ԱԺ պատվավոր թոշակառու պարոն Աղվանը իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանել։
Հիշեցնեմ՝ ժամանակին նույն բառապաշարն էր օգտագործում նաև Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների հասցեին։ Ամենայն հավանականությամբ, հենց այնտեղից էլ «կրթվել» է՝ յուրացնելով նույն քաղաքական խոսույթի մշակույթը։
Ի դեպ, պարոն Աղվան, ակնհայտորեն չափազանց եք գերագնահատում ձեր կարևորությունը։ Բայց դե, դա, երևի, արդեն ծերունական առանձնահատկություն է։
Իսկ դուք ընդամենը «Հայաստան դաշինքից»-ից «Ուժեղ Հայաստան» վազվզող, մեծամիտ թոշակառու քաղաքական գործիչ եք, որը փաստարկներով պատասխանելու փոխարեն իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանում ու ծերունական մարազմատիկ բաներ խոսում։ Ձեր խոսքը վաղուց արդեն քաղաքական միտք չի արտահայտում։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝
75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.
42 տրանսպորտային միջոց.
38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.
105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
Հայաստանում փաստացի տեղի է ունենում մասնավոր սեփականության, առհասարակ՝ սեփականության իրավունքի հոգեհանգստի արարողությունը։ Կարծում եք՝ սարկա՞զմ է։ Ամենևին: Դա ցավալի իրականությունն է։ Մենք արդեն ապրում ենք մի պետության մեջ, որտեղ կարող են մեկ անձի քմահաճույքով մի գիշերում որոշել, որ այսինչ ընկերությունն արդեն պետությանը պետք է անցնի, մեկ ուրիշը՝ քաղաքապետարանին, պետք է խլել անշարժ ու շարժական գույքեր, բաժնեմասեր և այլն։
Հարկավ, խոսքն այս պարագայում «Մուլտի գրուպի» սեփականատեր, ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իշխանական հարձակումների մասին է։ Բայց սա նաև առաջին դեպքը չէ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին նույն փաշինյանական իշխանությունը կենտրոնացած էր Սամվել Կարապետյանից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» խլելու գործողության վրա: «Ձեռքի հետ» էլ՝ «Տաշիր գրուպի» այլ միավորների վրա էին հարձակումներ գործում:
Մանրամասների մեջ չխորանանք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով լուսաբանվել ու լուսաբանվում է, բոլորն էլ տեղյակ են: Ոչ պակաս խորքային ու կարևոր խնդիր կա այստեղ: Ու խնդիրն այդ, ինչպես սկզբում նշեցինք, Հայաստանում սեփականության իրավունքի վախճանն է: Առանց գեղարվեստականության ու չափազանցության՝ հենց վախճանը, ինչի մասին բարձրաձայնում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև իրավաբանները:
Իսկ սեփականության իրավունքի վախճանը, սեփականության իրավունքի հուղարկավորությունը ծանրագույն հետևանքներ է ունենալու երկրի վրա, տնտեսության վրա: Բնականաբար, նույնքան կամ ավելի ծանր հետևանքներ է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա: Անգամ կարող է դեմոգրաֆիկ խնդիրների պատճառ դառնալ:
Տեսեք, բոլոր այն մարդիկ, որոնց սեփականության իրավունքի նկատմամբ Փաշինյանի իշխանությունը «պետության անունից» ապօրինաբար ոտնձգություններ է կատարում, օրինակ՝ նույն Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի դեմ, նրանք իրենք իրենցով այնքան կան, որ էլի մնալու են Գագիկ Ծառուկյան ու Սամվել Կարապետյան:
Բայց երկիրն է ափսոս, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում», ավելի կոնկրետ՝ երկրի տնտեսության ու գործարարական միջավայրի:
Միով բանիվ՝ այս իշխանություններն, ինչպես բոլոր մյուս ոլորտներում, գործունեության ասպարեզներում և ուղղություններում են «բուլդոզերային քաղաքականություն» վարել 8 տարի, նույնը շարունակում են հիմա: Պարզապես արդեն շատ ավելի ինտենսիվ, ավելի ցինիկ ու բացահայտ, արդեն առանց ձևականությունների, առանց «սրտիկ-մրտիկ» ցուցադրելու:
Իսկ ի՞նչ է կատարվելու ու կատարվում այդ ամենի, այդ «բռնագանձումային» դրսևորումների հետևանքով:
Նախ՝ հիմքից խախտվում է Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված սեփականության երաշխավորումն ու սեփականության իրավունքը (հոդված 10):
Հիմնովին խաթարվում է երկրի տնտեսական, ներդրումային միջավայրը: Նման երկրում ո՛չ արտաքին, ո՛չ էլ, առավել ևս, ներքին ներդրողներն այլևս չեն ցանկանա ներդրումներ անել, եթե մեկ անձի քմահաճույքով մի օր կարող են որոշել, որ քո ունեցածն այլևս… քոնը չէ: Իմաստ ունի՞ ներդրումներ անել մի երկրում, որտեղ եթե մեկը գիշերը քնած տեղը մի քիչ բարձր խռմփացնի, առավոտյան կարող են գալ ու ասել՝ այլևս այս ներքնակը քոնը չէ, մահճակալը քոնը չէ, տունն էլ քոնը չէ, դու էլ ընդհանրապես կալանավորված ես: Ինչո՞ւ: Դե, որովհետև ինչ-որ բան դուր չի եկել մեկ անձի: Եվ վերջ:
Իշխանության, կառավարության կողմից նման «ռեյդերական զավթումների» հետևանքով ոչ միայն էապես խաթարվելու է ներդրումային միջավայրը, ոչ միայն Հայաստանն այդ առումով այլևս անհուսալի երկրի համբավ է ստանալու, այլև առհասարակ զրոյանալու է ընդհանուր հանրային վստահությունը: Չէ՛, իշխանության հանդեպ չէ (այդ վստահությունը վաղուց է մեծամասամբ կորսված, արևմուտքով-բանով, վարչական ռեսուրսով, մի խոսքով՝ ամեն ինչով հանդերձ՝ ընտրություններում նույնիսկ պաշտոնապես հայտարարված 49 տոկոսը՝ վկա): Զրոյանալու է վստահությունը երկրի հանդեպ, իրավունքի հանդեպ:
Նույնիսկ մի տեսակ վախենալու է պատկերացնել, որ նման գործընթացները կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ կարող են ոստիկանական համազգեստավորները գալ ու ասել՝ «ոնց որ քո հեռուստացույցը ապօրինի է, առգրավում ենք»: Որևէ քպական պաշտոնյա կարող է շրջել քաղաքում, նրան ինչ-որ շինություն դուր գա, հաջորդ պահին կգան ու կասեն՝ «բռնագանձում ենք, քոնը չի, մերն է»:
Նման երևույթներ, որպես կանոն, եղել են հեղափոխություններից, հասարակարգերի փոփոխություններից հետո: Գիտական առումով այդ երևույթը բնորոշում են նաև որպես «սեփականության վերաբաշխում»:
Բայց այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում, ավելին է, քան կարծեցյալ «վերաբաշխումը»:
Տեսեք. Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավի սլաքն ուղղված է մեր ազգային ինքնության դեմ: Քաղաքական հալածանքները նպատակ ունեն ճնշել այլախոհությունն ու այլակարծությունը և երկիրը վերածել բռնապետության, մի մեծ «բանտի»: Ընտրությունների ժամանակ խախտումներն ու մանիպուլ յացիաները, «ձայնագողությունը», ըստ փորձագետների, ուղղված են երկրի սահմանադրական կարգի դեմ: Նման պայմաններում անխուսափելիորեն լինելու էր հարված նաև ազգային կապիտալին: Ու այդ հարվածը տեղի է ունենում: Արդեն մոտ մեկ տարի՝ ընդգծված:
Բա՛յց: Նման, կներեք, «ծովահենական մեթոդներով» երբեք արդարություն չի կարող հաստատվել: Անօրինականությամբ օրինականություն չի հաստատվում: Հակառակը՝ խորանում է իրավական ճգնաժամը: Ու ոչ միայն իրավական…
Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ազատ Թ.-ն իր վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում մարմինը ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։
Փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են մարմինը մոտեցնել դիատարին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել է 12,720 տեղ, որից 2,133-ը՝ անվճար, 10,587-ը՝ վճարովի։ Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
«Բուհ է ընդունվել 9 620 մարդ, որից անվճար հիմունքներով, ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը, 1 875 հոգի, վճարովի տեղերը զբաղեցրել է 7 799 դիմորդ։ Այս մասին հուլիսի 17-ին տեղի ունեցած հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը:
Ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին՝ ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում: Իր ընդունված կամ չընդունված լինելու մասին դիմորդը կարող է տեղեկանալ նաև մուտք գործելով dimord.am-ի իր էջ: Մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն մի քանի օրից կկազմակերպի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերի համար»,-նշել է նա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի անվտանգության ծառայությունը ոչնչացրել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ՝ Սարատովի մարզի Էնգելսի ավիաբազայում։
Զելենսկու խոսքով՝ ինքնաթիռը օգտագործվել է Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածներ իրականացնելու համար, իսկ հարվածը հասցվել է Ուկրաինայի սահմանից մոտ 800 կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտին։
Տու-95ՄՍ-ը Ռուսաստանի հիմնական հեռահար հրթիռակիր ռմբակոծիչներից է, որը կարող է կրել ռազմավարական թևավոր հրթիռներ և կիրառվել հեռահար հարվածների համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթ նախատեսվում են քննարկումներ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Քաղաքական շրջանակներում սպասվում է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում կհստակեցվի՝ կշարունակե՞ն արդյոք գործել Արցախի պետական ինստիտուտները, թե՞ կընտրվի այլ ճանապարհ։
Արցախի նախագահի ընտրության հարցը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, քննարկվել է դեռևս մինչև Հայաստանի համապետական ընտրությունները։ Քննարկումների մասնակիցների միջև, ինչպես նշվում է, ձևավորվել էր ընդհանուր մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտը և կազմակերպել նախագահի ընտրություն։ Միաժամանակ մտահոգություն է եղել, որ պետական ինստիտուտների գործունեության դադարեցման վտանգը շարունակում է իրական մնալ։
Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։
Նրա խոսքով՝ վերջին երեք ամիսների ընթացքում ինքը հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի և դաշինքների ներկայացուցիչների հետ։ Իսրայելյանը նշում է, որ գործընթացները որոշակիորեն հետաձգվել են Հայաստանի ընտրությունների պատճառով, սակայն ընտրություններից հետո, իր գնահատմամբ, պատգամավորների և խմբակցությունների շրջանում նկատվում է զգալի պասիվություն։
«Արցախի պաշտոնյաների սպասելիքները այս ընտրություններից չարդարացան, և դա որոշակի ազդեցություն ունեցավ քաղաքական տրամադրությունների վրա։ Շատերի մոտ ձևավորվել է վախի մթնոլորտ։ Կան մտավախություններ, որ հնարավոր են քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ և նույնիսկ ձերբակալություններ»,- նշել է Իսրայելյանը։
Նրա խոսքով՝ ինքը ևս նման մտահոգություններ է նկատել Արցախի պաշտոնյաների շրջանում, սակայն իր բոլոր հանդիպումների ընթացքում կոչ է արել պատրաստ լինել ցանկացած սցենարի։
«Ես ասել եմ, որ պետք է վճռական լինել և պահպանել Արցախի պետական ինստիտուտները, որովհետև դրանք միայն կառույցներ չեն։ Դրանք արցախցիների հավաքական իրավունքների, վերադարձի իրավունքի և Արցախի հիմնախնդրի քաղաքական ու իրավական շարունակականության կարևոր հենասյուներն են»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի ընտրությանը՝ Անաստաս Իսրայելյանը նշել է, որ այս պահին նախագահի թեկնածու դեռևս չկա։ Նրա գնահատմամբ՝ պատճառները տարբեր են։
«Մի կողմը, իմ գնահատմամբ, շահագրգռված չէ կամ պատրաստ չէ ստանձնել այդ պատասխանատվությունը, իսկ մյուս կողմի համար առաջնայինը հենց ինստիտուտների պահպանումն է։ Այդ թեմայով քննարկումներ եղել են, և դրանք շարունակվում են»,- ասել է նա։
Իսրայելյանը հայտարարել է, որ պատրաստվում է հետևողական լինել Արցախի պետական կառույցների պահպանման հարցում և կոշտ արձագանքել ցանկացած քայլի, որը, իր կարծիքով, կհանգեցնի դրանց լուծարմանը։
«Եթե որևէ փորձ արվի փակել Արցախի պետական կառույցները, ես լինելու եմ այդ քայլերի ամենակոշտ քննադատներից և հրապարակային արձագանքելու եմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նա։
Հասարակական-քաղաքական գործիչը նաև քննադատել է վերջին երեք տարիների ընթացքում տարվող քաղաքականությունը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, այդ ընթացքում չի ձևավորվել բավարար հստակ դիրքորոշում Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցում։
«Այսօր ևս հետքայլ անելը կամ հապաղելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Ցանկացած գնով պետք է պահպանել Արցախի պետական ինստիտուտները։ Նրանք, ովքեր կհրաժարվեն այդ պատասխանատվությունից, ապագայում պատասխան են տալու պատմության և գալիք սերունդների առաջ»,- ասել է Անաստաս Իսրայելյանը։
Առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, թե երբ կկայանան Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունները, սակայն քաղաքական շրջանակներում ակնկալում են, որ առաջիկա օրերին այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կարող են ընդունվել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Երեկ ՍԱՏՄ նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանը պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը «Շների լեյշմանիոզի համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։ «2015 թվականից ուսումնասիրում եմ շների լեյշմանիոզ հիվանդությունը, հիվանդության համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում, և վերջապես այս տարի պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս։ Բավականին ծավալուն աշխատանք է արված։ 13 հազարից ավելի շուն, 90 շնագայլ է հետազոտվել, և ունենք պատկեր տվյալ հիվանդության տարածվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդություն, որը բավականին ծանր հետևանքներ է ունենում մարդկանց վրա»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։ Ընդգծում է՝ վերջին յոթ տարվա կտրվածքով սա անասնաբուժություն գիտության ոլորտում առաջին պաշտպանությունն էր։
Հետաքրքրվում ենք, թե ինչո՞ւ է ուսումնասիրության առարկա դարձրել հենց այս թեման։ «2015 թվականին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմ ընկերներն ինձ, որպես անասնաբույժ, հրավիրեցին նմուշառում իրականացնել։ Հիվանդությունն ընդգրկվել էր մոռացված հիվանդությունների շարքում, բայց նոր դեպքեր էին ի հայտ եկել, և որևէ մեկը՝ ո՛չ անասնաբույժները, ո՛չ բժիշկները, չէին պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մասնագիտական քննարկումներից հետո որոշեց հետազոտություններ իրականացնել, եղել են նաև երեխաների մահվան դեպքեր։ Երբ նայում էի մարդկանց աչքերին, ովքեր կորցրել էին մինչև հինգ տարեկան երեխաներ հիվանդության պատճառով, որովհետև բժիշկները պարզապես չէին իմացել, թե ինչ բուժեն, քանի որ այդ հիվանդության կլինիկան շատ ցայտուն չէ, որոշեցի հետազոտություն սկսել։ Հետազոտությունը սկսելիս չէի մտածում ատենախոսություն պաշտպանելու մասին, բայց իմ շատ լավ ընկեր, երջանկահիշատակ գիտնական Վլադիմիր Դավիդյանցը ինձ համոզեց, և իմ առաջին ղեկավարը նա դարձավ։ Ցավոք, նա քովիդից մահացավ, ղեկավարս փոխվեց։ Որոշեցի պաշտպանել թեկնածուական ատենախոսությունս և ամեն ինչ անել, որ պատկան մարմիններն իմանան այդ հիվանդության մասին։ Ատենախոսության մեջ առաջարկվեցին նաև պայքարի միջոցներ։ Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում չէի ուզում պաշտպանել թեկնածուականս, որ հանկարծ ավելորդ խոսակցություններ չլինեին, թե դարձավ բարձրաստիճան պաշտոնյա, որոշեց գիտությունների թեկնածու դառնալ»,հավելում է նա։
Ավելի հաճախ գիտական աշխատանքները մնում են դարակներում և իրենց կիրառությունը չեն գտնում առօրյա կյանքում։ «Իմ հետազոտության պարագայում ոչ միայն լուծումներ են առաջարկվել, այլ դրանք գործածության մեջ են դրվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում։ Կարևորել եմ մեկ՝ առողջության գաղափարը։ Այս աշխատանքը հողի վրա այդ գաղափարի իրականացումն է։ Իմ առաջարկությունների շնորհիվ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը պարտադիր հետազոտվող հիվանդությունների ցանկում ներառեց նաև լեյշմանիոզը։ Այսինքն՝ թափառող շներին հավաքելու ժամանակ, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է տվյալ հիվանդության հետազոտությունը։ Իմ հետազոտության գործնական, կիրառական նշանակությունն արդեն երևում էր, մնում էր՝ ամրագրեի, որ ես անասնաբուժական գիտությունների թեկնածու եմ, և դա իմ աշխատանքն է»,-եզրափակում է Գեորգի Ավետիսյանը։
Ժամանակակից աշխարհում գիտությունը դադարել է լինել զուտ ակադեմիական կամ մշակութային արժեք և վերածվել է պետությունների գոյատևման ու հզորության հիմնական բաղադրիչի։ Ավելին՝ գիտության մակարդակը դարձել է ազգային անվտանգության, տնտեսական մրցունակության և աշխարհաքաղաքական ազդեցության ուղղակի ցուցիչ։ Այն երկիրը, որն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել գիտելիք, արժանապատվորեն մասնակցել գիտատեխնիկական մրցավազքին և պահպանել իր մտավոր ներուժը, վաղ թե ուշ հայտնվում է կախվածության մեջ նրանցից, ովքեր այդ գիտելիքն ունեն։ Հենց այս տրամաբանությամբ է բացատրվում այն փաստը, որ գիտության ֆինանսավորումն այսօր դիտարկվում է ոչ թե որպես ծախս, այլ որպես ռազմավարական ներդրում, որի արդյունքները երբեմն երևում են տասնամյակների ընթացքում, բայց առանց որի պետությունն ի վիճակի չէ ապահովել իր ապագան։ Գիտության զարգացումը տալիս է մի շարք ուղղակի ու անուղղակի առավելություններ, որոնցից թերևս ամենակարևորը տնտեսական աճն է։ Նորարարական տեխնոլոգիաներ ստեղծող երկրները ձևավորում են բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք, ներգրավում են կապիտալ և պահպանում մրցունակ դիրքեր համաշխարհային շուկաներում։
Սրան զուգահեռ՝ արհեստական բանականության ոլորտում գրանցվող առաջընթացը փոխակերպում է գործնականում գործունեության բոլոր ոլորտները՝ արդյունաբերությունից մինչև կրթություն, պաշտպանություն և կառավարում, մինչդեռ կենսատեխնոլոգիաների և բժշկության զարգացումը հնարավորություն է տալիս լուծելու մարդկության համար ամենակարևոր՝ առողջության ու կյանքի տևողության հետ կապված խնդիրները։
Կանաչ էներգետիկային անցումը, որն այսօր դարձել է գրեթե բոլոր զարգացած երկրների ռազմավարական օրակարգի մասը, նույնպես ուղղակիորեն կախված է գիտական հետազոտություններից ու տեխնոլոգիական նորարարություններից։ Արդյունքում գիտելիքն ինքնին վերածվում է գլխավոր ռազմավարական ռեսուրսի, որի տիրապետումը կամ բացակայությունը որոշում է պետությունների տեղը համաշխարհային հիերարխիայում։
Գիտության ոլորտում ընթացող համաշխարհային մրցավազքը ներկայում հիմնականում կենտրոնացած է երկու գերտերությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև, որոնք պայքարում են ոչ միայն տեխնոլոգիական առաջատարության, այլև դրանից բխող աշխարհաքաղաքական ու տնտեսական գերիշխանության համար։ Չինաստանի ռազմավարությունն այս մրցակցության մեջ հիմնված է հատկապես օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան առաջատար համալսարաններում ձևավորված գիտնականների ներգրավման վրա։ Պեկինը վերջին տարիներին մեծ ջանքեր ու ռեսուրսներ է ուղղում, որպեսզի աշխարհի առաջատար հետազոտողները տեղափոխեն իրենց գիտական գործունեությունը Չինաստան, և այս ռազմավարությունը սկսում է շոշափելի արդյունքներ տալ։ Թերևս ամենավառ ու ամենախորհրդանշական օրինակը 2025 թվականի քիմիայի Նոբել յան մրցանակակիր, հեղինակավոր գիտնական, քիմիկոս Օմար Յաղիի որոշումն է. Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի) տասնամյակներ շարունակ գործունեություն ծավալելուց հետո նա 2026 թվականին հեռացավ ամերիկյան համալսարանից և ամբողջական աշխատանքի անցավ Պեկինի Ցինհուա համալսարանում։ Այս քայլը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում հենց այն պատճառով, որ այն խորհրդանշում է մի երևույթ, որը դեռ մի քանի տարի առաջ գրեթե անհավանական էր թվում։ Բայց Յաղիի օրինակը միակը չէ. նրան հետևում են այլ գիտնականների նմանատիպ որոշումներ, ինչը վկայում է այն մասին, որ երկարամյա կանխավարկածը, թե աշխարհի լավագույն գիտնականները միշտ ձգտելու են ամերիկյան համալսարաններ, այլևս արդիական չէ։
Այս զարգացումների ֆոնին Միացյալ Նահանգներում գիտության ու համալսարանների ֆինանսավորումը վերջին շրջանում որոշակիորեն կրճատվել է, ինչը որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես ամերիկյան գիտական համակարգի համար մարտահրավեր։
Այնուամենայնիվ, չնայած այս կրճատումներին, ԱՄՆ-ում շարունակում են գործել գիտության ու նորարարության զարգացման համար աշխարհում թերևս լավագույն պայմանները՝ զարգացած գիտահետազոտական ենթակառուցվածքներ, ճկուն ֆինանսավորման մեխանիզմներ, ուսումնական և գիտահետազոտական ազատություն, ինչպես նաև գիտության ու բիզնեսի սերտ կապ, ինչը հնարավորություն է տալիս գիտական հայտնագործություններն արագորեն վերածելու առևտրային արտադրանքի։
Երկու երկրների միջև մրցակցության գլխավոր ուղղություններն են արհեստական բանականությունը, քվանտային հաշվարկները, կենսատեխնոլոգիաները և առաջընթացի մյուս ամենանորարար ու ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերը, որտեղ առաջատարությունը մոտակա տասնամյակների ընթացքում մեծապես որոշելու է համաշխարհային տնտեսական ու ռազմական հավասարակշռությունը։ Սակայն կարևոր է նշել, որ գիտության ոլորտում մեծ ազդեցության հասնելու հնարավորությունը վերապահված չէ միայն գերտերություններին։ Պատմությունը և ժամանակակից փորձը ցույց են տալիս, որ համեմատաբար փոքր երկրներն էլ կարող են գիտության միջոցով ձեռք բերել աներևակայելիորեն մեծ ազդեցություն ու տնտեսական հզորություն, եթե ճիշտ են կառուցում իրենց ռազմավարությունը։
Իսրայելը, Սինգապուրը և Շվեյցարիան դասական օրինակներ են այն բանի, թե ինչպես կարելի է, չունենալով մեծ տարածք, բնական ռեսուրսներ կամ մեծաքանակ բնակչություն, դառնալ գիտատեխնոլոգիական առումով առաջատար՝ պարզապես գիտության, կրթության և նորարարության հանդեպ հետևողական ու երկարաժամկետ մոտեցման միջոցով։ Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ որոշիչը ոչ թե երկրի չափն է կամ բնական ռեսուրսների առկայությունը, այլ պետական քաղաքականության հետևողականությունը, մարդկային կապիտալի ներդրումը և գիտության հանդեպ իրական, այլ ոչ թե ձևական վերաբերմունքը։
Միաժամանակ, թեև վերջին շրջանում համաշխարհային քննարկումներում գերակշռում է բնական ու տեխնիկական գիտությունների կարևորությունը՝ հատկապես նրանց տնտեսական մոնետիզացիայի ներուժի պատճառով, հասարակական գիտությունների դերն ու նշանակությունը նույնպես նոր որակի մեջ են մտնում։ Հասարակագիտական հետազոտությունները՝ սոցիոլոգիայից մինչև քաղաքագիտություն և պատմություն, կարևոր դեր են խաղում ազգային ինքնության ձևավորման, հանրային գիտակցության զարգացման, աշխարհայացքի կերտման և, ի վերջո, մրցունակ ու պատասխանատու քաղաքացիների ձևավորման գործում։ Այս ուղղություններն են, որ ապահովում են այն ներքին կայունությունն ու համախմբվածությունը, առանց որի նույնիսկ ամենառադիկալ տեխնոլոգիական առաջընթացը չի կարող վերածվել կայուն պետական հզորության։
Հայաստանի պարագայում իրավիճակն ունի իր առանձնահատուկ «անկյունները»։ Մեր երկրում գիտության մասին խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին, իսկ արված համեմատաբար փոքր քայլերի նշանակությունը հաճախ արհեստականորեն ուռճացվում է՝ ստեղծելով առաջընթացի պատրանք այնտեղ, որտեղ իրական համակարգային փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել։ Իրականում, որպեսզի Հայաստանը վերածվի իսկապես մրցունակ ու դինամիկ պետության, անհրաժեշտ է գիտությանն ուշադրություն դարձնել այնպիսի մասշտաբով ու լրջությամբ, որը մինչ այժմ բացակայել է։
Ընդ որում, այս ուշադրությունը չպետք է սահմանափակվի միայն այն ուղղություններով, որոնք կարճաժամկետ հեռանկարում կարող են ապահովել տնտեսական օգուտ և ուղղակի եկամուտ։ Հասարակագիտական ուղղություններին ուշադրություն դարձնելը, թեև այն ուղղակիորեն չի մոնետիզացվում ու հաճախ դժվար է չափելի տնտեսական արդյունքի վերածել, ունի ոչ պակաս կարևոր դերակատարություն՝ պետության երկարաժամկետ զարգացման, օրինապահ վարքագծի ձևավորման և բարձր ինքնագիտակցություն ու հստակ ձևավորված ինքնություն ունեցող քաղաքացիների կերտման տեսանկյունից։
Կարևոր է նաև հասկանալ, որ գիտության զարգացումը սկզբունքորեն երկարատև և մեծ ջանքեր պահանջող գործընթաց է, որի արդյունքները երբեք չեն երևում անմիջապես։ Այս ոլորտում կատարվող ներդրումները պետք է ունենան հստակ երկարաժամկետ հեռանկար, և պետությունը չպետք է սպասի, որ մեկ-երկու տարվա ընթացքում կատարված ներդրումներից պետք է ստացվեն շոշափելի ու տպավորիչ արդյունքներ։ Գիտության ոլորտում հապճեպ, կարճաժամկետ մտածողությունը գրեթե միշտ հանգեցնում է կա՛մ ձևական, առանց իրական բովանդակության արդյունքների, կա՛մ էլ, ընդհանրապես, ներդրումների դադարեցման հենց այն պահին, երբ սկսում են երևալ առաջին լուրջ արդյունքները։
Սրան զուգահեռ՝ չափազանց կարևոր է, որ գիտության ոլորտը դառնա իսկապես գրավիչ ինչպես երիտասարդ, նոր սերնդի գիտաշխատողների, այնպես էլ արդեն ոլորտում երկար տարիներ ներգրավված, փորձառու մասնագետների համար։ Եթե պետությունը չգնահատի իր գիտնականներին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդանշական իմաստով, նրանք, բնականաբար, կհեռանան իրենց մասնագիտական գործունեությունից կամ էլ կընտրեն այլ երկրներ, որտեղ իրենց աշխատանքն ավելի բարձր է գնահատվում։ Իսկ սա շատ ցավալի հարված կլինի ազգային գիտությանը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, որակյալ գիտնական պատրաստելը տասնամյակների ընթացքում կուտակվող գիտելիքի, փորձի ու ներդրումների արդյունք է, և այդ կապիտալի կորուստը գործնականում անհնար է արագ վերականգնել։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև գիտական արդյունքների գնահատման մոտեցումը։ Անհրաժեշտ է հիմնվել ոչ թե զուտ քանակական չափորոշիչների, այլ որակական գնահատականների վրա։ Այլ կերպ ասած՝ գիտնականը կարող է ձևականորեն ստեղծել մեծածավալ գիտական բազա, հրապարակել բազմաթիվ հոդվածներ, սակայն այդ աշխատանքն իրականում կարող է չունենալ իրական արդիականություն, չպարունակել որևէ նոր, օրիգինալ գիտելիք կամ նույնիսկ արդեն ժամանակավրեպ լինել, մինչդեռ պաշտոնական քանակական ցուցանիշների տեսանկյունից նման գիտնականը կարող է ձևականորեն գերազանցել իր գործընկերներին։ Այսինքն, առաջնահերթությունը պետք է տրվի որակական կողմին։ Նախընտրելի է համեմատաբար ավելի փոքրածավալ, բայց իսկապես արդիական, նոր գիտելիք պարունակող և գործնականում օգտակար գիտական բազան, քան մեծածավալ, բայց բովանդակային առումով քիչ արժեք ներկայացնող արդյունքը։
Զուգահեռաբար անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գիտության որոշ ճյուղեր առանձնահատուկ բնույթ ունեն և պահանջում են հատուկ, նպատակային ուշադրություն ու աջակցություն, որը չի կարող կրկնօրինակվել այլ ուղղությունների նկատմամբ կիրառվող ընդհանուր մոտեցումներով։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ կատարվող քայլերի հաջորդականությունը. նախ՝ պետք է հասնել համակարգի պահպանմանը, այսինքն՝ ապահովել, որ արդեն կատարված աշխատանքը, կուտակված գիտական փորձն ու ինստիտուցիոնալ հիշողությունը չկորչեն, և միայն դրանից հետո անցում կատարել գիտության իրական զարգացմանն ու ընդլայնմանը։ Հենց այս հաջորդական մոտեցման արդյունքում է հնարավոր, որ Հայաստանը կարողանա իսկապես դառնալ մրցունակ երկիր գիտության ոլորտում։
Մարդկային կապիտալի առումով Հայաստանն ունի կարևոր, բայց դեռևս լիարժեք չօգտագործված առավելություն։ Ու պատահական չէ, որ շատ հայ մասնագետներ ստիպված են լինում մեկնել արտասահման, որտեղ էլ հասնում են մեծ մասնագիտական հաջողությունների ու ճանաչման՝ հաճախ աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում։ Սա միաժամանակ և՛ խնդիր է, և՛ հնարավորություն. խնդիր է այն իմաստով, որ երկիրը կորցնում է իր լավագույն մասնագետներին հենց այն պահին, երբ նրանք առավել արժեքավոր կդառնային ազգային գիտության զարգացման համար, բայց նաև հնարավորություն է, քանի որ ապացուցում է, որ խնդիրը ոչ թե մարդկային ներուժի բացակայությունն է, այլ ներքին պայմանների ու հնարավորությունների անբավարարությունը։ Եթե Հայաստանը կարողանա ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ գիտնականները կզգան իրական գնահատանք, կայուն ֆինանսավորում ու մասնագիտական աճի հեռանկար, ապա արտասահմանում հաջողության հասած հայ մասնագետների փորձն ու կապերը կարող են վերածվել ազգային գիտության զարգացման կարևորագույն ռեսուրսի։