Category: Oratert.am

  • Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Այն երկրները, որոնք կարողանում են իրենց կողմից վարվող քաղաքականության միջոցով զարգացնել զբոսաշրջությունը, ոչ միայն մեծացնում են տնտեսական եկամուտները, այլև ձևավորում են իրենց դրական կերպարը աշխարհում, ամրապնդում մշակութային ազդեցությունը և ստեղծում նոր աշխատատեղեր։

    Այս տեսանկյունից Հայաստանը ունի հսկայական ներուժ, սակայն այդ ներուժի լիարժեք օգտագործման համար ոլորտը պահանջում է առանձնահատուկ ուշադրություն, համակարգային մոտեցում և երկարաժամկետ ռազմավարություն։ Միայն բնական և պատմական առավելությունները բավարար չեն զբոսաշրջային հաջողություն ապահովելու համար։ Ժամանակակից զբոսաշրջիկը գնահատում է ոչ միայն տեսարժան վայրերը, այլև ամբողջական փորձառությունը՝ սկսած օդանավակայանից մինչև հյուրանոց, սպասարկում, անվտանգություն, մաքրություն, գներ և մարդկանց վերաբերմունք։

    Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ սպասարկման մշակույթը և ծառայությունների որակը։ Զբոսաշրջիկը երկրի մասին առաջին հերթին դատողություն է կազմում այն մարդկանց միջոցով, որոնց հետ շփվում է։ Նույնիսկ ամենագեղեցիկ բնությունը կամ ամենահին պատմական հուշարձանը չեն կարող ամբողջությամբ փոխհատուցել ցածր մակարդակի սպասարկումը։ Եթե այցելուն բախվում է անտարբեր վերաբերմունքի, լեզվական խնդիրների, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի կամ ծառայությունների անհամապատասխան որակի, ապա այդ փորձառությունը կարող է բացասաբար ազդել Հայաստանի ընդհանուր ընկալման վրա։

    Սպասարկման ոլորտի զարգացումը պահանջում է ոչ միայն մասնագիտական վերապատրաստումներ, այլև ընդհանուր մոտեցման փոփոխություն։ Զբոսաշրջիկը պետք է ընկալվի ոչ թե որպես ժամանակավոր եկամտի աղբյուր, այլ որպես երկրի նկատմամբ վստահություն ձևավորող մարդ, որը կարող է հետագայում կրկին այցելել, իր շրջապատին խորհուրդ տալ այցելել Հայաստան և նպաստել երկրի հեղինակության բարձրացմանը։

    Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել իրավիճակների, երբ ծառայությունների գները չեն համապատասխանում դրանց որակին։ Սա լուրջ խնդիր է, քանի որ զբոսաշրջային շուկայում գնի և արժեքի հարաբերակցությունը կարևորագույն գործոններից մեկն է։ Զբոսաշրջիկը կարող է պատրաստ լինել վճարելու բարձր գին համապատասխան «պրոդուկտի» դիմաց, այսինքն՝ եթե ստանում է համապատասխան մակարդակի ծառայություն, սակայն անհիմն բարձր գները ստեղծում են բացասական տպավորություն և ձևավորում այն ընկալումը, թե երկրում փորձում են ցանկացած գնով գումար վերցնել այցելուներից։ Այստեղ իմիջիայլոց նշենք, որ նույնը վերաբերում է ներքին տուրիզմին, այսինքն՝ հայաստանցիները, բախվելով չարդարացված բարձր գների, ընտրում է զբոսաշրջային այլընտրանքային ուղղություններ, մի խոսքով՝ հանգստանում է «դրսում»:

    Ընդ որում, գնային քաղաքականության խնդիրը վերաբերում է ոչ միայն հյուրանոցներին, հյուրատներին, մի խոսքով՝ կեցավայրերին։ Տարբեր ոլորտներում՝ սննդի, տրանսպորտի, ժամանցի, երբեմն նկատվում են անհամաչափ գներ, որոնք չեն համապատասխանում շուկայի իրական պայմաններին ու «պրոդուկտին»։

    Զբոսաշրջության զարգացման համար կարևորագույն նախապայման է նաև կայուն և կանխատեսելի բիզնես միջավայրը։ Տուրիզմի ոլորտը հիմնականում հիմնված է մասնավոր նախաձեռնությունների վրա՝ հյուրանոցներ, ռեստորաններ, տուրօպերատորներ, տրանսպորտային ընկերություններ, փոքր և միջին ձեռնարկություններ։

    Եթե այդ բիզնեսները բախվում են քաղաքական ճնշումների, ընտրովի մոտեցումների, ավելորդ վարչարարության կամ անկանխատեսելի պետական միջամտությունների, ապա առաջին հերթին տուժում է հենց զբոսաշրջային ոլորտը։ Բիզնեսը զարգանում է այնտեղ, որտեղ կա վստահություն օրենքի, սեփականության իրավունքի և հավասար մրցակցության նկատմամբ։ Եթե ձեռնարկատերը մշտապես մտահոգված է ոչ թե ծառայության որակի բարելավմամբ, այլ հնարավոր վարչական խնդիրներով կամ քաղաքական ռիսկերով, ապա դա բացասաբար է անդրադառնում ներդրումների և զարգացման վրա։

    Զբոսաշրջության ոլորտը հատկապես զգայուն է նման խնդիրների նկատմամբ, քանի որ այստեղ հաճախ անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ՝ հյուրանոցների, հյուրատների կառուցում, նոր ծառայությունների ստեղծում, տարածաշրջանային ծրագրերի իրականացում։ Առանց կայունության և վստահության դժվար է ձևավորել մրցունակ զբոսաշրջային համակարգ։

    Մյուս կարևոր ուղղությունը Հայաստանի ճիշտ ներկայացումն է աշխարհին։ Այստեղ մենք գլոբալ բաց ու խնդիր ունենք: Հայաստանը պետք է կարողանա ներկայանալ որպես հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող պետություն, որն ունի ոչ միայն անցյալ, այլև հետաքրքիր ու բազմաբովանդակ այսօր։ Սակայն երկրի միջազգային ներկայացումը չի կարող սահմանափակվել միայն գովազդային արշավներով, չնայած դա էլ չենք կարողանում անել պատշաճ մակարդակով։ Այդ առումով կարելի է շատ հեռու չգնալ ու տեսնել հարևան Վրաստանի օրինակը: Մեր պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերը, բնությունը ոչ միայն չեն զիջում Վրաստանին, այլև շատ դեպքերում օբյեկտիվորեն գերազանցում են, սակայն հարևանները կարողացել են տասնամյակներ շարունակ իրենց PR-ը ճիշտ կազմակերպել, ինչի արդյունքում անհամեմատ մեծ զբոսաշրջային հոսքեր են ունենում (հատուկ շեշտենք՝ խոսքը ծով ունենալու և ծովափնյա տարածքների, ծովային սեզոնի մասին չէ): Ինչևէ, գովազդային գրագետ ու կազմակերպված, համակարգային արշավներից զատ անհրաժեշտ է իրականում պահպանել և զարգացնել այն արժեքները, որոնք ցանկանում ենք ներկայացնել։ Վերջին տարիներին հաճախ շեշտվում է ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես ճանապարհաշինությունը։ Անկասկած, լավ ճանապարհները կարևոր են զբոսաշրջության համար, սակայն միայն ճանապարհների կառուցումը բավարար չէ։ Եթե ճանապարհը տանում է դեպի պատմական հուշարձան, որը գտնվում է վատ վիճակում, եթե շրջակայքը բարեկարգված չէ, եթե այցելուն չունի անհրաժեշտ տեղեկություն, ապա ճանապարհի առկայությունն ինքնին չի ստեղծում զբոսաշրջային արժեք։ Հայաստանի բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ և պատմական վայրեր ունեն համաշխարհային նշանակության ներուժ, սակայն դրանց պահպանության, վերականգնման և ներկայացման ուղղությամբ դեռևս անհրաժեշտ է կատարել մեծ աշխատանք։ Պատմամշակութային ժառանգությունը պարզապես անցյալի հիշողություն չէ. այն երկրի տնտեսական և մշակութային կապիտալն է։ Ճիշտ կառավարման դեպքում այն կարող է դառնալ համայնքների զարգացման, աշխատատեղերի ստեղծման և տարածաշրջանների ակտիվացման կարևոր աղբյուր։

    Այս ամենին գումարած՝ Հայաստանն ունի բացառիկ այլ առավելություններ, որոնք դեռևս լիարժեք չեն օգտագործվում։ Դրանցից ամենակարևորներից մեկը հայկական խոհանոցն ու գյուղատնտեսական արտադրանքն են։ Հայկական մրգերն ու բանջարեղենը, տեղական արտադրանքը, ավանդական ուտեստները կարող են դառնալ երկրի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։ Շատ երկրներում սնունդը դարձել է զբոսաշրջության առանձին ուղղություն, երբ այցելուները գալիս են ոչ միայն տեսարժան վայրերի, այլև տեղական համերի, ավանդույթների և գյուղական փորձառության համար։

    Հայաստանը կարող է ավելի ակտիվորեն ներկայացնել իր գյուղմթերքը, կազմակերպել գյուղական զբոսաշրջության ծրագրեր, այցելուներին հնարավորություն տալ ծանոթանալու տեղական արտադրությանը, մասնակցելու ավանդական պատրաստման գործընթացներին և զգալու հայկական հյուրընկալության յուրահատկությունը։ Սա կարող է հատկապես կարևոր դեր ունենալ մարզերի զարգացման համար՝ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ համայնքների համար։

    Մյուս կողմից՝ շատ կարևոր են գաստրոնոմիական նորարարությունները, այն է՝ դուրս գալ դոգմատիկ, քարացած կաղապարներից ու ավանդական հայկական խոհանոցը մատուցել նորովի, որոշակի՝ դարձյալ հայկական խոհանոցին բոնորոշ հավելումներով, փոփոխություններով: Հայկական հյուրընկալությունը պատմականորեն համարվում է երկրի ուժեղ կողմերից մեկը։ Սակայն այն պետք է վերածել համակարգված զբոսաշրջային առավելության։ Հյուրասիրությունը միայն բարեհամբույր վերաբերմունք չէ, այլ ամբողջական մշակույթ, որտեղ յուրաքանչյուր ծառայություն, յուրաքանչյուր շփում և յուրաքանչյուր միջավայր նպաստում է դրական փորձառության ձևավորմանը։

    Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ։ Մի կողմից՝ երկիրը ունի բոլոր նախադրյալները դառնալու տարածաշրջանի գրավիչ զբոսաշրջային կենտրոններից մեկը, մյուս կողմից էլ՝ եթե չլուծվեն սպասարկման որակի, գների, բիզնես միջավայրի, մշակութային ժառանգության պահպանության, մաքրության և քաղաքային կառավարման խնդիրները, ապա այդ ներուժը կարող է չիրացվել։

    Զբոսաշրջությունը չի զարգանում միայն թվերով և վիճակագրությամբ։ Կարևոր չէ միայն այն, թե քանի մարդ է գալիս Հայաստան, այլ նաև այն, թե ինչ տպավորությամբ են նրանք հեռանում։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանի մասին ձևավորում է իր կարծիքը՝ հիմնվելով իր ամբողջ փորձառության վրա։ Այդ կարծիքները հետագայում տարածվում են աշխարհում և դառնում երկրի միջազգային հեղինակության մասը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Կան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան



    Կան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ։ Երկու օր առաջ այդպիսի երջանիկ պահ ունեցա՝ հանդիպելով Բագրատ Սրբազանին։

    Կյանքում շատ քիչ են այն մարդիկ, որոնցից կարելի է ոչ թե պարզապես ինչ-որ բան սովորել, այլ սովորել ապրել։ Նրա խոնարհությունը, արժանապատվությունը, հավատքը, անսասան կամքն ու հայրենասիրությունը լավագույն դասն են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իրենց հայրենիքն ու իրենց ժողովրդին։

     

    Բագրատ Սրբազանը այն մարդկանցից է, որոնց ներկայությունն ինքնին ուժ է տալիս։ Երբեմն մեկ հայացքը, մեկ ժպիտը կամ մի քանի խոսքը բավական են, որպեսզի կրկին հավատաս, որ արժեքները, սկզբունքներն ու ճշմարտությունը երբեք չեն կորցնում իրենց ուժը։

     

    Այս հանդիպումն ինձ համար պարզապես հանդիպում չէր։ Այն հիշեցում էր, որ կան մարդիկ, ովքեր սեփական օրինակով դաստիարակում են սերունդներ, ներշնչում են հազարավոր մարդկանց և իրենց ամբողջ կյանքով ապացուցում, որ հավատը, արժանապատվությունն ու հայրենիքին նվիրվածությունը երբեք չեն կարող կալանքի ենթարկվել։

     

    Աստված պահապան լինի Բագրատ Սրբազանին, առողջություն և անսպառ զորություն պարգևի նրան։ Նման մարդկանց ներկայությունը մեր ժողովրդի համար օրհնություն է, իսկ նրանցից սովորելը՝ մեծագույն պատիվ։


  • Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակել



    Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ, ձեռք է բերել սույն քրեական վարույթի համար բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք, պաշտպանության կողմի գնահատմամբ, ուղղակիորեն հակասում են Գագիկ Կոլյայի Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։

     

    Մասնավորապես, 2026 թվականի փետրվարի 14-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններին ներկայացրել է բողոք Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի և Համլետ Թումանյանի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Բողոքին կից ներկայացվել են այն հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր և ապացույցներ։

    Այնուհետև, 2026 թվականի մայիսի 31-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի իրավասու մարմիններին ներկայացրել է ևս մեկ բողոք՝ արդեն Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի, Համլետ Թումանյանի և Հաջիալի Օլամայի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման, այլ անձի գույքի յուրացման նպատակով հանցավոր համաձայնության, փողերի լվացման, ինչպես նաև կեղծ պաշտոնական տիտղոսի ու պաշտոնի յուրացման վերաբերյալ։ Այս բողոքին նույնպես կից ներկայացվել են այն հիմնավորող մեծածավալ փաստաթղթեր և ապացույցներ։

     

    Հատկանշական է, որ երկու բողոքներում ներկայացված ապացույցների շարքում առկա են նաև տվյալներ, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի կողմից 7.500.000 ԱՄՆ դոլար, 7.000.000 եվրո և 20.000.000 ՀՀ դրամ տրամադրելու փաստական հանգամանքներին։

     

    Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության պաշտոնական տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն՝ նշված երկու բողոքների հիման վրա նախաձեռնված վարույթներն ընդունվել են վարույթ և ստացել են օրինական դատավարական ընթացք։ Ավելին, բողոքներ վարույթ ընդունվելուց հետո օրենքով սահմանված կարգով հանձնվել են նաև պատասխանողներին, ինչը ևս վկայում է, որ Իրանի իրավասու մարմինները ներկայացված փաստերը դիտարկել են որպես քրեական իրավական գնահատման ենթակա և արժանի պաշտոնական քննության։

     

    Ներկայացված փաստաթղթերով ևս մեկ անգամ հիմնավորվում է պաշտպանության կողմի պնդումն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով:

    Այս հանգամանքն առանձնակի կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ակնհայտ հակասում է ՀՀ վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածին, ըստ որի՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը ներկայացվում է, թե իբրև գործել է Համլետ Թումանյանի հետ խմբի կազմում, իսկ Արման և Էրֆան Օլամայիները ներկայացվում են որպես տուժողներ։ Մինչդեռ Իրանի իրավասու մարմիններին ներկայացված պաշտոնական բողոքներն ու դրանց հիման վրա նախաձեռնված վարույթները վկայում են ճիշտ հակառակի մասին։

     

    Հրապարակվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից ստացված պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները և դրանց պաշտոնական հայերեն թարգմանությունները, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա անձամբ ծանոթանալու դրանց բովանդակությանը, գնահատելու ներկայացված փաստերը և ինքնուրույն եզրակացություններ անել։

     

    Պաշտպանության կողմի ստորև ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն և չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը:

     

    Հ.Գ. Նմանատիպ կարևորագույն փաստաթղթերի հրապարակումը կլինի շարունակական:


  • Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան




    Հուլիսի 4-ից մեկնարկել է «ԿապանՖեստ 2026» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը։ Փառատոնի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանն ընդգծում է, որ «Կապան Ֆեստ»-ն արդեն վաղուց գերազանցել է երաժշտական փառատոնի սահմանները՝ ձևավորելով ստեղծագործական մեծ համայնք։

    «Ամեն անգամ Կապան վերադառնալիս զգում եմ նույն ջերմությունն ու ոգևորությունը։ Այս տարիների ընթացքում փառատոնի մասնակիցները, մեր ամբողջ թիմը և, իհարկե, հանդիսատեսը միասին ստեղծեցին բացառիկ արվեստային միջավայրը, որը «Կապան Ֆեստ 2026»-ը դարձրեց յուրահատուկ տոն։ Արդեն չորրորդ անգամ այստեղ հավաքվում են մարդիկ, որոնք սիրում և գնահատում են դասական երաժշտությունը, հավատում արվեստի ուժին և ցանկանում են լինել այս ստեղծագործական մթնոլորտի մի մասը։ Մեզ համար ամենամեծ արժեքը հենց այս համայնքն է, որը ձևավորվել է փառատոնի շուրջ»,- ասաց Ավանեսյանը։

    Նա նշեց նաև, որ չորրորդ անգամ անցկացվող «Կապան Ֆեստ»-ը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես միջազգային մշակութային կարևոր հարթակ, որտեղ միավորվում են համաշխարհային արվեստը, հայկական մշակութային ինքնությունը, փորձն ու երիտասարդությունը՝ Կապանը դարձնելով բարձր արվեստի և մշակութային երկխոսության կենտրոն։

    «Կապան Ֆեստ 2026»-ի ծրագրում ընդգրկված էին անվանի արտիստների մասնակցությամբ համերգներ, դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ։

    Փառատոնի կարևոր ուղղություններից մեկը «Կապան Ֆեստ Ակադեմիան» է, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտները մասնակցում են ինտենսիվ վարպետության դասերի, աշխատում միջազգային հեղինակություն վայելող արվեստագետների հետ և բեմ են բարձրանում նրանց կողքին՝ ձեռք բերելով արժեքավոր մասնագիտական փորձ։ Ակադեմիան այս տարի համալրված է 55 երիտասարդ տաղանդներով, սակայն հռչակավոր արտիստների հետ վարպետաց դասերին, աշխատարաններին ու համերգներին մասնակցեցին մոտ 120 երիտասարդ երաժիշտներ Կապանից, Հայաստանի տարբեր մարզերից և արտասահմանից։

    Փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ներկայացվում է նաև «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագիրը ։ Վիեննական երեկոյով էլ կեզրափակվի «Կապան Ֆեստ 2026»-ը՝ խոստանալով վերադառնալ ուղիղ մեկ տարի անց՝ նորից հուլիսի 4-ին։

    «Առաջին անգամ Կապանում ունենալու ենք վիեննական վալս, որտեղ հանդիսատեսը սովորելու է պարել նվագախմբի երաժշտության ներքո։ «Կապան Ֆեստ»-ն այնքան է աճել, որ ունենալու ենք «Կապան Ֆեստ»-ի նվագախումբ։ Կհնչեն ամենահայտնի վիեննական վալսերը և բազմաթիվ անակնկալներ»,- ասաց Ավանեսյանը։

    Հավելենք, որ «Կապան Ֆեստ»-ի բոլոր համերգները բաց են հանդիսատեսի համար, իսկ կրթական ծրագրերն ու վարպետության դասերը հնարավորություն են տալիս երիտասարդ երաժիշտներին ներգրավվելու փառատոնի կրթական գործընթացում՝ որպես հյուր մասնակիցներ։ Փառատոնի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է։ «Կապան Ֆեստ 2026»-ի իրականացմանն աջակցում են նաև ԿԳՄՍ նախարարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաև բազմաթիվ գործընկեր կազմակերպություններ և աջակիցներ։



  • Նավթի գներն աճել են | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

    Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.53%-ով և կազմել 80.02 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.35%-ով և կազմել 85.76 դոլար:

    Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

    Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

    London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան

    Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են. հասկանո՞ւմ եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար՝ երկրի կտրվածքով, և ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող, աշխատող մարդկանց համար։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ, բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին ընդհանրապես։

  • Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն Մանվելյան



    Ավետիք Չալաբյանը, չնայած կատարած մեծաթիվ բարեգործական, կրթական, զարգացման և այլ տիպի ծրագրերի, միշտ հրաժարվում էր դրանց մասին խոսել, չցանկանալով դրանց հաշվին PRվել։ Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է։


  • Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում



    Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աջակցությամբ իրականացված վերականգնվող էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է «Zero Carbon Built Environment» (ZCBE 2026) միջազգային գիտաժողովում՝ արժանանալով ոլորտի մասնագետների բարձր գնահատականին և առաջացնելով միջազգային հետաքրքրություն։

    Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Սզնակ, Սյունիք, Դիցմայրի, Խորձոր և Բարգուշատ բնակավայրերի հարյուրավոր ընտանիքներ անցում են կատարել վերականգնվող էներգիայի օգտագործմանը՝ զգալիորեն նվազեցնելով ավանդական էներգակիրներից, մասնավորապես՝ վառելափայտից կախվածությունը։ Կապան համայնքի 5 բնակավայրերում տեղադրվել են 273 արևային ֆոտովոլտային կայան և 227 արևային ջրատաքացուցիչ, որոնց շնորհիվ նվազել են բնակիչների կոմունալ ծախսերը, բարելավվել է շրջակա միջավայրի պահպանությունը և ամրապնդվել համայնքների էներգետիկ կայունությունը։

    Ծրագրի տեխնիկական, տնտեսական և բնապահպանական արդյունքների համապարփակ վերլուծությունը գիտաժողովի համար պատրաստել են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը և Ակադեմիական կառույցների հետ համագործակցության և կայուն զարգացման խորհրդատու Հայկ Ակարմազյանը։ Հետազոտությունը հիմնված է ծրագրի իրական շահագործման տվյալների վրա և ներկայացնում է արևային կայանների ու ջրատաքացուցիչների արտադրողականության, շահագործման արդյունավետության, ինչպես նաև ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատականը։

    Ներկայացված աշխատանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտաժողովի կազմակերպիչների և մասնագիտական հանրության շրջանում։ Արդյունքում հեղինակները հրավիրվել են միջազգային հարթակում ներկայացնելու ծրագրի արդյունքները, իսկ ԶՊՄԿ մասնագետների զեկույցը ստացել է դրական արձագանքներ։

    Քննարկումների ընթացքում նաև առաջարկ է հնչել հաջորդ միջազգային գիտաժողովն անցկացնել Հայաստանում։ Այդ դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու Սյունիքում իրականացված ծրագրի արդյունքներին, արևային կայանների աշխատանքին և համայնքներում էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։

    Սյունիքում իրականացված ծրագիրը ցույց է տալիս, որ սոցիալական ուղղությամբ նպատակային ներդրումները կարող են ոչ միայն բարելավել բնակչության կյանքի որակը և նվազեցնել էներգետիկ ծախսերը, այլև ձևավորել միջազգային հետաքրքրություն ներկայացնող հաջողված փորձ, որը կարող է կիրառվել նաև այլ երկրներում։

    «Zero Carbon Built Environment» (ZCBE 2026) միջազգային գիտաժողովը կազմակերպել էին Էներգետիկայի և երկրաբանության պորտուգալական ազգային լաբորատորիան, Լիսաբոնի «Նովա» համալսարանի Գիտության և տեխնոլոգիաների դպրոցը և Միացյալ Թագավորության Նոթինգհեմի համալսարանը։ Միջոցառմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականներ և ոլորտի առաջատար փորձագետներ։

    Գիտաժողովի լավագույն զեկուցումները կհրապարակվեն հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերի հատուկ թողարկումներում։



  • «Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվ



    Ազգային Ռեզիդենտուրա տելեգրամյան էջը գրում է․

    Այսօր ծնվել է հրամանատար, որի անունը դարձավ պայքարի, քաջության, ազատագրման և հաղթանակի խորհրդանիշ։
    Հրամանատար, որի անունից դողում էր ադրբեջանական բանակը, իսկ հայ զինվորը` վստահություն ստանում։

    Շնորհավոր երկնային զորքի գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյան։ Հիշատակդ հավերժ


  • Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու… գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Երկու պատկեր միանգամից ուշադրություն գրավեցին երեկվա լրահոսում. «Մուլտի գրուպի» կազմի մեջ մտնող փակված ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները և այդ ամենի խորապատկերում՝ «շվեդական քայլքի» ձողերով, արշավականի համազգեստով տավուշյան սարուձորերում «դեգերող» Նիկոլ Փաշինյանը:

    Այսինքն՝ Փաշինյանն իր «սև գործն» արել է, «իրավապահ համակարգին» հրահանգները տվել է, ու… գնացել է արձակուրդը վայելելու՝ մինչև ամսվա վերջ:

    Տեսեք, իր՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով միանգամից 1-2 օրվա մեջ մի քանի տասնյակ ընկերություններ, ձեռնարկություններ են փակվել: Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրան առնչվող ընկերությունների մասին է: Տարբեր հաշվարկներով՝ մոտ 7000 մարդ մնացել է անգործ: Եթե այդ աշխատողների ընտանիքներն էլ նկատի ունենանք, խոսքը մի քանի տասնյակ հազար մարդկանց մասին է:

    Այսինքն, այդ մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, երբ նույնիսկ կոմունալ վճարները մուծելու խնդրի առաջ կարող են կանգնել: Մի առավոտ արթնացել են ու իմացել, որ իրենց գործազրկել են: Ու խոսքը սովորական, պարզ, աշխատավոր մարդկանց մասին է: Դեռ չենք ասում, որ իշխանության այդ գործունեության հետևանքով տուժել են նաև բազմաթիվ այլ ընկերություններ, որոնք փակված ընկերությունների հետ աշխատանքային պայմանավորվածություններ ունեն: Այսինքն՝ իրականում տուժածներն ավելի շատ են:

    Դրան գումարած՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը վերջնականապես փչացրել է, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում՝ գյուղացիներ, հողագործներ, բեռնափոխադրողներ, ահռելի վնասներ են կրում, անորոշ վիճակի մեջ են հայտնվել:

    Իսկ ինքը՝ այդ ամենի գլխավոր հեղինակը, զբոսնում է սարերում ու անտառներում: Այ, կհանգստանա և մյուս ամսվա սկզբին կվերադառնա աշխատավայր ու արդեն նոր թափով, նոր եռանդով կսկսի բռնել, գործազրկել, փակել, «պետականացնել»…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում