«Հայրենիքին դեռ սպասվում են ծանր երևույթներ»․ Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից

Written by

in

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի՝ ադրբեջանական բանտից հղած ուղերձը հետաքրքիր է ոչ միայն իր իրավական բովանդակությամբ, այլև քաղաքական ենթատեքստով։

Բաբայանը փաստացի պնդում է, որ դատավարության ելքը նախապես որոշված էր, իսկ ներկայացված մեղադրանքների զգալի մասը չի հիմնավորվում ապացույցներով։ «Հատկապես ուշագրավ է իշխանությունը տապալելու փորձի վերաբերյալ մեղադրանքը․ Բաբայանը հարցադրում է՝ եթե նման նպատակ իսկապես եղել է, որտե՞ղ են դրա կազմակերպվածության, համախոհների, կապերի և կոնկրետ գործողությունների ապացույցները։ Այս դիտանկյունից նրա ուղերձի հիմնական շեշտադրումներից մեկը մեղադրանքների և ապացույցների միջև անհամապատասխանությունն է։ Բաբայանը նաև պնդում է, որ դատավարության ընթացքում իրենց խոսքերը և փաստերը խեղաթյուրվել կամ թերի են արձանագրվել՝ այդ ամենը որակելով որպես «իրավական ապարտեիդ»»,- MediaHub-ին ասաց Բաբայանի գործընկեր, իրավաբան Անուշ Հայրապետյանը։

Մեր զրուցակիցը նկատում է, որ ուղերձում առանձնահատուկ տեղ ունի նաև միջազգային դատարանների թեման։ Բաբայանն իր ուղերձում փորձում է ներկայիս դատավարությունը ներկայացնել ոչ միայն որպես բանտից ազատվելու պայքար, այլև որպես ապագա միջազգային իրավական գործընթացների համար փաստերի և ապացույցների հավաքագրման փուլ։

«Ուղերձի ամենաուժեղ քաղաքական ձևակերպումը թերևս վերջում է․ «Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Սա արդեն ոչ թե իրավական, այլ հոգեբանական ու քաղաքական ուղերձ է։ Բաբայանը փորձում է ցույց տալ, որ բանտարկված լինելը նրանց համար չի նշանակում պարտություն կամ հանձնվել։ Միաժամանակ ուղերձը հասցեագրված է նաև Հայաստանի հասարակությանը՝ Արցախի նախկին ղեկավարների և ընդհանրապես Արցախի թեման պահելով հայկական օրակարգում»։

Հատկանշական է նաև նրա նախազգուշացումը, որ «հայրենիքին դեռ սպասվում են ծանր երևույթներ»։ Բաբայանը չի մանրամասնում, թե ինչի մասին է խոսքը, և հենց այդ անորոշությունն էլ լրացուցիչ հարցեր է առաջացնում։

«Ընդհանուր առմամբ, Բաբայանի ուղերձը կարելի է դիտարկել որպես քաղաքական դիմադրության ուղերձ, որի նպատակն է միաժամանակ կասկածի տակ դնել ադրբեջանական դատավարության արդարությունը, միջազգային ուշադրության ներքո պահել հայ բանտարկյալների հարցը և փոխանցել, որ, իր ձևակերպմամբ, նրանք կարող են լինել բանտում, բայց՝ ոչ «ծնկաչոք»»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts