրացրել տարբեր տեսակի՝ շուրջ 1,6 մլրդ դրամի հեղուկ վառելիքներ։ Այդ նպատակով, բենզալցակայանի իրական շրջանառության զգալի մասը չի փաստաթղթավորվել, մասնավորապես վաճառված բենզինի արժեքները չեն մուտքագրվել հսկիչ դրամարկղային մեքենաներ և չեն տպվել ՀԴՄ կտրոններ: Այս ամենի  հետևանքով հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 մլն դրամի վնաս։

    Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրական իրացման շրջանառությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։