The Economist vs. Դարոն Աճեմօղլու. «Ամենաազդեցիկ տնտեսագետն անհամոզիչ է»

Written by

in

Ներկայացնում ենք The Economist-ի աղմուկ հանած The world’s most influential economist is oddly unconvincing հոդվածի հայերեն թարգմանությունը: 

 

Երբ նրան զանգահարեցին Ստոկհոլմից, թվաց՝ զանգն ուշացած է։ 2024 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատող Դարոն Աճեմօղլուն տնտեսագիտության Նոբելյան մրցանակը կիսեց Սայմոն Ջոնսոնի եւ Ջեյմս Ռոբինսոնի հետ՝ բացատրելու համար, թե ինչպես են ինստիտուտները ձեւավորում բարգավաճումը։ 

 

Աճեմօղլուն 58 տարեկան է, բայց արդեն որոշ ժամանակ համարվում է ոլորտի հսկաներից։ Նա գրել է յոթ գիրք, այդ թվում՝ նորը՝ ժողովրդավարության եւ արհեստական բանականության տնտեսական ազդեցության մասին, չհաշված մի քանի հայտնի դասագրքերը։ Նրա հարյուրավոր հոդվածները, որոնցից ավելի քան տասը հրատարակվել են այս տարի, հաճախ լի են բարդ մաթեմատիկայով։ Նա մրցում է Հարվարդի համալսարանի Անդրեյ Շլեյֆերի հետ՝ IDEAS/rePEc հետազոտական տվյալների բազայի կողմից կազմված տնտեսագետների մեջբերումների վարկանիշային աղյուսակում առաջին տեղի համար։ Նրա կարծիքը մեծ կշիռ ունի այլ փորձագետների եւ լրատվամիջոցների շրջանում։

 

Սակայն, եթե տնտեսագետները մի քանի բաժակ խմեն, ոմանք կհամարձակվեն արտահայտել իրենց իրական կարծիքն այս հսկայի մասին։ «Նրա տեսական աշխատանքի մեծ մասն օգտակար է, բայց նա կիրառում է իր մոդելները՝ նախկինում փորձարկված եւ ձախողված պոպուլիստական քաղաքականությունը հիմնավորելու համար», – քննադատում է մի հայտնի տնտեսագետ: Որոշ մեկնաբաններին ալկոհոլ էլ պետք չէ: «Բառացիորեն մեկ տասնամյակ է, ինչ գոռում եմ Աճեմօղլուի մասին, – ասում է տնտեսագետ-բլոգեր Նոա Սմիթը՝ ի պատասխան պարոն Աճեմօղլուի աշխատանքի առցանց քննադատության ալիքի։

 

Ոչ ոք չի մեղադրում բեղմնավոր տնտեսագետին վատ հետազոտությունների, առավել եւս՝ ակադեմիական անփութության մեջ: «Նա ակնհայտորեն հանճար է, – ասում է մեկ ուրիշը, որը նաեւ նշում է, որ նա շռայլ է դոկտորանտների եւ կրտսեր գործընկերների նկատմամբ: Հարցն այն է, թե արդյո՞ք պարոն Աճեմօղլուի դիրքը տնտեսագիտության մասնագիտության գագաթնակետին (եւ դրան ուղեկցող ինտելեկտուալ ազդեցությունը) արդարացված է նրա գիտական աշխատանքով։

 

Սկսենք նրա էմպիրիկ մեթոդներից: Նրա Նոբելյան մրցանակի հիմքում Ջոնսոնի եւ Ռոբինսոնի հետ 2001 թվականին համատեղ հրապարակված հոդվածն է, որը մեջբերվել է ավելի քան 23,000 անգամ: Այն փորձում է բացատրել, թե ինչու են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսները՝ աղքատ: Այն վայրերում, որտեղ եվրոպացի գաղութարարները զանգվածաբար մահանում էին, հնարավոր է՝ հիվանդությունների պատճառով, գաղութարարները կառուցում էին «դուրս բերող» հաստատություններ՝ իշխանությունն ու ռեսուրսները կենտրոնացնելով վերնախավի մի քանի խմբերի ձեռքում, որպեսզի տարածքից որքան հնարավոր է շատ ռեսուրսներ կորզեն: Սակայն ավելի բարենպաստ կլիմայական պայմաններում գաղութարարները գոյատեւում էին եւ կառուցում ավելի ներառական հաստատություններ՝ պատշաճ ճանապարհներով, դպրոցներով եւ բժշկական ծառայություններով: Այդ հաստատությունները պահպանվեցին, ինչի հետեւանքով գաղութային ժամանակաշրջանում գաղութարարների մահացության ցածր մակարդակ ունեցող վայրերն այսօր ավելի հարուստ են:

Դարոն Աճեմօղլուն Դարոն Աճեմօղլուն

Լուսանկարը` REUTERS

Տնտեսագետներն հիմա լուրջ են վերաբերվում այս արդյունքներին, բայց ոչ բառացիորեն։ Հոդվածը խրախուսել է փորձագետներին ավելի խոր մտածել ինստիտուտների մասին, բայց նրանք այն մանրակրկիտ վերլուծության են ենթարկել։ Նոբելյան կոմիտեի 2024 թվականի զեկույցում ընդունվել է, որ մահացության տվյալները «երբեմն ճշգրիտ չեն»։ 2012 թվականին Դեյվիդ Ալբուին Իլինոյսի Ուրբանա-Շամպեյն համալսարանից ցույց է տվել, որ որոշ երկրների մահացության մակարդակը փոխառված է այլ երկրներից։ Նա պարզել է, որ եթե դրանք ճշգրտվեն, հոդվածի եզրակացությունները անվստահելի կդառնան։ Անցյալ տարի Մարտին Բուխներն ու նրա գործընկերները Էսսենի RWI հետազոտական ինստիտուտից պարզել են, որ իրենց հարցմանը մասնակցած փորձագետները հակված ես սատարելու պարոն Ալբուիին։

 

Պարոն Աճեմօղլուն ասում է, որ «այս քննարկումները եւ քննադատության որոշ մասը չափազանց արժեքավոր են»։ Սակայն հակադարձում է, որ պարոն Ալբուին իր եզրակացությանն է հանգում՝ անտեսելով սկզբնական նմուշի տվյալների կեսը, այդ թվում՝ Ամերիկայի, Կանադայի եւ Ավստրալիայի նման կարեւոր երկրների վերաբերյալ։ Հենց այս համադրությունն է, ինչպես նաեւ որոշ ընտրովի վիճակագրությունը, որ հանգեցնում են անվստահելիության, ասում է նա։ 

 

Աճեմօղլուն հավելում է, որ եթե այսօր վերանայեր իր աշխատանքը, կկատարեր «մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ որոշ գնահատականների առումով», սակայն ոչ մահացության տվյալներում։

 

Վերջերս հետազոտողները ուսումնասիրել են պարոն Աճեմօղլուի եւ մի շարք համահեղինակների կողմից հունիսին հրապարակված աշխատանքը, որտեղ նշվում էր, որ ծնելիության ցածր մակարդակը կապված է աշխատանքային տարիքի չափահասի հաշվով ՀՆԱ-ի ավելի արագ աճի հետ։ Սա ապշեցուցիչ հայտնագործություն է, որը ենթադրում է, որ բնակչություն կորցնող վայրերը, օրինակ՝ Ճապոնիան, անհանգստանալու կարիք չունեն։ Սակայն այլ տնտեսագետներ, այդ թվում՝ Փենսիլվանիայի համալսարանի Խեսուս Ֆերնանդես-Վիլյավերդեն, կասկածի տակ են դնում, թե արդյո՞ք պատմական կապերը օգտակար են հասկանալու համար ներկան, երբ բազմաթիվ երկրների ծնելիության մակարդակը նվազում է։ Սա լիովին ողջամիտ տեսակետ է, եւ պարոն Աճեմօղլուն ու նրա համահեղինակները դրա մասին համառոտ հիշատակում են իրենց եզրակացության մեջ։ Սակայն այդ հիշատակումը կարող է կորչել եւ թվալ անլուրջ՝ համեմատած Աճեմօղլուի մաթեմատիկական հաշվարկների հսկայական քանակի հետ։

 

Մանրազնին ուսումնասիրության շնորհիվ վճռականորեն տրամադրված քննադատը կարող է բացթողումներ գտնել ցանկացած հետազոտական աշխատանքում, իսկ պարոն Աճեմօղլուն տնտեսագիտության ոլորտի ամենամեծ թիրախն է։ Սակայն հռչակի հետ կապված մանրակրկիտ ուսումնասիրությունը չի կարող բացատրել երկրորդ խնդիրը. այն, որ պարոն Աճեմօղլուի գաղափարները կարող են այդքան էլ տպավորիչ չթվալ հասարակական գիտությունների տիտանի համար։ Նրա հրապարակային մեկնաբանությունները, հատկապես ամերիկյան քաղաքականության վերաբերյալ, զգուշավոր են։ Օրինակ՝ նրա «Թրամփի միասնական տեսությունը» պնդում է, որ ամերիկացի նախագահը «հզորացնում է գործադիր իշխանությունը եւ ոչնչացնում սահմանափակող ինստիտուտներն ու նորմերը»։ Դե, սա ակնհայտ է։

 

Ինստիտուտներ եւ «կրիաներ»

 

Ավելի մտահոգիչ է այն, որ ինստիտուտների մասին նրա մեծ թեզը շատ բան չի բացահայտում։ Ազգերը բարգավաճում են, երբ ինստիտուտները լավն են, եւ լճանում են, երբ դրանք վատն են։ Ճիշտ է։ Բայց ի՞նչ է իրականում ինստիտուտը։ Կանոններ, նորմեր, կիրառում, մշակույթ՝ ամեն ինչ։ Որտեղի՞ց են ծագում ինստիտուտները։ «Կրիտիկական հանգույցներից» եւ «ինստիտուցիոնալ շեղումից», ինչ էլ որ դա նշանակում է։

Դարոն Աճեմօղլուն Դարոն Աճեմօղլուն

Լուսանկարը` REUTERS

2011 թվականին Աճեմօղլուի գրքերից մեկը վերանայելով՝ Թայլեր Քոուենը Ջորջ Մեյսոնի համալսարանից նշել է, որ այնտեղ նկարագրված ինստիտուցիոնալ փոփոխությունները միայն այլ ինստիտուցիոնալ փոփոխություններից են բխում, ինչը հիմնական փաստարկը դարձնում է ընդմիշտ հետընթաց՝ կրիայի պես։ 

 

Դանքըն Գրինը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից պնդում է, որ այս գիտական տեսակետը հիմնականում գործում է հետադարձ հայացքով։ Ֆրենսիս Ֆուկույաման Սթենֆորդի համալսարանից ասում է, որ գիրքը անտեսում է Չինաստանի օրինակը, որն ապրել է բուռն տնտեսական աճ՝ ունենալով այնպիսի ինստիտուտներ, որոնք կարելի է բնութագրել որպես «դուրս բերող»։

 

Պարոն Աճեմօղլուն հակադարձում է, որ գրքի երկու գլուխը մասամբ կամ մեծ մասամբ նվիրված է Չինաստանին: Նա նշում է նաեւ, որ «ինստիտուցիոնալ փոփոխությունները ինստիտուցիոնալ տեսանկյունից հասկանալու համար պետք է հաշվի առնել անցյալի կոնկրետ ինստիտուտները եւ դրանց վրա ազդող պատմական իրադարձությունները…»: «Չեմ կարծում, որ սա նույնաբանություն է», – ասում է նա։

Դարոն Աճեմօղլուն Դարոն Աճեմօղլուն

 

Աճեմօղլուն շեղվում է ընդունված տեսակետներից, որպեսզի պաշտպանի տեխնոլոգիայի վերաբերյալ խիստ մռայլ կարծիքները։ «Ուժ եւ առաջընթաց» գիրքը, որը նա համահեղինակվել է Ջոնսոնի հետ 2023 թվականին, հազար տարվա նորարարությունը հիմնականում դիտարկում է որպես վերնախավի կողմից իշխանության զավթման եւ չնախատեսված հետեւանքների պատմություն: Բամբակ մաքրող մեքենան ստրկության աղախինն էր, իսկ Հաբեր-Բոշ տեխնոլոգիան հնարավոր դարձրեց զենքի արտադրությունը։ Հասարակ մարդիկ, ըստ երեւույթին, շահում էին միայն այն դեպքում, երբ կարողանում էին կապիտալիստներին ուղղորդել հաշվի առնելու իրենց շահերը: Գիրքը թերագնահատում է շատ ավելի համոզիչ փաստարկը. որ տեխնոլոգիական առաջընթացն ինքնին մի քանի անգամ ավելի հարուստ է դարձրել սովորական մարդուն, քան նախարդյունաբերական ժամանակներում:

 

Պարոն Աճեմօղլուի փաստարկները ԱԲ-ի վերաբերյալ այնքան հոռետեսական են, որ նույնիսկ համոզիչ չեն: 2024 թվականին հրապարակված հոդվածում նա հաշվարկում է, որ ԱԲ-ն տասը տարվա ընթացքում ամերիկյան արտադրողականությունը կբարձրացնի ընդամենը փոքր չափով։ Հոդվածն այս եզրակացությանն է հանգում՝ անտեսելով շուկայում նոր ԱԲ արտադրանքի փոխակերպող ազդեցությունը։ «Այդ վերլուծության մեջ նա ամբողջությամբ բացառում է այն հնարավորությունը, որ ԱԲ-ի շնորհիվ մենք կունենանք ավելի արագ գիտական առաջընթաց, ավելի արագ սոցիալ-գիտական առաջընթաց կամ ավելի լավ որոշումներ կկայացնենք», – ասում է Հարվարդի համալսարանի պատվավոր նախագահ Լոուրենս Սամերսը։

«Սա հիմնավոր քննադատություն է, – ասում է պարոն Աճեմօղլուն։ – Ես չէի կանխատեսել գործակալական ԱԲ-ն, եւ այն չի ներառվել իմ կանխատեսումներում»։ Նա նշում է նաեւ, որ ԱԲ մոդելները կարող են ավելի օգտակար լինել գիտական հետազոտություններում, քան նա պատկերացնում էր։ Սակայն Աճեմօղլուն պնդում է, որ ԱԲ-ի արտադրողականության վրա ազդեցությունը գնահատելու իր մեթոդները ճիշտ են, եւ «որոշ իրատեսություն են առաջարկում արտադրողականության հսկայական բարելավումների մասին պնդումներում»։ 

 

Այս ակադեմիական վեճերը գուցե անկարեւոր թվան, բայց դրանք կարող են ի վերջո մեծ նշանակություն ունենալ։ Պարոն Աճեմօղլուն չի կարծում, որ ԱԲ-ն կտրուկ կբարձրացնի արտադրողականությունը, բայց անհանգստանում է ժողովրդավարության եւ աշխատատեղերի վրա ազդեցության մասին։ Նրա նոր գիրքը խոսում է տեխնոլոգիայի հնարավոր սոցիալական վնասների մասին (ատոմիզացիայի խորացում, քաղաքական կեղծիքի տարածում), ոչ թե դրա հնարավոր օգուտների: Այդ վնասները սահմանափակելու նրա առաջարկը՝ «աշխատամետ ԱԲ», որը կբարձրացնի մարդկային աշխատանքի արժեքը, ոչ թե կփոխարինի այն, հիանալի է… եւ ակնհայտ։

Պարոն Աճեմօղլուի ազդեցությունը ԱԲ-ի բանավեճում հստակ երեւում է տասնյակ հայտնի տնտեսագետների կողմից ստորագրված վերջին հայտարարության մեջ, որտեղ նարնք պնդում են, որ «մենք պետք է հենց հիմա գործենք» եւ «ԱԲ-ն տանենք մարդկանց գործունեությունը լրացնող եւ հասարակությանը օգտակար լինելու ուղղությամբ»։ Ո՞վ է իրականում «մենք»-ը։ Թրամփի վարչակա՞զմը։ Եվ ո՞վ պետք է որոշի, թե որ տեսակի ԱԲ-ն է լրացնում մարդկանց, եւ որը՝ ոչ։ Նույնիսկ հայտարարությունը ստորագրած տնտեսագետները վստահ չեն։ Պարոն Աճեմօղլուի աստղային հեղինակությունն այնքան մեծ է, որ երբեմն կարող է կուրացնել քննական ունակությունները։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts