Category: Hayacq

  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

    Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 13-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ի առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ։ 

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով

    Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից վերադարձել է հին Air Force One-ով այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները Իսրայելից ստացել էին հետախուզական տվյալներ նրա սպանության հնարավոր սպառնալիքի մասին։ Որոշման գործոններից մեկը եղել է, անվտանգության ծառայության գնահատմամբ, ԱՄՆ-ին Կատարի կողմից նվիրաբերված նոր ինքնաթիռի անբավարար հագեցվածությունը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:

    Աղբյուրների տվյալներով, սպառնալիքն ամբողջությամբ հաստատված չէր համարվում, սակայն Իրանի շուրջ իրավիճակի սրման և տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցների դեմ պատասխան գործողությունների ռիսկի հետ զուգակցված՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, Սպիտակ տան ռազմական ստորաբաժանումը և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները որոշել են, որ նոր ինքնաթիռը ներկայիս պայմաններում հարմար չէ նախագահի թռիչքի համար։

    Թրամփը արդիականացված կատարյան ինքնաթիռն օգտագործել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելու ընթացքում։ Սակայն վերադարձի ճանապարհին նա տեղափոխվել է հին Air Force One, նախ ուղևորվելով Մեծ Բրիտանիա, իսկ այնուհետև արդեն այնտեղից նոր ինքնաթիռով մեկնել Վաշինգտոն։

    ԱՄՆ նախագահը մերժել է հաղորդումները, թե ինքնաթիռի փոխումը կապված է եղել անվտանգության սպառնալիքի հետ։ Ըստ նրա, ինքնաթիռը ուղարկվել էր Մեծ Բրիտանիա, որպեսզի ամերիկացի զինվորականները կարողանան այն տեսնել։ Իրանի կողմից հնարավոր սպառնալիքի մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ «անընդհատ» բախվում է սպառնալիքների և ԱՄՆ հակառակորդների համար «գլխավոր թիրախն» է։

  • ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա

    ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենաՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում ռազմական էսկալացիայի նոր փուլի կապակցությամբ և ԱՄՆ-ին ու Իրանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով։

    X սոցիալական ցանցում հրապարակած հայտարարության մեջ ՄԱԿ-ի ղեկավարը նշել է, որ մտահոգված է «տարածաշրջանում լուրջ էսկալացիայով և ռազմական բախումների վերսկսմամբ», ներառյալ Իրանի հարձակումները Հորմուզի նեղուցում նավերի վրա, ԱՄՆ-ի հարվածները Իրանի տարածքին և հարևան երկրներում թիրախների դեմ Թեհրանի պատասխան գործողությունները։

    «Այս բոլոր հարձակումները պետք է դադարեցվեն»,- գրել է Գուտերեշը X սոցցանցում։

    Նա նախազգուշացրել է, որ լայնածավալ ռազմական գործողություններին վերադարձը կարող է աղետալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի բնակիչների, միջազգային խաղաղության և անվտանգության, ինչպես նաև համաշխարհային տնտեսության համար։

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել շտապ վերսկսել բանակցությունները և մնացած վիճահարույց հարցերը լուծել բացառապես դիվանագիտական ճանապարհով։

  • Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ, կան վիրավորներ

    Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ, կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, ովքեր ըստ դեպքի վայրում հավաքվածների 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

    Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացինի պոչ, որի վրա նույնպես կա արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։

    Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասվածք ավտոմեքենաների սեփականատարերի, վիրավորների և դեպքի մասնակիցների ինքնությունը։

  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վարդավառը

    Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` ՎարդավառըԱյսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը։

    Վարդավառը Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնն է, որը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է և նշվում է Հոգեգալուստից յոթ շաբաթ հետո հանդիպող կիրակին: Որպես շարժական տոն այն հանդիպում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

    Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռ՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից​առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքին։ Այստեղից էլ ծագում է տոնի անունը։ 

    Եվ քանզի Քրիստոս պատգամ էր տվել, որ Իր մասին չպատմեն մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը (Մատթեոս 17.9), այդ պատճառով էլ Հարության և Համբարձման տոներից հետո է կատարվում Վարդավառը: Քրիստոնյա բոլոր եկեղեցիները տոնը «Այլակերպություն» անունով են նշում, և միայն Հայ Եկեղեցին է այն անվանում նաև «Պայծառակերպություն»` շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը: 

    Այս տոնը, հատկապես ժողովրդի մեջ, հայտնի է նաև «Վարդավառ» անվամբ: 

    Տոնը նվիրված է եղել ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ում խորհրդանիշը համարվում էր վարդը: 

    Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ 

    Վարդավառն ընդհանրություններ ունի Նավասարդյան տոների հետ, որոնք, ըստ էության, եղել են ամառային արևադարձի տոներ: Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսակարգի կենտրոնում գլխավորը ջուրն էր՝ Վարդաջրով միմյանց ցողելը։ 

    Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է` հիշատակի օր։ Այդ օրը եկեղեցիներում ննջեցյալների համար մատուցվում է պատարագ և կատարվում հոգեհանգատյան կարգ: 

  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

    Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչԲասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաղթարշավը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ նվաճելով եզրափակչի ուղեգիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

    Կիսաեզրափակչում մեր ընտրանին 82:66 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ:

    Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը՝ 34 արդյունավետության գործակցով (EFF)։ Նա գրանցել է 26 միավոր, 26 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

    Եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Կոսովո – Մալթա կիսաեզրափակիչ զույգի հաղթողը։

    Եզրափակիչը կկայանա վաղը՝ ժամը 20:30-ին, Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է:

  • Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա

    Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կաՀուլիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ալաշկերտ- Հայկավան ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով, վարորդը, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես ժամկետային զինծառայող։

  • Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա

    Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրաՀայաստանի տարածքն առանձնանում է կլիմայական պայմանների մեծ բազմազանությամբ, հանդիպում են կլիմայի գրեթե բոլոր տարատեսակները՝ չոր մերձարևադարձայինից մինչև ցուրտ բարձրլեռնային։

     

    Հայաստանին բնորոշ են բարձր հաճախության և ինտենսիվության հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներ:

    Հայաստանը կլիմայի փոփոխության առումով համարվում է խոցելի երկիր: Խիստ խոցելի է կլիմայի փոփոխության մասնավորապես՝ հեղեղումների, երաշտների, կարկտի և սողանքների անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ։

    Կլիմայական մոդելների հաշվարկների համաձայն՝ մինչև 2100 թվականը Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ շուրջ 4,7°C-ով, իսկ տեղումների քանակը նվազել մոտ 8,3 %-ով։ Այս փոփոխությունները կարող են զգալի ազդեցություն ունենալ կլիմայից կախված տնտեսության ճյուղերի, բնական էկոհամակարգերի և ջրային ռեսուրսների վրա։

    Կանխատեսումների համաձայն՝ կլիմայի փոփոխության հետևանքով լանդշաֆտային գոտիների սահմանները կտեղափոխվեն դեպի ավելի բարձր լեռնային գոտիներ: Սպասվում է նաև անտառների ստորին սահմանի բարձրացում։

    Բացի այդ, սպասվում է հողերի և բնական արոտավայրերի դեգրադացիա, արոտավայրերի ընդհանուր մակերեսի և բերքատվության կրճատում, խոտհարքների բերքատվության նվազում և կերարտադրության ծավալների կրճատում։

    Հայաստանը բախվում է նաև ջրային լարվածության բարձր մակարդակի, ինչպիսին է գերջրառը: Երկրի տնտեսության մեջ ջուրն առանցքային դեր է կատարում գյուղատնտեսության ոլորտում, նաև անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի արտադրության և մետաղների ու հանքանյութերի արտադրության համար։

    2026թ-ի գարնանը և ամռան սկզբում դիտված ինտենսիվ տեղումները և գետային ներհոսքերի աճը չնայած օգնում են ջրային պաշարների համալրմանը, նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի ծավալը, ինչպես նաև նպաստում են ընդհանուր հիդրոլոգիական իրավիճակի բարելավմանը, միաժամանակ ավելացնում են հանկարծակի հեղեղումների և սելավների հնարավորությունները։

    Մասնագետների պնդմամբ զգայունությունը եղանակային կտրուկ փոփոխությունների նկատմամբ շատ բարձր է, ինչը պահանջում է շարունակական մոնիթորինգ և ռիսկերի կառավարում:

    Ընդհանուր առմամբ, կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե՛ բնության, թե՛ տնտեսության վրա, ուստի անհրաժեշտ է ժամանակին միջոցներ ձեռնարկել այդ ազդեցությունները մեղմելու և հարմարվելու համար։

  • ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները

    ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները։

    «Ներկայացնում ենք շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող #խորհրդատվական տեսանյութի 3-րդ մասը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։

    ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը շատ կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման համար, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար, որը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։

    Հետևաբար, ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։

    Շենգենյան վիզա ստանալու համար սահմանված հիմնական կանոնների վերաբերյալ մանրամասն ուղեցույցը (PDF ձևաչափով) հասանելի է հետևյալ հղումով»,-ասված է հայտարարության մեջ։

  • Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել, կա վիրшվոր

    Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել, կա վիրшվորԱյսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

    Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

    Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը, սակայն բեռնատարն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կմ-ից։