«Խնդիրը ուժեղ Հայաստան կամ ուժեղ սփյուռք ընտրելը չէ»

Written by

in

Ներկայացնում ենք «Ազդակ» օրաթերթում  հրապարակված Րաֆֆի Արտալճեանի «Ո՞րն Է Իսկական «Տարածուած Միֆը». ԱԺ Պատգամաւոր Արման Եղոյեանի սփիւռքի մասին արտայայտած տեսակէտներուն առիթով հոդվածի արեւելահայերեն տարբերակը:

 

Րաֆֆի Արտալճեան

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վերջերս խորհրդարանի ամբիոնից վիճարկման նյութ դարձրեց Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին տարածված պատկերացումներից մեկը: Նա պնդեց, որ սփյուռքի հզորացումը կարող է տեղի ունենալ հիմնականում Հայաստանի հաշվին, քանի որ սփյուռքի թվային աճը գալիս է Հայաստանից արտագաղթից կամ մի գաղութից մյուսը տեղափոխությունից: Հետեւաբար, իր խոսքով, սփյուռքի հզորացումը Հայաստանի տկարացումն է:

 

Այս մտածելակերպի մեջ ճշմարտության բաժին կա, բայց դրանից բխող եզրակացությունը հիմնովին սխալ է:

 

Նախ պետք է ընդունել, որ սփյուռքը պետություն չէ: Չունի կառավարություն, բանակ, միասնական բյուջե կամ որոշումներ կայացնող մեկ կենտրոն. համաձայն ենք: Բայց սփյուռքը նաեւ նոր երեւույթ չէ, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո: Այն դարերի ընթացքում, մեր պատմության բերումով ձեւավորված հայկական ցանց է, որ գոյություն է ունեցել ներկա հանրապետությունից շա՜տ առաջ եւ տարբեր ժամանակաշրջանների ընթացքում ստեղծել է տնտեսական, մշակութային, մտավոր եւ քաղաքական լուրջ հայկական կարողություն:

 

Երկրորդ. Հայաստանի ժողովրդագրական տկարացումը սփյուռքի հզորացում համարելն անշուշտ սխալ է: Երբ Երեւանը կամ Գյումրին պարպվում են, իսկ Գլենդեյլը մեծանում է, հայկական հավաքական ուժը չէ, որ աճում է: Մեզանից շատերը ցավով դիտել են անկախությունից ի վեր արտագաղթի ալիքները եւ դրանց պատճառով Հայաստանի ժողովրդագրական տկարացումն ու արտագաղթի շարունակական ալիքները: Ավելին. տարածաշրջանի անկայունության պատճառով նույնքան ցավով ենք դիտել Հայաստանում ապաստան փնտրող, Հայաստանից դուրս ապրող հայերի ալիքները, որոնց, ցավոք, չկարողացանք մշտապես Հայաստանում պահել` Բաքվի հայերին, իրաքահայերին, սիրիահայերին, լիբանանահայերին եւ, վերջերս, նույնիսկ արցախահայերի մի մասին: Բայց ի վերջո, յուրաքանչյուր հայ ինքն է, որ որոշում է իր կյանքի ուղին ու իր ճակատագիրը եւ թե որտեղ է ուզում ապրել: Մեր հավաքականությանը մնում է ստեղծել այն պայմաններն ու հաստատությունները, որոնք հային կխրախուսեն հայրենադարձվել Հայաստան եւ հնարավորություն կտան այնտեղ մշտապես հաստատվել, երբ Հայաստանում ապաստան է փնտրում:

Լուսանկարը` REUTERS

Հետաքրքրական է նաեւ հակառակ շարժումը: Եթե ուշադրությամբ նայենք Հայաստանում հաստատված սփյուռքահայերին, կտեսնենք, որ նրանց մեջ զգալի ներկայություն ունեն գիտակից հայեր, որոնք մեծացել կամ կրթվել են հայկական հաստատություններում: Այսինքն` երբեմն հենց սփյուռքի ստեղծած ազգային կարողությունն է, որ տարիներ անց վերադառնում է Հայաստան:

Այո՛, հայրենադարձությունը պետք է քաջալերել: Հայաստանը հզորանում է, երբ սփյուռքահայերն այնտեղ ապրում են, աշխատում, ձեռնարկություններ հիմնում, արժեք ստեղծում եւ իրենց ընտանիքները կազմում:

 

Բայց հենց այստեղ է Եղոյանի փաստարկի հիմնական խնդիրը: Սփյուռքի ուժը հնարավոր չէ չափել միայն մարդկանց թվով: Մեկ միլիոն լավ կրթված, կազմակերպված, իրար կապված եւ հաստատություններ ունեցող հայեր կարող են շատ ավելի մեծ կարողություն ունենալ, քան երկու միլիոն մասնատված հայեր: Հարցը միայն թիվը չէ, այլ կարողությունը: Դրամագլուխը, գիտելիքը, համալսարանների, կառավարությունների եւ ընկերությունների հասանելիությունը, քաղաքական կապերը, մշակութային հաստատությունները, տեխնոլոգիան եւ համաշխարհային ցանցերը բոլորն էլ ուժի աղբյուրներ են: Սփյուռքը կարող է թվային առումով տկարանալ, բայց դեռ կարողությամբ հզորանալ:

 

Այս երեւույթը նոր չէ մեր պատմության մեջ: Մադրասի փոքրաթիվ հայկական գաղութը դարձավ հայկական մտքի կարեւոր կենտրոններից մեկը: Այնտեղ գործեցին Շահամիր Շահամիրյանն ու Հովսեփ Էմինը, այնտեղ ծնվեցին հայկական պետականության եւ քաղաքական վերածննդի մասին գաղափարներ առանց այդ գաղութը Հայաստանից արտագաղթով մեծացնելու: Նույն ժամանակաշրջանում Մխիթարյանները Վենետիկում եւ Վիեննայում ստեղծեցին մտավոր ու մշակութային հսկայական կարողություն: Հայկական ուժը միշտ չէ, որ ստեղծված է Հայաստանի աշխարհագրական սահմաններում եւ զորացած Հայաստանից արտագաղթով:

 

Եղոյանն իր ելույթում հետաքրքիր հարց է ուղղում սփյուռքի մասին. «Ո՞վ է այդ հեռախոսահամարի տերը»: Պատասխանը պարզ է. ոչ ոք: Եվ թերեւս այդպես էլ պետք է լինի:

 

Պարտադիր չէ, որ ազգը մեկ հրամանատարական կենտրոն ունենա: Նրան անհրաժեշտ են հաստատություններ, որոնք կարող են իր տարբեր կենտրոնների միջեւ կապ, համակարգում եւ համագործակցություն ստեղծել: Այո՛, Հայաստանի Հանրապետությունն այսօր հայ ազգի ինքնիշխան քաղաքական կենտրոնն է: Բայց դրանից չի բխում, որ հայկական ամբողջ կարողությունը պետք է գտնվի Հայաստանում: Մեր պատմության ընթացքում մենք ոչ միայն այլ պետությունների մեջ կարողություն ենք ստեղծել, այլեւ պետականազուրկ ժամանակաշրջաններում նույնիսկ Կիլիկիայում հայկական պետականություն ենք կերտել:

 

Այստեղ, սակայն, արժե մի պահ հիշեցնել, թե այս «առանց հեռախոսահամարի» սփյուռքն ինչ է արել Հայաստանի համար վերջին չորս տասնամյակների ընթացքում: 1988-ի երկրաշարժից սկսած այն օգնության հասավ աղետյալներին, անկախությունից հետո մասնակցեց նոր պետության վերականգնմանը, ֆինանսավորեց ճանապարհներ, դպրոցներ, բնակարաններ եւ հիվանդանոցներ, Հայաստանի դեսպանատների համար շենքեր գնեց ու նվիրեց տարբեր մայրաքաղաքներում, միջազգային քաղաքական աջակցություն կազմակերպեց Արցախի առաջին պատերազմի տարիներին եւ դրանից հետո: Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը միայն ավելի քան մեկ միլիարդ դոլար տրամադրեց Հայաստանին: Սփյուռքահայ նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ ստեղծվեցին ու զարգացան Հայաստանի ամերիկյան համալսարանը, ԹՈՒՄՕ-ն, FAST-ը, COAF-ը, «Հայաստան ծառատունկ ծրագիր»-ը, «Ավրորա»-ն եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Սփյուռքահայ դրամագլուխը մասնակցեց «Զվարթնոցի» արդիականացմանը, Հայաստանի տեխնոլոգիական համակարգի զարգացմանը, գիտության, մշակույթի, կրթության եւ ձեռնարկատիրության վերելքին: Իսկ հազարավոր ուրիշներ իրենց դրամը, գիտելիքը, կապերը, ժամանակը եւ երբեմն կյանքը դրեցին Հայաստանի ու Արցախի ծառայության: Սփյուռքահայ դրամագլուխը, գիտելիքն ու կապերն իրենց կարեւոր բաժինն ունեցան նաեւ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի կայացման ու զարգացման մեջ, ներառյալ վերջերս իրագործված Firebird-ի արհեստական բանականության գործարանը: Մեր ընտանիքի փոքր հիմնադրամն էլ այս բազմաթիվ օրինակներից մեկն է. իր համեստ միջոցներով իր նպաստը բերել է Հայաստանի մի շարք ծրագրերի եւ կարեւոր դեր է ունեցել` ազգային պատվաստման ծրագրի հիմնադրման մեջ:

Լուսանկարը` REUTERS

Եվ վստահ եմ` հազարավոր այլ լուսավոր կետեր եմ մոռանում այս կարճ թվարկման մեջ: Հայաստանի ժողովուրդը գիտի, թե ինչի՛ մասին եմ խոսում: Ամեն այցելության ժամանակ մարդկանց աչքերում տեսնում եմ այդ ճանաչումն ու երախտագիտությունը սփյուռքի հանդեպ:

 

Այս ամենը կատարվեց առանց «մեկ հեռախոսահամարի», առանց մեկ կենտրոնի եւ առանց մեկ հրամանատարի:

 

Ուրեմն խնդիրը ուժեղ Հայաստան կամ ուժեղ սփյուռք ընտրելը չէ: Քաղաքական խնդիրը երկուսի կարողությունները բազմապատկելն ու իրար կապելն է: Բայց սա երկար նյութ է, որի պատասխանը, անկախությունից ի վեր, դեռ միասնաբար չենք գտել:

 

Եվ հենց այս պատճառով այսօր մեկ վտանգից պետք է զգուշանալ: Հայաստանի ներքաղաքական պայքարն արդեն իսկ բավական խոր բաժանումներ է ստեղծել: Այն սփյուռք արտահանելը նոր ուժ չի ստեղծի: Ընդհակառակը, կմասնատի այն հայկական կարողությունը, որը պետք է այսօր համախմբել ու բազմապատկել:

Մեզ պակասողը նոր ճակատներ չեն: Մեզ պակասողը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում տարածված հայկական կարողությունները իրար կապելու քաղաքական երեւակայությունն ու հաստատություններն են:

 

Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը, թերեւս, պետք է նկատի ունենա, որ սփյուռքը կարող է «հստակ քաշային կարգ» չունենալ: Բայց Հայաստանում տարածված իսկական «միֆը», կարծես, այն է, թե հայկական ուժը ուժ է միայն այն ժամանակ, երբ Երեւանում է կենտրոնացած:

 

Այս հոդվածը հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *