Category: ArmPulse

  • Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը | Բիզնես

    Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

    Նիստի շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ քննարկումների արդյունքում կայացված որոշումների կատարման ընթացքին, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից դրանց ազդեցությանը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարումը կանխարգելող կարգավորումների կիրարկման, ինչպես նաև դրանց արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ աշխատանքների շարունակականության վերաբերյալ։

    Խորհրդի անդամները ընդգծել են նաև Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ռազմավարական ծրագրի նախագծի իրականացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։

    Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում ի հայտ եկող վարչարարության դյուրացման անհրաժեշտությանը, որի առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

     

  • Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածք | Հայաստան

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հուլիսի 3-ին հայց հարուցելու առաջարկ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանի ափամերձ տարածքում գտնվող հողատարածքի՝ 2005 թվականի օգոստոսի 12-ի վարձակալության մրցույթն անվավեր ճանաչելու և դրա հիման վրա առաջացած իրավական հետևանքները վերացնելու պահանջներով, տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

    Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ 2005 թվականի օգոստոսի 12-ին, օրենքի խախտմամբ կազմակերպվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող՝ հանգստի համար նախատեսված 2.5 հա մակերեսով հողատարածքի վարձակալության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը:

    Դատախազության կողմից ներկայացված վերոնշյալ առաջարկից հետո, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի կամահայտնության արդյունքում, մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը լուծվել է հողատարածքի վարձակալության պայմանագիրը։ Այդ նպատակով՝ Կադաստրի կոմիտե են ներկայացվել համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը։

    Արդյունքում, 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը. Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքը, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։

    Դատախազության նախաձեռնած ուսումնասիրությամբ պարզվել էր նաև, որ վարձակալության պայմանագրի համաձայն՝ հողի կադաստրային արժեքի փոփոխության դեպքում վարձատուն պարտավոր էր նախապես գրավոր տեղեկացնել վարձակալին, որից հետո վարձավճարը պետք է հաշվարկվեր նոր կադաստրային արժեքի հիման վրա։ Մինչդեռ, 2021 թվականի հունվարի 1-ին՝ հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում, վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումը վարձակալին ուղարկվել է 2024 թվականի հուլիսի 29-ին: Արդյունքում, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածի համար չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 2 միլիոն 432 հազար դրամ վարձավճար։ Այս կապակցությամբ, Դատախազության կողմից ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում։

    Տեղեկացնենք նաև, որ նշված տարածքում այլ անձանց կողմից արձանագրվել են հողազավթման դեպքեր: Ներկայում Դատախազությունը, համագործակցելով իրավասու պետական մարմինների հետ, հողն ապօրինի զավթումից ազատելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:

  • Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին | Քաղաքականություն

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։

    «Հուլիսի 14-ը՝ Բաստիլի գրավման օրը, դարձավ Ֆրանսիայի պատմության շրջադարձային հանգրվան՝ ընդմիշտ փոխելով երկրի և նրա ժողովրդի ճակատագիրը։ Այս տոնն ուրույն խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, մարդու իրավունքների, հավասարության և ժողովրդավարության արժեքները կրող բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։

    Առանձնահատուկ գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բացառիկ քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության, որն այսօր հաջողությամբ զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առանցքային ուղղություններով։

    Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության, Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանն ուղղված ջանքերի, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղման գործում սկզբունքային դիրքորոշման համար»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

  • Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել | Հասարակություն

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց։

    Ծնելիության անկմանը զուգահեռ,նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։

    «Եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- ասել է  Թորոսյանը։

    Այս իրավիճակը հաղթահարելու համար նախարարը անհրաժեշտ է  համարել փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։

     

  • Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանը ծանր առողջական վիճակում է․ փաստաբան | Հասարակություն

    Փաստաբան Լուսիանա Մինասյանը հայտնում է, որ ադրբեջանական կողմի տրամադրած բժշկական փաստաթղթերից երևում է, որ Լյուդվիգ Մկրտչյանի մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Հետազոտությունների արդյունքները նաև վկայում են արտահայտված բորբոքային պրոցեսի, ծայրահեղ բարձր զարկերակային ճնշման և այլ վտանգավոր ախտանշանների մասին։

    Չնայած դրան՝ նա չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները նրան հասանելիություն չունեն։

    Փաստաբանը պահանջում է անհապաղ թույլատրել անկախ բժիշկների մուտքը և ապահովել Լյուդվիգ Մկրտչյանին շտապ բժշկական օգնությամբ։ 

  • 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. Fitch Ratings-ի կանխատեսումը | Էկոնոմիկա

    Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

    «Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։ Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

  • Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները փակ և կողպված պահել | Հասարակություն

    Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները փակ և կողպված պահել, երբ երեխաները տանն են՝ ընդգծելով, որ մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկն էլ բարձրությունից վայր ընկնելն է:

    Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, ուստի հարգելի՛ ծնողներ, ապահովե՛ք Ձեր երեխայի անվտանգությունը:

    Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են: Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին:

     Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի վստահեք դրանց ամրությանը:

    Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրե՛ք պատուհաններից հեռու:

     Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամներից հնարավորինս հեռու:

     Հիշե՛ք գաջեթներն ակնթարթորեն կարող են շեղել Ձեր ուշադրությունը` թուլացնելով զգոնությունը երեխայի հանդեպ:

    Երեխայի պատուհանից վայր ընկնելը հաճախ տեղի է ունենում, երբ երեխան մենակ է, և չկա մեծահասակի հսկողություն:

    Հիշե΄ք` մի քանի վայրկյանում կարող է կատարվել անդառնալին:

  • Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում | Հասարակություն

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում անցկացված ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում:

    Փորձնական և տեսական փուլերով անցկացված ստուգատեսին մասնակցել են աշխարհի 91 երկրի 400-ից ավելի դպրոցականներ։

    Հայաստանի թիմի բոլոր 5 մասնակիցներն էլ վերադառնում են մեդալներով.

    • Արծաթե մեդալներ են նվաճել Գոռ Հովսեփյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան) և Գառնիկ Գավալջյանը (ՀԱՊՀ ավագ դպրոց, 12-րդ դասարան)։

    • Բրոնզե մեդալների են արժանացել Էդգար Բաղմանյանը (ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան), Էմիլ Հարությունյանը (ՀԱՊՀ ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Սամվել Հարությունյանը («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան)։

  • Անվճար տրանսպորտի կեղծ առաջարկով հափշտակում են «Telcell Wallet»-ի և բանկային քարտերի գումարները. զգուշացում | Հասարակություն

    ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։

    Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։

    Կիբեռոստիկանությունը հորդորում է՝

    չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,

    չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,

    «Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։

    Կիբեռոստիկանությունը հիշեցնում է՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով: