Author: Balance2

  • 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70 ամյա Ծառուկյանի տապալման կադրերը. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական գործընթացը շարունակում է մնալ հանրային և քաղաքական քննարկումների առանցքում։ Ուշադրության են արժանի ոչ միայն առաջադրված մեղադրանքները, այլև ամբողջ գործընթացի կազմակերպման, իրավական տրամաբանության ու ցուցադրական բաղադրիչը։ Երեկ հենց Ծառուկյանը կալանավորվեց, իսկ րոպեներ անց ՔԿ-ն տարածեց տեսանյութը։

    Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը «պետք է նստի», գործնական փուլ մտան նաև իրավապահների գործողությունները։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցը սկսեց լայնածավալ գործողություններ, որոնք ուղեկցվեցին շուրջ 13 ժամ տևած խուզարկությամբ։

    Դրանից հետո Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ քննվող քրեական վարույթով ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ գործող խումբը 2022-2024 թվականներին, առերևույթ, իրականացրել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Ըստ ՔԿ-ի՝ խոսքը վերաբերում է Իրանից Հայաստան ներմուծված 52 միավոր տրանսպորտային միջոցների, տեխնիկայի, վառելիքի և այլ ապրանքների, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար կամ ավելի քան 8 միլիարդ դրամ։ Քննչական կոմիտեն պնդում է, որ ներմուծման փաստաթղթերը կեղծվել են, գույքը հափշտակվել, իսկ հետագայում՝ օրինականացվել։ Նույն հաղորդագրությամբ հայտարարվեց նաև, որ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, իսկ ավելի քան 70 հասցեներում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ և տրանսպորտային միջոցներ։

    Սրան զուգահեռ Քննչական կոմիտեն հրապարակեց նաև մեկ այլ հաղորդագրություն, ըստ որի՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող ապօրինի որսի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։ ՔԿ-ն նաև հայտարարեց, որ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս, իսկ մնացած կենդանիների առգրավումը նախատեսվում է հաջորդող օրերին։

    Սակայն այստեղ սկսվում են այն հարցերը, որոնք իրավական տեսանկյունից վիճահարույց են։

    Եթե իրավապահները շուրջ 13 ժամ շարունակ գտնվել են առանձնատանը, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ ձերբակալության պահին 70-ամյա, անզեն և որևէ դիմադրություն չցուցաբերող Գագիկ Ծառուկյանին գետնին տապալել։ Եթե անձն այդ ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների վերահսկողության ներքո, ո՞րն էր նման ուժի կիրառման անհրաժեշտությունը։ Փաշինյանի սիրտը հովացնելու համա՞ր էր դա։

    Կադրերում նկատելի է նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք. Ծառուկյանի ձեռքերը փաստացի ձեռնաշղթայված չեն, քանի որ ձեռնաշղթաները նրա ձեռքերի համար չէին, փոքր էին։ Եթե իրավապահները գնում էին հաղթանդամ գործարարին տապալելու, ինչո՞ւ չէին պատրաստել նաև նրա չափի ձեռնաշղթաներ։ Սա անկազմակերպ, թափթփված աշխատանքի արդյունք էր։

    Հարցեր են ծագում նաև կենդանիների և հատկապես խրտվիլակների առգրավման մասով։ Եթե քրեական վարույթի շրջանակում բավարար հիմքեր չկային ապօրինի որսի մասով, ապա իրավապահներն ինչո՞ւ էին որպես իրեղեն ապացույց առգրավում նաև այդ ծավալի խրտվիլակները։ Կենդանիների խրտվիլակները, որոնք Հայաստանում չեն ապրում, ի՞նչ կապ ունեն ներկայացված մեղադրանքների հետ։

    Միաժամանակ այս ամբողջ գործընթացն արդեն ողբերգական հետևանք է ունեցել նաև կենդանիների համար։ Առգրավված առյուծներն ու վագրը թեև տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի, սակայն հաջորդ օրը հայտնի դարձավ, որ քնեցված կենդանիներից մեկը չի արթնացել։ Դրանից հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նշանակվել են համապատասխան ստուգումներ՝ պարզելու կենդանու մահվան պատճառները։ Պատասխանատվության բացակայություն, որի արդյունքում կենդանին էլ չկա։

    Գործընթացի իրավական կողմի մասին Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բացահայտումները, թերևս, սպասելի էին։ Նրա խոսքով՝ սկզբնական փուլում ներկայացված չորս մեղադրանքներից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մասով, արդեն իսկ կարճվել է։ Պաշտպանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ապօրինի որսի մեղադրանք նույնպես չկա, իսկ մնացած երկու մեղադրանքները պաշտպանության կողմը համարում է անհիմն և վիճարկելու է օրենքով սահմանված կարգով։

    Ստացվում է, որ դիմակավորված շոուն Արթուր Պողոսյանը բեմադրեց իր պաշտոնը պահպանելու և հնարավոր վերանշանակումն ապահովելու համար, սակայն իրավական հիմնավորումները թերի են։ Չորս վարույթներից երկուսը երկու օրում ոչնչացան, իսկ մնացած երկուսն էլ, ըստ այս գնահատականի, կկոտրվեն քննության փուլում, քանի որ վերաբերում են 2022-2024 թվականների դեպքերին։ Բայց այս փուլում Ծառուկյանի տապալումն ու առյուծազրկումը կազմակերպվել են Արթուր Պողոսյանի կողմից, քանի որ նոր կառավարության շրջանակներում երերում է նաև նրա աթոռը, և նա հավատարմության նոր նշաձող սահմանեց։ Ոչինչ, որ այս ամենի արդյունքում անմեղ կենդանին սատկեց, և այդ մահվան պատասխանատվությունը, ըստ այս պնդման, առաջին հերթին կրում է հենց Արթուր Պողոսյանը, ապա՝ քաղաքային իշխանությունը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացի փողոցի արևելյան հատվածի՝ Վ.Սարգսյան փողոցից մինչև Մ.Ավետիսյան փողոցը, Վ.Սարգսյան 1-ին, 2-րդ թաղամասերի, Սավոյան փողոցի հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով, Խորենացու 2-րդ փակուղիով, Քրիստոփորի փողոցով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Պապ Թագավորի, Սարյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ Կարապետյան

    Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ Կարապետյան

  • Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն Վարդանյան



    Քաղաքականություն





    «Համահայկական ճակատ» Շարժման տելեգրամյան ալիքը գրում է.

    Բայլուս ձեզ, ընդդիմություն:
    Կամ դուրս եկեք միավորված պայքարի, կամ ընդդիմության անունից անկապ մի խոսեք: Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն: Ուշքի եկեք, ֆեյսբուքով աջակցելու վախտերն անցել են:

    ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ ղեկավար Արսեն Վարդանյան




  • Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո

    Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում: Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդումմ են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    Ալիևը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում։

    Իլհամ Ալիևը, ընդգծելով, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ երկրորդ անգամ ընտրվելուց հետո համագործակցության և փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, նշել է, որ կապերը բարձրացել են ռազմավարական գործընկերության մակարդակի, և որ դա շատ կարևոր է ԱՄն-ի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի համար։

  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը: Մասնավորապես ներկայացվել են Երևանում և Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը:

    Մինչ խնդիրների և առաջարկվող լուծումների ներկայացումը, վարչապետն իր խոսքում նշել է. «Իհարկե, 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջանակում շրջայցերի ընթացքն ավելի ակնհայտ դարձրեց, որ Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումներն ավելի հասցեական դարձնելու և որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն ունենք: Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր, այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է կորսվել, և այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում Կառավարության կողմից»:

    Երկրի ղեկավարը հավելել է, որ այս համատեքստում հանձնարարական է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքներ իրականացնել, որպեսզի ավելի կոնկրետ պատկերացում լինի, թե ինչ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն Երևանում և Գյումրիում նշված խնդիրն ավելի արդյունավետ ձևով լուծելու համար:

    Հաջորդիվ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Երևան քաղաքում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը և դրանց փուլային իրականացմանն ուղղված քայլերը:

    Նախ ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում առանձնացված այն ծրագրերը, որոնք առաջիկա տարիներին կարող են ունենալ ամենամեծ ազդեցությունը կյանքի որակի, քաղաքային ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է 24-ժամյա ջրամատակարարման ապահովման խնդիրը, ընդգծվել է առկա ենթակառուցվածքների զգալի մաշվածության, ջրի կորստի բարձր մակարդակի և ջրի անբավարարության խնդիրը: Ներկայացվել է, որ կորուստների նվազեցման նպատակով անհրաժեշտ է ներդրումներ իրականացնել նոր ջրաղբյուրների ներգրավման, համակարգի արդիականացման ուղղությամբ:

    Տարեկան մինչև 50 կմ երկարությամբ ճանապարհաշինության աշխատանքների մասով զեկուցվել է, որ վարչապետի հանձնարարությամբ այն ներառվել է ՏԿԵՆ-ի կողմից իրականացվող 500 կմ ճանապարհաշինական ծրագրերի ցանկում, արդեն իսկ ընթացքում են 2027 թվականի համար 50 կմ հիմնանորոգման նպատակով ճանապարհային հատվածների նույնականացման և պլանավորման աշխատանքները, իսկ 2026 թվականի համար նախատեսվում են միջին նորոգման աշխատանքներ:

    Անդրադարձ է կատարվել նաև Հանրային ներդրումային կոմիտեի 8-րդ նիստում հաստատված մետրոպոլիտենի զարգացման և արդիականացմանն ուղղված ծրագրերին, այդ թվում՝ կայարանների կառուցում, էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում:

    «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական միջավայրի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետիոտնային և ավտոմոբիլային ճանապարհների և ինժեներական ենթակառուցվածքների կառուցում, արտաքին լուսավորության, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ Նախատեսվում է մեկնարկել նախագծային և վերակառուցվող հատվածների իրացման գործընթացները:

    Մանրամասներ են ներկայացվել նաև առաջնահերթ լուծում և ֆինանսավորում պահանջող ներդրումային այլ ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ կամրջային կառուցվածքների վերականգնում, ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի, վերելակային տնտեսության արդիականացում, ճանապարհային որոշակի հանգույցների կառուցում և այլն: Առաջարկություններ են ներկայացվել նաև ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ, որոնք կարևոր նշանակություն ունեն քաղաքի հետագա զարգացման տեսանկյունից:

    Հաջորդիվ՝ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Գյումրի քաղաքում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը:

    Նախ` ներկայացվել է 24-ժամյա ջրամատակարարման ապահովման խնդիրը, ընդգծել է, որ առկա է 24-ժամյա ջրամատակարարում, սակայն ծանրաբեռնված օրերին տեղի են ունենում պարբերական անջատումներ։ Անհրաժեշտ է իրականացնել ջրամատակարարման համակարգերի արդիականացման ծրագիր:

    Զբոսաշրջային կլաստերի ստեղծման շրջանակում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով Գյումրիում իրականացվել է շուրջ 6․6 մլրդ դրամի ներդրում: «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրով» նախատեսվում է իրականացնել ևս 16․5 մլն դոլարի ներդրում՝ զբոսաշրջային կլաստերի զարգացման ուղղությամբ։ Այս մասով առաջարկվում է ծրագրում ներառել Հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի և Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգման ծրագրերը, որոնք կնպաստեն քաղաքի համաչափ զարգացմանը։

    Հաջորդ խնդիրը վերաբերել է տնակների հարցի վերջնական լուծմանը: Ներկայացվել է, որ 01.07.2026թ. դրությամբ Գյումրիում առկա է 2465 տնակ: Նշվել է, որ նախնական գնահատականներով՝ դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքի նկատմամբ Կառավարությունն ունի այս կամ այն ձևով փոխհատուցման պարտավորություն: Այս մասով կարևորվել է նաև փոխհատուցման տրամադրման և տնակների փաստացի ապամոնտաժման փոխկապակցված գործուն մեխանիզմների ներդրումը, որպեսզի տնակների խնդիրը վերջնական լուծում ստանա:

    Ինչ վերաբերում է Անի և Ավստրիական թաղամասների 37 փողոցների ամբողջական հիմնանորոգման հարցին, նշվել է, որ ներկայումս ընթանում են նախագծման աշխատանքներ։ Առաջարկվում է զուգահեռ բարեկարգել նաև բակային հատվածները, կառուցել խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի դաշտեր և անցկացնել լուսավորության ցանց։

    Առնակ Ավետիսյանը ներկայացրել է, որ ՏԿԵՆ-ի կողմից իրականացվող 500 կմ ճանապարհաշինական ծրագրերի ցանկում է ներառված նաև Գյումրիում տարեկան 25 կմ ճանապարհաշինական աշխատանքները: Ըստ այդմ՝ Գյումրի քաղաքի 180 կմ ճանապարհներից մոտ 70 կմ նախկինում հիմնանորոգվել են, իսկ մնացած մոտ 110 կմ խիստ անբարեկարգ վիճակում են։ Նշվել է, որ Գյումրիում տարեկան 25 կմ ճանապարհաշինությանն ուղղված պլանավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։

    Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում վթարային շենքերի խնդրին, նշվել է, որ առկա են մի քանի վթարային շենքեր, որոնց մասով տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով դրանցից որոշների պատմամշակութային նշանակությունը: Ներկայացվել է նաև Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի նորոգման հարցը, նշվել է, որ 25 կմ ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջարկվում է նաև դիտարկել քաղաքի 2 բանուկ մասերն իրար կապող միակ խիտ երթևեկությամբ կամուրջը, որը կարևոր նշանակություն ունի քաղաքի համար։ Անդրադարձ է կատարվել նաև Գյումրու ավտոկայանի կառուցման խնդրին։

    Քննարկման շրջանակում ներկայացվել են որոշ դիտարկումներ՝ Երևանում և Գյումրիում առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ:

    Անդրադառնալով բարձրացված հարցերին և առաջարկվող լուծումներին՝ վարչապետն ընդգծել է, որ ներկայացված բոլոր ծրագրերն էլ ըստ ընթացակարգերի պետք է իրականացվեն, սակայն անհրաժեշտ է նախ հրատապ կերպով կենտրոնանալ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա:

  • Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը

    Հուլիսի 7-ին Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը։ Նախագահական համալիրում տեղի ունենալիք հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկելու են եվրատլանտյան անվտանգությանն առնչվող հիմնարար հարցեր, այդ թվում՝ դաշինքի պաշտպանական ներուժի ամրապնդումը, ռազմական ծախսերի ավելացումը և գլոբալ անվտանգության մարտահրավերները։

    Թուրքիայի նախագահությամբ անցկացվող այս միջոցառումը նպատակ ունի հիմքեր ստեղծել դաշնակիցների միջև համագործակցության խորացման և ռազմավարական նշանակության որոշումների ընդունման համար։ Գագաթնաժողովին զուգահեռ նախատեսված են նաև առաջնորդների երկկողմ հանդիպումներ։

  • Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

    ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ 2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։

    «Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։

    Տնտեսվարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Հայրս կալանքի տակ է եղել, ամուսինս՝ տնային կալանքի մեջ, բայց ամենավտանգավորը դեռ առջևում է. Գագիկ Ծառուկյանի դուստր

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը հայտարարել է, որ ընտանիքն արդեն մեկ անգամ անցել է նման փորձությունների միջով, սակայն, իր խոսքով, առավել մտահոգիչը երկրի համար հնարավոր երկարաժամկետ հետևանքներն են։

    «Հայրս մեկ ամիս եղել է կալանքի տակ, ամուսինս այժմ տնային կալանքի մեջ է։ Վստահ եմ՝ այս փորձությունն էլ կանցնի, և մենք կկարողանանք դիմակայել»,- ասել է նա։

    Միաժամանակ նա նշել է, որ հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի ոչ միայն առանձին դատական գործընթացներին, այլև այն փոփոխություններին, որոնք, իր գնահատմամբ, կարող են անդառնալի ազդեցություն ունենալ Հայաստանի պետականության, մշակույթի և արժեհամակարգի վրա։

    «Այսօրվա որոշումների հետևանքները կարող են տարիներ անց զգալ մեր երեխաները։ Կոչ եմ անում բոլորին լինել սթափ, զգոն, ճիշտ գնահատել իրավիճակը և չտրվել փոխադարձ թշնամանքին։ Վստահ եմ, որ ի վերջո արդարությունը կհաղթի»,- ասել է Ծառուկյանի դուստրը։

  • Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ



    Հուլիսի 4-ին պաշտոնապես մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ Սյունիքի սրտում համախմբելով համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներին, երիտասարդ տաղանդներին և արվեստասեր հանդիսատեսին։

    Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք, երաժիշտներ, մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր:

    Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ: Փառատոնի կայացմանն աջակցում են նաև Կապանի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և գործընկեր այլ կազմակերպություններ:

    10 օր նախատեսվող «Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում Կապանում հյուրընկալվել են աշխարհահռչակ մենակատարներ, կամերային երաժշտության հեղինակավոր արտիստներ։ Փառատոնի համերգային ծրագրերը ներառում են դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ, ստեղծագործական համագործակցություններ և երաժշտական նոր ձևաչափեր։

    Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «Կապան Ֆեստ Ակադեմիան», որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ընտրված երիտասարդ երաժիշտները մասնակցում են ինտենսիվ վարպետության դասերի, աշխատում միջազգային հեղինակություն վայելող արվեստագետների հետ և բեմ են բարձրանում նրանց կողքին։

    Այս տարի ևս փառատոնի հատուկ իրադարձություններից է համաշխարհային ճանաչում ունեցող Florian Leonhard Fine Violins ընկերության բացառիկ ցուցադրությունը։ Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու և ծանոթանալու լեգենդար վարպետներ Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի եզակի լարային գործիքներին, որոնք համաշխարհային մշակութային ժառանգության բացառիկ նմուշներ են։

    «Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կներկայացվի նաև «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագիրը։ Դիմակահանդեսային մթնոլորտում անցկացվող միջոցառունը կմիավորի վիեննական վալսը, օպերային երաժշտությունը և ջազային կատարումները՝ ստեղծելով եվրոպական մշակութային ավանդույթների յուրահատուկ շունչ Կապանում։