Author: Balance2

  • Հայտնի են բուհական ընդունելության արդյունքները

    2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել է 12,720 տեղ, որից 2,133-ը՝ անվճար, 10,587-ը՝ վճարովի։ Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

    «Բուհ է ընդունվել  9 620 մարդ, որից անվճար հիմունքներով, ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը, 1 875 հոգի, վճարովի տեղերը զբաղեցրել է 7 799 դիմորդ։ Այս մասին հուլիսի 17-ին տեղի ունեցած հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը:

    Ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին՝ ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում: Իր ընդունված կամ չընդունված լինելու մասին դիմորդը կարող է տեղեկանալ նաև մուտք գործելով dimord.am-ի իր էջ: Մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն  մի քանի օրից կկազմակերպի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերի համար»,-նշել է նա:

  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անհանգստացած է դատավորներին գնահատող անկախ հարթակի գործունեությունից. դիմել է արդարադատության նախարարին

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով «helpcourt.am» հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։ Այս մասին տեղեկացնում է Կոմիտեն։

    Առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։

    Հղումը՝ այստեղ։

  • Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին

    Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմինԱյսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թոխմախի գերեզմանների տարածքում տղամարդու դի կա։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ շիրմաքարերից մեկի մոտ տեղադրված զրուցարանում համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի։

    Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

  • Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ Սավգուլյան

    Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ Սավգուլյան

  • «Ռուսաստանն այժմ ունի Կովկասից դուրս մղվելու վտանգ, որում մեծ դեր է խաղալու Ադրբեջանը»․ Արտակ Զաքարյ

    Իլհամ Ալիևը, հայկական Շուշիի գլոբալ մեդիաֆորումում որոշեց «խորհուրդ» տալ Ուկրաինային՝ ասելով, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չպետք է համակերպվի օկուպացիայի հետ։ Դա նշանակում, որ նա կոչ արեց շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ և հրապարակայնորեն խրախուսեց հետագա ռազմական գործողությունները։

    Եթե Ալիևը՝ աշխարհաքաղաքական «տիրոջ» փոփոխությունն ու սեփական պատմական հիշողությունից հրաժարումը ազատություն և օկուպացիայի հետ չհաշտվել է անվանում, ապա կամ ուրիշներից գողացված ու վերաշարադրված ադրբեջանական «պատմությունն է» սովորել, կամ ընդհանրապես չի ուսումնասիրել Հարավային Կովկասի ու Արևելյան Եվրոպայի պատմությունը։

    Տարբեր առիթներով ռուս պատգամավորներին ասել եմ, որ Ադրբեջանի հետ ձեր չհիմնավորված վստահելի հարաբերություններն աշխատելու են հենց ձեր դեմ: Նույնը բազմիցս ասվել է Իսրայելի պաշտոնյաներին: Այսօր Ադրբեջանն արդեն հաթաթա է տալիս Իսրայելի պետությանը՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:

    Ալիևը նաև դժգոհել է ԽՍՀՄ-ից, (որտեղ իր հայրը փոխվարչապետ է եղել), ասելով, որ Ադրբեջանն ուներ գաղութի կարգավիճակ և շահագործվում էին նրա ողջ նավթային ռեսուրսները: Այնինչ, այսօրվա Ադրբեջանի գոյության, որպես նավթ ու գազ արտահանող երկրի կարողությունների հիմքում ԽՍՀՄ հսկայածավալ ներդրումներն են եղել: Հենց ԽՍՀՄ-ն է հայկական Արցախն ու Նախիջևանը՝ առանց հիմնավորման նվիրել Ադրբեջանին: Իսկ Ալիևն այսօր բողոքում է ԽՍՀՄ-ից, ու ռուսներից ազատություն տենչում:

    Չմոռանանք, որ XIX դարի վերջում և XX դարի սկզբին Բաքվի նավթարդյունաբերությունը զարգանում էր ռուսական և հայկական կապիտալի և միասնական շուկայի շնորհիվ։ Դրա շնորհիվ Բաքուն վերածվեց արդյունաբերական կենտրոնի, իսկ նավթը դարձավ տնտեսության կարևոր մասը։

    Եթե դուրս գանք կարգախոսների շրջանակից, հետխորհրդային տարածքի ընդհանուր պատկերը մտահոգիչ է։ Փոխըմբռնումը նվազագույնի է հասել, իսկ միասնության մասին խոսք անգամ չկա։

    ԽՍՀՄ փլուզումից հետո և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, Ռուսաստանի բարեկամ երկրներ էին՝ հատկապես Հայաստանն իր ընդգծված դաշնակցային կեցվածքով։

    Արցախյան պատերազմը, տնտեսության փոխկապվածությունը, անվտանգային խնդիրներն ու խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը Հայաստանին մղում էին ավեի սերտ հարաբերություններ ունենալ ՌԴ հետ:

    Ի պատասխան՝ Մոսկվան փորձում էր «ոչ մեկին չնեղացնել» և Արցախյան հակամարտությունում, մինչև վերջ չաջակցեց կողմերից ոչ մեկին։ Արդյունքն ակնհայտ է. Արցախը հանձնվեց Ադրբեջանին, հայկական հասարակությունն իրեն լքված է զգում, Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոսում է կոշտ կեզվով ու վերամբարձ տոնով, Իրանի դեմ տարվում է օղակաձև շրջափակման ու թուլացման պատերազմ, Թուրքիան ներխուժում է Հարավային Կովկաս՝ ձգտելով դեպի Միջին Ասիա…

    Արդյունքում՝ տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր»։ Արցախի հարցում Ադրբեջանին շնորհավորելու դիմաց Ռուսաստանը ստիպված եղավ դուրս բերել իր խաղաղարար ուժերը, իսկ այժմ ունի Կովկասից դուրս մղվելու վտանգ, որում մեծ դեր է խաղալու Ադրբեջանը: Իրանը ստացավ պատերազմ, որը դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի: Այսօր, Ադրբեջանի կողմից իրեն «քցված» է զգում նաև Իսրայելը: Վաղն այդպիսի վիճակում է լինելու նաև ԵՄ-ն:

    Կարճ ժամանակում կյանքը ցույց տվեց, որ Հայկական Արցախը ձեռնտու էր բոլորին՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից:

    Ինչ վերաբերում է Եվրոպային, եթե նրանց թվում է, թե Արցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերելով նրանք որևէ շոշափելի բան են ստանալու թուրք-ադրբեջանական տանդեմից, ապա դա լինելու է երեք մատի կոմբինացիան: Շուշիում արված Ալիևի ելույթից հստակ երևում էր նաև այդ հատվածը, երբ նա խոսում էր Եվրոպայի Խորհրդի հետ ունեցած հարաբերություններից:

    Այսօր Ալիևն իրեն թույլ է տալիս հրապարակայնորեն խորհուրդներ տալ Ուկրաինային և խոսել «օկուպացիայի» մասին՝ միաժամանակ օգտվելով ռուսական ռեսուրսներից և ներկայիս տնտեսական կապերից։ Սա ոչ թե առանձին դրվագ է, այլ ախտանիշ: Ռուսաստանում դեռ շարունակում են կրկնել «եղբայրական ժողովուրդների» մասին մանտրան և միաժամանակ զարմանալ, թե ինչու՞ են այդ «եղբայրները» այդքան հեշտ անցնում նրանց հակառակորդների կողմը։

    Հարցը նաև այն է, թե Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ, այլ նաև նրանց, ովքեր տարիներ շարունակ հարաբերություններ են կառուցել՝ անտեսելով ու աչք փակելով ներկայիս քաղաքական իրողությունների վրա:

    Արտակ Զաքարյան

  • Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

    ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:

    ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։

  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ

    Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ 167+600-կմ 180+928-ում՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ, կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

    Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 13,4 կմ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

  • «Այս պահին արտահերթ ընտրությունների մասին կարելի է խոսել զուտ որպես քաղաքական սցենար»

    «Առաջնային հարցերից է նաև այն, թե որքանո՞վ է պետությունը պատրաստ տարբեր աշխարհաքաղաքական սցենարների։ Իսկ այդ հարցի պատասխանը, ցավոք, հանրության համար շարունակում է մնալ անորոշ»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Արմեն Հովասափյանը։

    -Աշխարհը, մասնավորաբար մերձավորարեւելյան տարածաշրջանը, կրկին կրակների մեջ է, Իրանում պատերազմը նոր փուլ է մտնում, չնայած բանակցություններին եւ հաշտության սպասումներին։ Սրան զուգահեռ իրականությունում Հայաստանում արձակուրդ է․ Նիկոլ Փաշինյանը հանգստանում է, մեր երկրում քաղաքական օրակարգը նույնպես, քանի որ օրակարգ թելադրողն ինքն է։ Նորմա՞լ է Հայաստանում այս քաղաքական հանգստությունը աշխարհաքաղաքական տուրբուլենտության վիճակում։

    -Եթե կարճ պատասխանեմ, ապա դա միանշանակ աբսուրդ է, երբ քո երկրից ընդամենը մի քանի 100 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունենում պատերազմ, որի ընթացքում չի բացառվում կոնկրետ քո երկրի հետ փոխկապակցված և շահերի վրա ուղղակի ազդեցություն ունեցող դրվագներ, իսկ երկրի ղեկավարը գտնվում է երկշաբաթյա արձակուրդում՝ վայելելով թատրոնների ու թանգարանների զով սրահներ կամ հերթական գաստրոտուրն է իրականացնում։ Իրանում մենք այսօր տեսնում ենք երկկողմ հարվածների հերթական, էլ ավելի կատաղի ալիք, որին զուգահեռ կողմերը հայտարարում են, թե այս անգամ պատասխանը լինելու է ավելի ուժգին և վերջնական։

    ԱՄՆ-ն հարվածում է Իրանի նավթային ենթակառուցվածքներին, երկրի տարբեր հատվածներում տեղակայված ռազմաբազաներին, իր հերթին Իրանն էլ ոչ պակաս շեշտակի ոչնչացնում է ԱՄՆ ներկայացուցիչ երկրների տարածքներում գտնվող ռազմակայանները (Քուվեյթ, Բահրեյն, Քաթար, Օման, Հորդանան), այսինքն տեսնում ենք, որ այն պայմանագրի կետերը, որի մասին խոսում էր ողջ աշխարհը, գեղեցիկ ժպտում ու միմյանց ձեռք էին սեղմում, ընդամենը ծխածածկույթ էր, և տևեց բառացիորեն մի քանի օր։ Չխորանալով Իրանում ընթացող զարգացումների մեջ՝ մենք տեսնում ենք, որ  Հայաստանում «քաղաքական արձակուրդն» ամբողջովին իր լիազորությունների մեջ է, և բոլորը դիրքավորվում են օգոստոսի 3-ին սպասվող ԱԺ նիստին ընդառաջ։

    Ցանկացած պետություն, առավել ևս Հայաստանի նման աշխարհաքաղաքական բարդ միջավայրում գտնվող, չի կարող իրեն թույլ տալ ապրել «սպասման ռեժիմով»։ Անվտանգային ռիսկերը չեն դադարում միայն այն պատճառով, որ ներքաղաքական կյանքում հարաբերական լռություն է։ Ընդհակառակը, հենց նման փուլերում են պետությունները վերագնահատում իրենց ռիսկերը, ակտիվացնում դիվանագիտական աշխատանքը, մշակում տարբեր սցենարներ և նախապատրաստվում հնարավոր զարգացումներին։

    Ի դեպ՝ առաջնային հարցերից է նաև այն, թե որքանո՞վ է պետությունը պատրաստ տարբեր աշխարհաքաղաքական սցենարների։ Իսկ այդ հարցի պատասխանը, ցավոք, հանրության համար շարունակում է մնալ անորոշ։

    -Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը․ բրիտանական The Guardian-ն էր հաղորդել: Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումն անցած ուրբաթ: Բավական հետաքրքիր այս ընտրությունն ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-ՌԴ առճակատման ֆոնին։

    -Այստեղ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ոչ թե Կոնստանտին Սոկոլովի էթնիկական ծագմանը, այլ այն քաղաքական ուղերձին, որը դրանով հղվում է։ Սակայն դրան զուգահեռ, միաժամանակ, Սոկոլովի ռուսական ծագումը չի կարող անուշադրության մատնվել։

    TRIPP-ի նման խոշոր տարածաշրջանային նախագծի մասով նման նշանակումը կարող է դիտարկվել որպես հավասարակշռող քաղաքական քայլ։ Չի բացառվում, որ այս կերպ Վաշինգտոնը փորձում է ցույց տալ, որ նախագիծը չի կառուցվում բացառապես հակառուսական տրամաբանության վրա և պատրաստ է աշխատել այնպիսի մասնագետների հետ, որոնք ծանոթ են նաև հետխորհրդային տարածքի քաղաքական և տնտեսական առանձնահատկություններին։

    Սա նաև վկայում է այն մասին, որ նույնիսկ ԱՄՆ-ն, որը վերջին տարիներին ձգտում էր նվազեցնել ՌԴ  ազդեցությունը տարածաշրջանում, հասկանում է, որ Հարավային Կովկասը հնարավոր չէ դիտարկել առանց ռուսական գործոնի։ Այստեղ ցանկացած խոշոր ենթակառուցվածքային կամ տրանսպորտային նախագիծ անխուսափելիորեն առնչվում է Մոսկվայի շահերին՝ անկախ նրանից՝ ՌԴ-ն ներգրավված է պաշտոնապես, թե ոչ։

    Մյուս կողմից, այս նշանակումը կարելի է գնահատել նաև որպես պրագմատիզմի դրսևորում։ Գաղտնիք չէ, որ մեծ տերությունները հաճախ ընտրում են այնպիսի դեմքերի, որոնք կարողանում են հաղորդակցվել տարբեր քաղաքական կենտրոնների հետ և ընկալելի են միաժամանակ մի քանի դերակատարների համար։ Այլ կերպ ասած՝ այստեղ գործ ունենք տարածաշրջանի առանձնահատկություններին համապատասխանող կադրային ընտրության հետ։

    Ավելին՝ այս հանգամանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում ձևավորվող նոր հաղորդակցային և առևտրային նախագծերը վաղուց դադարել են լինել միայն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարց՝ փաստացի դրանք դարձել են աշխարհաքաղաքական մրցակցության մաս։

    – Ընդդիմության մի մասը հայտարարել է, որ մանդատները վերցնում են, սակայն ընդհանուր առմամբ, դեռ չեն կողմնորոշվել իրենց անելիքներում։ Համենայնդեպս, այդ տպավորությունն է գործողություններից․ ամեն օր մի խումբ հրաժարվում է մանդատներից, ինչ-որ գաղտնի պլանի մասին են խոսում, իսկ թե խորհրդարանում ինչո՞վ են զբաղվելու, խորհրդարանից դուրս ի՞նչ են անելու՝ հարցերը պատասխաններ չեն ստանում։ Գուցե շատ շնորհակալ գործ չի այս իրավիճակում ընդդիմությանը քննարկել-քննադատելը, բայց մարդիկ, ովքեր վստահել են ընդդիմադիր ուժերին, հստակ սպասելիքներ ունեն, վստահաբար նաեւ պատրաստ են գործողությունների եւ բնական է, որ ընդդիմության իներտությունը չի բավարարում նրանց։ Հետեւաբար, ի՞նչ պետք է անի, ըստ ձեզ, ընդդիմությունը խորհրդարանում, փողոցում, այս իրավիճակների հանգուցալուծմանը գնալու ի՞նչ տարբերակներ ունենք։

    -Հարցն, ըստ էության, բացի այն, որ զգայուն է, ունի բավականին խորքային և ինստիտուցիոնալ բովանդակություն, քանի որ այն քաղաքական իրավիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք, փաստացի պատային է, և խորհրդարան անցած ուժերը պետք է ընտրություն կատարեին վատի և վատագույնի միջև։ Իհարկե, հեշտ է կողքից քննադատել, խորհուրդներ տալ, ասել, թե նման պայմաններում, նման ապալեգիտիմ եղանակով իշխանություն վերարտադրած ուժի հետ ինչպես կարելի է գնալ խորհրդարան՝ նրանց փաստացի լեգիտիմացնելով, և բազում այլ պնդումներ ու այլ «հանճարեղ» թեզեր տիրաժավորել, սակայն այդ խորհուրդ տվողները միայն կողքից խոսացողներ են, որն, ինչ խոսք, շատ հեշտ է։ Իսկ պառլամենտ անցած ուժերը ճգնել են և բառացիորեն ուժի զոռով կարողացել են համապատասխան արդյունքներ ունենալ։ Այլ հարց է, որ լավ աշխատելու դեպքում հնարավոր էր ավելի լավ ցուցանիշներ գրանցել՝ խոսքս հատկապես վերաբերում է «Ուժեղ Հայաստանին», ով մեկնարկային բավական լավ պայմաններ ունենալով, մի տեսակ «հանգստի» ռեժիմով էր աշխատում, փոխարենը՝ «Հայաստան» դաշինքը բավական պրոֆեսիոնալ քարոզարշավի և ճիշտ մարտավարության արդյունքում կարողացավ հավաքել մոտ 10 տոկոս։

    Չկողմնորոշվելու հետ կապված թերևս կարելի է ընդգծել, որ քաղաքական ուժերը փորձում են այնպես անել, որ դիրքավորումը խորհրդարանում ճիշտ լինի, քանի որ ինչպես արդեն անոնսել են իշխող ուժի ներկայացուցիչները, իրենք պատրաստվում են ընդդիմությանը, իրենց բառերով ասած, «ոտատակ տալ», և ես գրեթե կասկած չունեմ, որ կան ընդգծված թիրախներ, ովքեր, չի բացառվում՝ հենց ԱԺ առաջին նիստին դառնան քարկոծման ու քննադատության թիրախ։

    Ինչ վերաբերում է, թե ի՞նչ է անելու ընդդիմությունը խորհրդարանում, կարծում եմ, անելք, իհարկե, կա, քանի որ այն, որ Նիկոլ Փաշինյանն անհանգիստ է իր կողմից գրանցած խայտառակ ցուցանիշից, երբ ամբողջ ադմինիստրատիվ ու վարչական միջոցները կիրառելուց հետո անգամ չհաղթահարեց 50 տոկոսի շեմը, դա նրա համար դասական ֆիասկո է, նա ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այս փաստի հետ։ Հենց դրանով պայմանավորված է, որ վերջինս իր քաղաքական թիմին հանձնարարել է՝ ամեն կերպ քարուքանդ անել ընդդիմությանը, հասարակության աչքին ստորացնել, տարբեր էպիտետներ հնչեցնել, որպեսզի մարդիկ հնարավոր քաղաքական տրիգերների առկայության դեմքում, անգամ, չմիանան ընդդիմության կոչերին, նրանց նախաձեռնած գործընթացներին։ Իսկ այն փաստը, որ նման տրիգերներ լինելու են, ես կասկած չունեմ։ Ուստի, ընդդիմությունը խորհրդարանում պետք է առաջին հերթին մանդատը համապատասխան փուլում ճիշտ օգտագործելու, արտահերթ նիստ գումարելու համար նաև։ Փողոցային պայքարի հետ կապված՝ այն իշխանության դեմ պայքարելու գործիքներից մեկն է, որը ժամանակին փայլուն կիրառվեց, սակայն հիմա պետք է դրան նոր փաթեթավորում տալ՝ համապատասխան ռեբրենդինգի ենթարկել և նոր միայն օգտագործել իշխող վարչախմբի դեմ պայքարում։

    – Շատ է քննարկվում արտահերթ ընտրությունների տարբերակը եւ կա տեսակետ, որ այն հենց Նիկոլ Փաշինյանին է պետք։ Դրանով շատերը պայմանավորեցին Ընտրական օրենսգրքի հապշտապ փոփոխությունները, որոնք սահմանափակում են մեր քաղաքացիների ընտրական իրավունքը։ Կա՞ն նման նախադրյալներ կամ Փաշինյանի ինչի՞ն է պետք արտահերթ ընտրությունը։ Եթե խնդիրը սահմանադրական մեծամասնություն ապահովելն է, վստահաբար, նրա համար այդ խնդիրը լուծելու հարցում հերթ կգոյանա խորհրդարանում։

    -Ըստ էության՝ արտահերթ ընտրությունների թեման վերջին շրջանում իսկապես ակտիվորեն քննարկվում է, սակայն այս պահին դժվար է պնդել, որ դրա վերաբերյալ արդեն իսկ կայացված քաղաքական որոշում կա և դժվար թե լինի։ Այն ավելի շատ ակտուալ էր մինչև ՍԴ վճռի հրապարակումը։ Միաժամանակ պետք է նկատել, որ իշխանության վերջին քայլերը, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում արագացված կարգով կատարված փոփոխությունները, բնականաբար, նման ենթադրությունների տեղիք են տալիս։ Ի դեպ՝ որպես կանոն, ԸՕ-ի փոփոխությունների գրեթե բոլոր դեպքերում քաղաքական դաշտում միշտ առաջանում են հարցեր՝ հնարավոր արտահերթ գործընթացների հետ կապված։

    Եթե փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ կարող էր Նիկոլ Փաշինյանին ձեռնտու լինել արտահերթ ընտրությունը, ապա առաջին հերթին պետք է դիտարկել ոչ թե խորհրդարանական չոր թվաբանությունը, այլ ստեղծված քաղաքական ժամանակը։ Ցանկացած իշխանություն ձգտում է ընտրություններն անցկացնել այն պահին, երբ համարում է, որ իր դիրքերը համեմատաբար ամուր են, իսկ ընդդիմությունը դեռևս չի հասցրել ձևավորել առավել արդյունավետ կազմակերպվածություն կամ միասնական օրակարգ։ Այդ տեսանկյունից արտահերթ ընտրությունը կարող է դառնալ քաղաքական նախաձեռնությունը սեփական ձեռքում պահելու միջոց։

    Միևնույն ժամանակ, եթե խոսքը միայն սահմանադրական մեծամասնություն ստանալու մասին է, ապա այդ վարկածն այնքան էլ համոզիչ չէ, քանի որ քաղաքական փորձը ցույց է տվել, որ սահմանադրական փոփոխությունների հարցում լինում են այլ սխեմաներ և կուլիսային գործարքներ, խմբակցություններից դուրս գալու դեպքեր և այլն։ Հենց դրա համար էլ ընդդիմադիր խմբակցությունները հնարավորինս փորձում են «մաքրել» ցուցակները՝ նման դեպքերից խուսափելու նպատակով։

    Այնպես որ, այս պահին արտահերթ ընտրությունների մասին կարելի է խոսել զուտ որպես քաղաքական սցենարներ։ Այն, թե արդյոք իշխանությունը կգնա այդ ճանապարհով, կախված կլինի ոչ միայն ներքաղաքական հաշվարկներից, այլև արտաքին քաղաքական զարգացումներից, իշխանության վարկանիշի դինամիկայից և այն հանգամանքից, թե որքանով գործող իշխանությունը կհամարի, որ ընտրական գործընթացը կարող է ամրապնդել, այլ ոչ թե թուլացնել իր քաղաքական դիրքերը։

    Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

    «Առավոտ» օրաթերթ

    17.07.2026

     

  • Գյումրիում պարեկային ծառայության հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է երեք անձ

    Գյումրի քաղաքի Սայաթ Նովա փողոցում հուլիսի 15_ին ժամը 21:30-ին տեղի է ունեցել միջադեպ՝ կապված պարեկային ծառայության աշխատակիցների հետ։

    Նախնական տեղեկություններով՝ դեպքը որակվում է որպես խուլիգանություն, որի հետևանքով իրավապահները ձերբակալել են երեք անձի։

    Դեպքի առթիվ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

  • Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա է ստացել

    Տոնակատարության ժամանակ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» ռեստորանը