Բոոդոկը Մոնղոլիայի քոչվոր ժողովուրդների ավանդական ուտեստ է, որը աշխարհի ամենաանսովոր և «էքստրեմալ» ուտեստներից մեկն է։ Ի՞նչ է դա: Ըստ էության, բոոդոկը միս (սովորաբար` այծի, հնարավոր է` այլ վայրի կենդանու) պատրաստելու մեթոդ է, որի դեպքում կենդանու միսը պատրաստվում է անմիջապես իր սեփական կաշվի մեջ` օգտագործելով տաք քարեր։
Կենդանուն մորթում են` զգուշորեն հեռացնելով աղիքները, բայց կաշին թողնելով անվնաս։ Ներսում տեղադրվում են միսն ու ճարպը, տաք քարերը, երբեմն սոխ, աղ և համեմունքներ, ապա բացվածքը կարվում կամ փակվում է և դրվում կրակի կամ ածուխի վրա և եփվում մի քանի ժամ։ Նման կերպ ներսում գտնվող քարերը տաքացնում են միսը ներսից` ստեղծելով «բնական վառարան»։ Նման կերպ պատրաստված միսը լինում է շատ հյութալի և նուրբ, ունենում է թեթևակի ծխաբույր, իսկ համը հիշեցնում է խորոված և խաշած մսի խառնուրդ: Այս մեթոդը ծագել է քոչվորական ապրելակերպի պատճառով. մարդիկ չունեին կաթսաներ կամ վառարաններ:
Ի դեպ, եփելուց հետո քարերը երբեմն օգտագործում են մերսման համար. կարծում են, որ դրանք «ներծծել են էներգիա»:
Բոոդոկը Մոնղոլիայի քոչվոր ժողովուրդների ամենահին ուտեստներից մեկն է, և դրա պատմությունը ուղղակիորեն կապված է տափաստաններում ապրելակերպի հետ։ Այդ ուտեստը ծագել է դարեր առաջ այն մոնղոլ քոչվորների շրջանում, ովքեր մշտապես շարժման մեջ էին, չունեին մշտական խոհանոցներ կամ սպասք և ուտելիքը պատրաստում էին տափաստանում՝ օգտագործելով ձեռքի տակ եղածը: Այսպիսով, բոոդոկ ուտեստի հիմնական գաղափարն է միսը պատրաստել առանց սպասքի՝ անմիջապես կենդանու կաշվի մեջ։ Մոնղոլական տափաստաններում նաև փայտն է քիչ (կրակը արժեքավոր ռեսուրս է, չկան ավանդական վառարաններ, իսկ ուտեստը պետք է անգամ ճանապարհին արագ պատրաստել): Եվ մարդիկ մտածել են տաք քարերը որպես ջերմության աղբյուր օգտագործել՝ կենդանու մորթին «փակ վառարանի» վերածելով: Սա չափազանց գործնական և հնարամտորեն պարզ պատրաստման մեթոդ է։
Բոոդոկը առաջներում հաճախ պատրաստվում էր հաջող որսից հետո, երկարատև միգրացիաների ժամանակ՝ բնության մեջ: Ընդ որում, դա չի եղել պարզապես ուտեստ, եղել է ծիսակատարության և սոցիալական փոխազդեցության մի մաս։ Ժամանակի ընթացքում բոոդոկի բաղադրատոմսն, ըստ էության, մնացել է անփոփոխ՝ շատ ավանդական։ Սակայն ներկայում բոոդոկ ավելի քիչ է պատրաստվում (բարդ գործընթացի պատճառով), այն ավելի հաճախ պատրաստվում է զբոսաշրջիկների համար և համարվում է «էկզոտիկ» անգամ Մոնղոլիայում։
Հայաստանում ավանդական բոոդոկի նման ուտեստներ չկան, սակայն կան նմանատիպ կոնցեպտով ուտեստներ, այն է՝ միսը դանդաղորեն տապակել փակ տարածքում, օրինակ՝ մսի պատրաստումը թոնիրում, քանի որ օգտագործվում է «փակ կրակ»: Հայաստանում հնարավոր է հանդիպել մոնղոլական բոոդոկի, սակայն շատ հազվադեպ: Այն կարող են պատրաստել էնտուզիաստները կամ փորձարար խոհարարները թեմատիկ փառատոններում կամ զբոսաշրջային ցուցահանդեսներում: Այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, դա կլինի իմիտացիա, այլ ոչ թե դասական բոոդոկ: Բոոդոկը էկզոտիկա է Հայաստանի համար։ Մեզ ամենամոտն է թոնիրում պատրաստված միսը, որը նույնպես հին, «դաշտային» և շատ համեղ մեթոդ է։
«Շատ մարդասեր էր իր տեսակով։ Փոքր տարիքից սկսած, երբ բակում խաղալիս տեսնում էր, որ հարևանը ծանր տոպրակներով գալիս է, վազում էր օգնելու։ Ոչ թե ես եմ իրեն նման ուղղություն տվել, այլ իր ներսում դա կար։ Հարգանք ուներ ավագների, հետո արդեն փոքրերի հանդեպ։ Շատ լավ որդի էր, թոռնիկ, շրջապատի համար՝ հրաշալի ընկեր։ Իրեն բոլորը շատ են սիրել։ Նա էլ կյանքն էր սիրում և կյանքը վայելում։ Իր հետ կարելի էր զրուցել տարբեր թեմաներից, հրաշալի, կիրթ զրուցակից էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամվելի մայրիկը՝ տիկին Մարիաննան։
Սամվելը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում են անցել նրա մանկությունը, պատանեկությունն ու ուսանողական տարիները։ Սպորտը նրա կյանքում յուրահատուկ դեր է ունեցել, սիրողական մակարդակով տարբեր սպորտաձևերի է հաճախել։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդուն ավելի հեշտ էին տրվում հումանիտար առարկաները. «Ռուսերենն էր շատ սիրում։ Նորմալ առաջադիմություն ուներ»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Սամվելն ուսումը շարունակել է Եվրոպական քոլեջում։ Մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ «Շատ ակտիվ, մարդամոտ, շփվող տղա էր, հեշտությամբ հարմարվեց նոր միջավայրին։ Իրեն բոլորը շատ էին սիրում։ Հիմա էլ ամեն տարի Վերջին զանգին դպրոցից զանգում, մեզ հրավիրում են մասնակցելու միջոցառումներին»։
Սամվելը 21 տարեկանում է զորակոչվել ծառայության։ «Նա 2016 թվականին պետք է մեկներ բանակ, բայց դպրոցն ավարտելուց հետո անվճար հիմունքներով ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բասկետբոլի բաժինը։ 2020 թվականի օգոստոսի 13-ին զորակոչվեց ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մեղրիում։ Տղաս մտադիր էր զորացրվելուց հետո շարունակել կրթությունը իրավաբանության ֆակուլտետում։ Ցանկանում էր փաստաբան դառնալ»։
Երբ տիկին Մարիաննային հարցնում եմ բանակի և ծառայության վերաբերյալ Սամվելի վերաբերմունքի մասին, նշում է. «Սամվելն ազատություն սիրող և ոչ ռեժիմով ապրող մարդ էր։ Բայց երբ ուսումն ավարտեց, ասաց՝ գնում եմ ծառայելու։ Իմ անհանգստություններն ավելի շատ էին։ Ասեմ, որ իմ վախը ծառայության, բանակի հանդեպ Սամվելի մանկության տարիներից է եղել։ Երբ զինվոր էի տեսնում, հուզվում էի։ Անգամ, երբ հեռուստացույցով բանակին վերաբերող ֆիլմ կամ հաղորդում էր ցուցադրվում, ամուսինս կատակում էր՝ փոխեք ալիքը, հիմա Մարիաննան կհուզվի։ Չգիտեմ՝ դա կանխազգացում էր, թե ինչ, բայց այդ վախն ու անհանգստությունը կար։ Իսկ Սամվելը շատ հանգիստ մեկնեց ծառայության։ Տղաս ճնշման խնդիր ուներ, բայց դա իր համար առիթ չդարձավ, որ հետաձգի բանակ մեկնելը»։
Սեպտեմբերի 19-ին ընտանիքի անդամները ուղևորվում են Մեղրի՝ Սամվելին տեսնելու։ «Նա արդեն Մեղրիի գնդում էր։ Մինչ այդ՝ կարանտինի շրջանում, իրենց դիրքեր էին բարձրացրել, հետո տղաներին քիչ-քիչ իջեցնում էին գունդ։ Հիմա, երբ վերլուծում ենք մեր վերջին հանդիպման օրը, մտածում ենք՝ գուցե գիտեր, որ մի բան այն չի լինելու։ Նա լուրջ տղա էր, բայց, միևնույն ժամանակ, շատ կենսուրախ, աշխույժ։ Այդ երկու օրը, որ իր հետ անցկացրեցինք, Սամվելը շատ մտահոգ էր։ Իրեն երբեք այդպիսին չէինք տեսել։ Ե՛վ մենք, և՛ Սամվելը տխուր էինք, բայց ոչ մեկս չէր հասկանում, թե ինչու»։
Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Իրենց այդ օրը գնդից դուրս են բերել, բարձրացրել դիրքեր։ Հոկտեմբերի 2-ին՝ իմ ծննդյան օրը, իր ընկերները եկան մեր տուն, ինձ շնորհավորեցին, նա էլ զանգահարեց, զրուցեցինք։ Հոկտեմբերի 3-ին զանգահարեց, ասաց, որ իրենց տանում են Արցախ. նախ՝ Սանասար (Կուբաթլու), այնուհետև՝ Ջրական։ Իր հետ ութ օր խոսել ենք, բայց նա մեկ օր չի բողոքել, ցույց չի տվել, որ թեժ կետերում է։ Զանգահարում էր, զրուցում էինք, մեզ համոզում էր, որ իրենք պատերազմական գործողություններից հեռու են։ Շատ հանգիստ էր խոսում, միշտ ասում էր՝ «սաղ տոչնի ա»։ Սա անխտիր բոլոր տղաների խոսքն էր։ Նա մեզ հանգստացնում էր, որ ապահով են, բայց ամենաթեժ կետերում է եղել»։
Սամվելն անմահացել է հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Ջրականում՝ հայտարարված առաջին հրադադարի ժամանակ։ ««Ուրալները» կանգնում են, տղաները զենք են դատարկում։ ԱԹՍ-ն ֆիքսում է և հարվածում է մի «Ուրալին»։ Տղաները, որոնք այդ պահին «Ուրալի» կողքին են եղել, վիրավորվում են կամ զոհվում։ Սամվելն ու մյուսները նետվում են օգնության։ Մի քանի հոգու դուրս են բերում այդ հատվածից և, փոխանակ մի պահ կանգ առնեն, որ ԱԹՍ-ն հեռանա, հետո մոտենան մնացած տղաներին, նորից են նետվում օգնության։ ԱԹՍ-ն կրկին հարվածում է։ Այդ օրը բավականին շատ զոհեր են ունեցել»։
Հոկտեմբերի 11-ին ընտանիքը Սամվելից լուր չի ստանում։ Փորձում է ծանոթների միջոցով տեղեկություն իմանալ, սկսում են անհանգստանալ։ Հետո պարզվում է, որ ընտանիքի մտերիմներն արդեն գիտեն Սամվելի զոհվելու բոթը։ Երկու-երեք օր հետո Սամվելն արդեն «տանն էր»։
Մայրիկը վստահ է, որ պատերազմի դաշտում Սամվելի բոլոր մտքերը եղել են ընտանիքի մասին։ «Իր ուշքն ու միտքը եղել է մեզ պաշտպանելը, ինչպես ասում են՝ անել ամեն ինչ, որ մեր մազը չծռվի։ Աննկարագրելի ծնողապաշտ էր։ Բնականաբար, հաջորդիվ իր հայրենիքն էր, իր հողը, տունը։ Նա զոհողության է գնացել հանուն իր ընտանիքի և հայրենիքի։ Այս միտքն է ապրելու ուժ տալիս։ Եվ, իհարկե, նաև աղջիկս։ Ծանրագույն օրերին ես հստակ գիտակցում էի՝ երկու երեխա ունեմ։ Եվ պետք է իմ մեջ այնքան ուժ գտնեմ, որ լինեմ աղջկաս կողքին, իրեն թիկունք լինեմ։ Աղջիկս չպետք է կրկնակի հարված ստանար։ Եղբորը կորցրել էր, մենք չէինք կարող թուլանալ և այդ կերպ նրան մի հարված էլ հասցնել։
Սամվելիցս հետո որոշեցի, որ պետք է աշխատեմ, չէի կարող տանը նստել։ Ապրում ենք, ծանր է, բարդ է, բայց ապրում ենք։ Պետք է պատվով, հարգանքով, կողքինին ձեռք մեկնելով, բարությամբ ապրենք։ Շարունակում ենք ապրել մեր առօրյայով՝ մեր խաչը կրելով, մեր ցավը մեր ընտանիքի ներսում պահելով։ Որևէ մեկին որևէ բան ապացուցելու կամ ցույց տալու կարիք չունենք»։
Հ. Գ. – Սամվել Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։
newizv.ru-ն «Արևմուտքի հետ սոված կմնաս. ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան» վերնագրով հոդվածում գրում է, որ հուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան՝ Եկատերինբուրգ։ newizv.ru-ն փորձագետներին հարցրել է, թե ինչո՞ւ է Երևանը, հայտարարելով եվրոպական ուղղություն, պահպանում տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը Մոսկվայի հետ։
Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակներում Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Սա Փաշինյանի առաջին այցն էր Ռուսաստան հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Փաշինյանի այցը Ռուսաստան հետևողական և լիովին սպասելի քայլ էր, newizv.ru-ին ասել է քաղաքագետ և «Դիգորիա» փորձագիտական ակումբի անդամ Իրինա Դավիդյանը։ «Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է և՛ տնտեսական, և՛ ռազմական, և՛ քաղաքական առումով։ Հաշվի առնելով դա՝ Փաշինյանը պարզապես այլընտրանք չունի, քան շարունակել իր չեզոք կուրսը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը Եկատերինբուրգում էր «Իննոպրոմ-2026» ցուցահանդեսի լիագումար նիստին մասնակցելու համար», – ասել է Դավիդյանը՝ ավելացնելով, որ Փաշինյանի բարեկամական մտադրություններն ունեն նաև բացասական կողմեր։ «Մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի վարչապետն արդեն սովոր է կրկնակի խաղ խաղալ, ինչպես դա արեց, երբ հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում և միաժամանակ մեկնեց Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու, – նշել է Դավիդյանը,– ուղղակի Փաշինյանը պարզապես չի կարող լիովին խզել կապերը Ռուսաստանի հետ, քանի որ դա անխուսափելիորեն կհանգեցնի իշխող կուսակցության հեղինակության փլուզմանը և նաև զգալիորեն կվնասի Հայաստանի տնտեսական վիճակին»։
Հայաստանի՝ Եվրոպայի հետ տնտեսական կապերի ենթադրական խորացումը դեռևս ի վիճակի չէ փոխարինել Ռուսաստանի հետ համագործակցությունը, newizv.ru-ին ասել է քաղաքագետ, Օրենսդրության զարգացման կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Մատյուշենկովը։ «ԵՄ-ն չի կարող անմիջապես Հայաստանին ապահովել շուկա մուտք գործելու նույն մակարդակը, ինչ ԵԱՏՄ-ն է ներկայում ապահովում, և եվրոպական տնտեսական տարածքին լիարժեք ինտեգրումը կպահանջի առևտրի և լոգիստիկ շղթաների լայնածավալ վերակառուցում», – բացատրել է նա:
Ռուսական շուկան մնում է հայկական սննդամթերքի, գյուղատնտեսական և մի շարք արդյունաբերական ապրանքների վաճառքի հիմնական աղբյուրը, հավելել է քաղաքագետը։ «Անկախ նրանից, թե որքան է Փաշինյանը փորձում դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը, 2025 թվականի վերջին Ռուսաստանից Հայաստան ներմուծման մասնաբաժինը կկազմի 37 %, իսկ արտահանումը՝ 35 %։ Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանը մնում է որպես փոքր առևտրային գործընկեր՝ 2025 թվականի համար կազմելով ռուսական ներմուծման մոտավորապես 1,1 %-ը և ռուսական արտահանման 1,2 %-ը, – բացատրել է Մատյուշենկովը,– նաև էներգետիկայի, լոգիստիկայի և ֆինանսական ոլորտներում զգալի փոխկախվածությունն է մնում։ Ռուսաստանը մնում է Հայաստան էներգետիկ ռեսուրսների ամենամեծ մատակարարը, նաև Ռուսաստանում աշխատող հայ քաղաքացիների դրամական փոխանցումներն են շարունակում զգալի դեր խաղալ երկրի տնտեսությունում»։
Հայաստանը վաղուց է հեռացել Ռուսաստանից՝ ընդլայնելով իր երկխոսությունը ԵՄ-ի հետ, սակայն օբյեկտիվ տնտեսական իրականությունը դեռևս թույլ չի տալիս նրան հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, ավելացրել է նա։ «Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի ներկայությունը Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ 2026»-ում անհրաժեշտ էր: Չնայած եվրոպական զարգացման ուղի ընտրելու մասին Երևանի քաղաքական հայտարարություններին, իրականում Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մնում է, նշել է Մատյուշենկովը,–առևտրատնտեսական տեսանկյունից Երևանը մոտակա և միջնաժամկետ հեռանկարում չի կարող գտնել ԵԱՏՄ երկրների հետ համեմատելի գործընկերներ, բայց քաղաքականապես Փաշինյանն ակնհայտորեն ծանրաբեռնված է նման մտադրությամբ։ Նրա պատկերացմամբ, Հայաստանի ապագան պետք է հետևի Ուկրաինայի ճակատագրին, այն է՝ կորցնել քաղաքական և տնտեսական անկախությունը ԵՄ-ին միանալու իլ յուզիվ խոստումների համար, որտեղ, ի դեպ, ոչ ոք գրկաբաց չի սպասում Հայաստանին»։
Անհնար է պարզապես խզել կապերը Երևանի և Մոսկվայի միջև, հավելել է Դավիդյանը։ «Նման քաղաքականությունը ոչ միայն անհեռատես է, այլ նաև կործանարար Հայաստանի համար։ Երկրի ռազմավարական դիրքը, ինչպես նաև պատմականորեն հաստատված կապերը վկայում են, որ այդ դաշինքը չափազանց կարևոր և նշանակալից է, – բացատրել է քաղաքագետը,– Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները սերտորեն կապված են, այսօր ամենամեծ հայկական սփյուռքը գտնվում է Ռուսաստանում։ Երկու երկրների միջև մշակութային փոխանակումներ են տեղի ունենում տարիներ շարունակ»։
Փաշինյանի հռետորաբանությունը ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին հնչում է որպես հասարակական կարծիքը մանիպուլ յացիայի ենթարկելու փորձ, շարունակել է Դավիդյանը։ «Իրականում, Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին մոտ ապագայում պարզապես անհնար է։ Եվրոպան չի կարողանում կատարել անգամ վերջերս տված խոստումները։ Օրինակ՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսել է Հայաստանի՝ ԵՄ շուկա ավելի մեծ մուտք գործելու անհրաժեշտության մասին, սակայն այդ ամենը դեռևս չի կատարվել, – նշել է քաղաքագետը,– գիտակցելով իր հակառուսական քաղաքականության ոչ ժողովրդականությունը՝ Փաշինյանը պարզապես վախենում է խզել կապերը Ռուսաստանի հետ, հատկապես հաշվի առնելով իր «անկայուն» դիրքը վերջերս ընտրություններում տարած դժվարին ու կասկածելի հաղթանակից հետո»։
Բորտուղեկցորդուհու միջազգային օր, Լուսանկարիչների միջազգային օր , Ավստրալիա՝ Բնիկների օր, Դանիա՝ Ֆիորտի օր, Իրան՝ Հիջաբի և հնազանդության օր, Հյուսիսային Իռլանդիա՝ Օրանժիստների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1992– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը:
2000-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական օպերատոր-մուլտիպլիկատոր Միքայել Դուրյանը:
2005-մեկնարկել է «Ոսկե ծիրան» 2-րդ միջազգային կինոփառատոնը:
2009- Ազգային հիպոտեկային ընկերությունը Հայբիզնեսբանկի հետ կնքել է առաջին վարկային վերաֆինանսավորման պայմանագիրը:
2013-ընդդիմության՝ Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո կազմակերպիչներն ու մասնակիցները շարժվել են դեպի Փակ շուկա և հերթական անգամ իրենց դժգոհության ու ափսոսանքի խոսքն արտահայտել շուկայի ապօրինի վերակառուցման կապակցությամբ:
2015-Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
2019- Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ մեկնարկել է նոր՝ 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի շինարարությունը:
2020-սկսվել է Տավուշի մարզի հուլիսյան բախումը. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները փորձել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավել՝ կիրառելով հրետանային կրակ:
2025-Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքը:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 100 – ծնվել է Հին Հռոմի ականավոր քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարը:
1468 –ծնվել է իսպանացի բանաստեղծ, կոմպոզիտոր, Վերածննդի իսպանական ողբերգությունների հիմնադիր Խուան դել Էնսինը (իսկական ազգանունը՝ Ֆերմոսել յե):
1536– վախճանվել է հոլանդացի ականավոր հումանիստ գրող Էրազմ Ռոտերդամցին:
1700-մահապատժի է ենթարկվել հանրահայտ անգլիացի ծովահեն Ջեյմս Կելլին:
1712 –վախճանվել է Օլիվեր Կրոմվելի որդին՝ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի նախկին լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Կրոմվելը:
1804-վախճանվել է ԱՄՆ-ի առաջին ֆինանսների նախարար, ԱՄՆ-ի Ազգային բանկի ստեղծող Ալեքսանդր Համիլտոնը:
1806– Նապոլեոն Բոնապարտն ստեղծել է Հռենոսյան միությունը:
1813- ծնվել է ֆրանսիացի ֆիզիոլոգ, էնդոկրինոլոգիայի հիմնադիր Կլոդ Բերնարը:
1814-վախճանվել է անգլիացի գեներալ, Քվեբեկը նվաճող, Հյուսիսամերիկյան գաղութների դեմ կռվող անգլիական զորքերի հրամանատար Ուիլ յամ Հոուն:
1862 – սահմանվել է ԱՄՆ-ի բարձրագույն պարգևը՝ Փառքի շքանշանը:
1884– ծնվել է իտալացի հանրահայտ գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Մոդիլիանին:
1917-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է մարտական թունավոր գազ իպրիտը:
1928-խորհրդային «Կրասին» սառցահատը Շպիցբերգենի մոտ գտնվող արկտիկական ջրերում փրկել է «Իտալիա» դիրիժաբլի անձնակազմին:
1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի աղեղի ճակատամարտի ժամանակ Պրոխորովկա երկաթուղային կայարանի մոտ սկսվել է մարդկության պատմության ընթացքում կայացած ամենախոշոր տանկային ճակատամարտը:
1962 –լոնդոնյան ակումբներից մեկում իր առաջին համերգն է տվել «Rolling Stones» խումբը:
1970 –նորվեգացի ճանապարհորդ-հետազոտող Տուր Հեյերդալի արշավախումբը պապիրուսե նավով 57-օրյա նավարկությունից հետո հասել է Բարբադոսի ափերին:
2006- «Հզբոլլահ» խմբավորման գրոհայինների զինված գործողության արդյունքում սկսվել է Երկրորդ իսրայելա-լիբանանյան պատերազմը:
2011– Նեպտուն մոլորակը կատարել է մեկ պտույտ Արեգակի շուրջը, այսինքն՝ լրացել է նրա հայտնաբերումից հետո (1846 թվականի սեպտեմբերի 23) նեպտունյան առաջին տարին:
2020 – վախճանվել է կինոյի և թատրոնի արտիստուհի, հեռուստահաղորդավարուհի և մոդել ամերիկուհի Քելլի Պրեստոնը:
2021 – Եվրոպայում տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ, որի արդյունքում զոհվել է 190 մարդ, որից միայն 150-ը՝ Գերմանիայում:
2022 – սկսած 2002 թվականի դեկտեմբերից՝ առաջին անգամ դոլարը գնով հավասարվել է եվրոյին՝ կապված ռուս–ուկրաինական հակամարտության հետ:
yerkramas.org-ը «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է» վերնագրով հոդվածում հրապարակել է քաղաքագետ Արթուր Խարիկյանի հոդվածը, որտեղ նա գրում է, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը, այն է՝ չեզոքացնել հայկական սփյուռքը։ Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո հաջորդ փուլն է սկսվել։ Մենք հիմա ունենք նոր թշնամի՝ հայկական սփյուռքը։ Նույն սփյուռքը, որը 35 տարի կերակրել է Հայաստանը և միլիարդավոր դոլարներ ներդրել նրա զարգացման մեջ։ Նրանք այժմ մեր թշնամիներն են։ Նախկինում մեր թշնամիներն էին արցախցիները, ռուսները, նախկինները։ Հիմա մենք ունենք նոր թշնամիներ՝ մեր սփյուռքը։ Ռեժիմը շարունակում է մեթոդաբար բաժանել մեր ժողովրդին և կատարել իր տերերի բոլոր պահանջները։
Փոխանակ սեփական ժողովրդին դավաճանողներին քվեարկելու իրավունքից զրկելու, նրանք որոշել են զրկել այդ իրավունքից նրանց, ովքեր պատերազմի ժամանակ եկել էին պայքարելու Հայաստանի համար, ովքեր տարիներ շարունակ կերակրել և աջակցել են երկրին։ Եվ, ի դեպ, դա ապարդյուն էր, պետք չէր օգնել ու աջակցել։
Այսպիսով, ռեժիմը որոշել է զրկել արտասահմանում բնակվող հայ քաղաքացիներին անգամ իրենց հանրապետությունում քվեարկելու իրավունքից։ Այսինքն, «իրական» հայերը, որոնք մաս-մաս հանձնում են Հայաստանը և հանում Արարատ լեռը իրենց անձնագրերից, ունեն քվեարկելու իրավունք, իսկ «կեղծ» կամ «շուռ տված» հայերը, որոնք զոհաբերում են իրենց՝ հայրենիքին օգնելու համար, չպետք է քվեարկեն։
Իրականում, դա վատ միտք չէ։ Եթե սփյուռքահայերը «ճիշտ» հայեր չեն, ապա հարցին կարելի է մոտենալ այլ տեսանկյունից։ Ինչո՞ւ չասել Էդուարդո Էրնեկյանին, որը կառուցել է Երևանի նոր օդանավակայանը, որ նա «սխալ» հայ է։ Կամ գուցե պետք է խոսե՞լ Քըրք Քըրքորյանի ընտանիքի հետ, որն ավելի քան 1 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանում, և ասել, որ նա սխալ տեսակի հայ է, որ դրանք սխալ դոլարներ են։ Նույնը կարելի է ասել Ջերարդ Գաֆեսճյանի «սխալ» ընտանիքին՝ Կասկադ ժամանակակից արվեստի թանգարանում միլիոնավոր դոլարներ ներդնելու համար։ Մոնթե Մելքոնյանը, որի կերպարանքով էր հայտնվել 2018 թվականի պետական հեղաշրջման առաջնորդը, նույնպես սխալ տեսակի հայ է։ Եվ սխալ են այն հայերը, որոնք ամեն տարի մոտ 5 միլիարդ դոլար են ուղարկում Հայաստան։
Հետաքրքիր է, թե ով կլինի հաջորդ թշնամին։ Ահա թե ինչպես են մարդկանց մասմաս ոչնչացնում՝ միմյանց դեմ հանելով։
Հարուստ կյանքի սիրահարները «Կասկադում» խոհարարական ռեկորդներ են սահմանում, իսկ Հայաստանի հասարակական կյանքում այլ ռեկորդներ են՝ համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի ռեկորդներ։
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 751-Ն որոշման մեջ։
Ներկայում օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի կարգը սահմանված է կառավարության թիվ 751Ն որոշմամբ։ Գործող կարգավորմամբ ԱԱՀ-ի վերադարձը հնարավոր է, եթե մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն շեմը (50 հազար դրամ)։ Գործընթացի կազմակերպումը ներկայում իրականացվում է պետական կառավարման համակարգի միջոցով (մաքսային և ֆինանսների մարմինների ներգրավմամբ), ինչը ենթադրում է փաստաթղթային շրջանառություն, համեմատաբար երկար ժամկետներ և սահմանափակ թվայնացում։ Միաժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ tax free shopping համակարգերի արդյունավետությունը զգալիորեն կախված է նվազագույն գնման շեմից և կառավարման մոդելից։ Հայաստանի գործող շեմը (մոտ 120 եվրոյին համարժեք) ավելի բարձր է, քան բազմաթիվ մրցակից զբոսաշրջային ուղղություններում կիրառվող շեմերը, ինչն էապես սահմանափակում է համակարգի հասանելիությունն ու արդյունավետությունը։ Գործող համակարգում ԱԱՀ վերադարձի գործընթացի միայն պետական կառավարման մոդելը սահմանափակում է դրա օպերատիվությունը և գրավչությունը զբոսաշրջիկների համար։ Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում նվազեցնել նվազագույն շեմը, ներդնել առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարման մոդել, ապահովել գործընթացի թվայնացում և արագացում։ Հետագայում նախատեսվում է քննարկել նաև գործող կարգավորմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ իրականացնելու, ինչպես նաև փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի՝ 350 հազար դրամը չգերազանցելու սահմանափակումների վերացման հարցը, եթե փաստացի տվյալները վկայեն, որ նման սահմանափակումների անհրաժեշտությունն այլևս բացակայում է։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավում՝ մանրածախ առևտրի ոլորտի ակտիվացման, ՓՄՁ-ների ներգրավվածության բարձրացման, զբոսաշրջիկների ծախսերի աճի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային և առևտրային գրավչության բարձրացման միջոցով։