Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները | Հայաստան

Written by

in

Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանի և սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի մասնակցությամբ ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։

 Նշվում է, որ զեկույցներով հանդես են եկել Սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալներ՝ գնդապետ Վ.Մինասյանը, գնդապետ Լ.Սադոյանը, գնդապետ Լ.Կնյազյանը և այլ պաշտոնատար անձինք՝ ներկայացնելով կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտական պատրաստության, պետական սահմանի պահպանության, զորքերի ծառայության կազմակերպման, զինվորական կարգապահության, ինչպես նաև բարոյահոգեբանական ապահովման ուղղություններով իրականացված աշխատանքները։

 «ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի և Սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից հատուկ ուշադրություն է դարձվել արձանագրված թերություններին և բացթողումներին, տրվել են համապատասխան ցուցումներ՝ արձանագրված խնդիրների լուծման, ծառայության արդյունավետության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ։

 Միաժամանակ քննարկվել են անձնակազմի մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր»,- գրված է հաղորդագրության մեջ։

Ամփոփման շրջանակում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ և հավաստագրեր, ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների և դրական ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *